
Սպասումը դարձել է անտանելի
«Չեմ պատկերացնում, որ շնչում է: Շունչ լիներ, բա չգիտի՞, որ իրեն սպասում ենք»,-ցավով ասում է Ղաբարաղյան պատերազմում անհայտ կորած Վահեի մայրը:
Անհայտ կորած հայ զինվորի մայրը դեռ խնամքով պահում է քսանմեկ ադրբեջանցու անուն-ազգանունների ցուցակը: Որդու նկարների ալբոմում Սիրուշ Հակոբյանը տեղավորել է նաեւ երիտասարդ ադրբեջանցիների ընտանեկան նկարները:
Ժամանակին Ստեփանակերտի հոսպիտալում պահվող ադրբեջանցի գերիները միակ հնարավորությունն էին որդու հետքը գտնելու համար: Վահե Եղշատյանի ծնողներին Ղարաբաղում ասել էին՝ եթե գերիների հարազատները գտնեն իրենց որդուն, ապա իրենք պատրաստ են քսանմեկ ադրբեջանցիներին փոխանակել վանաձորցի 17-ամյա տղայի հետ:
Անցած տասներկու տարիները մոր համար սպասումը վերածել են անորոշության:
«Հույս եմ փափագում: Բայց երբ պատկերացնում եմ, որ կոնկրետ պատասխան տան ու ասեն՝ չկա, խելագարվելու է»,-հազիվ շշնջում է անհայտ կորած զինվորի մայրն ու խեղդում արցունքները:
Որոնումներն այդպես էլ ոչինչ չասացին Վահեի մասին: 1993-ի մայիսին ծնողներից գաղտնի պատերազմ գնացած Վահեից երեք ամիս անց լուր բերեց զինակից ընկերը: Մարտակերտում մարտի դուրս եկած տանկն անցել էր սահմանն ու այրվել: Չորսից փրկվել էր միայն մեկը, իսկ ոտքից վիրավոր Վահեին հակառակորդը գերի էր վերցրել:
Որդու գերի ընկնելու լուրը հաստատել էր հրամանատարը: Մարտի հաջորդ օրը ռադիոհեռախոսով խոսել էր Վահեի հետ ու իմացել, որ նա ադրբեջանցիների մոտ է: Մարտակերտ մեկնած հայրն այրված տանկից գտել էր Վահեի հագուստը, սպորտային պայուսակն ու մահացած քեռու լուսանկարը: Վաղինակ Եղշատյանը տուն էր վերադարձել որդու անհայտ կորելը վկայող տեղեկանքով ու հրամանատարի խնդրանքը շուտափույթ կատարելու ցանկությամբ:
Հրամանատարը խոստացել էր ետ բերել որդուն, եթե հայրը 25 միլիոն ռուսական ռուբլի հավաքի ու բերի: Չէին հասցրել պահանջվող գումարը տանել Ղարաբաղ, երբ անհավասար մարտերից մեկի ժամանակ զոհվել էր Վահեի հրամանատարն, ու նրա հետ կորել էր վանաձորցի զինվորի հետքը:
ՀՀ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից ու Ղարաբաղից 1988-ից մինչեւ 2005-ը անհայտ կորած, պատանդ եւ ռազմագերի զինծառայողների ու քաղաքացիական անձանց թիվը 947 է: Միայն Հայաստանից անհայտ կորած մարդկանց թիվը հասնում 224-ի:
«Ամեն անգամ, երբ մի բան էինք լսում, վեր էինք կենում-գնում»,-ասում է Վահեի մայրը:
Սիրուշ Հակոբյանն արդեն մոռացել է դեպքերի ժամանակագրությունը, որովհետեւ դրանք ոչինչ չեն ասել որդուն սպասող մորը: Վերջին լուրը ստացել է 1999-2000 թվականներին շուշեցի մի կնոջից:
«Մի նամակ ստացանք գրագետ հայերենով, որը հայտնում էր, որ երեխու անձնագիրն իր մոտ է ու գրում էր՝ եկեք, անձնագիրը տարեք»: Հետագայում պարզվեց, որ նամակի հեղինակը նույն այն կինն է, որը եղել է Երեւանում, Վանաձոր եկող ավտոբուսի ուղեւորներին ցույց է տվել Վահեի անձնագիրն ու հայտնել, որ Վահեն առողջ է ու գտնվում է իր մոտ: Անհայտ կորած որդու հետքերը ծնողներին դարձյալ տարան Ղարաբաղ, սակայն կրկին ապարդյուն, որովհետեւ նամակագրին այդպես էլ չկարողացան գտնել: Վահե Եղշատյանի անձնագիրը միայն Պաշտպանության նախարարությունը կարողացավ վերցնել ու մեծ դժկամությամբ փոխանցել ծնողներին:
«Երբ ես հարձակողական խոսեցի ու ասի՝ մի բան գիտեք ու չեք ասում, պատասխանեցին, թե' ի՞նչ ասենք, չկա էլի, ի՞նչ ասենք, տղեդ չկա»,-պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ վերջին զրույցն է վերհիշում 50-ամյա կինը:
Մոր տառապանքը մեղմելու համար հարազատները Վահեի իրերը տեղափոխել են սենյակից ու թողել միայն որդու գրասեղանն ու նկարը: Տարբեր գերատեսչություններ այլեւս նամակներ չեն հղում: Հոգնել են սրա-նրա դուռը թակելուց ու անորոշ պատասխաններից: Պետության հոգածությունը միայն արտոնություններն են, որոնք տրվում են միմիայն մահվան տեղեկանքի առկայությամբ: Վահե Եղշատյանին արդեն երկու տարի պետությունը ճանաչել է մահացած, չնայած ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրը:
Ղարաբաղյան պատերազմում անհայտ կորած զինվորների կարգավիճակը պետությունը դեռեւս չի հստակեցրել: Օրենսդրական որեւէ նորմ գոյություն չունի, որը սահմաներ անհայտ կորածի կարգավիճակն ու հարազատներին չստիպեր դիմելու դատարան՝ նրան մահացած ճանաչելու համար: Այս քայլին հարազատները գնում են տարբեր պատճառներով, հիմնականում սոցիալական խնդիրներ լուծելու նպատակով: Համաձայն նախարարության տվյալների՝ արդեն 166 անհայտ կորած դատավճռով ճանաչվել է մահացած: Չնայած պաշտպանության նախարարության հորդորներին, թե ՀՀ-ում ու ԼՂՀ-ում գոյություն ունեն անհայտ կորածների որոնողական աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովներ, ու դրանց աշխատանքը վերջին շրջանում դարձել է ինտենսիվ ու արդյունավետ, անհայտ կորածների հարազատները գրեթե կորցրել են հույսը:
Մեկնաբանել