HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հրաչ Բայադյան. «Մարդիկ չգիտեն, որ ունեն ինտերնետի կարիք»

«Ինտերնետի հայր» համարվող, Google-ի փոխնախագահ Վինտոն Սերֆը (Vinton Cerf), New York Times թերթում վերջերս մի հոդված տպագրեց` ի հակադրություն ամերիկյան հասարակության մի մասի բարձրացրած այն աղմուկին, որ ինտերնետի հասանելիությունը պետք է ճանաչվի մարդու հիմնարար իրավունք: Արևմուտքում Սերֆի և նրա ընդդիմախոսների միջև ծավալված բանավեճը, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, մշակութաբան Հրաչ Բայադյանի կարծիքով, անիմաստ չէ, բայց այն բնորոշ է հենց տվյալ հասարակությանը, որը հավակնում է ինտերնետը վերածել «universal service»-ի` համընդհանուր ծառայության:

Հրաչ Բայադյան - Համընդհանուր ծառայությունը (Universal service) հաղորդակցության և տեղեկատվության միջոցներից օգտվելու նվազագույն չափն է, որ տվյալ հասարակությունը հավակնում է ապահովել իր բոլոր անդամների համար: Խորհրդային տարիներին` այն ժամանակ, երբ դեռ հեռուստացույց չկար, իսկ հեռախոս շատերը չունեին, բոլոր տներում կար, այսպես կոչված, "պատի ռադիո", որից օգտվելու համար մարդիկ կարծեմ թե ամսական ինչ-որ գումար էին վճարում: Թերթ կարող էիր ստանալ կամ չստանալ, բայց ռադիոյով հնարավորություն ունեիր տեղեկատվություն ստանալու կարիքներդ բավարարել:

Այդ իմաստով` ժամանակակից հասարակությունը հավակնում է ունենալ համընդհանուր ծառայության որոշակի մի շրջանակ, որը երբեք ընդմիշտ չի սահմանվում, գլոբալ չէ, որովհետև ունիվերսալ չէ բոլոր հասարակությունների համար: Եվ յուրաքանչյուր երկրի հասարակություն ինքն է որոշում, թե տեղեկատվության որ միջոցն է լինելու մատչելի իր բոլոր անդամների համար. այսինքն` գործելու է կամ անվճար, կամ նվազագույն գումարով, որ հասարակության գրեթե 100 տոկոսին հասանելի լինի: Հիմա ամբողջ հարցն այն է, թե որևէ հասարակություն ինքն իր համար ինտերնետը կամ ավելի ճիշտ` ինտերնետի որոշ ծառայություններ, սահմանո՞ւմ է որպես ունիվերսալ ծառայություն, թե՞ ոչ:

Հայաստանում նման բանավեճ կարո՞ղ է ծավալվել:

Կարծում եմ` Հայաստանում դեռ վաղ է ասել, որ ինտերնետը ունիվերսալ ծառայություն է երկու հիմնական պատճառով: Հակառակ վերջին շրջանում կատարված բոլոր դրական փոփոխություններին` Հայաստանում ինտերնետը դեռ մնում է բավական թանկ ծառայություն արևմտյան երկրների համեմատությամբ: Հասարակության զգալի մասը վճարունակ չէ ինտերնետային ծառայություններից օգտվելու համար: Բացի դրանից՝ պետք է նաև համակարգիչ ունենալ` տեխնոլոգիա: Եվ երրորդ. պետք է ունենալ գիտելիք այդ գործիքներից, տեխնոլոգիայից օգտվելու համար:

Ինձ թվում է, որ նման խոսակցությունը անիմաստ չէ ընդհանրապես, բայց եթե Հայաստանի մասշտաբով խոսենք, մարդիկ իրենց հիմնական տեղեկատվությունը շարունակում են ստանալ հեռուստատեսությունից, ինչպես շատ այլ երկրներում:

Բայց Հայաստանում երբեք չի առաջացել նաև հեռուստատեսությունը հիմնարար իրավունք ճանաչելու հարցը:

Հեռարձակումը, ըստ էության, անվճար է: Կան երկրներ, որտեղ հեռուստացույցից օգտվելու համար մարդիկ պետք է ամսական վճարումներ կատարեն, իսկ Հայաստանը այն երկրներից է, որտեղ դա անվճար է: Բայց մեզնում էլ հեռուստացույց գնելը կարող է խնդիր լինել, և չեմ բացառում, որ կան ընտանիքներ, որոնց համար այդ սարքը` հեռուստացույցը, ձեռք բերելն այնքան էլ հեշտ չէ:

Այս դեպքում համակարգիչ ունենալն էլ է դառնում ոչ այնքան հրատապ խնդիր ընտանիքների շատ մեծ մասի համար: Երևանում դեռ 90-ական թվականների վերջերից կային ինտերնետային ազատ մատչելիության կենտրոններ, որտեղ մարդիկ կարող էին գնալ և անվճար օգտվել ինտերնետից, համակարգչից: Հիմա կարծեմ այդպիսի կենտրոններ Երևանում չկան. բոլորը վճարովի են:

Որոշ գրադարաններում հիմա այդպիսի կենտրոններ կան:

Թերևս: Այն ժամանակ այդ կենտրոններից մեկը հանրային, մյուսը Ամերիկյան համալսարանի գրադարանում էր, բայց ես վստահ չեմ, թե դրանք հիմա պահպանվել են: Եվ դա խնդիր է Հայաստանի համար: Նախկինում այդ կենտրոնները գործում էին միջազգային կազմակերպությունների հաշվին: Սա, օրինակ, քաղաքականության հարց է: Եթե Հայաստանի իշխանություններին թվում է, թե բոլորի համար ինտերնետը մատչելի է, ապա այդպես չէ: Նրանք, ովքեր սոցցանցերում են, հիմնականում ապահով խավից են, բնակչության զգալի մասը մուտք չունի էնտեղ, տներում նրանք համակարգիչներ չունեն, իսկ հեռախոսով ինտերնետից օգտվելը շատ սահմանափակ է: Ես այսպիսի հարց կառաջադրեի. ինչո՞ւ Երևանի նման 1 միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքում չկան ազատ մատչելիության կենտրոններ:

Ավ. Իսահակյանի անվան գրադարանը, օրինակ, տրամադրում է ինտերնետից անվճար օգտվելու ծառայություն, երկու համակարգիչ կա, բայց միշտ չէ, որ դրանք զբաղեցված են:

Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ:

Գուցե Հայաստանում ամենահեղինակավոր կայքերը դեռ սոցցանցերն են, դրանցից կարելի է օգտվել նաև հեռախոսով, և մարդիկ գրադարան հասնելու կարիք չեն զգում:

Էստեղ մենք հասնում ենք ավելի բարդ հարցի: Իշխանությունները պարտավոր են ունենալ ոչ միայն տեխնոլոգիաներ ներդնելու, այլև դրանց նկատմամբ կարիքներ ձևավորելու քաղաքականություն: Այնպես պետք է արվի, որ մարդիկ դպրոցական տարիքից ունենան այդ կարիքները այնպես, ինչպես մեզ սովորեցնում էին գիրք կարդալ: Հասուն տարիքում մենք գրքի կարիք ենք ունենում: Եթե ես գիրք չեմ կարդում, ինձ անհարմար եմ զգում, մարդիկ էլ կան, որ եթե մի քանի օր հեռուստացույց չդիտեն, կհիվանդանան: Հիմա ի՞նչ անել, որ մարդիկ նույն ձևով ինտերնետի կարիք ունենան: Եվ այդ կարիքները այնպես պետք է ձևավորել, որ մարդիկ ունենան ոչ միայն խաղեր խաղալու և սոցցանցերում հիմնականում անհեթեթ բաներով զբաղվելու ցանկություն:

Ինչպես ազատ մատչելիության կենտրոնների ստեղծումը, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու կարիքների ձևավորումը պետական քաղաքականություն է, որ այս երկրում երբեք չի եղել: Պետությունը, իշխանությունը չունեն տեխնոլոգիաները սոցիալական-մշակութային գործոն, տեղեկատվության կարևոր աղբյուր դարձնելու, մարդկանց հաղորդակցական կարիքները հարստացնելու և ժամանակակից դարձնելու նպատակադրված, մշակված քաղաքականություն… Դա է պատճառը, այո, որ համակարգիչը կարող է ազատ լինել և ոչ մեկին պետք չգալ: Այսինքն` մարդիկ ունեն ինտերնետի կարիք, բայց չգիտեն, որ ունեն: Նրանց մեջ այդ կարիքը դաստիարակված չէ:

Ի՞նչ ծրագրեր պետք է մշակվեն, որ ձևավորվի ինտերնետի լուրջ պահանջ:

Ես այդ հարցը չեմ սիրում: Ես չեմ կարող ասել, թե պետությունն ինչ պիտի անի: Ես երկար տարիներ վատնել եմ այդպիսի ուտոպիական հարցերի վրա, թե ինչ պետք է արվի, և վաղուց համոզվել եմ, որ պետությունը ոչինչ չի պատրաստվում անել ի շահ հասարակության: Ուրեմն, իմաստ չունի խոսել այդ մասին:

Խոսքը հումանիտար, մշակութային կարիքներ ձևավորելու մասին է, որը շատ բարդ, գրեթե անլուծելի խնդիր է: Նույն պատճառով հիմա երիտասարդ սերունդը չունի գիրք կարդալու կարիք: Ես իմ ուսանողներին երբեմն պատմում եմ խորհրդային տարիների այս անեկտոդը: Մի քանի միլիցիոներ որոշում են գնալ իրենց ընկերոջ ծնունդին, որ նույնպես միլիցիոներ է, և չեն կողմնորոշվում, թե ինչ նվեր ընտրեն նրա համար: Երբ գրախանութի կողքով են անցնում, նրանցից մեկի մտքով անցնում է գիրք գնել: Բոլորին դուր է գալիս այդ գաղափարը: Բայց մինչև գրախանութ հասնելը, ոստիկան ընկերներից մեկը ասում է. «Լսեք, բայց ես նրանց տանը եղել եմ, ինքը կարծեմ գիրք ունի»:

Անընդհատ նորանոր գրքեր կարդալու կարիք այսօր երեխաները չունեն: Եթե ունենային, նույն կարիքները կարող են նաև ինտերնետով բավարարել: Երբ ասում եմ` մարդիկ գիրք չեն կարդում, չի նշանակում, որ նրանք միայն գեղարվեստական գրականություն չեն կարդում. խոսքը տարբեր տեսակի գրականության մասին է: Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչքան գիտելիք կա ցանցում, ինչքան հետաքրքիրական գրականություն... Բայց մարդիկ խուսափում են դրանից, որովհետև այն պահանջում է մտավոր չարչարանք, նաև լեզվի իմացություն, իսկ ցանցերում թրև եկող մարդկանց մեծ մասը որևէ լեզու կարգին չգիտի էլ:

Հնարավոր չէ՞ նաև, որ մարդը այնքան էներգիա է սպառել սոցցանցերում, որ համացանցը որպես գիտելիքի աղբյուր օգտագործելու ուժ չունի:

Հարցադրումը սխալ չէ: Ես ինքս սոցցանցերում չեմ լինում, որովհետև համարում եմ, որ դա ժամանակի վատնում է: Բայց երիտասարդները իրենց ժամանակը ծախսում են այնպիսի զբաղմունքների վրա, որոնք նվազ արդյունավետ են, քան կարող էր լինել նույն ինտերնետի միջոցով ուրիշ աղբյուրներից օգտվելու դեպքում: Մարդը ժամանակ ունի, չգիտի` ինչ անի: Օրը ունի 24 ժամ, ինչքա՞ն կարելի է քնել` 10 ժամ: Մնաց 14 ժամ, ի՞նչ անել, ոչ մի բան (ծիծաղում է-Մ.Մ.): Առաջ հավաքվում, նարդի էին խաղում, զբոսայգիներում էին լինում, հիմա սոցցանցերում են:

Սակայն ես կարծում եմ, որ սոցցանցերը տարբեր երկրներում տարբեր նպատակների են ծառայում: Տեսեք, թե ինչ քննարկումներ կան արևմտյան (եւ ոչ միայն արեւմտյան) հասարակություններում ինտելեկտուալ մակարդակի վրա, և համեմատեք, թե հայ ինտելեկտուալները ինչով են զբաղված: Նրանց միջև անդունդ կա: Երկուսն էլ սոցցանցում են, երկուսն էլ քննարկումներ են անում, բայց տեսեք` ինչ քննարկում է ծավալվում էնտեղ, և ինչ` էստեղ: Այսինքն` նորագույն տեխնոլոգիան միշտ չէ, որ նշանակում է ժամանակակից իրողություններ: Այն կարող է ծառայել նաև ժամանակավրեպ գաղափարների ու թեմաների, ամենաանօգուտ եւ անարդյունավետ զբաղմունքներին:

ԱՄՆ-ում ծավալված բանավեճը, Ձեր կարծիքով, բարձրորա՞կ է:

Արևմտյան երկրներում կան ամեն տեսակի խմբեր: Հայաստանում խմբերի բազմազանությունը շատ ավելի փոքր է: Այնտեղ կարող է ծավալվել մաթեմատիկայի պատմությամբ հետաքրքրված մարդկանց բանավեճ, կարող են լինել ցանկացած թեմայով քննարկումներ, և դրանց մասնակցում են սկսնակներից մինչև համամոլորակային համբավ ունեցող մարդիկ: Ցավոք, նման բանավեճեր Հայաստանում հնարավոր չէ պատկերացնել: 

Հայաստանում նման բաներ չկան: Կուզենայի տեսնել, թե ինչպես են իրենց ինտելեկտուալ երևակայողները այստեղ մի կարգին թեմայի մասին, որ հրատապ է աշխարհում (գիրք, հեղինակ, հոդված), քննարկում ծավալում: Եթե նույնիսկ լինում են լավ հրապարակումներ, լավ հոդվածներ, ոչ մի քննարկում հնարավոր չէ պատկերացնել: Այդ իմաստով, սոցիալական ցանցերը Հայաստանում նույնիսկ ինտելեկտուալների շրջանում հիմնականում գտնվում են բամբասանքի, քաղաքական ագիտացիայի,  երբեմն էլ` հայհոյանքների մակարդակում:

Իհարկե, երբեմն սոցցանցերում քննարկումները որոշակի արդյունք տալիս են, օրինակ` Թռչկանի ջրվեժի հարցը և այլն: Բայց էդտեղ էլ նայում ես, թե ովքեր են այդ բնապահպանները, ակտիվիստները, և տեսնում ես, թե ուրիշ երկրներում ինչ ակտիվիստներ կան, ինչ հետաքրքրական է նրանց գործունեությունը,  նրանց հայացքները… Հայաստանում ամեն ինչ կատարվում է պարզ, կենցաղային ճշմարտությունների մակարդակով. ծառերը պետք չէ կտրել, ջրվեժները պետք չէ փչացնել, հայրենի բնությունը պետք է պահպանել եւ պաշտպանել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter