HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Պարտքով համակարգիչներ

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը 4 միլիոն 890 հազար դոլար նախատեսել է դպրոցներում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ ներդնելու համար: Բայց քանի որ այդ գումարը Համաշխարհային բանկից ստացված վարկի մի մասն է, նախարարությունը որոշել է համակարգիչները դպրոցներին տրամադրել որոշակի գումարի դիմաց' առաջիկա երկու տարվա ընթացքում տեխնիկայի արժեքի 41 տոկոսը մարելու պայմանով:

Այս գործընթացը սկսվել է 2004թ.-ից եւ կշարունակվի մինչեւ 2008թ.-ը:
Դպրոցները չունեն վճարելու հնարավորություն

Եթե չունեն, ուրեմն կարող են հրաժարվել ծրագրին մասնակցելուց: Դա իրենց իրավունքն է: Պարտադիր չէ: Սակայն, արդյունքում դարձյալ այդ դպրոցները կունենան մեկ կամ երկու համակարգիչ: Իսկ այն դպրոցները, որոնք գնել են մի քանի համակարգիչ, վճարում են ունեցած խնայողություններից, եթե այդպիսիք կան, կամ ավելի բախտավոր են՝ ունեն հովանավորներ: Բայց եթե չկա ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը, դպրոցը ստիպված դիմում է ծնողներին:

«Հիմնականում գումարի պատճառով ստիպված ենք առայժմ չմասնակցել այդ նախաձեռնությանը: Խնայողություններ չունենք, իսկ թաղամասի բնակիչներն ի վիճակի չեն օգնել դպրոցին»,-ասում է թիվ 64 դպրոցի տնօրեն Հովհաննես Տոնոյանը: Թիվ 164 դպրոցը ունի երեք համակարգիչ 700 աշակերտի համար: Դպրոցի տնօրեն Անժելա Գրիգորյանն ասում է, որ չի կարող իրեն թույլ տալ գումար հավաքել ծնողներից: Գ. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցը նույնպես հրաժարվել է մասնակցել ծրագրին: «Չենք ուզում համակարգիչները ձեռք բերել ծնողների հաշվին: Բացի այդ, արդեն ունենք 11 համակարգիչ»,-ասում է տնօրեն Ռուզաննա Մուրադյանը: Թիվ 43 դպրոցում սովորում է 630 աշակերտ: «Մեր համայնքը գումար չունի դպրոցին օգնելու համակարգիչներ գնելու համար: Բացի այդ, մենք լուրջ շինարարական խնդիրներ ունենք»,-ասում է Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը: Դպրոցի 560 աշակերտները ստիպված են օգտվել 7 համակարգչից:

Կան այնպիսի դպրոցներ, որոնք տեղեկացված չեն ծրագրի մասին: Օշականի անվան թիվ 172 դպրոցի տնօրենն ասաց, որ կոնֆերանսներից մեկում լսել է այդ ծրագրի մասին, բայց պայմաններին ծանոթ չէ: Գ. Չաուշի անվան թիվ 188 դպրոցում էլ ընդհանրապես տեղյակ չէին դպրոցները տեղեկատվական տեխնոլոգիաներով զինելու նախարարության որոշման մասին: Թիվ 144 դպրոցի տնօրեն Գագիկ Հովհաննիսյանը նույնպես չգիտեր ծրագրի գոյության մասին:

Կան դպրոցներ, որոնք հրաժարվել են մասնակցել ծրագրին' պայմաններին չհամաձայնելու պատճառով: 2 տարվա ընթացքում դպրոցները պետք է վճարեն համակարգչի գնի 41 տոկոսը: Իսկ չորս տարի հետո, երբ դրանք հնանան, դպրոցն այդ գումարով մասնակիորեն կարող է թարմացնել գնած համակարգիչը: «Իմ հաշվարկներով' ես կարողանում եմ դպրոցի ունեցած խնայողություններով տարեկան մեկ կամ երկու համակարգիչ ձեռք բերել, այնպես որ անհրաժեշտություն չունեմ անհասկանալի տոկոսներ վճարել: Բացի այդ, պայմանագիր կնքելու համար նախապես պետք է 50.000 դրամ վճարեի. պայմանագրի պայմաններից էր»,-ասում է Ս. Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցի տնօրեն Աշոտ Հարությունյանը: Կան դպրոցներ, որոնք արդեն ձեռք են բերել համակարգիչներ: Թիվ 159 դպրոցը գնել է 2.700 ԱՄՆ դոլարի արժողության տեխնիկա: Դպրոցի տնօրեն Հակոբ Հակոբյանի կարծիքով' շատ ձեռնտու գործարք է այն առումով, որ մի քանի տարի հետո հինը կարելի է փոխանակել: Սակայն, պարոն Հակոբյանի կարծիքով, ծրագիրն ունի մի թերություն. այսօր դպրոցը համակարգիչը գնում է այսօրվա արժեքով եւ երկու տարի տոկոսներով վճարում համակարգչի նույն արժեքը, սակայն տեխնիկան ժամանակի ընթացքում էժանանում է, իսկ դպրոցը շարունակում է վճարել նույն գինը:

«Մեր դպրոցը երբեք հովանավոր չի ունեցել, ստիպված նորից ու նորից հույսներս դրեցինք ծնողների վրա: Վճարման տարեկան 20 տոկոսը, որ պետք է հավաքեինք, բաժանել ենք մեր աշակերտների ընդհանուր թվին, ստացել որոշակի գումար, որն էլ ստիպված ենք հավաքել երեխաներից: Գումար հավաքել ենք 1-ին դասարանից սկսած: Բացառություն են կազմել 10-րդ դասարանցիները. պարզապես արդարացի չհամարեցինք նրանց ծնողներին դիմել, քանի որ այդ երեխաները համակարգիչներից չեն օգտվելու»,-ասում է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոց-վարժարանի տնօրեն Արկադի Էլոյանը:

84 դպրոց-վարժարանին, հաշվի առնելով աշակերտների ընդհանուր թիվը, անհրաժեշտ է համակարգչային երկու դասարան' յուրաքանչյուրում 12 համակարգիչ: Այդ համակարգիչները ձեռք բերելու համար դպրոցը պետք է վճարեր մոտ 24 հազար ԱՄՆ դոլար: «Այդ գումարը պետք է մարեինք 5 տարվա ընթացքում, բայց, միեւնույն է, բավականաչափ ծանր կլիներ. չէ՞ որ մենք պետք է մտածենք նաեւ այդ համակարգչային դասարանը կահավորելու մասին, ինչը նույնպես ֆինանսի հետ է կապված: Այդ պատճառով ստիպված եղանք վճարել 11 հազար 710 ԱՄՆ դոլար եւ համակերպվել համակարգչային մեկ դասարան ունենալու հետ»,-ասում է պարոն Էլոյանը: Փաստորեն, 1000-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցը կունենա ընդամենը 12 համակարգիչ:
Փաստաթղթով նախարարությունն ավելի մեծ ակնկալիքներ ունի

Դպրոցները համակարգիչներով ապահովելու նախաձեռնությունն իրականացվում է «Կրթության որակի եւ համապատասխանության» վարկային ծրագրի շրջանակներում:

ՏՀՏ-ներին վերաբերող ենթաբաժնի նպատակն այնքան էլ հստակ չէ, փաստաթղթում ձեւակերպումներն աղոտ են եւ ընդհանուր: Օրինակ' ծրագրում գրված է. «ՏՀՏ-ի օգտագործման միջոցով բարձրացնել սովորողների առաջադիմությունն ու կատարելագործել դասավանդման որակը՝ նպաստելով դասապրոցեսի ժամանակային եւ տարածքային սահմանափակումների վերացմանը»: Ոչ մի բացատրություն չի տրվում, թե ինչու՞ է հանկարծ հրատապ դարձել այդ «սահմանափակումների» վերացումը։ Կամ' եւս մեկ երկար եւ անհասկանալի նախադասություն. «...Բարձրացնել սովորողների եւ մանկավարժների համակարգչային գրագիտության մակարդակը՝ որպես ուսումնական նոր տեխնոլոգիաների լայնամասշտաբ կիրառման հիմք, դպրոցներում հիմնարար բարեփոխել ինֆորմատիկա առարկայի դասավանդման գործընթացը, զինել հանրակրթական համակարգը տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներով՝ որպես համակարգի առաջանցիկ զարգացման նախապայման, ապահովել ՏՀՏ-ի կիրառումը պարտադիր առարկաների ուսուցման գործընթացում' որպես դասավանդման եւ ուսուցման նոր միջոց»:

Առաջադրված խնդիրներից են նաեւ դպրոցներում համակարգչային կրթական կենտրոնների եւ դպրոցական միասնական ցանցի ստեղծումը, դպրոցներին ինտերնետային կապով ապահովելը, համակարգչային ուսումնական ծրագրերի եւ դասագրքերի մշակումը, դպրոցական պորտալի ստեղծումը, ուսումնական ծրագրում ՏՀՏ-ների կիրառումը, ՏՀՏ-ների օգտագործման նպատակով տարբեր առարկաների ուսուցիչների վերապատրաստումը եւ այլն:

«Ծրագրում խոսք չկա «Ինֆորմատիկա» եւ «Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ ուսուցիչների պատրաստման համալսարանական ծրագրերի մշակման եւ իրականացման մասին։ Ըստ երեւույթին, ենթադրվում է մեկանգամյա գործողություն, եւ այն էլ՝ տարրական համակարգչային գրագիտություն սովորեցնելու նման մի բան։ Պետք է ենթադրել, որ կպահանջվի ոչ միայն ավանդական կրթական համակարգի վերափոխում, այլեւ կրթության եւ վերակրթության մշտական հնարավորություն ապահովող ենթակառույցների համակարգի (ուսուցիչների թրեյնինգի եւ աջակցության կենտրոնների ցանցի) ձեւավորում, անհրաժեշտ կադրերի պատրաստում, ուսումնական նյութերի, դասավանդման մեթոդաբանության ստեղծում, կրթական նոր ստանդարտների մշակում եւ տարածում եւ այլն։ Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների մշակումը եւ կրթության մեջ դրանց ներդրումը ենթադրում է նաեւ ծավալուն հետազոտական աշխատանքների իրականացում։ Նկատի ունենք թե՛ ինֆորմատիկայի եւ տեխնոլոգիաների ասպարեզում կատարվող ուսումնասիրությունները, որ անհրաժեշտ են, ասենք, կրթական մուլտիմեդիային ծրագրերի ստեղծման համար, թե՛ դրանց ներդրման արդյունքներն ու հետեւանքները պարզելու համար անհրաժեշտ սոցիոլոգիական, հոգեբանական, մշակութաբանական եւ այլ հետազոտությունները»,-մեկնաբանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Հրաչ Բայադյանը:
Ի՞նչ աշխատանքներ են կատարվել մինչ այժմ

Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Կարինե Հարությունյանը հրաժարվեց մեզ հարցազրույց տալ ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ. «Ես պատրաստ եմ նամակով տրամադրել տեղեկություներ, փաստեր եւ տվյալներ, սակայն հրաժարվում եմ մեկնաբանել կամ կարծիք հայտնել: Դա իմ իրավունքն է»: Նշենք, որ վարկային ծրագրի մեջ 10.000 ԱՄՆ դոլար էլ նախատեսված է ծրագրի լուսաբանման համար, այն դեպքում, երբ Կրթության եւ գիտության նախարարության էլեկտրոնային էջում վերոնշյալ ծրագրի մասին ոչինչ չկա գրված: Թեպետ Կ. Հարությունյանը վստահեցրեց, որ «այդ չնչին գումարները ծախսվել են հիմնականում հոդվածների, հայտարարությունների, հեռուստածրագրերի եւ սեմինարների վրա»: Տիկին Հարությունյանին ուղղված մեր նամակում մենք խնդրել էինք տեղեկացնել, թե կոնկրետ որտեղ եւ երբ է ներկայացվում հաշվետվությունը ծրագրի ընթացքի վերաբերյալ: Պատասխանում նշված էր, որ ամսեկան եւ եռամսյակային հաշվետվություններ ներկայացվում են ՀՀ Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարություն, ՀՀ կառավարություն եւ Համաշխարհային բանկ, ինչպես նաեւ' հրատարակվում առանձին գրքույկի տեսքով: Սակայն պատասխանում չէր նշվել, թե քանի գրքույկ է արդեն հրատարակվել եւ երբ:

Ծրագրի առաջին փուլի շրջանակներում 160 դպրոց արդեն ստացել է համակարգչային սարքավորումներ, իսկ երկրորդ փուլին մասնակցելու դիմում ներկայացրել է 360 դպրոց: Սեպտեմբերի 6-ին հայտարարվել է դպրոցների հետ պայմանագրերի կնքման երրորդ փուլը: Առաջին փուլի ժամանակ դպրոցներին տրված համակարգիչները Պենտիում 4 սերնդի են, հետեւյալ միջին պարամետրերով' 2.4 GHz, 256 RAM, 32 Video RAM:

Յուրաքանչյուր դպրոցին անհրաժեշտ համակարգիչների քանակը հաշվարկվում է' հաշվի առնելով 6-10 դասարանների թիվը եւ դրանց միջին խտությունը, որպեսզի դասի ժամանակ մեկ համակարգչից օգտվեն երկուսից ոչ ավելի աշակերտ: Ծրագրով նախատեսված էր նաեւ 150 դպրոցներին տրամադրել Ինտերնետ: Սակայն, ինտերնետային կապի տրամադրումը դեռ չի ապահովված, քանի ԱրմենՏելը դպրոցների համար դեռ չի սահմանել ինտերնետային կապի հատուկ ցածր սակագներ:

Ըստ գրասենյակի տրամադրած տվյալների' համակարգչային ուսումնական ծրագրերի ստեղծումն ըստ բնագիտական եւ հումանիտար առարկաների կիրականացվի 2006-2008թթ. ընթացքում:
Այսօր վարկավորումը որպես փրկություն, իսկ վա՞ղը ...

Համաշխարհային բանկը Հայաստանին վարկը տրամադրել է 35 տարի ժամկետով: 10 տարի հետո պետությունը 25 տարում կսկսի մարել պարտքը' առանց հավելյալ տոկոսադրույքների, տարին երկու անգամ:

Փաստորեն, մի քանի տարի հետո այդ վարկը վերածվելու է պարտքի պետության համար: Թեպետ Համաշխարհային բանկի պաշտոնապես ներկայացվող նպատակներից է' օգնել զարգացող երկրներին, սակայն, չպետք է մոռանալ, որ այդ օժանդակությունն իրականացվում է վարկավորման տեսքով: Զարգացող երկրների կառավարությունները որոշ ժամանակահատվածով պարտք են վերցնում, որպեսզի գոնե փորձեն համընթաց քայլել համաշխարհային զարգացումներին: Մեկը մյուսի ետեւից ավելացող վարկերը մեծացնում են պարտքի չափը, իսկ արդյունքում «զարգացող» երկրները դառնում են Համաշխարհային բանկի հավերժ պարտապանը:
Իրականում, Համաշխարհային բանկին շատ քիչ է հետաքրքրում, թե իր տրամադրած վարկերն ինչպիսի արդյունավետությամբ են ծախսվել: Դա պետք է մտահոգի ՀՀ կառավարությանը, որի երաշխավորմամբ տրվել է այդ վարկը: Գործողությունների ծրագիրը նույնպես պետք է մշակի կառավարությունը, այս դեպքում' ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը: Սակայն, պարզ է, որ արդեն ընթացքի մեջ գտնվող ծրագիրն ունի բազմաթիվ թերություններ ու պակասություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter