
Գազաբալոններ արտադրող ընկերությունը արտոնություն ստացավ
«Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ընկերությունը օգոստոսի 31-ից մինչև 2019 թվականի մարտի 1-ը Հայաստան կներմուծի ապրանքներ՝ ավելացված արժեքի հարկը երեք տարի անց վճարելով։
Նման որոշում կառավարությունը կայացրեց այսօրվա նիստի ընթացքում։
«Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ընկերությունը նախատեսում է արտադրել կոմպոզիտային գազաբալոններ։ Ընկերությունը կառավարությանը խոստացել է կատարել շուրջ 11,1 մլրդ դրամի ներդրում։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունը երեք տարվա ընթացքում խոստացել է ստեղծել 112 նոր աշխատատեղ` 160 հազ․ դրամ միջին աշխատավարձով:
Ինչպես արդեն հայտնել էինք՝ 2017 թվականի սեպտեմբերի 19-ին Վանաձոր համայնքի ՀՀԿ ու ՀՅԴ խմբակցության անդամները միաձայն կողմ քվեարկեցին «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ-ին՝ Վանաձորում բիզնես ծրագիր իրականացնելու նպատակով ընկերությանը նվիրաբերվեց 8.5 հա հողատարածք:
Այս ընկերությունը ստեղծվել է իրանական «Ռադ Սանե ԱՏՏԻ» հոլդինգի կողմից։ «Ռադ Սանե ԱՏՏԻ»-ի հիմնադիրն ու սեփականատերը 40-ամյա Հոսսեյն Յաղուբպուր Բարատալին է: Հայաստանյան ընկերությունը նա հիմնադրել է հայազգի գործընկերոջ՝ ծնունդով էջմիածինցի, ՌԴ-ի քաղաքացի Արայիկ Ասրյանի հետ, ով բաժնետոմսերի 15 տոկոսի բաժնետերն է:
Ինչպես «Հետք»-ին հայտնել էր Արայիկ Ասրյանը, ընկերությունը զբաղվում է կոմպոզիտային բալոնների արտադրությամբ, որն օգտագործվում է մեքենաներում, սուզանավերում, թռչող սարքերում, այդ թվում նաև ինքնաթիռներում:
Մեկնաբանել