HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիտավանի գրադարանում խնամքով պահվում են Լենինի եւ Մարքսի հատորները

Լուսինե Բալյան
Անահիտ Վարդանյան

Տավուշի մարզի Դիտավան գյուղի գրադարանը նույնքան հին է, որքան գյուղը: Գրադարանը հին է ոչ միայն պատմությամբ, այլ նաեւ պայմաններով: Ամեն ոտք դնող զգում է խորհրդային տարիների շունչը: Վերջին գիրքը գրադարան է մտել այդ տարիներին: Աշխատանքային տասնվեց տարիների ընթացքում գրադարանավարուհի Անուշ Սարգսյանը նոր գիրք չի քարտագրել:

«Գրքերը մաշվել են եւ՛ բարոյապես, եւ՛ ֆիզիկապես: Մեր գյուղացիներից ամեն մեկը մի գիրքը կարդացել է մի քանի անգամ: Գրադարանի ֆոնդը չի համալրվում, իսկ ընթերցողները գյուղի տաղտուկ առօրյայից ձանձրանում են: Առանց այդ էլ հայտնի է, որ դիտավանցիներն ընթերցասեր են»,-ասում է Անուշ Սարգսյանը, ով հարեւան Այգեհովտից հարս գալուց հետո այստեղ է աշխատում։

4500 կտոր գիրք ունի Դիտավանի գրադարանը: Փոքր գյուղի համար դա բավական մեծ թիվ է, բայց եթե հանենք Մարքսի ու Լենինի հատորների տարբեր տարիների հրատարակությունները, տակը բան չի մնա՝ իհարկե միայն թվաքանակով:

«Գյուղացիները մշտապես ինձ հարցնում են՝ ե՞րբ ենք նոր գրականություն ստանալու, իսկ ես չգիտեմ, թե ինչ պատասխանեմ: Տանն էլ հարուստ գրադարան ունեմ: Արդեն դա էլ են կարդացել: Չգիտեմ էլ ինչպես բավարարեմ նրանց պահանջը: Ո՞ւմ դիմեմ։ Գյուղն այնքան հոգսեր ունի, որ գիրքն ու գրադարանը երկրորդական են թվում»,-ասում է Անուշը։

Եթե գիրքն ու գրադարանը երկրորդական են ընդհանուր հոգսերի շարքում, ընթերցողի համար դրանք չեն կորցրել արժեքը։ Անուշն ասում է, թե ընթերցողներն աչքի են ընկնում բարեխղճությամբ. «Եթե գիրքը վնասված է, վերադարձնելիս անպայման նորոգում են»:

Անուշ Սարգսյանը անգիր գիտի գրքերի ցուցակը, թե որ գիրքը որ դարակում է եւ ինչ վիճակում է: 16 տարի շարունակ նույն գրքերի աշխարհում, նույն ընթերցողների հետ աշխատելը, թվում է, պիտի անհետաքրքիր դարձրած լիներ կյանքը, սակայն գրադարանավարուհու համար աշխատանքը գյուղացիների հետ շփվելու, նրանց լավն ու վատը իմանալու միջոց է:

«Մեզ մոտ մի տեսակ սեզոնային է ընթերցանությունը. գարնանը մի քիչ պակասում են ընթերցողները: Դե գիտեք, գարնանացանի եւ գյուղատնտեսական այլ գործերի հետ կապված: Ընթերցողները տարբեր հասակի են եւ տարբեր նախասիրության: Գյուղի տարեցները հիմնականում պատմական եւ գեղարվեստական գրքեր են կարդում, իսկ երիտասարդները ավելի շատ մասնագիտական գրականության պահանջ ունեն»,-ասում է գրադարանավարուհին։

Գրադարանն առանձին շենք չունի, այն տեղակայված է գյուղապետարանի սենյակներից մեկում, որտեղ գիրք պահելու պայմաններ չկան: Խոնավությունը, փոշին ու տարատեսակ միջատները դժվարացնում են առանց այդ էլ հին գրքերի կյանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter