HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդուհի Զաքարյան

Քաղաքապետը վաճառում է բակերը

«5 տարի է, ինչ բնակվում եմ Հայաստանում ու չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում այս երկրում: Ապրելու համար ամենատարրական պայմաններ չկան. հակասանիտարական վիճակ է, ոչ կարողանում ենք մաքուր օդ շնչել, ոչ բակ դուրս գալ, երեխաների անվտանգության եւ խաղահրապարակի մասին էլ չեմ խոսում: Անընդհատ ասում են, որ կբարելավեն վիճակը, կվերակառուցեն ու կկանաչապատեն բակը, բայց ամեն մի քառակուսի մետրը վաճառում են' արհամարհելով մեզ եւ մեր պահանջները»,- ասում է Թումանյան 19 շենքի բնակչուհի Ֆրիդա Առաքելովնան:

Վերջերս Երեւանի կենտրոնը վերածվել է մի հսկայական շինհրապարակի, որտեղ յուրաքանչյուր մետրի համար պայքարում է չինովնիկների մի ստվար խումբ: Եվ այդ ընթացքում մեր քաղաքապետարանը դրսեւորում է «բացառիկ» որոշումներ կայացնելու իր կարողությունը: Պարզվում է, որ վաճառվում է ոչ միայն Հյուսիսային պողոտայի տարածքը, այլեւ պողոտային կից բնակելի շենքերի բակերը: 2004թ.-ի հոկտեմբերի 28-ի որոշմամբ քաղաքապետի «թեթեւ ձեռքով» վաճառվել է Թումանյան 19 եւ 21 շենքի բակի վերջին 300 քմ հողակտորը:

Այս բակում միաժամանակ կառուցվում է մի քանի շենք: 6 հարկանի շենքին կից' ձախ մասում, վեր է խոյանում 14 հարկանի մի նորակառույց, որի հարկերը դեռ շարունակում են կառուցվել, իսկ աջ մասում մեկը մյուսի ետեւից բարձրանում են Հյուսիսային պողոտայի էլիտար շինությունները: Բնակիչների տրամադրության տակ էր միայն նորակառույցների արանքում սեղմված մի փոքր հողակտոր' մի քանի խաղողի վազերով ու աղբամաններով, որն էլ բաժին է ընկել Սանկտ-Պետերբուրգի արտաքին կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտի Երեւանի մասնաճյուղին: Այս հողակտորի համար աղմուկ է բարձրացել դեռեւս 2004թ.-ին' քաղաքապետի որոշում կայացնելուց հետո, երբ մի խումբ մարդիկ որոշումը ձեռքներին ներկայացել են բնակիչներին: Սակայն, հանդիպելով բնակիչների դիմադրությանը, առանց շինարարության նախապատրաստական աշխատանքները սկսելու, հեռացել են: Այնուհետեւ մոտ, 1 տարի անց, վերադարձել են որոշման արդեն թարմացված տարբերակով եւ վճռականորեն սկսել շինարարության նախապատրաստական աշխատանքները:

Եվ քանի դեռ շինարարները հողը չեն փորել ու շենքի հիմքը գցել, որից հետո շինարարությունը կասեցնելու բոլոր ջանքերն ի զուր կլինեն, բնակիչները սկսել են բողոք-դիմումներ գրել գրեթե բոլոր կառույցներին' ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարից մինչեւ Մարդու իրավունքների պաշտպանը:

Բնակիչներն իրենց դիմումներում պաշտոնյաներին փորձել են ապացուցել, որ տվյալ հատվածում հնարավոր չէ նոր շենք կառուցել, քանի որ դա հակասում է շինարարական, անվտանգության եւ բարոյականության բոլոր նորմերին: Պետական բոլոր մարմինները բնակիչներին խնդրել են սպասել, քանի որ հարցը քննարկման փուլում է, իսկ քննարկումից հետո խոստացել տեղեկացնել որոշման մասին: Մոտ մեկ ամիս ոչ մի պատասխան չի ստացվել:

Շենքը կառուցողները Երեւանի քաղաքապետի օգոստոսի 9-ի որոշմամբ ներկայացել են բնակիչներին ու հայտարարել, որ որոշումն արդեն կա, ինստիտուտի հետ արդեն կնքվել է հողի վարձակալության պայմանագիր, անշարժ գույքի գրանցում է կատարվել, հունիսի 9-ին ճարտարապետական առաջադրանք է տրվել նրանց, եւ այժմ աշխատանքներ են տարվում շինարարության նախագծի վրա:

Դրանից հետո' օգոստոսի 11-ին, բնակիչներին է հասնում քննարկման արդյունքում ընդունված որոշումը, որի բովանդակությունը գրեթե նույնն է:

Բնակիչների խոսքերով, մինչ շենքի շինարարության նախապատրաստական աշխատանքերն իրականացնելը, հավաքվել է բակի տվյալ տարածքում կուտակված ողջ աղբը եւ այրվել, այդ թվումª խաղողի վազերը: Չնայած' շինարարները հերքում են, թե այրել են խաղողի կենդանի վազերը:
«Այրեցին ու հեռացան: Ծխից ու հոտից խելագարվում էինք: Իսկ խաղողի վազերը գիշերն են այրել: Բոլորս դույլերով ջուր էինք իջեցնում բնակարաններից, որ հանգցնենք կրակը: Հետո էլ կասեն, որ կանաչ տարածք չի եղել»-ասում է Թումանյան 19 շենքի բնակչուհի Հռիփսիկ Խուդոյանը:

Բնակիչները պնդում են, որ չի պահպանվել նաեւ շենքերի միջեւ պարտադիր սահմանված 12 մետր հեռավորության նորմը. նոր շենքը Թումանյան 19 բնակելի շենքից 10 մետր հեռավորության վրա է:
«Դա էլ հաշվի չեն առնում: Գլխավոր շինարարին ասում ենք, որ դուք նորմը խախտում եք, պատասխանում է, որ շինհրապարակը չի հերիքում, կփորենք, հետո կազատենք: Մի բան էլ մենք ենք պարտք մնում: Դեռ չեմ խոսում վերամբարձ կռունկի ու բեռնատար մեքենաների մասին, թե որտեղ պետք է կանգնեն: Բայց մենք համառորեն չենք թողնելու, որ մեր պատուհանների տակ աշխատեն»,-ասում է Հռիփսիկ Խուդոյանը:

Ինստիտուտի ռեկտոր Նինա Եսայանը հավաստիացնում է, որ շենքի կառուցման ավարտից հետո շենքերի միջեւ եղած տարածությունը կհամապատասխանի նորմին, եւ որ իրենց նախատեսված տարածքից ոչ մի սանտիմետր ավելի հարկավոր չէ:

Մեկ հետաքրքիր փաստ եւս. Թումանյան 19 եւ 21 շենքի բնակիչները միայն վերջերս են պարզել, որ իրենց բակը Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրում է ընդգրկվել: Պաշտոնյաներն իրենց պատասխաններում գրում են ոչ թե Թումանյան 19 եւ 21 շենքի բակ, այլ Լալայանց-Աբովյան փողոցների եւ Հյուսիսային պողոտայի միջեւ գտնվող հողակտոր, որը շատ լավ տեղավորվում է Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի շրջանակներում:

«Քանի տարի է այստեղ ապրում ենք, երբեք չենք իմացել, որ մեր բակը Լալայանց կամ Աբովյան փողոցների հետ կապ ունի: Այն միշտ էլ Թումանյան փողոցի բակն է եղել, չեմ հասկանում, թե ոնց եւ ում որոշմամբ է պողոտայի տարածքում հայտնվել»,-ասում է Հռիփսիկ Խուդոյանը:

Բանն այն է, որ քաղաքապետարանը մի քանի անգամ ինստիտուտին Հյուսիսային պողոտայի տարբեր հատվածներում տարածք է հատկացրել, բայց ամեն անգամ ինչ-ինչ պատճառներով ետ վերցրել այն: Ի վերջո, ինստիտուտը մնացել է օդից կախված: Եւ որպեսզի ոչ մեկը քաղաքապետարանից նեղացած չհեռանա, Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրում հրաշքով հայտնված Թումանյան 19 եւ 21 շենքերի բակը հատկացվել է Սանկտ-Պետերբուրգի տնտեսագիտական ինստիտուտի Երեւանի մասնաճյուղին:

2001 թվականին, երբ դեռ Հյուսիսային պողոտայի մասին խոսք անգամ չկար, ինստիտուտը Լալայանց փողոցում գնել էր մի հին տուն, որի տեղում պետք է կառուցվեր մասնաշենքը: Ի դեպ, ինստիտուտն այն գնել էր սեփականության իրավունքով: Որոշ ժամանակ անց, երբ ինստիտուտի ղեկավարությունը դիմում է քաղաքապետարան շենք կառուցելու խնդրանքով, հայտնում են, որ տվյալ տարածքում կառուցվելու է Հյուսիսային պողոտան, եւ նախագիծը հաստատելուց հետո, եթե կառույցը չխանգարի պողոտայի կառուցման աշխատանքներին, կթույլատրվի սկսել շինարարական աշխատանքները, հակառակ դեպքում ինստիտուտին պողոտայի տարածքում կհատկացվի այլ հողակտոր:

Երկար լռությունից հետո 2002թ. ապրիլին քաղաքապետի տեղակալը բուհի Սանկտ-Պետերբուրգի ռեկտորին նամակի միջոցով հայտնում է, որ քաղաքապետարանը որոշել է բուհին Հյուսիսային պողոտայում հատկացնել 300 քմ հողակտոր, որն ինստիտուտին կտրվի 6 ամսվա ընթացքում:

Իսկ ինստիտուտն էլ այդ ընթացքում պարտավորվում է շինարարությունը սկսելու համար հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: 2003թ. հունվարին ինստիտուտին հատկացնում են 400 քմ մեկ այլ տարածք: Հետագայում' մինչեւ 2004թ. ապրիլը, ինսիտուտի ղեկավարությանը նորից ու նորից հրավիրում էին քաղաքապետարան եւ նոր տարածքներ առաջարկում: Ի վերջո, հողակտորի քառակուսի մետրը հասավ 292-ի:

«Մենք բոլոր տարբերակներին համաձայնվում էինք, քանի որ մեր պատվիրատուն Սանկտ-Պետերբուրգի պետական ինստիտուտն էր, իսկ վերջինս տարածք էր պահանջել քաղաքի հենց կենտրոնում»,- ասում է ինստիտուտի ռեկտոր Նինա Եսայանը: Նույն ապրիլ ամսին Նինա Եսայանը պայմանագիր է կնքում քաղաքապետարանի հետ, որի համաձայն ինստիտուտը վերադարձնում է հին տարածքը' փոխարենը ստանալով նորը:

Հոկտեմբերին արդեն պատրաստ էր շենքի նախագիծը, որը պետք է հաստատեր նախ քաղաքապետարանը, հետո' կադաստրը: Մի խոսքով, 2005թ. հունիսին ինստիտուտը դիմում է քաղաքապետարան' խնդրելով վերջնականապես հաստատել նախագիծը շինարարություն սկսելու համար:

Ըստ նախագծի' շենքը պետք է ունենա 9 հարկ' 27 մետր բարձրություն, սակայն քաղաքապետարանը պահանջում է վերափոխել նախագիծը' շենքի հարկերը դարձնելով 6: Սակայն շենքը կարող է պահել 27 մ բարձրությունը' հնարավոր մանսարդի տարբերակով:
«Ամբողջ Հյուսիսային պողոտայում 6 հարկանի շենք չեք տեսնի, բայց ոչինչ, մենք համաձայն ենք, քանի որ արդեն 4 տարուց ավելի է պայքարում ենք այս հողակտորի համար:

Շուրջբոլորը բնակելի շենքեր, ռեստորաններ ու գիշերային ակումբներ են կառուցում, ու ժողովուրդը դրա դեմ պայքարել չի կարող, քանի որ կառուցողներն այն մարդիկ չեն, որոնց դեմ հնարավոր է պայքարել: Հիմա, երբ ուզում ենք կառուցել միակ կրթական օջախը, մեր դեմ բողոքում են: Թեպետ բնակիչներին էլ ենք հասկանում»,-ասում է ինստիտուտի ռեկտորը: Տիկին Եսայանն ասաց, որ քաղաքապետարանը բազմիցս դիմել է նրանց' ստիպելով հրաժարվել տվյալ տարածքից եւ այլ հողակտոր ձեռք բերել քաղաքի կենտրոնի մեկ ուրիշ մասում:

«Մենք չենք նահանջելու, իսկ քաղաքապետարանի համար էլ ոչ մի զիջումներ չեն լինելու: Շենքը բնակելի հարկերի համար չի վաճառվելու ոչ հիմա, ոչ էլ հետո: Այն Ռուսաստանի սեփականությունն է: Ոչ մեկը չի կարող խլել մեզնից այդ տարածքը, չնայած որոշ մարդիկ ներկայումս հենց այս հողակտորի համար արդեն նախագծեր ունեն ու քաղաքապետարանին եւ մեզ գումարներ են առաջարկում: Իսկ բնակիչները հետագայում դեռ մեզ շնորհակալ են լինելու, որ հենց մենք ենք այս տարածքում, այլ ոչ թե հերթական գիշերային ակումբը, իսկ վերեւում բնակելի հարկերը»,-ասում է Նինա Եսայանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter