
Սեպտեմբերի 8-ին՝ Պուտին-Փաշինյան հանդիպում
Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին իր ֆեյսբուք էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
Հիշեցնենք, որ հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էր նաև Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով՝ պատասխանելով ընթերցողների հարցերին:
Թե ինչ հարցեր են քննակվելու հանդիպմանը, վարչապետի մամուլի քարտուղարը չմանրամասնեց: Վարչապետի աշխատակազմից պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Վահե Հովհաննիսյանը և վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը:
Սա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի թվով երրորդ հանդիպումն է. առաջին հանդիպումը եղել է մայիսի 14-ին Սոչիում ԵՏՄ գագաթնաժողովին, հաջորդ հանդիպումը՝ հունիսի 13-ին Մոսկվայում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:
ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատվիրակության կազմում է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Հարցին, թե ԱԳՆ այլ պաշտոնյաներ ընդգրկվա՞ծ են պատվիրակության կազմում, խոսնակն արձագանքեց, որ պատվիրակության կազմը հստակեցվում է, եթե ԱԳՆ այլ պաշտոնյաներ ևս ընդգրկվեն պատվիրակության կազմում, ապա կտեղեկացնեն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 1-ին Սոչիում աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ ռուսական Известия-ի՝ Ալիևի և Պուտինի բանակցությունների հիմնական թեման ղարաբաղա-ադրբեջանական խնդրի կարգավորմանն է առնչվել:
Մեկնաբանել