HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ասֆալտապատողները Լևոնյան փողոցը քանդել են, բնակիչներից «նեղացել» և հեռացել

Աջափնյակ վարչական շրջանի Լևոնյան փողոցի բնակիչները երկու ամիս է՝ պայքարում են թաղապետարանի աշխատակիցների կողմից քանդված փողոցը ասֆալտապատելու համար։

Բնակիչները պատմում են, որ հունիսի 30-ին ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող աշխատակիցները «նեղացել են» փողոցի բնակիչներից, ասֆալտապատումը կիսատ թողել և հեռացել։

Ասում են՝ տարածքի բնակիչներից մեկը ասֆալտապատում իրականացնողներին խնդրել է նախորդ տարիների նման փողոց «չկարկատել», ամբողջությամբ վերանորոգել։ Տեղի բնակիչները աշխատակիցներին առաջարկել են նրանց վերադասին հրավիրել փողոց, այն ամբողջական վերանորոգելու հարցը քննարկել, հետո նոր ասֆալատապատում իրականացնել։

Բնակիչների փոխանցմամբ՝ սա վեճի առիթ է դարձել։ Դրանից հետո ասֆալտապատում իրականացնողները թողել են աշխատանքն անավարտ, ասֆալտը քանդված և հեռացել՝ մինչ օրս որևէ աշխատանք չկատարելով։ Նրանք թաղապետարանում հայտնել են, որ բնակիչներն իրենց ահաբեկել են։

Լևոնյան փողոցի բնակիչ Ամալյա Մնոյանը «Հետք»-ին հավաստիացրեց, որ մինչ ճանապարհի քանդումը, փողոցն առավել բարվոք վիճակում էր։

Նրա խոսքով՝ ասֆալտապատում իրականացնող աշխատակիցները բնակիչներին հայտնել են, որ եկել են ճաքերը վերացնելու․

«Հարց բարձրացրինք փողոցով, որ կարելի՞ է ընդհանուր փողոցը ասֆալտապատել, որովհետև ջուրը աջ ու ձախ գնում է, ջրահեռացման համակարգն էլ չի աշխատում։ Իրանք էլ ասեցին՝ չէ, հնարավոր չի, մենք կարկատելու ենք»,- նշեց բնակիչը։

Այս զրույցից հետո վեճ է սկսվել աշխատակիցների և բնակիչների միջև, որից հետո աշխատակիցները ճանապարհը քանդած թողել են և հեռացել։

Քանդված փողոցի ասֆալտապատման համար բնակիչները դիմել են և՛ Երևանի քաղաքապետարան և՛ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմ, սակայն ըստ բնակիչների՝ որևէ արձագանք չի եղել։

«Թաղապետարանից ասում են՝ ծրագիրն ավարտվել է, ձեր փողոցի համար չունենք ասֆալտ։ Բա մեր ասֆալտը ի՞նչ արեցին՝ եթե չկար։ Եթե քանդում են, ուրեմն նորոգելու ծրագիր ունեն, չէ՞»,- հարցնում է տիկին Ամալյան։

Բնակիչները նեղսրտում են, որ չեն կարողանում փողոցով քայլել, մեքենաները վնասվում են, իսկ եղանակի փոփոխության արդյունքում, իրավիճակը ավելի է վատթարանում։ Ասում են՝ անձրևը գալիս է, փոսերում ջուր է լցվում և քայլել հնարավոր չի լինում, իսկ քամու դեպքում քանդված ճանապարհի փոշին ամբողջությամբ լցվում է տները։

Քանդված փողոցի վիճակից նաև բակի երեխաներն են բողոքում՝ ցույց տալով ոտքերի և ձեռքերի վերքերը, որոնք  ստացել են քանդված փողոցում խաղալիս։ Երեխաները ասում են՝ ցանկանում են հեծանիվ և չմուշկ վարել, բայց այս ճանապարհի վրա հնարավոր չէ։

13-ամյա Վահե Պետրոսյան նեղսրտեց, որ ինչ քանդել են փողոցը ո՛չ կարողանում է վազել, ո՛չ հեծանիվ և անվաչմուշկ վարել․ «Ամեն անգամ ընկնում ենք, մի տեղը վնասում։ Ոչ կարողանում ենք դուրս գանք խաղանք, դասից գալիս ենք ու ամբողջ օրը  նստում ենք տանը համակարգիչների դիմաց, որովհետև չենք կարողանում դուրսը խաղալ»,- ասում է Վահեն՝ ցույց տալով նաև վնասվածք ստացած ընկերներին։

Բնակիչներից ոմանք իրենց միջոցներով են ասֆալտապատել իրենց սեփական տների դիմացի ճանապարհը, ինչպես՝ տիկին Սոֆյան։ Ասում է՝ պարտադրված 40 հազար դրամ վճարել են և ասֆալատապել իրենց տան դիմացի ճանապարհը, քանի որ թոռնիկը խաղալիս անընդատ ընկել է, վնասվածքներ ստացել։

Բնակիչները փողոցի լույսները մարելուց հետո փողոցով չեն կարողանում քայլել, քանի որ անկանոն փոսերի պատճառով մշտապես ընկնում են։ Կարինե  Պետրոսյանը աշխատանքի է գնում գիշերը, երբ փողոցի լույսերը անջատված են լինում։ Ասում է՝ քանդված փոսերի պատճառով հաճախ ընկնում է, վնասում ոտքը։ Որպես ապացույց ցույց տվեց ոտքի վերքը․ «Երկու օր առաջ՝ գիշերը 04։30, աշխատանքի գնալուց ընկել եմ։ Մութ ա, անցնում ենք, ընկում փոսը։ Հենց էսօր կակռազ ընկել են փոս, ոտքս վնասել»։

Կարինե Պետրոսյանը գոհ չէ նաև նախորդ տարիներին արված ասֆալտապատման աշխատանքներից։ Ասում է՝ տարիներ առաջ էլ եկել են փողոցի միայն մեջտեղի հատվածը ասֆալտապատել, որի պատճառով ասֆալտը բարձրացրել և թեքություն առաջացել։ Երբ անձրև է գալիս, այդ թեքության պատճառով ջուրն ամբողջութամբ լցվում է տները։ Տիկին Կարինեի ընտանիքը անհարթությունը վերացնելու համար տան դիմաց թումբ են կառուցել, սակայն դա էլ չի օգնում․ անձրևաջրերը տունն են լցվում։   

Օրեր անց Լևոնյան փողոցում երկու հարսանիք է լինելու, բնակիչները հույս ունեն, որ ի վերջո Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարությունը կարձագանքի իրենց բողոքներին և կասֆալտապատի ճանապարհը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter