HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Յոհանեսը՝ հարցը լսելուց հետո. «Այլեւս հարցերի չեմ պատասխանում»

«ԱՄՆ Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսը Հայաստան կատարած եռօրյա այցի երկրորդ օրն այցելեց Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի երրորդ կարգի ջրանցք, որի 2 կմ-անոց հատվածը վերականգնվել է ՀՄՀ-Հայաստանի կողմից:

Դ. Յոհանեսը եղավ նաեւ Էջմիածնի «Կոնսեր» պահածոների գործարանում: «Կոնսերը» ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչի «Վերամշակում եւ մարքեթինգ» ենթաբաղադրիչի շրջանակներում ֆինանսական աջակցություն ստացած 225 ձեռնրկություններից մեկն է:

Դանիել Յոհանեսը գործարանի բակում պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: Նա ասաց, որ ինքը Հայաստան է եկել, որպեսզի տեղում տեսնի ծրագրի առաջընթացը, որը եղել է անցնող 5 տարիների ընթացքում: Ըստ նրա՝ հաջողություններն ակընհայտ են, եւ Հայաստանի կառավարությունը, ժողովուրդը պետք է ամեն ինչ անեն, որ ձեռք բերված հաջողություններն ու ներդրումները լինեն կայուն: «Իսկ դուք պետք է գոհ լինեք, քանի որ այս առաջադիմությունը բավականին կայուն է եղել»,- դիմելով հավաքվածներին՝ ասաց Դ. Յոհանեսը:

«ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ավարտին` 2011թ. սեպտեմբերի 30-ին, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ներդրումը  Հայաստանի գյուղատնտեսության եւ ոռոգման համակարգերում  կկազմի շուրջ 180 մլն ԱՄՆ դոլոր, ինչից Դանիել Յոհանեսը գոհ է: Նա ասաց, որ կորպորացիան այս պահին աշխատում է 22 երկրների հետ, որոնց ընտրությունը կատարվում է մրցակցային սկզբունքով:

«Կան երկրներ, որտեղ նվիրված են իրենց ժողովրդին եւ տնտեսությանը ազատություն են տալիս: Նախընտրում ենք այդ երկրների հետ աշխատել»,-ավելացրեց Դ. Յոհանեսը:

Լրագրողները հետաքրքրվեցին, արդյոք կորպորացիան Հայաստանի կառավարության առջեւ որոշակի պահանջներ դրե՞լ է ծրագիրը շարունակական դարձնելու համար: Գլխավոր գործադիր տնօրենը կոնկրետ պատասխան չտվեց, միայն նշեց, որ բոլոր երկրների առջեւ նույն պահանջներն են դրված եւ կառվարությունները լավ գիտեն, թե ինչ պետք է անեն:

«Այդ խնդիրները հիմնականում կապված են կոռուպցիայի եւ կառավարչության հետ»,- ավելացրեց նա:

«Հետքը» Դ. Յոհանեսին հարցրեց՝ արդյոք հնարավո՞ր է, որ Հայաստանում ծրագիրը շարունակվի` հաշվի առնելով, որ ընդդիմությունը որոշակի խնդիրների լուծման համար փորձում է համագործակցության եզեր գտնել իշխանությունների հետ: Դանիել Յոհանեսը հարցը լսեց, հետաքրքրվեց, թե որ լրատվամիջոցն եմ ներկայացնում, ապա ասաց. «Կներեք, բայց այլեւս հարցերի չեմ պատասխանում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter