HY RU EN

Արաքս Մամուլյան

Կուրսանտի սպանության գործով անցնող անձանց ենթադրյալ խոշտանգումների ենթարկելու հարցով դատավորը կդիմի դատախազություն

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, կդիմի դատախազություն, որպեսզի քննություն իրականացվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով անցնող անձանց ենթադրյալ խոշտանգումների ենթարկելու հանգամանքը: Այս մասին դատարանը հայտնեց այսօր սպանության գործով դատական նիստի ընթացքում:

Նշենք, որ դատարանում ամբաստանյալները բազմիցս հայտարարել են այն մասին, որ ինչպես իրենց, այնպես էլ գործով տուժողի ու վկայի կարգավիճակ ունեցող այլ անձանց նկատմամբ դեպքից հետո՝ ռազմական ոստիկանությունում ֆիզիկական ու հոգեբանական բռնություն է գործադրվել:

Ամբաստանյալներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը դատարանում հայտնել են,  թե իրենց դեմ ցուցմունքները տրվել են հենց այդ ճնշումների ազդեցության ներքո:

Տևական ժամանակ դատարանը, կարելի է ասել, ձեռնպահ էր մնում որոշում կայացնելուց և փորձում էր դատախազություն դիմելու հարցում լսել ամբաստանյալների և նրանց պաշտպանների դիրքորոշումները: Վերջիններս, սակայն, հստակ դիրքորոշում չէին հայտնում: Այսօրվա դատական  նիստին Մովսես Ազարյանի պաշտպան Անժելա Հոբոսյանն ու Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը հայտնեցին, որ դատախազություն դիմելու վերաբերյալ դիրքորոշում կհայտնեն  ամբաստանալների հագուստների զննությունից հետո:

Պաշտպան Արմեն Նադիրյանը նշեց, թե դեպքից տևական ժամանակ է անցել, ինչն օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու առումով որոշակի դժվարություններ է առաջացնում:

Նշենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալ Մովսես Ազարյանը հայտնել էր այն մասին, որ ռազմական ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են կիրառել, և հագուստի վրա, որը կրելիս է եղել, արյան հետքեր են եղել: Ըստ Ազարյանի՝ իր հագուստը զննած փորձագետը արյան հետքերը չի արձանագրել, և հագուստը գործով իրեղեն ապացույց չի ճանաչվել՝ չնայած այն հանգամանքին, որ կարող էր իր նկատմամբ խոշտանգումն ապացուցող հանգամանք հանդիսանալ:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ դատարանը մեղադրող դատախազին խնդրել էր ճշտել ամբաստանյալների հագուստները դատարան ներկայացնելու հնարավորությունը: Այսօրվա նիստին մեղադրողը դատարան էր  ներկայացրել Մովսես Ազարյանի հագուստը:

Դրանց վրա, բացառությամբ մեկի, առկա էր կուրսանտի զինգրքույկի համարը, որը պարտադիր է: Զինգրքույկի նշանը բացակայում էր միայն այն շապիկից, որի վրա, ըստ Մովսես Ազարյանի, պետք է արյան հետքեր լինեին:

Այսպիսով՝ պաշտպանական կողմը կասկածի տակ է դնում, որ դատարանում զննվածը Մովսես Ազարյանի շապիկն է:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանը դատարանին միջնորդեց դատարան  բերել ու զննել բոլոր ամբաստանյալների հագուստները:

Նշենք, որ ամբաստանյալների հագուստների վրա, ըստ գործի նյութերի, արյան հետքեր չեն հայտնաբերվել, և տուժող կողմն էլ իր հերթին է ցանկանում համոզվել, որ այդ հագուստները չեն փոխվել:

Հաջորդ դատական նիստին դատարան կբերվեն նաև մյուս ամբաստանյալների հագուստները:

Այսօրվա նիստին ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդեց դատարան հրավիրել դատատոքսիկաքիմիական փորձագետերից մեկին, ով գործով եզրակացություն է տվել: Ըստ պաշտպանի՝ փորձագիտական եզրակացության վերաբերյալ որոշակի պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն կա:

Մասնավորապես, ըստ Նադիրյանի,  իր պաշտպանյալի արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել, իսկ մեզի մեջ հայտնաբերվել է, ուստի անհրաժեշտ է պարզել, թե ինչի հետևանք կարող է դա լինել: Ամբաստանյալ Գնել Թևոսյանը հայտարարեց, որ ինքն առհասարակ ալկոհոլ չի օգտագործել, բայց փորձագիտական եզրակացությամբ նրա օրգանիզմում ևս ալկոհոլ է հայտնաբերվել: Նույնը, ըստ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանի, վերաբերում է իր պաշտպանյալին: Ըստ փաստաբանի՝ Նորիկ Սահակյանը դեպքի օրը  ինստիտուտում մի քանի  կուրսանտի կողմից կազմակերպված հացկերույթին չի մասնակցել, չի խմել, այլ միջանցքում դաս սովորելիս է եղել:

Դատարանը բավարարեց միջնորդությունը. հաջորդ դատական նիստին տոքսիկաքիմիական եզրակացություն տված փորձագետը պարզաբանումներ տալու համար կհրավիրվի դատարան:

Այսօրվա նիստն ավարտվեց, և հաջորդը նշանակվեց սեպտեմբերի 24-ին:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են ինստիտուտի սպորտհրապարակից: