HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ֆերիկում անվստահություն են հայտնում դպրոցի տնօրենին և ուսուցիչներին

Այս տարի սեպտեմբերի 1-ը սովորականի նման չի անցել Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնքի հիմնական դպրոցում: Ամեն տարվա նման գիտելիքի օրը երեխաներն ու ուսուցիչները հավաքվել են դպրոցի բակում, որպեսզի հանդիսավոր նշեն նոր ուսումնական տարվա սկիզբը, սակայն, այս անգամ բնակիչներից մի քանիսը դժգոհություն և անվստահություն են հայտնել մանկավարժներին, տնօրենին: Թեև գյուղում միայն ազգությամբ եզդիներ են ապրում, մանկավարժները հայեր են, բացառությամբ համայնքապետ Ռուստամ Հասանյանի, ով եզդիերեն մայրենի լեզվի  և գրականության դասավանդողն է:

Տեսանյութը՝ politik.am / facebook.com

Ֆերիկի հիմնական դպրոցի տնօրեն Լևոն Պողոսյանն ասում է, որ Ֆերիկի դպրոցում աշխատում է մոտ 40 տարի, սակայն երբևէ նման վատ վերաբերմունքի չի արժանացել բնակիչների կողմից: Պատմեց, որ սեպտեմբերի 1-ին աշակերտներից մեկի տատիկը աղմուկ է բարձրացրել, որ թույլ չեն տա տնօրենին շարունակել պաշտոնավարել, պետք է հեռանա դպրոցից:

Դպրոցի տնօրեն Լևոն Պողոսյանը

«Նա պատճառաբանեց, թե այստեղ «քեֆչի հասաններ» ես պատրաստում, ամբողջ օրը խորոված ես պատրաստում դպրոցում, երեխեքին չես ուսուցանում: Խոսում էր շատ կոպիտ բառերով, անբարո բառերով վիրավորում էր թե´ ուսուցիչներին, թե´ ինձ: Այդ օրը թույլ չտվեցին երեխաները դպրոց մտնեն: Նախատեսել էինք, որ դասագրքերը պիտի բաժանենք, տապալեցին: Երեխաներին ու ծնողներին էլ, իրենց կամքին հակառակ` հեռացրին դպրոցից: Ես չեմ նկատել, բայց ուսուցիչները նկատել են, որ առաջին դասարան հաճախող երեխաների մայրիկները լացելով են հեռացել, թե մեր երեխաները սրա՞ն էին արժանի»,- ասում է Լևոն Պողոսյանը:

Ֆերիկի դպրոցի տնօրենի խոսքերով՝ բողոքավորները դժգոհում են, որ գյուղի դպրոցն ավարտելուց հետո երեխաները ուսուցիչ, բժիշկ, այլ մասնագետներ չեն դառնում: Լևոն Պողոսյանն ասում է, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ դպրոցը հիմնական է և բարձրագույն կրթություն ստանալու համար նախ պետք է հաճախել ավագ դպրոց, ավարտել ուսումնական ամբողջ ծրագիրը, նոր միայն ընդունվել բուհեր:

Լևոն Պողոսյանը նշեց, որ ցանկացողները շարունակում են ուսումը: Օրինակ, նախորդ տարվա 4 շրջանավարտներն ընդունվել են ուսումնարաններ և ամենևին իրենց մանկավարժների մեղքը չէ, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ չեն ընդունվում: Ինչ վերաբերում է Ֆերիկի դպրոցի ուսման որակին, ապա տնօրենի խոսքերով՝ մանկավարժներն աշխատում են նույն եռանդով, ինչպես այլ դպրոցներում իրենց գործընկերները: Բացի այդ, որևէ ծնող երբևէ ցանկություն չի հայտնել տեղում ստուգել, թե ինչ որակի կրթություն է տալիս ուսուցիչն իր երեխային:

Տնօրենն ասաց` իրենք կասկածներ ունեն, որ դպրոցում կատարվող խառնաշփոթի հետևում կանգնած է ազգությամբ եզդի Բորիս Մուրազին: Նրա կինը՝ Զենֆիրա Քալաշյանը, դպրոցում մեկ տարի առաջ ներառական կրթության դաստիարակ է աշխատել, սակայն հաստիքացուցակներում փոփոխություն է կատարվել և ներառական կրթության համար պետք է ներդրվի մանկավարժի օգնական հաստիքը: Այդ իսկ պատճառով չի շարունակվել նրա հետ աշխատանքային պայմանագիրը:

Դպրոցի ուսուցչուհի Լիդա Մակարյանն ասաց, որ տարրական դասարանների դասվար է և 24 տարի է՝ դասավանդում է Ֆերիկի դպրոցում: Մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը դպրոցում ոչ մի խոսակցություն, դժգոհություն չի եղել ծնողների կողմից: «Հենց Զենֆիրա Քալաշյանն իմացավ, որ ազատված է աշխատանքից, իսկ դա օգոստոսի 31-ն էր, մի քանի լրագրողներով, ընտանիքի անդամներով սեպտեմբերի 1-ին ներկայացան դպրոց: Ուսուցիչներին անպատվեցին, վիրավորեցին և առանց թույլտվության նկարահանումներ իրականացնելով` միայն իրենց ձեռնտու հատվածները գցեցին կայքերում»,- նշում է ուսուցչուհի Մակարյանը:

Համայնքապետ Ռուստամ Հասանյանը

Համայնքապետ Ռուստամ Հասանյանն ասաց, որ միջադեպի ժամանակ դպրոցում չի եղել: Հետո ծնողներն իրեն փոխանցել են դժգոհությունը, թե իրենց երեխաները անգրագետ են և ցանկանում են տնօրենին հեռացնել աշխատանքից: Ինքն էլ խորհուրդ է տվել բողոք-դիմում գրել մարզպետարան, որպեսզի գան ստուգեն և հասկանան, թե ինչ է կատարվում դպրոցում:

«Այդ մարդիկ ինձ չլսեցին, միանգամից սաղ ժողովրդին խառնին, բերին, լցրին դպրոցը: Երեկ բողոքողների հետ գնացել ենք մարզպետի մոտ, ինչ ես էի ասել, նույնը կրկնեց մարզպետը, որ նա իրավունք չունի դպրոցի տնօրենին հանել դպրոցից, պետք է իմանա պատճառը: Դրա համար դիմում ներկայացրին, որպեսզի գան տեղում հասկանան»,- ասում է Ֆերիկի համայնքապետը:

Ռուստամ Հասանյանն ավելացրեց, որ 11 տարի է՝ աշխատում է դպրոցում և բողոքում հնչած երևույթները դպրոցում չեն եղել: «Դե գիտեք ինչ, իշխանափոխություն եղավ, երևի մարդիկ էլ, չիմանալով, նման բան արեցին»,- հավելեց Ֆերիկի համայնքապետը:

Ֆերիկում սովորում է 44 աշակերտ: Ուսուցիչները հաճախում են Էջմիածին, Հայթաղ, Արշալույս համայնքներից: Բողոքի ակցիայի շրջանակում սեպտեմբերի 3-ին երեխաներին թույլ չեն տվել դպրոց գնալ: Հավաքվել են միայն մանկավարժները: Պատմության ուսուցիչ Ռուբիկ Խաչատրյանն ասաց, որ երբևէ չի եղել մի դեպք, որ հայերի և եզդիների միջև կոնֆլիկտ լինի: Այժմ անթույլատրելի են նման հրահրումները, թե որպես ազգային փոքրամասնություն իրենց ուշադրություն չենք դարձնում:

Ուսուցիչ Ռուբիկ Խաչատրյանը

«Մենք հատկապես վրդովված ենք դրանից: Որևէ դեպք, միտում չի եղել, որ կապված լինի ազգային պատկանելության հետ: Սա սադրանք է, շահարկում են ազգային զգացմունքներն իրենց անձնական ամբիցիաները բավարարելու համար: Մենք շուտով հանդես կգանք հայտարարությամբ, կոչով, որպեսզի գյուղացիները չտրվեն սադրանքներին: Մենք նույն մարդիկ ենք, իրենց բարեկամներն ենք, ոչինչ չի փոխվել»,- ասում է Ռ. Խաչատրյանը և հավելում, որ եթե կան թերություններ, ապա պատրաստ են քննարկել, շտկել:

Ռուբիկ Խաչատրյանն ասում է, որ երեխաները ցանկանում են դպրոց հաճախել, սակայն մի խումբ մարդիկ, տարածված խոսակցությունների համաձայն, աշակերտներին ճանապարհից հետ են դարձնում և ուղարկում են տուն: Ուսուցչի խոսքերով, եթե այսպես շարունակվի, պետք է միջամտեն նաև իրավապահ մարմինները, քանի որ ոտնահարվում է նաև երեխայի կրթություն ստանալու իրավունքը:

«Աղջիկների մի մասը շուտ է ամուսնանում, չի շարունակում կրթությունը, ուսուցիչն ի՞նչ մեղավոր է, որ նման անպարկեշտ բառերով են մեզ դիմում: Մի՞թե դրան ենք արժանի, որ այսքան տարի չնչին աշխատավարձով աշխատել, դպրոց ենք պահել: Առաջին հերթին պետք է ամաչեն հենց սադրողները: Բացի այդ, այնպես չէ, որ ծնողները շահագրգռված են երեխաներին դպրոց ուղարկելու հարցում: Գալիս է կարտոֆիլ ցանելու ժամանակը, դպրոց չեն ուղարկում, հավաքելու ժամանակ դպրոց չեն ուղարկում, ամեն մի չնչին առիթով դպրոց չեն ուղարկում: Որպեսզի երեխաները նույն դասարանում չմնան, ստիպված փոխադրում ենք: Եթե մարդկային մոտեցումը չլինի, պիտի երեխաներին թողենք նույն դասարանում»,- հավելեց պատմության ուսուցիչը:

Բորիս Մուրազին «Հետք»-ին ասաց, որ իր կինը միջազգային ծրագրերից մեկով է դպրոցում մեկ տարի աշխատել, մեկ տարի էլ պետք է աշխատեր: Քանի որ Արմավիրի մարզում ներառական կրթությունն առանձնացված չէ, այս տարվանից ամբողջ մարզն է անցել դրան, հանրակրթական դպրոցը դարձել է նաև ներառական, և իր կնոջ հաստիքը կրճատվել է:

«Միջազգային կազմակերպության, կրթության նախարարության, մարզպետարանի համագործակցության արդյունքում եկել էին այն համաձայնության, որ կինս տեղափոխվեր այլ հաստիքի, այսինքն՝ աշխատանքից դուրս մնալու խնդիր չկար: Միայն սեպտեմբերի 1-ին կինս որոշել է, որ աշխատանքի ընդունման նոր դիմում չի գրի, որպեսզի այդ շահարկումները չլինեն»,- ասում է Բորիս Մուրազին:

Ինչ վերաբերում է իր մասնակցությանը բողոքի ակցիաներին, Բ. Մուրազին ասաց, որ մեկ տարի է՝ ընտանիքի հետ ապրում է Ֆերիկ գյուղում: Նախկինում էլ կապ ունեցել է գյուղի հետ, դպրոցին բարեգործական ծրագրերով գույք են նվիրել և այլն:

«Նախկինում էլ բողոք եղել է, բայց քանի որ ինձ տեղյակ չեն պահել, հնչեղություն չի ստացել, խնդիրը մեդիա չի մտել: Հիմա այդ մարդիկ ինձ դիմել են, իրենց օգնել եմ, որ խնդիրը հասնի կառավարություն: Իրենց խնդրանքով կրթության նախարարին նամակ է գրվել: Պարզ է, որ այդ մարդիկ չունեն համակարգիչ: Ես ունեմ համակարգիչ, տպիչ, նամակ է գրվել, ես ընթերցել եմ նամակը, իրենք էլ ստորագրել են: Նամակի տակ ստորագրել են գյուղի 5 ավագանու անդամներից 4-ը: Մարդիկ խնդիրներ են նշել, և այդ խնդիրները եղել են մինչև իմ գյուղ գնալը»,- ասում է Բորիս Մուրազին:

Մուրազին ասում է, որ ուսուցիչները աշակերտներին նվաստացնող անուններով են դիմել՝ ոչխար, կով, հանցագործ: Բացի այդ, նրա խոսքերով՝ դպրոցի տնօրենն իր ընկերների հետ ոգելից խմիչքի օգտագործմամբ «խորոված փարթիներ» է կազմակերպել հենց դպրոցում և իրենց չխանգարելու համար երեխաներին 1-2 ժամ շուտ են տուն ուղարկել: Իսկ ռազմագիտության ուսուցիչը, ծնողների պատմելով, ոգելից խմիչք օգտագործած է դպրոց գնացել:

«Սրանք խնդիրներ են, որոնք չէին կարող իմ հետ կապված լինել: Չէի կարող դրանք ստեղծել, որ հետո հրապարակայնացնեմ: Ես ունեմ մի տեսանյութ, որտեղ գյուղացիներից մեկը տնօրենին մեղադրում է ատեստատի դիմաց 100 դոլար պահանջելու մեջ: Ես էի ստիպե՞լ, որ տնօրենը նման առաջարկ աներ: Մինչև 100 դոլար ուզելը գառ է ուզել: Այս պատմություններն իմ հետ կապ չունեն»,- ասում է Բորիս Մուրազին:

Դպրոցի տնօրեն Լևոն Պողոսյանը հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ ներկայացվածն իրականությանը չի համապատասխանում: Իսկ «փարթի» կոչվածը կապված է եղել տոների հետ, օրինակ՝ նշել են ուսուցչի տոնը: Սակայն, դրանք եղել են դասերից հետո և մեծ տոնակատարությունների, ոգելից խմիչքների չարաշահման չի հանգեցրել:

Ինչ վերաբերում է համայնքապետի դիրքորոշմանը, թե դպրոցում բացասական երևույթներ չեն եղել, ապա Մուրազիի խոսքերով. «Լավ կլիներ, որ նա երեկ մարզպետի հետ փակ հանդիպմանն այդ մասին ասեր, այլ ոչ պաշտպաներ գյուղացիների տեսակետը, իսկ լրատվամիջոցներին այլ բան ասեր»:

Պարզաբանումներ ստանալու նպատակով խոսեցինք նաև գյուղացիների հետ: Նրանք խուսափում էին խոսել և ներկայանալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter