HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի նամականիշի պատմություն

Նանե Պասկեւիչյան

«Իմ սիրտը լեռներում է», «Իմ կյանքի ժամերը», «Թրեյսիի վագրը» եւ այլ հանրահայտ ստեղծագործությունների հեղինակ, ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի անունը բոլորին է հայտնի, բայց հավանաբար քչերը գիտեն, որ Միացյալ Նահանգներն ու ԽՍՀՄ-ը Վիլյամ Սարոյանի դիմանկարով համատեղ դրոշմանիշ են թողարկել: Նամականիշի վրայի դիմանկարն իր պատմությունն ունի, որը գտնում ենք ամերիկահայ լուսանկարիչ Փոլ Գալինյանի հուշերում:

1964-ին Ֆրեզնո, Կալիֆոռնիա տեղափոխվելուց հետո լուսանկարիչն աշխատում է Վիլյամ Սարոյանի հետ ծանոթանալու եւ նրան լուսանկարելու ուղղությամբ: Դա նրան չի հաջողվում, որովհետեւ, ինչպես Սարոյանի ժամանակակիցներն են ասում, գրողը նկարվել չէր սիրում եւ ամեն կերպ խուսափում էր լուսանկարչական խցիկներից:

Սարոյանին գտնելու բազմաթիվ ապարդյուն փորձերից եւ 12 տարի նրան հետապնդելուց հետո Փոլը վերջապես գտնում է ձեւը: Նա դիմում է գրողի մտերիմ ընկերոջը՝ քանդակագործ Վարազ Սամվելյանին: Վարազը Փոլին առաջարկում է լուսանկարչական գործիքները բերել իր արվեստանոց ու սպասել հարմար պահի, քանի որ Սարոյանը հաճախ էր հյուրընկալվում նրա մոտ:

Վերջապես 1976թ. մարտի 26-ին Վարազը զանգում է Փոլին եւ հայտնում, որ Սարոյանը Ֆրեզնոյում է եւ լինելու է իր արվեստանոցում: Մի քանի ժամ անց Սարոյանն էլ, Գալինյանն էլ այնտեղ էին, եւ երկուսի մտքով էլ չէր անցնում, որ Վարազի արվեստանոցում ծնվելու է սովետ-ամերիկյան համատեղ նամականիշի դիմանկարը:

Գալինյանը թաքնված նայում էր, թե ինչպես էին Վարազն ու Սարոյանը ողջագուրվում: Սարոյանը նկատում է Փոլին, բայց առանձնապես ուշադրություն չի դարձնում: Ներկայանալով գրողին՝ Փոլը լուսանկարելու թույլտվություն է խնդրում:

-Կորիր՛,- բարկացած ասում է Սարոյանը:

-Բայց պարոն Սարոյան, ես…,-փորձում է իր նպատակը բացատրել Փոլը:

-Ո՛չ ասացի, ականջդ ծա՞նր է,-գոռում է Սարոյանը:

-Բայց ինչու՞:

-Չեմ ուզում, մոռացի՛ր: Հետո դառնալով Վարազին՝ հարցնում է «Ո՞վ է այս մարդը: Ինչու՞ է այսքան պնդում»:

Վարազը ներկայացնում է Փոլին, ասում է, որ իր ընկերն է, եւ տաղանդավոր լուսանկարիչ, բայց դա էլ Սարոյանի մոտ նկարվելու ցանկություն չի առաջացնում: Նա սկսում է շրջել արվեստանոցում եւ նայել Վարազի գործերը: Փոլն իր հերթին ստուգում է լուսանկարչական սարքերը: Սարքերը տեսնելով Սարոյանը բարկացած հարցնում է «Դու նակարու՞մ ես»:

-Ոչ պարոն Սարոյան, լույսերն եմ փորձում: Գործիքիս մեջ նույնիսկ ժափավեն չկա: Սարոյանը մոտենում է գործիքին, զննում է եւ համոզվելով, որ այն դատարկ է, հանգիստ նստում է սունդուկ հիշեցնող սեղանին, որը հենց գործիքի առջեւում էր:

Արագ եւ առանց Սարոյանի ուշադրությունը գրավելու, Փոլը ժապավենը տեղադրում է գործիքի մեջ: Մի քիչ զրուցելուց հետո Սարոյանը սկսում է վստահել Փոլին, հետաքրքրվում է նրանով, խնդրում, որ պատմի ծննդավայրի՝ Լիբանանի հայերի մասին: Այդ ընթացքում Փոլը գաղտնի նկարներ է անում: Խոսակցությունից ոգեւորված՝ Սարոյանը նորահայտ բարեկամին խնդրում է հայկական հին երգ երգել: Երգում են «Կիլիկիան» եւ բոլորն էլ շատ են հուզվում: Այսպես Գալինյանը լուսանկարելու թույտվություն է ստանում:

Երկու շաբաթ անց Սարոյանը գնում է Փոլի արվեստանոց: Պատից կախված իր դիմանկարներին նայելով՝ ասում է, «Դեմքս երբեք այսպիսի արտահայտությամբ չեմ տեսել», ու բարձրաձայն ծիծաղում է: Հետո գրպանից հանելով իր գրքերից մեկը՝ մակագրում է. «Փոլ Գալինյանին՝ մեծ լուսանկարիչ-արվեստագետին: Անկեղծորեն Վիլյամ Սարոյան, Ֆրեզնո, 8 Ապրիլ, 1976թ»:

Սարոյանի մահից հետո գրողի լուսանկարն ու Գալինյանի նկարահանման այս պատմությունը հայտնվեցին աշխարհի տարբեր թերթերում: Ամենուրեք մարդիկ սկսեցին հետաքրքրվել լուսանկարներով:

1991 թվականին էլ թողարկվեց սովետ-ամերիկյան համատեղ նամականիշը: Կարող է հարց առաջանալ, թե ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը՝ տասնամյակներ շարունակ լինելով սառը պատերազմի մեջ, ինչու՞ համատեղ նամականիշի «հերոս» ընտրեցին Վիլյամ Սարոյանին: Այս հարցի պատասխանն ամերիկահայ գրողի ստեղծագործություններում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter