
Ընտրակեղծարարության պատիժը խստացնող փաթեթը խորհրդարանը միաձայն ընդունեց
Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ այսօր քննարկվեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագիծը, որը խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունել էր: Մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ իրենց մտահոգություններ էին հայտնել և առաջարկներ ներկայացրել: Նախագծի հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն իր խոսքում հայտնեց, որ բոլոր առաջարկներն ընդունել են և ներկայացրել են փաթեթի խմբագրված տարբերակը:
«Առաջին կարևոր փոփոխությունը վերաբերում էր քվեարկության արդյունքի բացահայտման դրույթին, որտեղ, բացի շահադիտական դրդումներից, նախատեսված էր նաև նախապես տրված խոստման հիման վրա քվեարկության արդյունքի գաղտնիքի բացահայտումը, և բացահայտման միջոց էր նախատեսված նաև այլ առարկաների բացահայտմամբ այդ գաղտնիքի խախտումը: Այստեղ տարընթերցման տեղիք էր տալիս այն, թե նախապես տրված խոստման հիման վրա ասվածն ինչ է, ում է տրվում այդ խոստումը եւ երբ է տրվում: Այս մտահոգությունները հայտնեցին և՛ Պետա-իրավական հանձնաժողովում, և՛ նիստում: Մենք, ընդունելով մտահոգությունները, փոփոխություն կատարեցինք և հանեցինք «նախապես տրված խոստումը» բառերը և թողեցինք, որ միայն անձը շահադիտական դրդումներով պետք է բացահայտի քվեարկության արդյունքը և այնուհետ փաստաթղթի, լուսանկարահանման կամ տեսաձայնագրման միջոցով ստացված տեղեկությունը բացահայտելու միջոցով, այսինքն` այլ առարկաների միջոցով բառերը ևս դուրս հանվեցին»,- մանրամասնեց փոխնախարարը:
Մյուս փոփոխությունը վերաբերում էր կաշառք տալու առաջարկն ընդունելու ձևակերպմանը:
«Այս փուլում որոշեցինք, որ կաշառքի առաջարկի ընդունելու այս ձևակերպումը դուրս է գալիս և մնում է միայն այն, ինչ կար 2015 թվականից հետո՝ կաշառք ստանալը կամ կաշառք պահանջելը»,- ասաց Հովհաննիսյանը:
Փոփոխություն է կատարվել նաև կաշառք տալուն վերաբերող հոդվածի սանկցիայում:
«Նախագիծը նախատեսում էր 3000-ապատիկից 4000-ապատիկը սանկցիան, այստեղ վրիպակ կար, քանի որ Քրեական օրենսգիրքը առավելագույն շեմը սահմանում է 3 մլն, և մենք սանկցիան փոխեցինք և 3 մլն-ից 4 մլն դրամ սանկցիան դարձրեցինք 2.5 մլն-ից 3 մլն դրամ սանկցիան»,- ասաց փոխնախարարը:
Փաթեթում տուգանքից ու ազատազրկումից բացի, նաև ավելացվել է կալանք սանկցիան՝ 2.5-ից 3 ամիս ժամկետով: Ըստ փոխնախարարի` դատարանը հնարավորություն ունի գնահատել արարքը և որոշել` անձը պատասխանատվության է ենթարկվելու տուգանքո՞վ, կալանքո՞վ, թե՞ ազատազրկմամբ:
ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Գևորգ Կոստանյանը, Ռուստամ Մախմուդյանը շնորհակալություն հայտնեցին կառավարությանը իրենց առաջարկներին դրական եզրակացություն տալու համար և կոչ արեցին կողմ քվեարկել փաթեթին:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց իր առաջարկը, որը չի ստացել կառավարության հավանությունը: Պատգամավորն առաջարկել է քվեաթերթիկն ընտրական տեղամասից դուրս հանելը ևս քրեականացնել, որպեսզի «կարուսելի» մեխանիզմը չգործի, սակայն նախարարությունից պատգամավորին պատասխանել են, որ ըստ գործող օրենքի՝ ընտրատեղամասից փաստաթուղթ հանելն արդեն իսկ քրեականացված է: Պատգամավորի համոզմամբ, սակայն, քաղաքացին պետք է իրազեկվի, որ քվեաթերթիկը ևս փաստաթուղթ է:
Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց միաձայն՝ 82 կողմ ձայնով:
Մեկնաբանել