HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանից լրացուցիչ ջրառն իրականացվում է խստագույն հսկողությամբ. Ջրային կոմիտե

Համապատասխան օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո՝ օգոստոսի 30-ից վերսկսվել է Սևանա լճից լրացուցիչ ջրառը:

Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունը հայտնում է, որ նույն օրը, Ջրային կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ, կառույցի պատասխանատուները շրջայց  են կատարել Սևան-Հրազդան ջրառի հիմնական ուղղություններով՝ ներգրավելով նաև Բնապահպանության նախարարության ներկայացուցչին: Այցի հիմնական նպատակը Սևան-Հրազդան ջրառի վրա գործող հէկ-երի դիտարկումն էր: Մասնագիտական  խմբի առաջին կանգառը Կոտայքի ջրանցքի «Հիդրոէներգիա» ՍՊԸ-ի հէկ-ում էր. ջուրն արդեն  տեղ էր հասել  և կայանը  վերսկսել էր էլեկտրաէներգիայի արտադրությունը: Կոմիտեի ներկայացուցիչները  ծանոթացել են հէկ-ի տեխնիկական վիճակին, արտադրական հզորությանը և հավաստիացրել կառույցի  տնօրինությանը, որ խստագույն  հսկողություն է լինելու և պետք է գործեն  օրենքի տառով:

«Ջրի հաշվառման,  հետևաբար և օգտագործման հսկողության հարցում մեզ շատ է օգնում էլեկտրոնային «Սկադա» համակարգը: Նույն՝ հէկ-երի դեպքում, ջրաչափիչ երկու կետերի դիտարկմամբ, օրինակ,  կարող ենք արձանագրել դրանց միջակայքում գործող հէկ-երում  շրջանառվող ջրի ծավալը և հասկանալ, թե ինչքանով են կարող  խանգարել ոռոգմանը: Նույնը՝ ջրառի բոլոր ուղղություններով:»,- արձանագրել է Ինեսսա Գաբայանը:

Արզնի-Շամիրամ, Արտաշատի ջրանցքների վրա գործող հէկ-երում դադար էր՝ ջրի սպասումով: Զովաշեն, Նիգավան և մյուս  հէկ-երում անձնակազմերը պատրաստվում էին կայանի վերագործարկմանը: Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը նրանց հետ խոսել է ջրառի հետ կապված ներկա իրավիճակի մասին, հիշեցրել մշտական հսկողության մասին և զգուշացրել, որ որևէ հէկ-ի գործունեություն ոռոգմանը չպետք է խանգարի: Հիդրոկայաններից մեկում տեղադրված լրացուցիչ փականը տեսնելով, կոմիտեի նախագահը հանձնարարարել է պարզել դրա կիրառման նպատակը և եթե այն խախտումով է՝ ապամոնտաժել և լրացուցիչ հսկողություն սահմանել:

 «Սևանից լրացուցիչ ջրառի նկատմամբ առաջին իսկ  րոպեներից խստագույն վերահսկողություն է գործում և այն կլինի մինչև վերջին կաթիլը: Հէկ-երն  ընդամենը մի ուղղությունն են և առաջին քայլով հենց այստեղ ենք կանխարգելում  հնարավոր չարաշահումները: Մեր հսկողական միջոցառումները մի քանի ուղղություններով են և հանրությունը պարբերաբար կիրազեկվի այդ մասին: Յուրաքանչյուր եռօրյակի կտրվածքով մենք  ջրառի վերաբերյալ  հաշվետվություն ենք  ներկայացնելու կառավարություն, անձամբ՝ վարչապետին: Սերտ կապի մեջ ենք ջրառի բոլոր կետերի, ջրօգտագործողների բոլոր ընկերությունների հետ, որպեսզի հնարավորինս օպտիմալ ու արդյունավետ օգտագործվի ջուրը և որ ամենակարևորն է՝ արդարության ու հավասարության սկզբունքով:»,- ասել է Ինեսսա Գաբայանը:

Կոտայքի, Արագածոտնի և  Արարատի մարզերով շրջայցն առիթ էր նաև ջրանցքների վիճակը տեղում ևս մեկ անգամ արձանագրելու համար: Աղբի առկայությունը որոշ տեղերում  շատ էր, մաշված ու քայքայված հատվածները՝ առավել ևս, որոնք ջրի ակնհայտ կորստի աղբյուր են: ՋՕԸ աջակցող թիմի համակարգող Կարեն Դադոյանը ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչների հետ տեղում օպերատիվ հարցեր է քննարկել:

ՀԲ միջոցներով հիմնանորոգված Արզնի-Շամիրամ ջրանցքի Երզնկայի հատվածում բնակիչներից մեկը՝ վնասելով պատվարը, ինքն իրեն ուղիղ գծով փակ խողովակով ոռոգման  ջուր էր հասցնում: Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է շտապ  պարզել, թե ով է խախտման «հերոսը», ում թույլտվությամբ է նման  բան արվել և պատժել մեղավորներին:

Ուշ երեկոյան, ամփոփելով այցի արդյունքները, Ջրային կոմիտեի նախագահը հանձնարարել է գործընկերներին՝ օպերատիվ հսկողությունը չթուլացնել, մշտապես  հետևել ջրառի բոլոր կետերից հավաքագրվող տեղեկատվությանը և համադրել այն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter