HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կարեւոր հանդիպում Սկոպիեում՝ ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան

Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում կմեկնարկի ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Այս թիմերը համարվում են Ազգերի լիգայի խաղարկության «D» դիվիզիոնի 4-րդ խմբի հաղթողի կոչման հավակնորդները, ինչը նշանակում է, որ կայանալիք խաղը խմբի լավագույնին որոշելու հարցում շատ մեծ նշանակություն է ունենալու: Հիշեցնենք, որ ամսի 6-ին Վարդան Մինասյանի թիմը Երեւանում 2-1 հաշվով հաղթել է Լիխտենշտայնին, իսկ մակեդոնացիներն արտագնա խաղում 2-0 հաշվով առավելության են հասել Ջիբրալթարի նկատմամբ: Այսօր կկայանա նաեւ այս երկու հավաքականների հանդիպումը Վադուցում:

Հայաստանն ու ՆՀՀ Մակեդոնիան մինչ այս հանդիպել են 6 անգամ եւ միայն պաշտոնական խաղերում: Վիճակագրությունը բացարձակ հավասար է: Թիմերը տարել են 2-ական հաղթանակ, 2 ոչ-ոքի են խաղացել եւ 2-ական պարտություն կրել: Խփած ու բաց թողած գնդակների հարաբերությունն է 11-11: 

Առաջին անգամ կովկասյան ու բալկանյան ընտրանիները հանդիպել են «Եվրո-1996»-ի ընտրական փուլում՝ 1995-ի մայիսի 10-ին: Թիմերը Երեւանում 2-2 խաղացին: Մեր հավաքականից գոլերի հեղինակ դարձան Ռազմիկ Գրիգորյանն ու Արմեն Շահգելդյանը: Սա պատմական հանդիպում էր, քանի որ պաշտոնական խաղերում առաջին անգամ Հայաստանի ընտրանին գոլեր խփեց: Ընդ որում՝ Սամվել Դարբինյանի սաները հաղթում էին 2-0 հաշվով, սակայն ձեռքից բաց թողեցին հաղթանակը, որը կարող էր դառնալ առաջինը պաշտոնական խաղերում: Այդուհանդերձ, այդ հաղթանակը իրականություն դարձավ նույն մակեդոնացիների հետ պատասխան խաղում, որը կայացավ 1995-ի սեպտեմբերի 6-ին Սկոպիեում: Կրկին Գրիգորյանի ու Շահգելդյանի գոլերի շնորհիվ մեր թիմը հաղթեց 2-1 հաշվով: Հետաքրքիր է, որ այս անգամ էլ մերոնք էին պարտվում 0-1, բայց կամային հաղթանակ տարան. այսպես Հայաստանի ընտրանու պատմության մեջ առաջին պաշտոնական հաղթանակը կայացավ արտագնա խաղում:

Աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլում հավաքականները նորից երկու հանդիպում անցկացրին: 2004-ի օգոստոսի 8-ին Սկոպիեում ֆրանսիացի Բեռնար Կազոնիի սաները պարտվեցին 0-3 հաշվով: 2005-ի հունիսի 4-ին Երեւանում տեղի ունեցած պատասխան հանդիպմանը նորից հաղթեցին բալկանցիները՝ 2-1: Հյուրերի առաջատար Պանդեւի երկու գոլերին մեկ անգամ պատասխանեց մեր թիմի ծագող աստղ Էդգար Մանուչարյանը: Այդ ժամանակ թիմը գլխավորում էր հոլանդացի Հենկ Վիսմանը:

«Եվրո-2012»-ում, որը Հայաստանի հավաքականի պատմության մեջ ամենահաջողվածն էր, թիմերը 2010-ի սեպտեմբերի 7-ին հանդիպեցին Սկոպիեում: Յուրա Մովսիսյանի ու Էդգար Մանուչարյանի գոլերը, ցավոք, չօգնեցին Վարդան Մինասյանի թիմին հաղթանակ տանել: Մինչ օրս ֆուտբոլասերները հիշում են խաղավարտին Արարատ Առաքելյանի ձեռքով խաղը սեփական տուգանայինում, որը հանգեցրեց 11-մ հարվածի, եւ խաղն ավարտվեց 2-2: Այդուհանդերձ, այդ խաղը ցույց տվեց մեր ընտրանու մեծ ներուժը, որը ռեալիզացվեց հետագա մրցելույթներում: Վերելքի վրա գտնվող հայ ֆուտբոլիստները 2011-ի հոկտեմբերի 7-ին Մարկոսի, Մխիթարյանի, Ղազարյանի ու Սարկիսովի գոլերի շնորհիվ բալկանցիներին հաղթեցին 4-1 հաշվով:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter