HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է հայ գործարարներին

Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարներին: Այս մասին հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը:

Մինչ համագործակցության շուրջ քննարկումն սկսելը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներին. 

«Ռուսաստանի նախագահի հետ միասին արձանագրել ենք, որ հայ-ռուսական հարաբերություններում չկա որևէ խնդիր, և բոլոր հարցերի շուրջ կա ըմբռնում: Ի թիվս մի շարք այլ ոլորտների, քննարկել ենք նաև տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Սա լավ ազդակ է ձեզ համար ևս` Հայաստանի տնտեսությունում նոր ներդրումներ անելու և տարբեր ոլորտներում ծրագրեր նախաձեռնելու համար», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման մասնակից գործարարների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետը ներկայացրել է մեր երկրի տնտեսության զարգացման վերաբերյալ կառավարության տեսլականը, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարվող քայլերը, ներդրումների պաշտպանության և խրախուսման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, հարկային օրենսդրության, պետական կառավարման համակարգի բարեփոխումները: 

ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունների շարքում կառավարության ղեկավարը նշել է թեթև արդյունաբերության, ադամանդագործության, ոսկերչության, զբոսաշրջության, ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտները, իսկ թիվ մեկ գերակայությունը բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է: 

«Մենք պետք է աշխատենք Հայաստանն ագրարային երկրից տեխնոլոգիականի վերածելու ուղղությամբ, քանի որ դա բխում է մեր անվտանգությունից», -ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ներդրումների երաշխիքներին` Հայաստանի վարչապետը նշել է, որ թե՛ հայաստանյան, թե՛ օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը երաշխավորված է ՀՀ օրենսդրությամբ. 

«Ամենակարևոր արձանագրումը հետևյալն է` որևէ բիզնես գործունեություն պետք է իրականացվի օրինականության շրջանակում: Մենք պետք է ստեղծենք համագործակցության մթնոլորտ և միասին զարգացնենք մեր հայրենիքը»: 

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ կառավարությունը քննարկումներ է անցկացնում ներդրումների պաշտպանության նոր մեխանիզմների, ինչպես նաև «ներդրումային մեկ պատուհան»-ի ներդրման շուրջ` նպատակ ունենալով դյուրացնել գործարարների շփումը պետական կառավարման համակարգի տարբեր օղակների հետ և բարձրացնել պետություն-բիզնես երկխոսության մակարդակը: Ինչ վերաբերում է հարկային օրենսդրության բարեփոխումներին, վարչապետի խոսքով` գործադիրը նախաձեռնել է լուրջ փոփոխություններ` նպատակ ունենալով հնարավորինս պարզեցնել հարկման համակարգը և բարելավել գործարար միջավայրը: 

Ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է նաև Հայաստան-Սփյուռք կապերի վերաիմաստավորման հարցը: 

«Բարեգործության տրամաբանությունը պետք է փոխարինենք աշխատանքի տրամաբանությամբ»,- ընդգծել է վարչապետը` նշելով, որ կառավարության նպատակն է` միջավայր և պայմաններ ստեղծել, որպեսզի արտերկրում բնակվող մեր հայրենակիցները Հայաստանում ներդրում կատարեն` նոր աշխատատեղեր ստեղծելու, իրենց բիզնես շահերը հաշվի առնելու և շահույթ ունենալու տրամաբանությունից ելնելով:

Որոշ գործարարների կողմից Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են նաև կոնկրետ ներդրումային ծրագրերի առաջարկներ: Կառավարության ղեկավարը հորդորել է դրանք տրամադրել ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատուներին և համապատասխան նախարարություններին` հետագա ընթացքը քննարկելու համար:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի ներքաղաքական հարցերի և զարգացումների, Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter