HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյան. «Խոշորացված համայնքում պետք է ապահովել բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումը»

Աշխատանքային այցի ընթացքում նախարարը Լոռու մարզպետի և փոխմարզպետների ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզի տարբեր համայնքներում, հանդիպումներ ունեցել մարզի բնակիչների, համայնքների ղեկավարների, ավագանու անդամների հետ՝ քննարկելու համայնքային նշանակություն ունեցող խնդիրները։ 

Օգոստոսի 31-ին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների հետ մարզի մի շարք պատմամշակութային և զբոսաշրջային վայրերում շրջայցից հետո նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Օձուն և Ալավերդի համայնքներ, տեղի բնակիչների հետ քննարկել համայնքների խոշորացման արդյունքում գրանցված դրական ու բացասական կողմերը, բնապահպանությանն առնչվող հիմնախնդիրներն ու զբոսաշրջային հնարավորությունները։ Նախարար նշել է, որ խոշորացված համայնքում անհրաժեշտ է ապահովել բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումը։ Գործընթացի իրական նպատակը առկա միջոցների, ֆինանսական ռեսուրսի խնայումն է և դրանց արդյունավետ օգտագործումը։ «Սրա շրջանակում ես այն պատկերացումն ունեմ, որ, օրինակ, դպրոցների և մանկապարտեզների մասով մենք պետք է գնանք մինիմալ ծախսերի. ոչ թե փակենք եղածները, այլ խնդիրը լուծենք այնպես, որ խոշորացված համայնքի մանկապարտեզներից օգտվեն նաև մնացյալ այն գյուղերի երեխաները, որտեղ ինչ-ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չկան մանկապարտեզներ», - ասել է նախարարը։

Օրվա ավարտին Ախթալայի համայնքապետարանում նախարար Պապիյանը հանդիպում է ունեցել Ախթալա և Շնող համայնքների ղեկավարների և վարչական ներկայացուցիչների հետ։ Նախարարը շեշտել է համայնքի ղեկավարների և ավագանու անդամների՝ բնակիչների հետ մշտական կապի մեջ լինելու, համայնքային բյուջեների ծախսման և նպատակային օգտագործման հարցում հաշվետվողականություն դրսևորելու և հանրային կարծիքը լսելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով տարածաշրջանին հատուկ հանրային լայն հնչեղություն ունեցող խնդիրներին՝ նախարարը նշել է, որ դրանց համար արագ և բոլոր կողմերին գոհացնող լուծումներ գտնելը բարդ է, քանի որ դրանք մի կողմից պարունակում են սոցիալական, մյուս կողմից բնապահպանական բաղադրիչներ, որոնք չեն կարող ստորադասվել մեկը մյուսին։

Աշխատանքային այցի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 1–ին Թումանյան համայնքի միջնակարգ դպրոցի՝ Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը նախարար Սուրեն Պապիկյանն իր ողջույնի խոսքն է հղել դպրոցների աշակերտներին և նրանց հետ փոքրիկ դասախոսություն ունեցել՝ պետական կառավարման համակարգում իրենց ներդրումն ունենալու հնարավորության մասին։ «Չեմ ուզում անջատել կառավարությանը հասարակությունից. մենք մեկ ենք, բոլորիս խնդիրը Հայաստանն օրեցօր ավելի ուժեղ դարձնելն է: Իսկ մեր ուժը մեր երիտասարդությունն է, մեր ուժը դուք եք: Այսօր մեր կառավարությունում աշխատող մարդկանց մեծ մասը մի օր ձեզ նման՝ գյուղական դպրոցի նստարանին նստած երիտասարդներ և պատանիներ են եղել, ովքեր հենց այդ ժամանակվանից գիտակցել են՝ կրթության դերն ու նշմարել մեր երկրի առջև ծառացած խնդիրները», - նշել է նախարարը։

Այնուհետև Սուրեն Պապիկյանը մասնակցել է Քարինջ բնակավայրի հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը և Ահնիձորի այլընտրանքային մանկապարտեզի արևային ֆոտովոլտային պանելի դիտարկմանը։ 

Նախաուսումնական հաստատությունների պայմաններին ծանոթանալուց հետո նախարարը Քարինջ և Ահնիձոր համայնքների բնակիչների հետ զրուցել է համայնքների կարիքների, բնակիչների մտահոգությունների մասին։ Լսելով Ահնիձորի միջնակարգ դպրոցի վթարային պայմաններին մասին՝ նախարարը խոստացել է առաջիկա ծրագրերի օրակարգում ներառել դպրոցի վերանորոգման հիմնահարցը:

Պատասխանելով գյուղերում երիտասարդների զբաղվածությանը վերաբերող հարցերին՝ նախարար Սուրեն Պապիկյանը կոչ է արել համայնքների բնակիչներին աշխատանքի հնարավորություն փնտրելիս հայացքն ուղղել դեպի գյուղատնտեսության տարբեր բնագավառներ՝ հողագործություն, անասնապահություն, իսկ անասնագլխաքանակին ծանոթանալով նախարարը հորդորել է այդ թիվն առնվազն եռապատկել։ «Փաստ է, որ մեր հանրապետության սննդի պաշարների ու տարբեր հարցեր հոգալու համար մեզ պետք է նաև արտադրող գյուղ, այսինքն գյումթերք արտադրող մարդիկ։ Ի՞նչ է գյուղատնտեսությունը, եթե ոչ աշխատանք։ Նույն անասնապահությունը, հող մշակելը, նույնպես աշխատանք է։ Բայց սա կարելի է հարստացնել ու նաև նոր մշակույթ ներմուծել, իսկ բնությունը մեզ այդ հնարավորությունը տալիս է», - հավելել է նախարարը։

Շարունակելով այցը նախարարը համայնքների ղեկավարների, վարչական ներկայացուցիչների և ավագանու անդամների հետ հանդիպումներ է ունեցել Դսեղի «ՔՈԱՖ» սմարթ կենտրոնում և Վանաձորի մարզպետարանում: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են համայնքի սեփական եկամուտների հավաքագրման, զբոսաշրջությանը, ճանապարհային և էներգետիկ հիմնախնդիրներին, արտագաղթին, աղբահանությանը վերաբերող մի շարք հարցեր: Ընդգծելով աղբահանության խնդրի հրատապ լուծման անհրաժեշտությունը՝ նախարարը տեղեկացրել է, որ կառավարությունը այժմ քննարկում է աղբահանության հայեցակարգը, և հավելել, որ դրանում իրենց ներդրումը պետք է ունենան նաև համայնքների ղեկավարները՝ ներկայացնելով ինչպես խնդիրների համապարփակ նկարագրեր, այնպես էլ դրանց լուծման ծրագրային առաջարկներ:

Այնուհետև նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է «ՄԱՅՄԵԽ ՍԿԻ ՌԵԶՈՐԹ» ՓԲԸ ծրագրով Լոռու մարզի լեռնադահուկային կենտրոնի համար նախատեսվող տարածքներ, Անտառաշեն համայնքի բնակիչների հետ քննարկել ծրագրի իրականացման հետ կապված վերջիններիս առարկություններն ու առաջարկները։

Սեպտեմբերի 3-ին նախարարը այցելել է Սպիտակ, որտեղ հանդիպում է ունեցել Սպիտակի տարածաշրջանի համայքների ղեկավարների հետ: Համայնքների խոշորացման գործընթացը քննարկելիս նախարարն ընդգծել է, որ փոքր համայնքներում միջոցների սղության պայմաններում լուծումը խոշորացումն է, ինչի շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել դրանց եկամուտների ճիշտ ուղղորդումն ու արդյունավետ կառավարումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքներում անմշակ հողատարածությունների ու խոտհարքների խնդրին։ Նախարարն իր մտահոգություններն է հայտնել դրա կապակցությամբ և կարևորել հացահատիկային կուլտուրայի դաշտեր ունենալու և համայնքներն անհրաժեշտ գյուղտեխնիկայով հագեցնելու անհրաժեշտությունը։ 

Լոռու մարզ այցը նախարար Սուրեն Պապիկյանն ավարտել է Մեծ Պարնի համայնքում՝ շրջայց կատարելով բրիկետի (խտացված վառելանյութի) վերջերս գործարկված արտադրամասում և պետբյուջեից հատկացված միջոցների հաշվին հիմնանորոգվող մանկապարտեզում։ 

Մեկնաբանություններ (1)

մինաս
Պարոն Պապիկյան ջան, գյուղերի խոշորացումը շատ սխալ էր, խոշորացումը բռնի էր, խոշորացումը ժաղովրդի գլխին նոր ցավեր է բերել: Նախ գոնե այդ վնասակար հետեւանքները վերացրեք, հետո կմտածեք թե էլ ոնց անեք: Մի մեծ վնասն այն էր, օրինակ, որ թղթաբանությունը խոշորացված համայնքներում հիմա իսկական բարդակ է դարձել: Ծայրամասի գյուղի բնակչի համար մի սովորական տեղեկանք ստանալը շատ դեպքերում անհնարին է դարձել: Մարդը օր (կամ օրեր) է կորցնում, գնում է համայնքակենտրոն, այնտեղ իրեն ասում են՝- մենք չենք կարող քեզ ըտենց տեղեկանք տալ, որովհետեւ ձեր գյուղի տվյալները չունենք, գրքերն ու մատյանները չկան: Շատ տեղերում խելքը գլխին հանձնում - ընդունում չի եղել, ամեն ինչը ափալ-թափալ են արել, սրանք էլ կամ չեն ուզում մի թուղթ գրեն, կամ վախենում են սխալ բան գրեն, կամ էլ էնքան անգետ են, որ չեն հասկանում ինչ գրեն: Վերջը, մարդ չի իմանում գլուխը որ պատին տա: Թե մի բան պտի անեք, նախ գոնե գրագետ ու հասկանալի թղթաբանություն պիտի հաստատեք: Դրանից հետո, աստվածը ձեններդ լսի, ավելի լավ բաներ կանեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter