HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենսդրորեն կկարգավորվեն Հայաստան անօրինական տեղափոխված կամ ապօրինի պահվող երեխայի վերադարձի հարաբերությունները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ օգոստոսի 5-ին Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) փորձագետների հետ տեղի է ունեցել Հաագայի՝ երեխաների առևանգման կոնվենցիայի իրականացման և կիրառման համար մշակված համապատասխան օրենքի նախագծի շուրջ քննարկում:

Նախարարությունը տեղեկացնում է, որ քննարկմանը մասնակցել են Գերմանիայի Դաշնության Համմի առաջին ատյանի դատարանի դատավոր Մարտինա Էրբ-Քլյունեմանը, Հայաստանի ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը, Գերմանիայի արդարադատության դաշնային ծառայութան, Միջազգային խնամակալության, երեխաների առևանգման, երեխաների և չափահասների պաշտպանության 113 վարչության պետ Քրիստիան Հյոնը, Հայաստանի ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Քրիստիննե Գրիգորյանը, օրենքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամները:

«Երեխաների առևանգման հարցերը այն կարևոր խնդիրներն են, որոնք այսօր միջազգային հանրությունը կարգավորել է համապատասխան միջազգային իրավական գործիքների միջոցով: Հայաստանում նույնպես Կոնվենցիայի հիման վրա գործում են մարմիններ, այդուհանդերձ, գործնական մի շարք խնդիրների պատճառով մենք որոշել ենք փոխել այս օրենսդրությունը: Հիմնական խնդիրը կայանում էր նրանում, որ առևանգված երեխային վերադարձնելու կամ չվերադարձնելու որոշումը ընդունում էր վարչական մարմինը և ոչ դատարանը: Պաշտպանված չէր անձի դատական պաշտպանության իրավունքը, բացի դրանից դատական որոշման բացակայությունը թույլ չէր տալիս նաև Հարկադիր կատարման ծառայությանը ներգրավել այդ գործընթացում»- ասել է փոխնախարար Քրմոյանը:

Գործակալության պետ Անի Մխիթարյանը, օրենքի մշակման աշխատանքային խմբի փորձագետ Տաթևիկ Սարուխանյանը գերմանացի փորձագետներին են ներկայացրել նոր օրենսդրությամբ նախատեսվող մի շարք դրույթներ և անդրադարձել Հայաստան անօրինական տեղափոխված կամ Հայաստանում ապօրինի պահվող երեխայի վերադարձի ընթացակարգերին, Հայաստանի կառավարության կողմից որոշված կենտրոնական մարմնի և իրավասու այլ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության հետ կապված հարաբերությունների համապարփակ իրավական կարգավորմանը, ինչպես նաև նոր օրենքով նախատեսված մի շարք մեխանիզմների կիրառմանը:

Դատավոր Մարտինա Էրբ-Քլյունեմանը և Գերմանիայի արարադատության դաշնային ծառայութան, Միջազգային խնամակալության, երեխաների առևանգման երեխաների և չափահասների պաշտպանության 113 վարչության պետ Քրիստիան Հյոնը ողջունել են հայ գործընկերներին և նկատել, որ մի շարք դրական և տեսանելի փոփոխություններ են կատարվել համապատասխան օրենսդրության մեջ, ինչը թույլ է տալիս ասել, որ Հայաստանը ճիշտ ուղի է ընտրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter