HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյան. «Ունենք ուռճացված համակարգ. կառավարությունը ստիպված է գնալ ցավոտ կրճատումների»

«Հետք»-ի հարցերին պատասխանում է Տարածքային կառավարման և զարգացման  նախարար Սուրեն Պապիկյանը

Պրն նախարար, Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում շատ լրջորեն պետք է զբաղվեն բարեփոխումների լայնածավալ գործողություններով: Ի՞նչ բարեփոխումներ են նախատեսվում տարածքային կառավարման մարմիններում:

Այս տարվա նախատեսված պլանով մեր առաջին քայլը պետք է լինի տարածքային կառավարման մասին օրենք ունենալը: Նախկինում մարզպետարանների գործունեությունը կարգավորվել է նախագահի հրամանագրով: Նոր Սահմանադրությամբ դա այլևս հնարավոր չէ, դրա համար մենք պետք է ունենանք տարածքային կառավարման մասին օրենք, որը կարձանագրի եղած իրողությունները: Համապետական ընտրություններով պայմանավորված` համայնքների խոշորացումն ուշանում է և աշնանը տեղի չի ունենա։ Ուստի, այս պահին չենք կարող անցնել բարեփոխումների հաջորդ փուլին, այն է՝ մարզպետարանների որոշ լիազորությունների պատվիրակմանը խոշոր համայնքներին։ Բացի այդ, դեռ պետք է փոփոխություններ անենք Ընտրական օրենսգրքում, որը ենթադրում է նաև առաջին հերթին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ։ Այնուամենայնիվ, շատ եմ կարևորում տարածքային կառավարման մասին օրենքի և համայնքների խոշորացմանն առնչվող բարեփոխումները։ Չեմ բացառում նաև, որ տարվա վերջին հասցնենք խոշորացված համայնքներին պատվիրակել որոշ լիազորություններ։ Գոնե պիլոտային տարբերակով որևէ մարզում դա կունենանք: 

Գործող համայնքապետերը հիմնականում Հանրապետական կուսակցության անդամներ են: Բարեփոխումների ի՞նչ սկզբունքներ կկիրառեք նրանց հետագա աշխատանքի առնչությամբ: 

Համայնքների ղեկավարներին կուսակցականացնելու կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դարձնելու պլաններ չունենք: Անկախ նրանից, թե Հայաստանում  համայնքապետերը կուսակցական ինչ պատկանելություն ունեն, մեզ համար էական է նրանց գործունեության իրավականությունը: Երբ մենք խոսում էինք Հայաստանում իրավական համակարգ հաստատելու մասին, չէինք ասում, որ համայնքապետերն անպայման պետք է լինեն մեր կուսակիցներն ու գործընկերները: Մենք ասում էինք, որ իրավական համակարգը պետք է գործի բոլորի համար: Նրանք, ովքեր չեն գիտակցի և չեն հասկանա դրա կարևորությունը, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Իհարկե, պատկան մարիններն ամենօրյա  ռեժիմով դրանով զբաղվում են: Ասել, թե՝ գիտեք, տվյալ համայնքապետն այսինչ կուսակցությունից է, սա չէ խնդիրը: Խնդիրը համայնքապետի գործունեության` իրավական նորմերին համապատասխանությունն է և պատկերացումները վաղվա Հայաստանի մասին: Սա այլևս նոր, իրավական Հայաստանն է: 

Հնարավոր չե՞ք համարում, որ մարզպետները և հանրապետական համայնքապետերը սպասվող ԱԺ ընտրություններին իրենց կուսակցությունների համար այս կամ այն կերպ քվեներ կհավաքեն: 

Ես չեմ բացառում, որ այլ կուսակցությունների կողմից գուցե նման փորձեր արվեն: Բայց ես խոսեցի մեր նոր իրավական երկրի մասին, մեր պատկերացումների մասին: Հայաստանում սահմանադրական իրավական կարգը տապալելու կամ շրջանցելու ցանկացած փորձ խստագույն ձեւով պետք է պատժվի: Անկախ նրանից` որ կուսակցության ներկայացուցիչն է դա անում կամ ինչ պաշտոն է զբաղեցնում, լինի նախարար, մարզպետ, թե համայնքապետ: Սա հստակ է: 

Ի՞նչ բարեփոխում եք իրականացնելու համայնքային բյուջեների ծախսերի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար:   

Շատ ուշադիր հետևելու ենք: Եվ գաղտնիք չէ, մենք ամեն օր մամուլում տեսնում ենք, որ հենց այդ նույն ծախսային մասի կամ առկա միջոցների չարաշահումների պատճառով այս կամ այն համայնքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այդ քրեական գործերի ներքո կան հսկայական չարաշահումներ: Մենք այս հարցում հետևողական ենք և, բնականաբար, չենք հանդուրժելու նմանատիպ վարքով կամ թեկուզ անցյալով որևէ համայնքապետի գործունեություն: Բայց այդ ամենը լինելու է իրավական համակարգի սահմաններում: 

Դուք հիմա հետևո՞ւմ եք համայնքային բյուջեների եկամուտների ծախսերի արդյունավետությանը: 

Իհարկե, հետևում ենք: Ասեմ, թե մենք ինչ խնդիր ունենք: Ես հիմա դիմել եմ կառավարություն՝ վարչական վերահսկողության վարչություն հիմնելու առաջարկով: Մենք ունենք վարչական վերահսկողության և համայնքային ծառայությունների վարչություն, որը նախատեսվում է կազմալուծել և ստեղծել վարչական վերահսկողության վարչություն` ավելի լայն հնարավորություններով: Ես կառավարությունից խնդրել եմ հավելյալ 6 հաստիք, որպեսզի նոր վարչությունը կարողանա հասցնել այդ ամենին հետևել: Գործող վարչությունը ֆիզիկապես չի հասցնում ամենօրյա ռեժիմով մարզից մարզ, համայնքից համայնք գնալ: Այո, բյուջեի անարդյունավետ ծախսերի խնդիրը կա: Միայն Երևանում նստել ու դրան հետևել՝ հնարավոր չէ: Պետք է մեր աշխատողները գնան և տեղում ծանոթանան փաստաթղթերի իրավականությանը: Կարող է մեզ ներկայացրած թղթերը շատ լավ լինեն, բայց գնանք, տեսնենք այլ բան կամ տեսնենք, որ հիմքեր չունեն դրանք: 

Մարզպետարանի և համայնքների հաստիքները հաստատում է Տարածքային կառավարման և զարգացման  նախարարությունը: Այս պահին Լոռու մարզպետարանում կա 150 հաստիքային աշխատող: Գործող մարզպետն ունի 3 տեղակալ, 2 խորհրդական, 2 օգնական: Անգամ աշխատակազմի ղեկավարն ունի տեղակալ: Մարզպետարանն ունի 9 ծառայողական ավտոմեքենա: Աշխատողների աշխատավարձի ծախսն այստեղ կազմում է 461,4 մլն դրամ, որը վճարվում է պետբյուջեից: Ինչպե՞ս եք վերաբերվում հաստիքների այդ քանակին: 

Իհարկե, շատ վատ եմ վերաբերվում: Ոչ միայն մարզպետարաններում և համայնքներում, այլև նախարարություններում մենք ունենք ուռճացված համակարգ: Եվ, բնականաբար, ստիպված ենք գնալ ցավոտ կրճատումների: Այդ գործընթացը սկսվել է և, եթե ուշադիր եք եղել, վարչապետը Հանրապետության հրապարակում 100 օրվա աշխատանքային իր հաշվետվությունը ներկայացնելիս նշեց, որ կառավարությունը գնալու է օպտիմալացման: Այդ օպտիմալացումը վերաբերելու է բոլոր ոլորտներին, այդ թվում` նախարարություններին: 

Լոռու տարածաշրջանի տնտեսության մեջ թելադրողը «Վալլեքս» խմբի ընկերություններն են: Հիմա նրանք ճգնաժամի մեջ են, հարյուրավոր մարդկանց ազատել են աշխատանքից: Սոցիալական լուրջ լարվածություն կա: Ո՞րն եք համարում ելքը:  

Մի բան հստակ է, որ մենք պետք է աջակցենք բիզնեսին: Եթե անգամ կա բիզնես, որը թուլացել է, պետք է հնարավորության պարագայում օգնենք, որ նրանք վերակենդանանան: Տարածաշրջանի արդյունաբերական համալիրներն ունեն էկոլոգիական խնդիրներ: Այստեղ առաջնայինը երկրորդականից տարանջատելը բավականին դժվար է: Մի կողմից կա սուր սոցիալական խնդիր, մյուս կողմից` բնապահպանական աղետ: Սրա ոսկե միջինը գտնել հնարավոր է, եթե այդ նույն արդյունաբերական ընկերությունները համապատասխան տեխնոլոգիական նոր միջոցների ներդրմամբ փորձեն ավելի նվազեցնել արդյունաբերական համալիրների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Բայց, միևնույն ժամանակ, այս փուլում նրանց գոյությունը մեզ համար կենսական նշանակություն ունի, և մենք չենք կարող գնալ հանքարդյունաբերական ընկերությունների վերացման գործընթացին, որովհետև դրանցից կախված են շատ մարդկանց ճակատագրեր, նրանց սոցիալական կենսամակարդակը: 

Այսինքն, կառավարությունը կաջակցի՞ այդ ընկերություններին ոտքի կանգնել: 

Անկեղծ ասած` դա իմ իրավասության տիրույթում չէ: Ես ասում եմ կառավարության ընդհանուր մոտեցումը:

Մեկնաբանություններ (7)

Ալավերդու ակտիվ երիտասարդ
Ցավով պետք է ասեմ, որ մեր քաղաքում ոչ մի լավ բան չկա: Գազն ու փոշին մի կողմից են խեղդում, աղբն ու քաղաքի անխնամ վիճակը մյուս կողմից են սպանում: Մենք ղեկավար չունենք: Ես ոչ մեկի վիրավորելու ցանկություն չունեմ, բայց Ալավերդի քաղաքը ղեկավար չունի: Այսքան անտարբեր կարելի է լինել սեփական քաղաքի ու ժողովրդի հանդեպ? Նեղվում եմ նաև ՆՈՐ իշխանության անտարբերությունից ու անտեղյակությունից: Լավ, ասենք թե մեր ալավերդցիները մի անգամ սխալվեցին, սխալ ընտրություն կատարեցին, էս խաչը ինչքան ենք քարշ տալու? Կասեք մեզ, պարոն Պապիկյան?
Գոհար
Ալավերդու քաղաքապետարանում մարդ ա մի 40 տարվա ստաժ ունի, հեչից մի 20 տարի էլ կձգեն դեռ: Ասում են թափուր տեղերի մրցույթներին մասնակցելու համար պետք ա 50 տարեկանից բարձր լինես, մի 30 տարվա աշխատանքային փորձն էլ պարտադիր ա, ես դիմեցի, ասի 15 տարվա փորձ ունեմ, ասին քիչ ա:
Կամո
Ալավերդու քաղաքապետին էլ մի բան գըլխի քցեք, թող հհկ-ի մաշված ու ժամկետանց կադրերին տուն ուղարկի, իրա գլխավորությամբ: ամեն մի չ-աշխատողը 2 հոգու աշխատավարձ ա ստանում: Իսկ որ տենց հրաշք կատարվեր էդ հիմնարկությունը կարելի ա վաբշե ցրել: մեկ ա ոչ մասնագետ կա ոչ էլ դրանց գլխի կանգնած մարդ:
Մինաս
Մարզպետքարան, համայնքապետքարան ու ԼՏՊ - ի հնարած բոլոր պետքարանների սիստեմն ընդհանրապես հարկավոր է վերանայել-վերացնել ու վերադառնալ գյուղսովետ - քաղսովետների հին սիստեմներին: Նրանք անշահախնդիր էին ծառայում մարդկանց (լավ կամ վատ), իսկ սրանք փող են ստանում, բայց անօգուտ բեռ են ժողովրդի ջանին ընկած, որովհետեւ իրական աշխատանք չունեն, իրենք չգիտեն ինչով զբաղվեն (բացի իրենց շահից) եւ չեն էլ ուզում լծի տակ մտնել: Ցույց տվեք մի ստաժավոր մարզապետ, գյուղապետ ու քաղաքապետ, ով չի գռփել ու լափել այս կամ այն չափով - չեք կարող գտնել! Եւ ինչի համար են ուռճացած նախարարություններն ու տարբեր պետքարանների պարազիտ սիստեմը, եթե երկրում չկա պետական արտադրություն ու պլանավորում (! ?): Երեւի միայն փողոցներ մաքրելու, աղբ տեղափոխելու, ծաղիկ ցանելու, ժապավեն կտրելու եւ այլն?
Օձունեցի
Էտ ձեր նախկին հհկ այժմ քպ դարձած կողմնակիցներին հորդորեք մեր գեղի անունը վարկաբեկելու փոխարեն սպասեն հաջորդ ընտրություններին ու առաջադրվեն գյուապետ, թե չէ սաղ օրը գրում են,ամոթելա Օձունը գողական գեղա ,սարքելեն գրողների միություն:Ինչքան պետքա տեղից վեկենողը աշխատող,կարգին գյուղապետին ասի վեր կաց ես եմ ուզում գյուղապետ դառնամ: Հերիքա էն հհկ-ից պրծանք հմի էլ ձեր դեմ չսկսենք պայքարել,դուք լավ ,խելացի նախարար եք:
Elena
ԵՎ ԻՆՉՈՎԵՔ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՆԱԽՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿՐՃԱՏԵՔ ԵՎ ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ՆՈՒՅՆՊԵՍ ԿՀԵՌԱՆԱՆ ԵՐԿՐԻՑ ԵՎ ԻՆՉՆ Է ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ՏԵՂՅԱԿ ԵՄ ՈՐ ՁԵՐ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՔԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԻ ՀԱՐՍ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՈՎ ՓՈԽՎԵՑ ԻՆՔԸ ՄՆԱՑ ՆԱՄԱՆԱՎԱՆՏ ԲԱՑԻ ՍՈՒՐՃ ԴՆԵԼՈՒՑ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՆԵԼ ՈՒ ՀԵՆՑ ԻՆՔԸ ԱՅԴ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՈՒՐՋ ՊԱՇՏՈՆ Է ԶԲԱՂԵՑՆՈՒՄ ՏԵՍՆԵՄ ԵԹԵ ԱՅԴՔԱՆ ԱՐԴԱՐԵՔԱՇԽԱՏԻ ԿՐՃԱՏԵԼՈՒ ԻՐԱՆ ԹՈՂՆԵԼՈՒԵՔ ԹԷ....
Lianna
Պարոն Պապիկյան? Ասում եք կրճատումներ պետք է լինեն???? Իսկ ներողություն, յուրաքանչյուր մարզպետին 3 փոխմարզպետի հաստիք, որից 2-ը պարտադիր ՔՊ, կարող է ՀՀ հպարտ քաղաքացիներն են հատկացրել??????? Մինչև թավշյան լիքը մարզեր միայն 1 փոխմարզպետով էին աշխատում, մի բան էլ լավ էին աշխատում: Դե որ կրճատեք, առաջինը փոխմարզպետներից կսկսեք: Անձամբ Դուք ունեք 3 տեղակալ, այն դեպքում, երբ Ձեր նախարարությունը ի տարբերություն օրինակ, ասենք սոցապ նախարարության, տարածքային ստորաբաժանումներ չունի, և դրան վերադիր` կան մարզպետարաններ: Մի հարցնող լինի, թե 3 տեղակալ ինչի պետք է լինեն????? Բայց չէ, հերթական թավշյան պետք է պաշտոն ստանար, թե ոչ? Հիմա մի հարց. ասենք պետական ապարատի շարքային աշխատողը, որը 15 տարի է աշխատում է որպես առաջատար մասնագետ, բիզնես և այլ եկամուտ չունի, որ կրճատես ինչ է անելու?????? Հասկանում ես, այդ մարդը առավոտյան 9-երեկոյան 6-ը աշխատել է այդ ոլորտում, ուրիշ տեղ էլ չի կարողացել աշխատել, ասենք երեկոյան պահակ, քանի որ օրենքով արգելվում է, և ինքը դրա մասնագետն է, և ԸՆՏԱՆԻՔ է պահում, ինչ է անելու????????????????????????????? Ձեր գործուղումներից, ուղղաթիռի և ինքնաթիռի ծախսերից կրճատեք, կառավարության թանկանոց ջիպերի բենզինից և հանրահավաքների վրա կատարվող ծախսերից կրճատեք...բայց դե չէ, ոնց կլինի, յուրաքանչյուր մարզպետ պետք է պարտադիր 3 տեղակալ ունենա, որից երկուսը մինչև 26 տարեկան թավշյա.. Ինչի նախարարներով /ուժայինները հանած/ աշխատանքի հեծանիվով չեք գնում?????????բա թավշյայի ժամանակ իբր եվրոպայի օրնակն եիք բերում, հեծանիվ -բան էիք ասում................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter