HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարի գալուստ բանտ. սառը «ցնցուղը», սև-սպիտակ հեռուստացույցն ու հույսը

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ինչքան էլ ուզում եմ մոռանալ բանտային մռայլ, դաժան տարիները, դրվագները, դիպվածները հիշողությանս մեջ են: Փորձում եմ գոնե հիշել ու Ձեզ փոխանցել քիչ, թե շատ հումորային, թեթև պատմություններ: Այս անգամ Ձեզ կպատմեմ բանտային կյանքից մի քիչ ուրախ, մի քիչ տխուր, բայց, այնուամենայնիվ, զավեշտալի ու, կարծում եմ, հետաքրքիր դրվագներ, ինչի մասին երբեք չեմ գրել:

«Քչերի՞ գլխին են սարքում ու կոխում սռոկի տակ…»

1996 թվականի ամռանը «Նուբարաշեն» բանտի 3-րդ հարկի խցերից մեկում մոտ 15-18 կալանավոր կար: Մի օր նրանցից մեկը վրդովված ման էր գալիս խցում, հանկարծ չդիմացավ, պոռթկաց.

-5 ամիս ա՝ ստեղ եմ, բայց չտեսա նոր էկածներին կանգնացնեք կամեռի սրբապատկերի մոտ ու վեդրոյով ջուր լցնեք վրեն, իսկ ինձ ոտից գլուխ ջրեցիք, հետն էլ ասեցիք՝ բերդում տենց ա ընդունված: Էն էլ ցուրտ եղանակ էր, ես դուբլյոնկով էի, կանգնեցի սրբապատկերի մոտ, խաչակնքվեցի ու հանկարծ վրես սառը ջուր լցրեցիք, իբր, բարի գալուստ բանտ…

Վիճաբանություն սկսվեց: Բանից պարզվեց, որ այս երիտասարդին կալանավորել էին բռնաբարության փորձի համար, ինչը, մեղմ ասած, չի հարգվում ազատազրկման վայրերում: Բայց նա ամեն անգամ համառորեն պնդում էր, թե ինքը նման բան չի արել, այլ մի մարմնավաճառուհու շառով են իրեն բերել բանտ: Խցակիցներիս կարծիքները տարբեր էին: Ոմանք նրան արդեն մեղավոր էին համարում, ոմանք էլ`գրեթե մեծ մասը, ասում էին, որ պետք է սպասել դատավճռին: Ընդամենը 2 կալանավոր գտնվեց, որ կասկածի տակ դրեց անգամ ապագայում կայացվելիք դատավճիռը.

-Իսկ ի՞նչ ա, որ դատավճիռ ա լինում, ուրեմն տենց էլ կա՞. քչերի՞ գլխին են սարքում ու կոխում սռոկի տակ…

Դեռ ոչինչ չգիտեի անարդար դատավճիռների մասին, չգիտեի, որ մի քանի ամիս անց սկսվելու է իմ պայքարը անարդարության դեմ: Ինչևէ, հետագայում պարզվեց, որ այս երիտասարդն, իրոք, անմեղ էր:

Տուն զանգելու հույսը

Խուց բերեցին մի «դեղնակտուցի». արտաքինով հազիվ մի 14 տարեկան լիներ, բայց իրականում արդեն չափահաս էր: Հին նստողներից մեկը, տեսնելով որ շատ նեղված է, նույնիսկ քիչ է մնում լաց լինի, ասաց.

-Տղա՛ ջան, դու մի՛ նեղվի, բանտն էլ ա մարդու համար, ավելի լավ ա հագած-կապած նստի ու սպասի` մութն ընկնի կամ քեզ կիջացնենք ներքևի կամեռ, կամ ներքևից հեռախոս կհանենք, ու տնեցիքիդ հետ կապ կունենաս:

Հեռախոս ասելով՝ նկատի ուներ լարայինը, բայց այդ թվերին անգամ տաքսաֆոն չկար բերդում: Հին բանտարկյալն ուղղակի հույս էր տալիս նորեկին: Խեղճն ուրախացավ, ու մի անկյունում նստած սպասում էր: Բայց «հանգամանքների» բերումով` զանգերի ծանրաբեռնվածության պատճառով իր հերթն ուշանում էր: Նա չէր տխրում, հույսով սպասում էր, նույնիսկ տրամադրությունը սկսեց բարձրանալ, համակերպվում էր…

Խցում ոմանք փսփսում էին, որ սխալ է, հարկավոր է ճիշտն ասել, որ չսպասի, բայց փորձառու կալանավորը պնդում էր, որ այդպես արեց հենց խղճահարությունից, որ շատ չտառապի նորեկը: Անցավ մի 3 օր, ու նորեկը, մտքերի մեջ ընկած, հարցրեց.

-Բա՛, լավ, էդ ինձ ո՞նց պետք ա իջացնենք ներքևի կամեռ կամ էդ ո՞ր ծակով հեռախոս կանցնի: «Կոնով» հազիվ սիգարետի պաչկա կանցնի («կոնը»` նասկուց կամ կտորից կարված տոպրակ է, որը թելով պատուհանի ճաղերի անցքերից իջեցնում են բերդի դրսի պատի վրայով ներքևի խցեր):

Մի խոսքով՝ 3 օրում նոր կալանավորը «հասունացավ» ու սկսեց ճանաչել բանտը, իսկ առաջին`գրեթե ամենածանր օրերին շատ չընկճվեց, որովհետև հույս ուներ…

10.000 դրամ՝ բանտային «ճոխության» դիմաց

Անցած դարի 90-ականներին, որպեսզի կալանավորների խցում թույլատրեին սև ու սպիտակ փոքր հեռուստացույց ունենալ, փոքր էլեկտրական սալիկ ու ամեն օր խուցը տակն ու վրա չանեն ստուգողները, հարկավոր էր բանտի համապատասխան աշխատակցին ամսական վճարել 10 հազար դրամ: Խցում լուրջ խոսակցություն եղավ, նույնիսկ վեճ` պե՞տք է արդյոք մուծել այդ գումարը, թե՞ ոչ: Գցում-բռում էին, թե որն է ճիշտ… ես էլ անմասն չմնացի, ասացի կարծիքս, որ պետք չէ այդ գումարը տալ: Ու այսպես, հերթական մուծումը ընդամենը 2 օր ուշացրեցինք: Խցի դուռը բացվեց, ներս մտան բանտի մի 10 աշխատակից, ամբողջ խուցը տակն ու վրա արեցին, ոտքով էլեկտրական սալիկը տշեցին խցից դուրս, վերցրեցին հեռուստացույցը, նույնիսկ էմալապատ փոքրիկ ղազանը տարան՝ ասելով.

-Դե՛, որ պլիտա չունեք, ղազանով ո՞նց պիտի ճաշ տաքացնեք:

Մի խոսքով՝ խուցը, որ համարվում էր, այսպես ասած, «պուզատիների կամեռ», դարձավ աղքատիկ:

«Նուբարաշեն» բանտի արդեն ցմահ ազատազրկվածների բաժնում, մասնավորապես՝ բոլոր այն խցերում որտեղ ես եղել եմ, նման կոռուպցիոն երևույթի չեմ հանդիպել: Թե՛ իմ, թե՛ իմ խցակիցների նկատմամբ նման երևույթ չկա արձանագրված իմ կողմից: Միգուցե մեր նկատմամբ այս հարցում օրինական մոտեցումը պայմանավորված է ցմահների դատապարտյալ լինելու կարգավիճակով: Իսկ կալանավորների խցերում չգիտեմ՝ ինչպիսին է իրավիճակը: Անցած դարի 90-ականներից շա՜տ ժամանակ է անցել:

Նկատած կլինեք, որ իմ հոդված-նամակներում գրում եմ թե՛ դրական, թե՛ բացասական երևույթների մասին՝ փորձելով լինել օբյեկտիվ, որպեսզի և՛ Դուք` ազատության մեջ գտնվողներդ իմանաք բանտային իրականության մասին, և՛ լուծումներ տրվեն տարիների պատմություն ունեցող խնդիրներին, քանի որ ազատազրկված մարդկանց  հասարակությունից մեկուսացված լինելը ժամանակավոր է: Նրանք մի օր վերադառնում են նույն հասարակություն: Վերջին հաշվով, բոլորս էլ նույն հասարակության անդամներն ենք:

Հաջորդ անգամ կգրեմ անցումային արդարադատության մասին իմ տեսակետը: Այդ մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր կառավարության 100 օրվա ամփոփման հանրահավաքում: Հեռուստացույցով էլ լսում եմ թեր ու դեմ կարծիքներ: Հարազատներիս խնդրել էի անցումային արդարադատության մասին այլ երկրների փորձի մասին գիտական ու պրակտիկ նյութեր: Հիմա դեռ ուսումնասիրում եմ դրանք: Այժմ միայն կասեմ, որ հետաքրքիր փորձ կա այս առումով:  

Հ.Գ. Գիտության օրվա առթիվ շնորհավորում եմ աշակերտներին և ուսանողներին: Իմացե՛ք, որ գիտելիքը մտքի լույս է, որը անգամ խավարի մեջ լուսավորում է մարդու, հասարակության ճանապարհը:

Վերջին 5 տարվա մեջ առաջին ուսումնական տարի է սկսվում, որ ուսանող չեմ: 5 տարի անընդմեջ ամենօրյա գրաֆիկով սովորել եմ՝ այս տարի բարեհաջող ավարտելով Սլավոնական համալսարանն ու դառնալով իրավագետ: Մագիստրատուրա այս տարի չդիմեցի, քանի որ ամբողջովին ինձ նվիրել եմ քրեական գործի վերաբացման աշխատանքին: Այս հարցում 5 տարվա յուրացրած գիտելիքներն են օգնում: Շուտով կամփոփեմ վճռաբեկ բողոքը գործի վերաբացման խնդրանքով: Զուգահեռաբար անգլերեն եմ պարապում, շարունակում իրավաբանական խորհրդատվություններս բանտարկյալներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter