HY RU EN

Տաթև Խաչատրյան

«Հետք»-ի հրապարակման հիման վրա ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել «Արզնի Կաթ»-ի նկատմամբ

Օրերս «Հետք»-ը ներկայացրել է տեղական և ներկրված 11 տեսակի կարագի փորձաքննության արդյունքները։ Պարզվել է, որ «Արզնի Տոհմային ԹՏԽ»-ի արտադրած «Արզնի Կաթ» քաղցրասերուցքային կարագը պարունակում է բուսայուղ։ Նման ապրանքը համարվում է կեղծված։

Այն չի համապատասխանում  ՄՄ ՏԿ 033/2013 («Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին») նորմերին, խախտում է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը, ինչպես նաև՝ չունի ԵԱՏՄ տարածքում իրացվելու համար անհրաժեշտ EAC նշան, ինչն էլ արդեն՝ ՄՄ ՏԿ 022/2011 («Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով») նորմերի խախտում է՝ մակնշման մասով։

Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվել է նաև «Հետք»-ի հրապարակումը, որն էլ հիմք ընդունելով՝ «Արզնի Կաթ»-ի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել հնարավոր անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար: Այս մասին մեզ տեղեկացրեց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը՝ հավելելով, որ հոդվածում խախտման փաստն արդեն իսկ առկա է, լրացուցիչ լաբորատոր փորձաքննության կարիք չկա։

«Վարույթի ընթացքում հաշվի կառնվեն ինչպես լրատվամիջոցի կողմից ներկայացված փաստերը, այնպես էլ` ՀՀ Մրցակցային մարմինը լրացուցիչ փաստական ուսումնասիրություն կիրականացնի՝ մրցակցային օրենսդրության խախտման, մասնավորապես տնտեսվարողի կողմից հնարավոր անբարեխիղճ մրցակցության դրսևորման առնչությամբ, որից հետո Հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը»,-փոխանցեց Գայանե Սահակյանը: 

Նշենք, որ դեռևս երեկ ՏՄՊՊՀ անբարեխիղճ մրցակցության բաժնի ղեկավար Վահան Սողոմոնյանը «Հետք»-ին հայտնեց, որ հոդվածի հիման վրա ՏՄՊՊՀ-ն աչդեն իսկ ուսումնասիրություն էր սկսել և խախտման փաստերի հաստատման դեպքում՝ «Արզնի Կաթ»-ի նկատմամբ վարույթ կհարուցեն՝ անբարեխիղճ մրցակցության համար։

«Առերևույթ կան անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ,- ասել էր Վահան Սողոմոնյանը ։- Չնայած որ սրանով պետք է զբաղվի ՍԱՊԾ-ն, նաև պիտի զբաղվի իրենց համապատասխանության հավաստագիր տվող մարմինը, որը ժամանակ առ ժամանակ ստուգում է իրականացնում»,- եզրափակել էր նա։

Հիշեցնենք, որ «Արզնի Կաթ»-ի տնօրեն Մ․ Ջանվելյանն իր ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Շուշանիկ Կարապետյանին խնդրել էր «Հետք»-ին փոխանցել, որ «դա կարագ է» և իրենք ևս «լաբորատորիա անալիզի կտան, փորձաքննություն կանեն»։