
Դատարանը քննում է Ալեքսանդր Սարգսյանի որդու խափանման միջոց կալանքը փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու հարցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այս պահին քննում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կալանքի հարցը. դատարանը պետք է Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի:
Նշենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:
Քննչական կոմիտեի վարույթում քննվող գործի շրջանակներում, ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ քաղաքացի Դավիթ Սիմոնյանը 2007 թվականի ապրիլի 1-ին Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակության վայրի՝ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում հրազենային վնասվածք է ստացել Հայկ Սարգսյանի կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Նշենք, որ միջադեպից հետո Դավիթ Սիմոնյանը հայտնել է, թե իր վնասվածքը մեկ այլ անձ է պատճառել, և դա եղել է անփութության հետևանք: Դրանից հետո քրեական գործը կարճվել է:
Վերջերս Սիմոնյանը հանցագործության մասին հաղորդում է տվել ու հայտնել, որ Հայկ Սարգսյանն է պատճառել իր վնասվածքը, և նոր երևան եկած հանգամանքի հիմքով գործը վերաբացվել է:
Հարուցված քրեական գործի շրջանակներում Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Այս գործն արդեն մեղադրական եզրակացությամբ դատարանում է:
Դատարան բերված Հայկ Սարգսյանն այսօր չառարկեց նիստի տեսանկարահանման դեմ, դատարանի հարցերին ի պատասխան նշեց, որ խնամքին երկու երեխա ունի՝ 2 և 5 տարեկան, նշեց, որ ունի բարձրագույն կրթություն, աշխատել է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայությունում՝ որպես պետի տեղակալ:
Այս պահին կալանքի վերաբերյալ դատական նիստը շարունակվում է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել