HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնում ենք ընտրությունների թերի եւ հակասական Ընտրական օրենսգրքով

«Երեւանի Կենտրոն համայնքի 9/26 ընտրատեղամասի (Աբովյանի անվան դպրոց) նկարագրում նշված ընտրողների թիվը 1888 է, սակայն ընտրացուցակը կազմված է 1555 անունից: Տեղական ինքնակառվարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ցուցակներում առկա են այլ թերություններ եւս, որոնք մեկ մարդուն 2 անգամ քվեարկելու հնարավորություն են տալիս»,-ասում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամ, «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը: Օրինակ' վերոնշյալ տեղամասի ընտրացուցակում կան ծննդյան ամսաթվի եւ գրանցման նույն տվյալներով հետեւյալ անունները' Սաֆարյան Ռուբեն Արամի եւ Սաֆրատյան Ռուբեն Արամի: Ընտրողը քվեարկության է գալիս նախ՝ որպես Սաֆարյան Ռուբեն, ապա՝ որպես Սաֆրատյան Ռուբեն, եւ քանի որ ԿԸՀ-ն ընտրողի տվյալների մեջ տառասխալի կամ թվի սխալի առկայության դեպքում չի արգելում նրան մասնակցել ընտրությանը, վերջինս քվեարկում է 2 անգամ:

«Այդ տեղամասում նկարագրերն արված են հասարակ A4 ֆորմատի թղթի վրա եւ նման են ինչ-որ հայտարարությունների: Դա ընտրական տեղամասի ցուցանակ չէ: Բացի այդ, դրանք ստորագրված եւ կնքված են թաղապետարանի կողմից, իսկ օրենքով դա պետք է անի ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը»,-ասում է Ֆ. Խաչատրյանը: Նրա խոսքերով' սխալներն ընտրացուցակներում շատ են: Դրանց հաշվին Կենտրոն համայնքի մեկ այլ ընտրատեղամասում (9/11) ընտրողների թիվն ավելացել է 30-ով (Ասրիյան-Ասրյան, Կռոյան-Կրոյան, Անդրեասյան-Անդրիասյան, Ալիա-Ալլա, Աշխարհաբեկի-Աշխարհաբեգի, Մկրտիչի-Մկրտչի, Արտեմի-Արտյոմի եւ այլն): Նկատվում են նաեւ թվային սխալներ' 01.03.55թ.-04.03.55թ., 25.07.43թ.-25.07.42թ. եւ այլն: 9/9 ընտրատարածքի ընտրացուցակում ընդգրկված է 2688 ընտրող: Ֆ. Խաչատրյանի կարծիքով' դա, ըստ երեւույթին, 2 ընտրատեղամասերի ընտրողնեի ցուցակն է, բայց դրանք առանձնացված չեն: Իսկ թույլատրելի սահմանը 2000 ընտրող է:

ԿԸՀ անդամն այս ամենի պատճառը համարում է նոր Ընտրական օրենսգիրքը (ուժի մեջ է մտել ս/թ հունիսի 20-ից), ըստ որի ընտրացուցակները կազմում եւ վարում է ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ հրավերների տարածքային բաժինը: Նախկինում դա հանձնարարվում էր համայնքներին եւ ՀՀ Ներքին գործերի անձնագրերի տարածքային բաժնին, իսկ ԿԸՀ-ն իրավունք ուներ վերահսկել ցուցակների կազմումը եւ վարումը, սահմանել համայնքների ընտրողների ցուցակները կազմելու, դրանք ստուգելու ու ճշտելու կարգը: «Ոստիկանության անձնագրային բաժինը պատրաստ չէ այդպիսի ծանրություն իր ուսերին վերցնել, նա չունի համապատասխան բազա: Եթե այսօր մենք ունենայինք ցուցակների վրա վերահսկողության իրավունք, մենք կարող էինք պահանջել վերոնշյալ թյուրիմացությունները ճշտել եւ շտկել, բայց մենք զրկված ենք այդ հնարավորությունից: Ինչպես տեսնում ենք, դա արդեն արտացոլվել է Երեւանի համայնքների ընտրացուցակների վրա, որոնք այսօր խայտառակ վիճակում են»,-ասում է պրն Խաչատրյանը:

Ըստ նախկին Ընտրական օրենսգրքի' ընտրություններից առնվազն 2 օր առաջ Տեղամասային ընտրական հանձնաժողովին (ՏԸՀ) եւ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին (ԸԸՀ) տրվում էին ընտրողների վերջնական ցուցակները: Նոր օրենսգրքով դրանք տրվում են միայն ՏԸՀ-ին, այսինքն' ԸԸՀ-ն, որը կոչված է վերահսկել ընտրությունների ամբողջ ընթացքը, զրկված է վերջնական ընտրացուցակին ծանոթանանալու հնարավորությունից, եւ քաղաքացին ընտրելու իր իրավունքը պետք է վերականգնի միմիայն դատարանի միջոցով:

Նոր Ընտրական օրենսգրքում Ֆելիքս Խաչատրյանն առանձնացրել է հակասությունների 18 կետ: Օրինակ' 55-րդ հոդվածի 2-րդ կետում ասվում է. «Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա նա իրավունք ունի դիմել այլ քաղաքացու օգնության, բացառությամբ' ընտրական հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց»: Իսկ 56-րդ հոդվածի 4-րդ կետը հաստատում է, որ քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ (սենյակ) հրավիրել այլ անձի, որը չպետք է լինի վստահված անձ: «Այսինքն' հանձնաժողովի անդամին արգելում են ցուցակում ստորագրել, բայց նրան թույլ են տալիս մտնել խցիկ եւ ուրիշի փոխարեն քվեարկել»,-ասում է Ֆելիքս Խաչատրյանը: 60-րդ հոդվածի 2-րդ կետում ասվում է, որ հանձնաժողովի նախագահը պետք է բարձրաձայն հայտարարի չսահմանված նմուշի քվեաթերթիկի վավեր կամ անվավեր լինելու մասին, իսկ ըստ 4-րդ կետի՝ չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում: «Ինչպե՞ս կարող է հոդվածի մի կետն ասել, թե հանձնաժողովի նախագահը հայտարարում է վավեր կամ անվավեր լինելու մասին, իսկ մյուս կետում նշել, որ այն ընդհանրապես հաշվի չեն առնում: Այդպիսի օրենք ո՞վ է գրում»,-հարցնում է ԿԸՀ անդամը:

Օրենսգիրքը փոփոխության է ենթարկվել 6 անգամ: Ֆ. Խաչատրյանի գնահատմամբ՝ այդքան շատ անճշտություններ ու բացահայտ հակասություններ դեռ չեն եղել: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մեր հանրապետությունում օրենք մշակողները մեծամասամբ չունեն համապատասխան իրավաբանական կրթություն եւ անհրաժեշտ փորձ, նաեւ՝ օրենքն իրավիճակին հարմարեցնելու միտում կա:

Նախկին օրենսգրքով 20.000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքները, որտեղ ավագանին ունի 15 անդամ, բաժանվում էին 3 մեծամասնական ընտրատարածքների, որոնցից յուրաքանչյուրում ընտրվում էր 5 հոգի: Ըստ պրն Խաչատրյանի' նոր օրենսգրքում ՏԻՄ ընտրություններին վերաբերող ամենամեծ թերությունն այն է, որ այժմ ավագանու ընտրության ժամանակ համայնքում միայն մեկ մեծամասնական ընտրատարածք է կազմավորվում: «Արաբկիր համայնքում կա ավագանու 81 թեկնածու, Քանաքեռ-Զեյթունում' 74 եւ այլն: Դուք պատկերացնու՞մ եք այդ ընտրությունների քվեաթերթիկը: Եվ ինչպե՞ս պետք է տարիքով մարդը, որը, ենթադրենք, ունի տեսողության խնդիր, գտնի իր նախընտրած թեկնածուի անունը: Բացի այդ, 81 թեկնածուի վստահված անձ, նաեւ դիտորդներ ու լրագրողներ պետք է ներկա լինեն ընտրատեղամասերում, պատկերացրեք' ինչ իրավիճակ է ստեղծվելու»,-ասում է Ֆ. Խաչատրյանը:

Նա նշեց նաեւ, որ այս տարվա օգոստոսի 22-ին ԿԸՀ-ն ընդունել է ՏԻՄ ընտրություններին վերաբերող մի որոշում, որը մեկ կետով հակասում է Ընտրական օրենսգրքին: Որոշման 6-րդ կետի համաձայն՝ այն ընտրատարածքներում, որտեղ պետք է ընտրվի եւ՛ համայնքի ղեկավար, եւ՛ ավագանի, վերջինիս վստահված անձիք իրավունք չունեն համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներն ամփոփելու ժամանակ ներկա գտնվել: Դա, ըստ ԿԸՀ անդամի (որն, ի դեպ, որոշմանը դեմ է քվեարկել), ՀՀ Ընտրական օրենսգրքի 271 հոդվածի կոպիտ խախտում է, որի 4-րդ կետը հաստատում է, որ ոչ ոք, այդ թվում նաեւ ընտրական հանձնաժողովները, իրավունք չունեն վստահված անձանց դուրս հանել քվեարկության սենյակից կամ այլ կերպ նրանց մեկուսացնել հանձնաժողովների աշխատանքներից:

«Անիմաստ եմ համարում նաեւ Ընտրական օրենսգրքի այն փոփոխությունը, որ համայնքի ղեկավարը 2 անգամից ավելի չի կարող ընտրվել, որովհետեւ դա արդեն կարգավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով: Ընտրական օրենսգիրքն ի՞նչ գործ ունի, թե տվյալ թեկնածուն քանի անգամ կընտրվի, այն պետք է կարգավորի միայն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարցեր»,-կարծում է Ֆ. Խաչատրյանը:

Էրեբունիում (Հայաստանի մարզերի որոշ քաղաքներում եւ գյուղերում նույնպես) համայնքի ղեկավարի մեկ թեկնածու է առաջադրվել: Ֆելիքս Խաչատրյանի գնահատմամբ՝ դա շատ վատ է, քանի որ մարդիկ ընտրության հնարավորություն չունեն. «Ընտրական օրենսգիրքն ասում է. «Պետությունը խթանում է, որպեսզի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվեն մրցակցության եւ այլընտրանքի սկզբունքներով»:

Չնայած այս ամենին՝ պրն Խաչատրյանն օրենսգրքում դրական փոփոխություններ էլ է նկատել: Ամենակարեւորը, ըստ նրա, այն է, որ քվեաթերթիկները համարակալված են լինելու, ինչը զգալիորեն կնվազեցնի ընտրակեղծիքները: Յուրաքանչյուր համայնքին տրվելու են համապատասխան համարներով քվեաթերթիկներ, եւ եթե նախկինում հնարավոր էր մի ընտրատեղամասում մնացած քվեաթերթիկները տանել մեկ այլ ընտրատեղամաս եւ այնտեղ քվեարկել, այժմ դա հնարավոր չէ:

Ընդլայնվել են վստահված անձերի իրավունքները: Եթե նախկին օրենսգրքով նրանք ունեին դիտորդներին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին հավասար իրավունքներ, այժմ նրանք ունեն հանձնաժողովի անդամների իրավունքները, բացառությամբ քվեարկության իրավունքի: «Եթե վստահված անձինք տիրապետեն իրենց բոլոր իավունքներին, նրանք կարող են հսկայական ազդեցություն ունենալ արդար ընտրությունների անցկացման գործում»,- համոզված է Ֆ. Խաչատրյանը:

Նշենք նաեւ, որ նոր օրենսգրքում ոչինչ չի ասվում ընտրությունների լուսաբանման համար լրագրողների պարտադիր հավատարմագրման մասին. նրանք կարող են ազատ հետեւել ընտրությունների ընթացքին:

Լիա Խաչպանյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter