HY RU EN

Գագիկ Աղբալյան

Հայաստանում թափառող կենդանիների սպանդը շարունակվում է․ օրենսդրական կարգավորումների կարիք կա

Հայաստանի խոշոր համայնքների կոմունալ ծառայությունները շարունակում են սպանդի ենթարկել անօթեւան շներին։ Մեր երկրում որպես թափառող շների գլխաքանակը վերահսկելու մեթոդ շարունակում է կիրառվել ոչնչացումը, այնինչ քաղաքակիրթ աշխարհը շատ վաղուց է իրականացնում ստերջացում։

Մոտ 10 տարի առաջ, երբ աշխատում էի Իջեւանի հեռուստաընկերությունում, կոմունալ ծառայությունը տարվա մեջ մի քանի անգամ եթերով ծանուցում էր այն մասին, որ այսինչ օրը, գիշերվա այսինչ ժամին տեղի է ունենալու թափառական շների որս (ոչնչացում)։ Բնակիչներին հորդորում էին գիշերային այդ ժամերին դուրս չգալ տներից, չզբոսնել քաղաքում՝ վտանգավոր էր։ Եվ գիշերը որսորդները հրազեններով դուրս էին գալիս սպանդի։

Ոչնչացնում ենք

«Հետք»-ը քաղաքային համայնքների ղեկավարներին հարցում է ուղարկել` պարզելու, թե 2015-2017 թվականների ընթացքում որքա՞ն գումար է ծախսվել թափառական շների վնասազերծման կամ գլխաքանակի աճը վերահսկելու նպատակով, ի՞նչ մեթոդներով է իրականացվել, քանի՞ շուն է ստերջացվել եւ այլն։

Առաջին ստացված պատասխանն արդեն մտահոգիչ է։ Հատկապես Երեւանից դուրս՝ իրավիճակը անվերահսկելի է։

Հրազդանի քաղաքապետարանից հայտնել են, որ վերջին 4 տարիներին քաղաքում ոչնչացվել է 275 միավոր թափառական շուն։ Եվ պետությունը խրախուսել է թափառող կենդանիների գլխաքանակի վերահսկման այս ձեւը՝ վճարել է դրա համար։ Ըստ Հրազդանի քաղաքապետարանի ներկայացրած ամփոփագրի` 2015-2018 թվականներին պետական բյուջեից թափառական շների վնասազերծման նպատակով ծախսվել է 1 միլիոն 297 հազար դրամ։ Ընդ որում, եթե անգամ տարեցտարի ավելացվել է այս նպատակին հատկացվող գումարը՝ 198 հազարից հասնելով մինչեւ 400 հազարի, ո´չ «պայքարի» մեթոդներն են փոխվել, ո´չ ձեւերը, ո´չ էլ հնարավոր է արդյունավետություն չափել։

«Ամենը տեղի է ունեցել ոչնչացման մեթոդով։ Ստերջացում եւ պատվաստումներ չեն իրականացվել»,-ասված է Հրազդանի քաղաքապետարանից մեզ ուղղված գրության մեջ։

Որքան էլ տարօրինակ է, Էջմիածին քաղաքում որեւէ աշխատանք չի տարվել թափառող շների գլխաքանակի վերահսկման նպատակով։ «2015-2017 թվականների ընթացքում թափառող կենդանիների գլխաքանակի վերահսկման համար գումար չի ծախսվել, ծրագրեր չեն իրականացվել, այդ թվում՝ ստերջացման»,-նշված է Էջմիածնի քաղաքապետարանի մեզ ներկայացրած տեղեկանքի մեջ։

Խնամքից մինչեւ անվտանգություն

Բրիտանական «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպությունն օրենսդրական լուծումների կոնկրետ առաջարկներ է արել կառավարությանը։ «Փրո Փոուզ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ թափառող կենդանիների հիմնախնդիրներին Հայաստանում համակարգային լուծում տրված չէ։ Մեզ մոտ բացակայում է կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի օրենսդրությունը, կան միայն առանձին կցկտուր հոդվածներ, օրինակ՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում։

«Կենդանիների հիմնախնդիրները մարդկային հասարակության հարաբերություններն են կենդանիների հետ, որը պետք է կարգավորվի օրենքով, եւ անպայման պետք է լինեն վերահսկող մարմիններ։

Լուծումը  կառավարությանն առընթեր միջգերատեսչական հանձնախմբի ստեղծումն է, որտեղ պետք է ներգրավված լինեն Առողջապահության, Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության նախարարությունները եւ ոստիկանությունը։ Որևէ գերատեսչություն պետք է մշտական վերահսկողություն իրականացնի թափառող, ընտանի, վայրի կամ անազատության մեջ պահվող կենդանիների նկատմամբ»,- ասում է Նարե Արամյանը։

Անգամ Խորհրդային Միության Քրեական օրենսգրքում հոդվածներ են եղել կենդանիների նկատմամբ դաժանության դրսեւորման, խեղման համար։ Որոշ գործողությունների համար որպես պատժամիջոց սահմանված է եղել ազատազրկում։ ԽՍՀՄ փլուզումից հետո, անկախ Հայաստանի Քրեական օրենսգրքից ոչ միայն այդ կետերն են հանվել, այլեւ Վարչական իրավախախտումների համար նախատեսված օրենսգրքում՝ դրա համար նախատեսված տույժ-տուգանքները։

«Մենք չունենք կենդանիների շրջապատում մարդու եւ հատկապես երեխայի դրսեւորման անվտանգության կանոններ։ Տարիներ շարունակ աշխատել ենք այդ օրենսդրական բացի վրա։ Այսօր արդեն բոլոր նախարարությունները պատրաստակամ են համագործակցել կենդանապաշտպանների հետ։ Մասնագիտական մակարդակի վրա հնարավոր կլինի փոխել թե՛ իրավական դաշտը, թե՛ կիրառական, հնարավոր կլինի անցնել ռազմավարական ծրագրերին։

Մենք տրամադրել ենք նախնական կմախքը, որտեղ այն բոլոր դրույթներն են, որոնք անպատճառ պետք է ներառվեն կենդանիների հետ հարաբերությունները շտկելու եւ դրանք վերջնականորեն կարգավորելու համար։ Ցանկալի է, որ դա լինի «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենք, որն իր մեջ կներառի բոլոր տեսակի կենդանիների եւ նրանց նկատմամբ ցանկացած վերաբերմունք»,- ասում է Արամյանը։

Կարինե Փանոսյանը դպրոցներում կրթական դասընթացներ է իրականացնում։ Դա նույնպես «Փրո Փոուզի» ծրագրերից է։

«Մասնավոր դպրոցներից մեկն այցելեցինք շան հետ։ Երեխաներից մեկն ամբողջ ընթացքում նստած էր շան վրա, հեծնել էր։ Երբ մայրը եկավ ու հիստերիա բարձրացրեց, երեխան ձեւացրեց, թե ինքն էլ է վախենում։ Ծնողներն առաջին դաստիարակն են եւ երեխայի մոտ առաջին տպավորությունն են ձեւավորում»,- պատմում է Կարինեն։

Կազմակերպությունը Կրթության եւ գիտության նախարարությանն առաջարկել է կենդանիների նկատմամբ խնամքի եւ հոգատարության դասընթացների ծրագիր՝ ուսուցողական նյութերով։ Նպատակը Հայաստանի առնվազն հիմնական դպրոցներում իսպառ բացակայող շրջակա միջավայրի անվտանգության եւ բնասիրության դասերը պարտադիր դարձնելն է։

Շուն քարշ տվողից՝ ռեաբիլիտացիոն կենտրոն

Ընդամենը մի քանի շաբաթ առաջ «Դինգո թիմը» Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղ է մեկնել ահազանգի հետքերով։ Ճամբարակցիներից մեկն իր երկու շներին կապել է մեքենայից եւ քարշ տվել գյուղով մեկ։ Գյուղ զբոսաշրջիկներին ուղեկցած գիդերից մեկը նկարահանել է արարքը եւ փոխանցել կազմակերպությանը։ Ոստիկանության միջոցով հայտնաբերել են կարգազանցին։ Նա տուգանվել է 230 հազար դրամով, որից 200 հազար դրամը՝ ավտոմեքենան առանց պետհամարանիշերի վարելու համար, իսկ 30 հազար դրամը՝ շների նկատմամբ դաժան արարքի համար։

«Դինգո Թիմ» հասարակական կազմակերպությունն իր գործունեության 10 տարվա ընթացքում խնամել, բուժել եւ որդեգրման է հանձնել առնվազն 2-3 հազար շուն։ Վիրավոր շների վերաբերյալ ահազանգեր ստանում են քաղաքացիներից, մեկնում դեպքի վայր, կենդանուն վերցնում խնամքի, մինչեւ որեւէ մեկը կցանկանա նրան որդեգրել։ Կան կենդանիներ, որ արդեն 4 տարի խնամվում են կազմակերպության ռեաբիլիտացիոն կենտրոնում։

Կազմակերպության հիմնադիր նախագահ Օվսաննա Հովսեփյանը պատմում է, որ ռեաբիլիտացիոն կենտրոնում բնակվող շների մի մասն ուղղակի վրաերթի է ենթարկված, մյուս մասը դարձել է մարդկային դաժանության զոհ։

«Այն, ինչ դուք հիմա տեսնում եք, 80 տեղանոց ռեաբիլիտացիոն կենտրոն է՝ որպես շտապ օգնություն։ Մեզ դիմում են, երբ կա վնասված կենդանի, որին պետք է բուժօգնություն։ Բուժօգնությունից հետո կենդանին ստերջացվում է, գնում է կացարան, վերջնական ապաքինվելուց հետո, եթե նա ունի ինչ-որ բակ, այնտեղ են վերադարձնում, իսկ եթե վերադառնալու տեղ չունի, մնում է մեզ մոտ մինչեւ կորդեգրվի»,-ասում է Օվսաննան։

Նրա խոսքով՝ նախկին իշխանությունների օրոք խնդիրը սրելուց բացի` ոչինչ չի արվել։ Տարիներով ներկայացվել է, թե Երեւանում կա 46 հազար անօթեւան շուն, այնինչ, ըստ Հովսեփյանի, այդ թիվը 3-5 հազար է։ Իսկ ուռճացվել է, որպեսզի ավելի մեծ գումարներ հատկացվեն ստերջացման համար։

«Մենք հիմա աշխատում ենք օրենսդրական կարգավորումների վրա։ Գործող ակտերով նախատեսված տուգանքը շատ քիչ է։ Պատգամավոր Լենա Նազարյանի հետ հոդված առ հոդված օրենքի նախագիծ ենք մշակում, որով պետք է կարգավորվի տան շների բուծումից մինչեւ դաժան վերաբերմունքի համար պատիժ սահմանելը, ընդհուպ մինչեւ քրեական պատիժ եւ շատ մեծ տուգանքներ։ Դեկտեմբերին նախագիծը կներկայացվի ԱԺ-ին»,- ասում է Օվսաննա Հովսեփյանը։

«Դինգո Թիմի» որդեգրման բաժնի պատասխանատու Էլեն Պապյանի ներկայացմամբ՝ Հայաստանում անօթեւան շների որդեգրման առումով մեծ առաջընթաց կա։ Եթե ժամանակին ոչ ցեղական շուն պահելը համարվում էր արտասովոր երեւույթ, ապա այսօր՝ հակառակը։

«Սկզբում շատերը չէին պատկերացնում, թե ինչպես կարելի է խառնածին կենդանի խնամել։ Որդեգրումից հետո ընտանիքի հետ կապը պահպանում ենք։ Նրանք հաճախ մեզ են ուղարկում շան հետ լուսանկարներ, մենք դա տեղադրում ենք, եւ մարդիկ տեսնում են, որ խնամքի ու սիրո միջոցով կենդանին վերածվում է խնամված էակի։ Հիմա արդեն հասկանում են, որ ի՞նչ տարբերություն, թող զտարյուն չլինի, բայց հո իրենք մի էակի կյանքը կփրկեն։ Ձնագնդի պես ամեն տարի աճում է որդեգրումների թիվը։ Երբեմն մեզ գրում են՝ այս կամ այն ցեղատեսակի շուն ունե՞ք։ Բայց երբ մեր ալբոմը նայում են, հաճախ առաջին հայացքից սիրահարվում են ոչ ցեղական մի շան եւ որդեգրում»,-պատմում է Էլեն Պապյանը։

Սեպտեմբերի 6-ին կենդանապաշտպաններն ակցիա կիրականացնեն կառավարության շենքի մոտ։ Կենդանապաշտպանները նախորդ կառավարությունների կողմից անտեսված խնդիրը հիմա փորձում են առաջադրել գործողին։ Պահանջը հետեւյալն է՝ օրենսդրորեն կարգավորել թափառող շների քանակի եւ վարքի վերահսկումը, մուտք գործել այն երկրների ցանկ, որոնք քաղաքակիրթ եղանակով լուծել են շների գլխաքանակի խնդիրը։ 

Լուսանկարները՝ հեղինակի