HY RU EN

Արաքս Մամուլյան

Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով երրորդ անձը Վրաստանում հայտնաբերվել է

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատանը տեղի ունեցած միջադեպի գործով անցնող երրորդ անձը հայտնաբերվել է Վրաստանում: Այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ նշելով, որ վերջինիս արտահանձնումը կազմակերպելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր: 

Նշենք, որ խոսքը, մեր տեղեկություններով, քաղաքացի Գագիկ Դանոյանի մասին է: Վերջինս Մկրտումյանի առանձնատանը տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև երկու այլ անձանց՝ Հովհաննես Ռիժենկոյին և Մայիս Մկրտչյանին. վերջինս ոստիկանության ծառայող է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի` Ձորաղբյուրում գտնվող առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները: Անվտանգության տեսախցիկների միջոցով նկատելով նրանց՝ Արման Մկրտումյանն ու վերջինիս որդին դուրս են եկել բակ, և զինված անձանց կողմից, ըստ գործի  նյութերի, ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ։

Միջադեպի ընթացքում վնասվածք է ստացել նաև Արման Մկրտումյանը: Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման և զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու ու պահելու դեպքի առթիվ: