HY RU EN

Դիանա Ղազարյան

Սամվել Կարապետյանին փոխկապակցված ընկերությունը Հրազդանում ազատ տնտեսական գոտի է ստեղծելու

«Էկոս» ՓԲԸ-ն նախատեսում է Հայաստանում ստեղծել չորրորդ ազատ տնտեսական գոտին։ Այս ընկերությունը փոխկապակցված է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հետ։

Կառավարության օգոստոսի 30-ի որոշմամբ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Գործարանային 1 հասցեում կստեղծվի ազատ տնտեսական գոտի։

Ազատ տնտեսական գոտին ստեղծելու է «Էկոս» ՓԲԸ-ն, որն էլ կառավարության որոշմամբ ճանաչվեց գոտու կազմակերպիչ։ Գոտու գործունեության ժամկետը 25 տարի է:

Ազատ տնտեսական այս գոտու գործառնական տեսակը արտադրական, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը երեկ կառավարության նիստում հայտնեց, որ ընկերությունը խոստացել է մինչ 2043 թվականը ներգրավել շուրջ 200 շահագործող և նախնական հաշվարկներով` մինչ 4 մլն դոլարի ներդրում կատարել։ Իսկ շահագործողների կողմից մինչ 2021 թվականը կլինի 15 մլն դոլարի ներդրում, հետագա տարիների համար ևս 30 մլն դոլար ներդում է կանխատեսվում։

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Էկոս» ՓԲԸ-ի տնօրենը Տաշիր քաղաքի Լեռնահովիտ համայնքի բնակիչ Արմեն Կարապետյանն է։ Լեռնահովիտը Սամվել Կարապետյանի հայրական գյուղն է։ Արմեն Կարապետյանը Սամվել Կարապետյանի հորեղբոր թոռն է։  Նա Սամվել Կարապետյանի եղբոր՝ պատգամավոր Կարեն Կարապետյանի որդու՝ Վահե Կարապետյանի հետ համատեղ բաժնեմասեր ունի «Ռադառ» ընկերությունում։

«Էկոս» ՓԲԸ-ն գրանցված է Վազգեն Սարգսյանի 26/1 հասցեում, որտեղ տեղակայված է «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնը։

Ինչ է խոստացել «Էկոս» ՓԲԸ-ն կառավարությանը

Կառավարություն ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ «Էկոս» ՓԲԸ-ն նպատակ ունի ստեղծել նպաստավոր պայմաններ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների զարգացման համար, ներգրավել համաշխարհային մակարդակի բարձր որակավորում ունեցող մասնագետների, ստեղծել բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների կլաստերների փոխներգործության եզակի համակարգ:

Ազատ տնտեսական գոտի ստեղծելով` պետությունն ակնկալում է  Հայաստանում ներգրավել ներդրումներ, միջազգային ընկերություններ, որակյալ մասնագետներ, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնել, նոր աշխատատեղեր ստեղծել:

«Կառավարությունը կարևորում է բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և այն համարում է երկրի տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը»-, ասված էր գործադիր բերված որոշման նախագծում։