
Կառավարությունը կոչ է անում «բեյբի բում» ապահովել
Կառավարության նիստին քննարկվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հեղինակած երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 150 հազար դրամ սահմանելու մասին որոշման նախագիծը:
Գործող օրենքով այն 50 հազար դրամ է: Ըստ նախագծի` որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հոկտեմբերի մեկին, և այն տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2018 թվականի հոկտեմբերի մեկին կամ դրանից հետո:
Նախարարի խոսքով՝ նախագիծը միտված է ժողովրդագրական վիճակի բարելավմանը, որը կնպաստի ծնելիության աճին:
Անհրաժեշտ բյուջետային հատկացումները 2018 թվականի համար կիրականացվեն ՀՀ 2018 պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում: Նախարարի խոսքով՝ երկրում երեխաների ծննդի նվազում է նկատվում, ուստի կոչ արեց ընտանիքներին երկրորդ երեխայի ծննդին պատասխանատու վերաբերվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, կատակեց՝ հայացքից ենթադրվում է, որ նախարարն ուզում է ասել՝ հատկապես տղա երեխաների ծննդին պատասխանատու վերաբերվել:
«Ու որքան հնարավոր է շուտ դառնան տասնութ տարեկան»,-ասաց Փաշինյանը: Դավիթ Տոնոյանն արձագանքեց` կողմնակից է, որ ուշադրություն դարձնեն հատկապես երրորդին ու չորրորդին և ոչ երկրորդին:
«Այո, բայց մի տեխնիկական բարդություն կա, առանց երկրորդ երեխայի երրորդը, չորրորդը չեն կարող լինել, եթե ինովացիոն, ժամանակակից տեխնոլոգիաները այլ հնարավորություններ չտան»,- կատակեց վարչապետը, ապա հետաքրքրվեց, թե նիստին ներկա կառավարության անդամներից քանիսը երկրորդ երեխա ունի, ապա` երեք, հետո` չորս: Վարչապետն արձանագրեց, որ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը մեծ պոտենցիալ ունի` չնայած երիտասարդ տարիքին, որովհետև համարյա բոլոր հարցումների ժամանակ ձեռք բարձրացրեց:
«Չնայած մենք էլ երիտասարդ ենք»,- ասաց Փաշինյանը:
Առաջարկ եղավ զույգ երեխաների ծննդի դեպքում կրկնապատկել գումարը, ինչը, թե´ նախագծի հեղինակը, թե´ վարչապետը, հրաշալի առաջարկ համարեցին:
Վարչապետն առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել մեկ շաբաթով և մյուս նիստին խմբագրված ներկայացնել:
Վարչապետը հավելեց, որ «բեյբի բում»՝ ծնելիության կտրուկ աճ են ակնկալում և կոչ անում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել