HY RU EN

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական ծրագիր

Իրավատեր երեւանցի եւ Երեւանի կառավարում՝ նրա կամքով

Տասնամյակներ շարունակ Երեւանի կառավարման իրավունքն ի չարս է գործադրվել՝ ծառայելով իշխող խմբի՝ այդ թվում օլիգարխների անձնական շահերին: Յուրացվել ու սեփականվել են հանրությանը պատկանող տարածքներ` այգիներ, պուրակներ, բակեր, մայթեր, շենք-շինություններ: Անհարկի պաճուճանքների, ճոխությունների, խնջույքների ու արարողությունների համար վատնվել, մսխվել է մայրաքաղաքի բյուջեն: Երեւանի ապաշնորհ կառավարիչները դա արել են հանրության աչքից հեռու կայացվող անօրինական որոշումներով, կոռուպցիոն սխեմաներով, աչք փակելով մայրաքաղաքի գլխավոր հատակագիծ-օրենքի խախտումների վրա կամ հենց իրենք ոտնահարելով այն: Նրանք փաստորեն մասնակից են դարձել պետական միջոցների թալանին՝ փայաբաժին ստանալով «ատկատներից» եւ իրենց ընտանիքներին ու մերձավորներին պատկանող կազմակերպություններին «շնորհելով» քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այս կամ այն հաստատության կարիքների համար ապրանքներ, հանրային ծառայություններ մատուցելու իրավունքը: Այս ամենի պատճառով աղճատվել է Երեւանի նկարագիրը, գործնականում բացառվել է այնտեղ բնակվող քաղաքացիների իրավատիրությունը, զրոյացել երեւանցիների զարգացման հնարավորությունը:

Ապրիլյան ազգային վերելքը եւ մայիսյան իշխանափոխությունը թույլ են տալիս շարունակել սկիզբ առած հեղափոխական գործընթացները, կառավարման տեսանկյունից նոր իրավիճակ ստեղծել նաեւ Երեւանում, որպեսզի մայրաքաղաքի ապագայի տնօրինումն անցնի արհեստավարժ, ազնիվ ու սրտացավ մարդկանց ձեռքը, որոնք քաղաքի զարգացումը կտանեն հետաքրքիր մտահղացումների եւ արդյունավետ ծրագրերի իրականացման, համընդհանուր բարեկեցությանն ու քաղաքացու իրավունքների պաշտպանությանը միտված ձեռնհաս քայլերի հունով:

Մենք վերականգնելու ենք տեղական ինքնակառավարման բուն էությունը՝ հասնելով նրան, որ երեւանցիները կարողանան քաղաքացիական հասարակության կառույցների միջոցով անմիջականորեն մասնակցել քաղաքի կառավարմանը, վերջիններիս պատվիրակել քաղաքապետարանի, թաղապետարանների եւ համատիրությունների մի շարք գործառույթներ:

Երեւանը Հայաստանի Հանրապետության եւ համայն հայության մայրաքաղաքն է: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր հին ու նորացող ոստանում ՀՀ օրենքը գործի ամենայն բծախնդրությամբ:

Իշխանության վերադարձը ժողովրդին, դրա ուղղակի եւ լիարժեք ներկայացուցչական իրականացումը սկսում ենք Երեւանից:

Երեւանցուն պետք է վերադարձնենք քաղաքի տիրոջ իրավունքը եւ զգացողությունը: Մայրաքաղաքի կառավարման ու ընդունվող որոշումների հիմքում պետք է ընկած լինեն նրա կամքը, տեսակետը, քննադատությունն ու առաջարկը:

  • Իշխանությունը Երեւանում իրականացնելու ենք բացառապես երեւանցու հավանությանն արժանացած ծրագրերով, նրա հոգսը բարձրաձայնող ու մշտապես հաշվետու Ավագանու անդամների, ինչպես նաեւ առանցքային հարցերի շուրջ հարցումների եւ հանրային լսումների միջոցով:
  • Խրախուսելու ենք երեւանցիների ու շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությունը Ավագանու, նրա հանձնաժողովների նիստերին: Նիստերի դահլիճը եւ ընթացակարգերը առավելագույնս կհարմարեցվեն դրան:
  • Երեւանցին կունենա քաղաքապետի, Ավագանու աշխատանքներին հետեւելու լայն հնարավորություններ: Ավագանու եւ նրա հանձնաժողովների նիստերը, հարցուպատասխանները, խորհրդակցությունները կշարունակեն առցանց ուղիղ հեռարձակվել:
  • Քաղաքային իշխանության ցանկացած ներկայացուցիչ պետք է լինի ժողովրդի սպասավորը, այլ ոչ թե զգա իրեն որպես ժողովրդի տիրակալ: Երեւանցին քաղաքապետարան կամ վարչական շրջանի կառավարչություն մուտք կգործի ոչ թե սպասարկում եւ ծառայություն մուրացողի, այլ պահանջատիրոջ իրավունքով:
  • Քաղաքապետը, փոխքաղաքապետերն ու վարչական շրջանների ղեկավարները, Ավագանու անդամները շաբաթական մեկ օր պարտադիր կունենան քաղաքացիների ընդունելություն՝ որոշ դեպքերում ուղիղ հեռարձակմամբ, նրանց բողոքները, առաջարկներն ու խնդիրները լսելու եւ դրանց լուծում տալու համար:
  • «Ժառանգություն» կուսակցության Ավագանու անդամները հանրությանը կներկայացնեն ամենամսյա հաշվետվություններ:
  • Կապահովվի հաշվետվություն քաղաքի բյուջեից ծախսված յուրաքանչյուր գումարի համար:

Երեւանի համայնքային սեփականության կառավարում, բազմապատկում եւ քաղաքի զարգացման քաղաքականության իրականացում` կուսակցական կառավարման փոխարեն

Համատիրություններ եւ քաղաքի զարգացման ծրագրեր

Համապետական եւ քաղաքային ընտրությունները, հանրաքվեները ցույց են տվել, որ համատիրությունների համակարգը, ըստ էության, ստեղծված է իշխող ուժերին ձայն բերելու, ընտրակաշառքները համակարգված բաժանելու եւ ընտրողների նկատմամբ ճնշումներ բանեցնելու համար: Մնացած ժամանակահատվածում այն գործել է խիստ անարդյունավետ՝ լինելով քաղաքացիներից փող հավաքելու միջոց, որի դիմաց  նրանք որակյալ սպասարկում չեն ստացել: Տարբեր մեխանիզմների միջոցով յուրացվել են քաղաքացիներից հավաքագրված փողերը: Այս ամենը բերել է նրան, որ անհրաժեշտություն է առաջացել վերացնել համատիրությունների գործող համակարգը, ստեղծել կառավարման այնպիսի համակարգ, որի պարագայում քաղաքացիները, ըստ էության, ուղիղ կհարաբերվեն վարչական շրջանների աշխատակազմերի հետ:

  • «Ժառանգություն» կուսակցությունը ներդնելու է բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարման համակարգ, որին կկարողանան մաս կազմել նաեւ հասարակական կազմակերպությունները՝ թաղապետարանների կողմից իրենց պավիրակված վճարովի գործառույթներով,
  • ապահովելու է բոլոր ֆինանսական մուտքերի եւ ծախսերի հաշվետվությունների զետեղումը համացանցում՝ ամենամսյա ընթացակարգով, ինչպեսեւ դրանց տպագիր տարբերակների տեղադրումը բազմաբնակարան շենքերի ու առանձնատների մուտքերին:
  • Երեւանում պետք է իրականացվի ոչ միայն համայնքային սեփականության բաց եւ թափանցիկ կառավարում, այլեւ մայրաքաղաքի զարգացման քաղաքականություն կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում:
  • Որքան էլ ընտրությունների արդյունքում քաղաքային իշխանությունները կազմավորվում են կուսակցությունների կամ նրանց դաշինքների կողմից, պետք է բացառվի մայրաքաղաքի կուսակցական կառավարումը:
  • Համայնքային ծառայության իրականացումը, կրթական ու նախակրթական հաստատությունների գործունեությունը պետք է ապակուսակցականացվեն: Նշված հաստատությունների այն աշխատակիցները, ովքեր իրենց տնօրինած լծակները կօգտագործեն կուսակցական նպատակներով կամ անմիջական պարտականությունների կատարումը կզուգակցեն կուսակցական քարոզչության հետ՝ կազատվեն զբաղեցրած պաշտոններից կամ պատկան մարմինների առջեւ կհարուցվի նրանց ազատելու հարցը:
  • Կրթության ոլորտում պետք է վերականգնել մանկավարժների հեղինակությունը, հատկապես կրտսեր դպրոցում նվազեցնել դասարաններում աշակերտների թիվը, ներդնել կրթական նոր, ժամանակակից մոտեցումներ:
  • Անհրաժեշտ է ավելացնել մանկապարտեզների թիվը. դրանք ունեն ոչ միայն կրթական եւ սոցիալական գործառույթ, այլեւ պատերազմող երկրի համար՝ ռազմավարական նշանակություն:
  • Մայրաքաղաքի տեսքն ու զարգացումը պետք է լինեն համաչափ, իսկ կենտրոնի ու ծայրամասի խնդիրները` նույնչափ քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում: Քաղաքային իշխանություններն առավելագույնս կխրախուսեն ծայրամասերում իրականացվող կառուցապատման եւ բիզնես ծրագրերը: Ծայրամասը պետք է նույնքան բարեկարգ եւ հարմարավետ լինի երեւանցու համար, որքան՝ կենտրոնը:
  • Երեւանի իշխանությունները խրախուսելու են շատ գործառույթների փոխանցումը Հայաստանի այլ քաղաքներին՝ բեռնաթափելու համար Երեւանը ֆունկցիոնալ ծանրաբեռնվածությունից:
  • Հարկ է ներգրավել տեղական եւ արտասահմանյան ներդրումներ՝ Երեւանից դեպի հյուսիս ընկած հատվածում քաղաքաշինական ծավալուն ծրագիր իրականացնելու համար, որի շրջանակներում կկառուցվի նոր, արդիական, միջազգային չափանիշներին համապատասխանող թաղամաս/ավան/քաղաք՝ իր բոլոր ենթակառույցներով: Այս նոր բնակավայրը նախատեսված կլինի թե՛ այն երեւանցիների համար, ովքեր կցանկանան ապրել նոր պայմաններում եւ թե՛ արտագաղթած համաքաղաքացիների վերադարձն ապահովելուն, ինչպես նաեւ հայրենիքում մշտական բնակության հաստատմանը պատրաստ սփյուռքահայերի համար: Երեւանը պետք է ընդարձակվի դեպի հյուսիս՝ մերձքաղաքային գոտի, ուր կկառուցվեն նոր թաղամասեր, իսկ կենտրոնի հակաքաղաքաշինական կետային կառուցապատումը կդադարեցվի:
  • Ներդրումային ծրագրերի մեջ կմտցվի նաեւ Երեւանը շրջանցող արագընթաց ավտոճանապարհի կառուցումը:
  • Երեւանի զարգացման ծրագիրը կմշակվի քաղաքի վերլուծության հիման վրա, որը կհաստատվի Ավագանու կողմից՝ մայրաքաղաքի բնակիչների ու շահագրգիռ կազմակերպությունների հետ հրապարակային քննարկումներից հետո:
  • Զարգացման ծրագիրը հավուր պատշաճի պետք է հաշվի առնի Երեւանի բոլոր չլուծված խնդիրները, ռիսկերն ու մարտահրավերները (ժողովրդագրական, բնակարանային ֆոնդի, տրանսպորտային, բնակլիմայական, կրթական, հողային, բնակարանաշինական, կոմունալ եւ այլ ոլորտներ) եւ արտացոլի իրատեսական, հիմնավոր ու համալիր լուծումներ:
  • Քաղաքապետարանի, նրա ենթակայության տակ գտնվող հաստատությունների պետգնումների գործընթացը պետք է իրականացնել առավելագույնս թափանցիկ, որի արդյունքում ոչ միայն կխնայվեն մինչեւ 30% միջոցներ, որոնք տարբեր հաշվարկներով փոշիացվում են «ատկատների» տեսքով, այլ նաեւ կխրախուսվի ծառայություններ մատուցող մասնավոր ընկերությունների մրցակցությունը, եւ կառողջանա բիզնես-միջավայրը:
  • Պետք է ամենայն լրջությամբ քննարկման թեմա դարձնել բնակիչների կողմից վճարվող էլեկտրաէներգիայի սակագինն էապես նվազեցնելու հնարավորությունը՝ նրանց խոշոր սպառողների մեջ ընդգրկելու մեխանիզմների միջոցով:

Կանաչ Երեւան՝ քարակերտ անապատի փոխարեն

Հանրային զբոսայգիներն ու կանաչ տարածքները կազմում են քաղաքաշինական նորմերով սահմանվածի ընդամենը 20 տոկոսը, եւ այդ ցուցանիշը շարունակում է նվազել: Դրա հետեւանքով չի արտադրվում մարդու թոքերի համար անհրաժեշտ եւ բավարար թթվածնի քանակություն. նորմատիվ համարվող 21 քառ. մետրի փոխարեն մեկ շնչին այժմ բաժին է ընկնում 7 քառ. մետրից էլ պակաս կանաչ տարածք, ինչը հարուցել է սուր շնչառական հիվանդություններ կամ նման հիվանդություններով տառապող երեւանցիների շրջանում առաջացրել սրացումներ:

Չոր մայրցամաքային կլիմա ունեցող Երեւանը գտնվում է օշինդրային կիսաանապատի գոտում, որին առավել քան անհրաժեշտ են զանգվածային կանաչ տարածքներ ու ջրային մակերես՝ քամիներից պաշտպանվելու, օդը խոնավացնելու, փոշուց եւ թունավոր նյութերից մաքրելու համար: Քաղաքի կառուցապատման, կանաչ տարածքների ոչնչացման ներկայիս քաղաքականությունը սպառնում է անգամ փոխել բնակլիմայական գոտին` այն կիսաանապատայինից վերածելով անապատայինի:

Անցած 20 տարիների ընթացքում Երեւանը՝ որպես մայրաքաղաք, կորցրել է իր քաղաքային մշակույթի եւ ինքնության կարեւոր տարրերից մեկը, քանի որ հանրային շահը ստորադասվել է մասնավոր տնտեսվարողների բիզնես-շահերին, իսկ հանրային կանաչ տարածքները համատարած կերպով օտարվել ու անխնա ոչնչացվել են` խեղաթյուրելով դրանց նպատակային նշանակությունը թե՛ իբրեւ առողջության աղբյուր, թե՛ սոցիալական շփումների ու քաղաքային մշակույթի դրսեւորման միջավայր:

Մայրաքաղաքի կանաչ եւ հանրային գոտիների օտարման հաշվին համայնքային բյուջեի համալրման գործելակերպն այլեւս չի կարող շարունակվել: Դա վտանգի տակ է դնում Երեւանի կայուն զարգացումը եւ երեւանցու առողջությունը: Քաղաքի գլխավոր հատակագծի շեղումներն ու կանաչ տարածքների ապօրինի կառուցապատումները հասնում են ահռելի չափերի, եւ վճռական քայլեր են պահանջվում դրանք գլխավոր հատակագծի պահանջներին համապատասխանեցնելու համար:

Նախորդ տարիներին նմանապես գործարկվել է թափառող կենդանիների ոչնչացման տմարդի գործելակերպ:

Վերը թվարկված միտումները կանխելու, ռիսկերը կառավարելու վճռականությամբ` «Ժառանգություն» կուսակցությունը կառաջնորդվի լայնարձակ զբոսայգիներ ու մեծածավալ ծառապատ վերականգնողական եւ հանգստի գոտիներ ստեղծելու ուղեգծով՝ համաձայն գլխավոր հատակագծի գոտեվորման, ինչպես նաեւ Ալեքսանդր Թամանյանի «Քաղաք-այգի» հայեցակարգ-տեսլականի:

Այս ոլորտում իրականացվող քաղաքականության առաջնահերթություններն են.

  • մայրաքաղաքի կանաչ տարածքի ընդլայնումը՝ մինչեւ յուրաքանչյուր շնչի հաշվով 20 քառ. մետր, ներկայիս 6 քառ. մետրի փոխարեն: Կենտրոնում եւ յուրաքանչյուր վարչական շրջանում 8-10 նոր այգիների՝ հանրային հարմարավետ տարածքների հիմնումը.
  • ծառապատման համար դեկորատիվ, էկոլոգիապես մաքուր, գեղեցիկ ծառերի՝ կաղնու, հաճարենու, լորենու, շագանակենու, կաղամախու, ակացիայի, թխկենու օգտագործումը՝ բացառելով գորշ բարդենին: Պուրակները ծաղկապատելու համար բազմամյա ծաղիկներ օգտագործումը.
  • Երեւանի շրջագծում գտնվող եւ համայնքին պատկանող կանաչ գոտիների օտարման արգելումը, դրանք սեփականության կամ վարձակալության իրավունքով տրամադրելու համար աճուրդների բացառումը: Այդ տարածքների պատկառելի մասը պետք է արգելոցային գոտի հայտարարվի.
  • Երեւանի 2019թ. բյուջեում կանաչ տարածքների պահպանությանը եւ ավելացմանը հատկացվող գումարի կրկնապատկումը: Այն ծախսելու փիլիսոփայություն պետք է ծառայի ոչ թե քաղաքի կարճաժամկետ գեղեցկացմանը, այլ երկարատեւ էկոլոգիական վերականգնմանը, ծառաշատ գոտիների՝ պուրակների, սիզամարգերի, անտառակների ավելացմանն ու տեւական խնամքին.
  • համայնքային միջոցներով բոլոր հանրային այգիների ու պուրակների բարեկարգումը, դրանց տարածքում բետոնապատ կամ ապակեպատ կառույցների՝ այդ թվում սրճարանների, զվարճանքի տարատեսակ վայրերի տեղադրման բացառումը: Պետք է օգտագործման հատուկ կանոններ սահմանվեն մասնավոր ներդրողներին սեփականաշնորհվող կամ վարձակալության տրվող, բայց հանրության կողմից օգտագործվող կանաչ գոտիների համար.
  • հանրային գոտիներում ցանկացած մեծածավալ կամ փոքրածավալ քաղաքաշինական որոշումից ու հողահատկացումից առաջ քաղաքապետարանի կողմից տվյալ տարածքի բնակչության ակտիվ իրազեկումը եւ այդ նախագծի շուրջ, օրենսդրության պահանջների խստագույն պահպանմամբ, հանրային լսումների կազմակերպումը.
  • հանրային զբոսայգիներում մասնավոր ընկերությունների հետ բարեկարգման եւ շահագործման պայմանագրերի կնքումը միայն այն դեպքում, եթե մասնավորը հանրության հետ համաձայնեցնի առաջարկվող նախագիծը եւ պարտավորվի զբոսայգին շահագործել քաղաքապետարանի հետ պայմանագրով ամրագրված կանոնների եւ այգու նպատակային նշանակության խստագույնս պահպանմամբ.
  • ծաղկապատման գործողություններից անցումը առավելաբար ծառաշատ այգիների եւ պուրակների ստեղծմանն ու խնամքին: Հանրային բոլոր այգիների ու պուրակների անձնագրավորումը` դրանց մուտքերի մոտ համապատասխան հատակագծերի փակցմամբ.
  • կենտրոնական եւ ծայրամասային զբոսայգիների աստիճանական ազատումը մասնավոր տնտեսվարողների կողմից օրենքի խախտումներով կառուցված բետոնե շինություններից, ավարտվող պայմանագրերի չերկարաձգումը եւ այն պայմանագրերի խզումը, որոնք կնքվել են օրենքի խախտմամբ.
  • նախկինում` 1990-2000-ականներին, գլխավոր հատակագծի խախտումներով կամ ապօրինաբար օտարված մեծաքանակ կանաչ տարածքները հանրությանը վերադարձնելու հնարավորության վերանայումը: Կուսումնասիրվի հանրային կանաչ տարածքների օտարման վերաբերյալ նախկինում ընդունված որոշումների օրինականությունը եւ ապօրինության փաստերի առկայության դեպքում քայլեր կձեռնարկվեն այդ որոշումների իրավական կարգավիճակը հստակեցնելու եւ համապատասխան շտկումներ կատարելու համար.
  • բազմահարկ բնակելի շենքերի բակերում կառուցված ավտոտնակների կենտրոնացումը ստորգետնյա կամ բարձրահարկ համալիր-կայանատեղիներում՝ ազատված տարածքների հաշվին մեծացնելով բակային այգիներն ու պուրակները.
  • բազմահարկ բնակելի շենքերի բակերում կառուցված առանձնատների ապամոնտաժումը՝ բնակմակերեսի տարբերությունը փոխհատուցելու պայմանով: Ազատված տարածքների հաշվին բակային այգիների, պուրակների, մանկական խաղահրապարակների մեծացումը: Գիտակցելով սեփականության իրավունքի կարեւորությունը եւ այն հանգամանքը, որ շատ դեպքերում կառուցապատողները կամ մասնավոր հատվածը քաղաքային ու կենտրոնական իշխանությունների պարտադրած խաղի կանոնների արդյունքում են ձեռք բերել սեփականության կամ վարձակալության իրավունքը, յուրաքանչյուր դեպքի համար գտնել անհատական եւ փոխշահավետ լուծում.
  • ցանկացած կառուցապատման դադարեցում եւ «Հայանտառ»-ի հետ համագործակցությամբ հետեւյալ տարածքների վերականգնում. Նորքի անտառից մնացած հատվածը, «Հաղթանակ» զբոսայգու անտառից մնացած հատվածը, Ավանի հին եւ նոր թաղամասերի միջեւ գտնվող անտառածածկ գոտին, Դալմայի այգիները, մյուս կանաչապատ տարածքները` դրանց համար մշակելով վերականգնողական եւ պահպանության հատուկ ծրագրեր.
  • «Երեւանյան անտառ» ծրագրի իրականացումը, որով մայրաքաղաքի հարավային եւ հյուսիսային հատվածներում կհիմնվեն անտառներ՝ հետագա կառուցապատման արգելքով: Նորքի ստորոտում վերականգնել անտառը՝ կասեցնելով ցանկացած կառուցապատում, իրականացնել ոռոգման համակարգի կառուցում եւ ծառատունկ.
  • գաճաճ ծառատեսակներով քաղաքի կանաչապատման դադարեցումը եւ Երեւանի բնակլիմայական պայմաններին հարիր սաղարթախիտ ծառատեսակներով կանաչապատման վերսկսումը.
  • բուսաբանական այգում տիրող վիճակի արմատական վերափոխումը: Այն պետք է դառնա մաքուր, ծառաշատ, ջրային մակերեսներ ունեցող իմացաբանական այգի, որը երեւանցիների համար կդառնա ոչ միայն հանգստի սիրելի վայր, այլ նաեւ բնական գիտելիքների ձեռքբերման կարեւոր ինստիտուտ.
  • կենտրոնի եւ մյուս վարչական շրջանների միջեւ մնացած մեծ անտառածածկ հատվածների սահմանազատումը: Դրանք պետք է հայտարարվեն անձեռնմխելի հանրային կանաչ գոտիներ: Երեւանի վարչական շրջանների կանաչ գոտիներն ու այգիները միացնող ճանապարհների հիմնումը` հետիոտնի եւ հեծանվային անխափան երթեւեկի համար.
  • կանաչ տարածքների վերականգնման աշխատանքների արդյունավետության համար կաթիլային ջրման ցանցի ստեղծումը, իսկ որոշ վայրերում՝ ոռոգման ցանցի վերականգնումը.
  • թափառող կենդանիների ոչնչացման գործելակերպի դադարեցումը եւ դրա փոխարինումը ստերիլացման եւ հատուկ ապաստարաններում չորքոտանիների տեղավորման ու խնամքի աշխատանքներով:

Առողջ եւ կրթամշակութային Երեւան

Առողջապահությունը նախեւառաջ առողջության պահպանումն է եւ հիվանդությունների կանխարգելումը: Այս առումով երեւանցիների առողջ ապրելակերպը պետք է մշտապես գտնվի քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում: Սա պետք է դիտվի որպես սեփական ինքնության եւ անհատականության զարգացման ու կատարելագործման բաղկացուցիչ մաս: Սպորտը, ֆիզիկական մարզումները պետք է դառնան յուրաքանչյուր երեւանցու ամենօրյա կյանքի անբաժանելի մասը:

Առողջություն ասելով՝ մենք հասկանում ենք նաեւ հոգեւոր առողջությունը:  Դրան հասնելու համար անհրաժեշտ է խրախուսել ստեղծարարությունը, արվեստի ու մշակույթի պահպանությունը եւ դրանց առաջանցիկ զարգացումը: Քաղաքային իշխանությունները պետք է խրախուսեն երաժշտական դպրոցներում երեխաների ուսուցումը, ստեղծարար եւ մշակութային խմբակներ հաճախումը: 

Արվեստի եւ մշակույթի զարգացումը հնարավոր չէ առանց ոլորտի առաջատար կենտրոնների՝ Եվրամիության եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ արեւելքի հետ լայն համագործակցության: Այդ առումով «Ժառանգությունը» կարեւորում է Եվրամիության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի երկու՝ «Մեդիա» եւ «Մշակույթ» բաղադրիչներին Հայաստանի լիարժեք միացումը, ինչը կվերացնի դեպի Հայաստան խոշոր մշակութային դրամաշնորհների ներհոսքի արգելքները:

 Ամենամոտ ժամանակի կտրվածքով կարեւոր ենք համարում.

  • «Թումո»-ի օրինակով կրթաստեղծարարական եւ ինժեներական պատանեկան-երիտասարդական առնվազն եւս 3 կենտրոնների հիմնադրումը Նոր Նորքում, Էրեբունի զանգվածում եւ Մալաթիա-Սեբաստիայում՝ արտասահմանյան, այդ թվում՝ սփյուռքահայ ներդրողների ընդգրկմամբ, «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի համաֆինանսավորման ապահովմամբ:
  • Մշակութային կենտրոնների, մարզադպրոցների, երաժշտական դպրոցների եւ մշակութային խմբակների կազմակերպչական-կառավարչական եւ ֆոնդահայթայթման կարողությունների զարգացմանը միտված թրենինգների կազմակերպման պատվիրակումը համապատասխան մասնագիտացված հասարակական կազմակերպություններին, դրանց գործունեության նյութական եւ կազմակերպական խրախուսումը միջազգային գործընկերների հետ համագործակցության կազմակերպման եւ միջազգային ծրագրերում ներգրավման միջոցով:
  • Ձեռնամուխ լինել 2800-ամյա Երեւանի բրենդի միջազգայնացման կարեւոր առաքելությանը եւ այդ շրջանակում համապատասխան աշխատանք տանել Երեւանի քույր քաղաքների հետ՝ բազմադարյա մեր ոստանն ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ, ինչը զգալի նպաստ կբերի Հայաստան զբոսաշրջության աճին: Կարմիր Բլուրում գտնվող «Էրեբունի» թանգարանը  պետք է հիմնանորգվի, ապահովվի ժամանակակից աուդիո-վիզուալ սարքերով, որպեսզի պատրաստ լինի ցուցադրելու պատմական թեմաներով հետաքրքրիր ներկայացումներ, այդ թվում՝ Երեւանի  ուրարտական ժառանգության մասին վկայող դրվագներ:

Հուսալիորեն պաշտպանված խաղաղության քաղաք

Մայրաքաղաքը լինելու է խաղաղության եւ խաղաղասիրության կենտրոն: Հարգանքը հարեւան եւ աշխարհի բոլոր երկրներում բնակվող ժողովուրդների, նրանց մշակույթների եւ կրոնների հանդեպ առանձնահատուկ հնարավորություններ են ստեղծելու Երեւանի համար դառնալու խոշորագույն տարածաշրջանային կենտրոն: Երեւանը լինելու է Արեւելքը Արեւմուտքին կամրջող քաղաք:

Միաժամանակ` Երեւանը լինելու է պաշտպանված իր ազատ ու արժանապատիվ քաղաքացիների կամքով եւ պատրաստակամությամբ` հակահարված հասցնելու ամեն կարգի արկածախնդրի, ով կհամարձակվի ոտնձգություն կատարել իր դեմ, ինչպես նաեւ Հայաստան-Արցախի սահմանագծի ցանկացած հատվածի հանդեպ:

Այդ նպատակով հարկավոր է`

  • ստեղծել Երեւանի քաղաքացիական պաշտպանության բազմաշերտ համակարգ, որի կորիզը լինելու է պատերազմի կամ պատերազմի սպառնալիքի, տարրերային աղետների դեպքում իր գործառույթը հստակ իմացող եւ արագ արձագանքման պատրաստ յուրաքանչյուր քաղաքացի,
  • բարձրացնել քաղաքացիների մարտական պատրաստականության մակարդակը՝ տարատեսակ վարժանքներում եւ ռազմական խաղերում նրանց ներգրավելու միջոցով:

Վերահսկվողօրինական եւ խելամիտ կառուցապատումապօրինության եւ քաոսի փոխարեն

Մայրաքաղաքում իրականացվող հողահատկացումը եւ շինարարությունը վերջին 20 տարիների ընթացքում գերազանցապես եղել են ապօրինի, ուղեկցվել մանր ու խոշոր չափերի կոռուպցիայով, էլ ավելի աղավաղել քաղաքի ճարտարապետական տեսքն ու ներդաշնակությունը, վտանգել շենք-շինությունների սեյսմակայունությունը, ինչպես նաեւ հանրային շահի քողածածկույթի ետեւում սպասարկել գերշահույթներ հետապնդող անձանց շահերը:

Սեփական կառավարության եւ քաղաքապետարանի հակասահմանադրական, հակապետական որոշումների ու հակամարդկային գործողությունների արդյունքում խոշոր բիզնեսի անհագ ախորժակի զոհն են դարձել Երեւանի կենտրոնի բազմաթիվ սեփականատերեր, որոնք ունեզրկվել, «կուլ են գնացել» մասնավորի շահին: Նույն տարածքում կառուցված Հյուսիսային պողոտան նախագծվել եւ կառուցվել է քաղաքաշինական սկզբունքային լուրջ սխալներով:

Մինչ օրս զանգվածաբար շարունակվել է հանրային բակերի, մայթերի, կանաչ տարածքների, այգիների ու պուրակների յուրացումը: Պատասխանատու այլ մարմինների թվում Երեւանի քաղաքային իշխանությունները դրսեւորել են հանցավոր լռություն, երբեմն նաեւ` ուղղակի հանցակցություն այնպիսի աղաղակող ապօրինություններում, որոնք տեղ են գտել կենտրոնի ու ծայրամասերի, տարբեր վարչական շրջանների բազմաթիվ բակերում:

Քաղաքաշինության եւ կառուցապատման ոլորտում «Ժառանգություն» կուսակցության մոտեցումներն են.

  • Լուրջ վերլուծության ենթարկել Երեւան քաղաք-օրգանիզմը` սկսած ներքին ու արտաքին կոմունիկացիաներից, մինչեւ ծավալատարածական բնութագրիչներ:
  • Բոլոր քաղաքաշինական որոշումներն ընդունելիս ղեկավարվել բացառապես Երեւանի գլխավոր հատակագծով եւ հնարավորինս շտկել նախկինում թույլ տրված շեղումներն ու սխալ կառուցապատումները` ըստ նախատեսվող նոր գլխավոր հատակագծի:
  • Դադարեցնել ապօրինի կառույցների օրինականացման գործընթացը` մինչ այժմ եղած կառուցվածքների խնդրին տալով համալիր եւ արդարացի լուծում:
  • Մասնագիտացված եւ իրավասու գերատեսչությունների ու ընկերությունների հետ գնահատել մայրաքաղաքի բնակֆոնդը, շենքերի մաշվածության, վթարայնության, սեյսմակայունության աստիճանը, անձնագրավորել բոլոր շենքերն ըստ կարիքների, իսկ ըստ հրատապության կազմել շենքերի ամրացման, անհրաժեշտության դեպքում՝ հների քանդման եւ նորերի կառուցման նախագծերի ժամանակացույց` բնակիչների ժամանակավոր բնակության վայրի ապահովմամբ: Գտնել բարեխիղճ ներդրողներ եւ գործընկերներ դրանք կյանքի կոչելու համար: Երկարաժամկետ ծրագրում Երեւանի հնացած բնակֆոնդը հետզհետե պետք է փոխարինվի նորով:
  • Կտուրների վերանորոգում: Բնակֆոնդի վերանորոգման եւ համալրման ժամանակ կարեւոր տեղ հատկացնել ջերմամեկուսիչ տեխնոլոգիաների կիրառմանը:
  • Ճարտարապետական լուծումներ տալ հատկապես Փոքր եւ Մեծ կենտրոններին՝ միջավայրի վերականգնմանը համահունչ, իսկ ընդհանուր առմամբ հնարավորինս կասեցնել Մեծ կենտրոնի կառուցապատումը` հատկապես բարձրահարկ շենքերով:
  • Երեւանի գլխավոր ճարտարապետին զերծ պահել բացառապես սեփական ստեղծագործական նախագծերի իրականացումից, պաշտոնի չարաշահումից ու շահերի բախումից, նրան վերապահել հաստատված քաղաքաշինական ու կառուցապատման նախագծերը, քաղաքաշինության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների իրագործման վերահսկողությունը եւ օրենքով թույլատրելի այլ գործառույթների կատարումը:
  • Երեւանի տարբեր հանրային գոտիների բարեկարգման ու նախագծման համար ապահովել բաց, թափանցիկ մրցույթներ` հրավիրելով եւ խրախուսելով շահագրգիռ ճարտարապետական գրասենյակներին ու անհատ ճարտարապետներին, ինչպեսեւ ապահովել հանրության մասնակցությունն առաջարկների քննարկման ժամանակ:
  • Վերջ տալ այն արատավոր աշխատաոճին, երբ Երեւանի քաղաքապետարանը կառավարության հետ միասին հանդես է գալիս կառուցապատող-իրացման գոտու բնակիչ հարաբերություններում` հօգուտ առաջինի պետական լծակներով երկրորդից զավթելով նրա սեփականությունը, խախտելով այլ իրավունքներն ու շահերը: Նման վեճերի ժամանակ քաղաքապետարանը կարող է լավագույն դեպքում հանդես գալ իբրեւ փոխընդունելի լուծումներ առաջարկող միջնորդ եւ հաշտարար՝ նախեւառաջ պաշտպանելով օրենքի տառն ու ոգին, ինչպես նաեւ համայնքի շահերը:
  • Ելնելով հեռանկարային գլխավոր հատակագծի գոտեվորումից (20 տարվա կտրվածքով), որդեգրել Երեւանի համաչափ զարգացման քաղաքականություն:
  • Խրախուսել երիտասարդ կամ բարելավման խիստ կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը միտված սոցիալական ուղղվածության բիզնես-ծրագրերը:
  • Երեւանի շենք-շինությունների եւ մայթերի կառուցապատումը հարմարեցնել հաշմանդամների` դրանցից օգտվելու սահմանափակ հնարավորություններին:
  • Ներդնել պարտադիր ջերմախնայող կառուցապատման ծրագիր՝ կիրառելով թե՛ օրենքի ուժը, թե՛ խրախուսման մեխանիզմները: Սեփական վառելանյութի պաշարամիջոցներ չունեցող Հայաստանի համար նման կառուցապատումը ռազմավարական նշանակություն ունի, ինչը հնարավորություն կտա նվազեցնել ջեռուցման ծախսերը մինչեւ 30%:
  • Կառավարության կամ Ազգային ժողովի պատգամավորների միջոցով օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել հատկապես վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում` քաղաքաշինության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասով, Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման առանձնահատկությունների մասին օրենքներում` քաղաքաշինական նորմերի, պետական մարմինների միջեւ լիազորությունների ավելի հստակ բաժանման, առավել խիստ շինարարական նորմերի (ներառյալ շինհրապարակի ծառերի ու կանաչ տարածքի պաշտպանության ոլորտը) սահմանման, շինարարության կամ կառուցապատման ժամանակ դրանց պահպանման վերաբերյալ:
  • Սահմանել բոլորի համար հավասար ու հստակ նորմեր՝ բազմաբնակարան շենքերի տանիքների սեփականաշնորհման եւ դրանց վրա մանսարդների կառուցման հարցում, մեկ քառակուսի մետրը 20.000-50.000 դրամ հաշվարկով (տարբերությունը՝ ըստ գոտիականության, նախապատվությունը տալով վերջին հարկի բնակարանների սեփականատերերին), որի արդյունքում` մի կողմից կիրականացվի շենքերի ամրացում հատուկ տիպային կառուցվածքներ պարունակող մանսարդների միջոցով, մյուս կողմից` 4 տարվա կտրվածքով առնվազն 30 մլրդ դրամի (ավելի քան 70 մլն դոլարի) չափով գումար կմտնի քաղաքային բյուջե, այլ ոչ թե կաշառքներով տրված թույլտվությունների միջոցով կհոսի քաղաքապետարանի պաշտոնյաների գրպանները կամ անհասկանալի նպատակների ծառայող հատուկ արտաբյուջետային ոչ թափանցիկ գործող հիմնադրամներ:
  • Քաղաքամայր Երեւանը համայն հայության ուշադրության կիզակետում է: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի այստեղ ամենայն խստությամբ գործի Լեզվի մասին օրենքը, չաղարտվի մեր ոսկեղենիկ հայերենը, բացառվի անհարկի ու անճաշակ գովազդային վահանակների, ցուցափեղկերի առկայությունը:
  • Խիստ չափորոշիչներ սահմանել «Հին Երեւան» նախագծի նկատմամբ՝ Երեւանի հին ու բարի ճարտարապետական տեսքն առավելագույնս պահպանելու նպատակով:

Ոչ մի անօթեւան ընտանիք եւ 70.000 նոր աշխատատեղեր Երեւանում

  • Քաղաքապետարանը եւ անձամբ քաղաքապետը կոչված են անմիջականորեն զբաղվելու Հայաստանի քաղաքացիների ու արտասահմանցիների կողմից Երեւանում խոշոր ներդրումների ներգրավման գործով: Միաժամանակ հարկավոր է պայմաններ ստեղծել զանազան քաղաքաշինական ծրագրերին փոքր ներդրողների մասնակցության համար՝ ապահովելով որոշակի երաշխիքային շեմ:
  • Քաղաքապետարանն առաջիկա տարիներին պետք է խթանի սոցիալական շինարարությունը, ամեն ինչ անի, որպեսզի պակաս եկամուտ ունեցող ընտանիքները կարողանան նվազագույն տոկոսադրույքներով հիպոթեքային վարկեր ստանալ առեւտրային բանկերից՝ քաղաքապետարանի իրականացրած սոցիալական շինարարության ծրագրերից օգտվելու համար:
  • Քաղաքապետարանը պետք դասակարգի սոցիալապես խոցելի խմբերին եւ իր միջոցներից նրանց, ըստ խոցելիության խմբի, աստիճանաբար առաջիկա հինգ տարիներին ապահովի սեփական տանիքով:
  • Սոցիալական շինարարության կազմակերպումը խթան կհաղորդի նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:
  • Քաղաքապետարանը Երեւանի վարչական տարածքում գտնվող նախկին արդյունաբերական ձեռնարկությունների ուսումնասիրություն կիրականացնի: Տարբեր գնահատականների համաձայն՝ դրանց թիվն անցնում է հարյուրից, որոնց առնվազն 70 տոկոսի վերագործարկումը մենք իրատեսական ենք համարում: Հետեւաբար՝ քաղաքապետարանն այդ նպատակով կարող է բանակցություններ սկսել վերագործարկման ենթակա ձեռնարկությունների սեփականատերերի հետ՝ ամենափոքր հնարավորության դեպքում օժանադակելու շարք վերադարձնել նախկին շատ գործարաններ:Մոտավոր հաշվարկներով՝ վերագործարկման ծրագրերի անթերի իրականացման շնորհիվ կստեղծվեն շուրջ 70 հազար նոր աշխատատեղեր:
  • Կկառուցվեն բավարար թվով հանրային կացարաններ՝ ժամանակավորապես անտուն դարձած կամ փողոցում հայտնված մարդկանց օթեւան տալու համար: Զուգահեռաբար կացարանների կառուցման (տրամադրման) աշխատանքները կֆինանսավորվեն նաեւ Հայաստանի այն բնակավայրերում, որտեղից մայրաքաղաք են եկել այդ անձինք: Երեւանում անտուն մարդ չպետք է լինի:

Մարդավայել կոմունալ սպասարկում եւ որակյալ հանրային ծառայություններնվաստացուցիչկենսապայմանների փոխարեն

Երեւան քաղաքում բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակն անբավարար է գնահատվում, կոմունալ տնտեսությունը եւ նրա ենթակառուցվածքները խորհրդային ու նախախորհրդային ժամանակաշրջանից են՝ չնչին բացառություններով հիմնականում հնացած, չթարմացված եւ վթարային: Վատթար վիճակում է հատկապես վերելակային տնտեսությունը:

Թե´ քաղաքային իշխանությունների, թե´ վարչական շրջանների ղեկավարության լիազորությունների իրականացումը թվարկված ոլորտներում հեռու է բավարար լինելուց: Դրան գումարվել են համատիրությունների գրեթե օրինաչափ դարձած անգործությունը (որոշ բացառություններ չհաշված), բազմաբնակարան շենքերի, սեփական տներով թաղամասերի բնակիչների անհատական անկարողությունը, անտարբերությունը, սոցիալական համերաշխության պակասը, եւ պատկերն ամբողջացել է՝ մաշված ու հաճախակի խցանվող կոյուղագծեր, չաշխատող կամ վթարային վերելակներ, չվերանորոգված եւ վթարված տանիքներ, անբարեկարգ շքամուտքեր, որոնց դեմ-հանդիման միայնակ են մնում հատկապես այն բնակիչները, ում բնակարանը վթարի առաջին թիրախն է: Խնդիրները չեն լուծվել, կամ լուծվել են չնչին մասով, կոսմետիկ եղանակով, եւ բազմաբնակարան շենքերի պահպանության հարցը դարձյալ բաց է մնում:

Համատիրություններն իրենց առաջնային պարտականություններով զբաղվելու փոխարեն, որպես կանոն, կրել են ձեւական բնույթ կամ բնակչության շրջանում իրականացրել ընդամենը բարեխիղճ հարկահավաքի գործառույթ: Իսկ ճնշող մեծամասնությամբ իշխող կուսակցության համար կատարում էին կուսակցության տարածքային ստորաբաժանման դեր` ընտրությունների ժամանակ բնակիչներից քվեներ կորզելու առաքելությամբ: Դրան մեծապես նպաստում էր այն հանգամանքը, որ համատիրությունների ղեկավարներից շատերին ոչ թե բնակիչներն էին ընտրում, այլ նշանակում էր վարչական շրջանի ղեկավարությունը:

Երեւանցիներին մատուցվող հանրային ծառայությունների որակը նույնպես անմխիթարական է: Հատկապես անբավարար է գործում ջրամատակարարման-ջրահեռացման համակարգը, որի կառավարումը հանձնված է «Երեւան ջուր»-ը տնօրինող արտասահմանյան մասնավոր մի ընկերության: 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու մասին պայմանագրային պարտավորությունը շահառուներից շատերի պարագայում ամբողջությամբ չի կատարվում` էլ չասած կենսականորեն կարեւոր այդ հեղուկի նկատմամբ թույլ վերահսկողության եւ դրա անբավարար որակի մասին:

Աղբահանությունը, որի կառավարումը եւս մասնավորի ձեռքում է, քաղաքի մի շարք վարչական շրջաններում իրականացվում է ժամանակի պահանջներին չպատշաճող ձեւով, ինչը ժամանակ առ ժամանակ վարակների ու գարշահոտության պատճառ է դառնում, առաջ բերում մայրաքաղաքի մաքրության եւ սանիտարահիգիենիկ վիճակի հետ կապված այլ խնդիրներ: Մինչդեռ մեր քաղաքացիները պարտաճանաչորեն մուծում են պահանջվող գումարը, որն, ի դեպ, բավական մեծ է:

Նույն իրավիճակն է ձմռանը ձնամաքրման աշխատանքների ժամանակ, երբ ամեն աշնան հայտարարվում է, թե քաղաքային իշխանությունը կազմ ու պատրաստ է ձնահեռացման աշխատանքներին, սակայն յուրաքանչյուր ձմեռ անպատրաստ վիճակում է հայտնվում «անսպասելի եղանակի» պատճառով, իսկ հաջորդող գարնանը «զեկուցում», թե բավարար չափով կատարել է ճանապարհների ու մայթերի ձնամաքրման աշխատանքները: Հարկ է նշել, որ ներկայիս ու նախորդող բոլոր քաղաքային-թաղային իշխանությունները ուշացումով, բազմաթիվ ավտովթարներից ու կոտրվածքներից հետո են միայն մաքրել կենտրոնական, բայց ոչ երկրորդական կամ ներթաղային փողոցները: Իսկ բակերի մուտքերի մասին խոսելն ավելորդ է:

Երեւանի՝ որպես հանրապետությունում ամենից մեծաքանակ աղբ գոյացնող համայնքի, աղբահանության անբարվոք վիճակի պատճառները տարբեր են: Անարդյունավետ կառավարումից, փողերի վատնումից (լվացումից) զատ` կա նաեւ տարիներով չլուծված եւ հանրության համար այդպես էլ առեղծված մնացած մի հարց` ինչո՞ւ չթույլատրվեց հիմնել միջազգային տարբեր ծրագրերով նախատեսված` աղբի վերամշակման գործարան, որի պատասխանատուները պատրաստ կլինեին ոչ միայն վերամշակել աղբն ու դրանից գոյացող թունավոր արտանետումները, այլեւ վճարել մատակարարվող աղբի դիմաց: Այս հանցավոր անգործությունը դառնալու է քաղաքային նոր իշխանությունների հատուկ ուսումնասիրության առարկան:

Քիչ չեն նաեւ «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից մատակարարվող գազի որակի վերաբերյալ երեւանցիների դժգոհությունները: Պետական ոչ մի ատյան, այդ թվում Երեւանի քաղաքապետարանը, անգամ իր բնակչի համար պարզաբանում չի խնդրել, թե գազի սպառման դիմաց վարձավճարից բացի, ինչու են սպառողներից գանձվում սպասարկման վճարներ (այլ ծառայություններից օգտվելու դիմաց, որպես կանոն, ներառում են նաեւ սպասարկման վճարը):

Եվ, ընդհանրապես, ո´չ Երեւանի քաղաքային իշխանությունները, ո´չ վարչական շրջանների ղեկավարությունը, ո´չ էլ համատիրությունները երբեւէ չեն պաշտպանել բնակչի շահերը հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության առջեւ կամ, ասենք, դատարանում, թեպետ օրենքով պարտավոր են դա անել: Երբեւէ չեն պարտադրել այդ ծառայությունները մատուցող ընկերություններին, որպեսզի նրանք բարեխղճորեն կատարեն իրենց պայմանագրային հանձնառությունները:

Նշված ոլորտներում «Ժառանգություն» կուսակցության գերակայություններն ու սկզբունքներն են`

  • Երեւանցին պետք է 24-ժամյա ռեժիմով ապահովված լինի որակյալ եւ անխափան ջրամատակարարմամբ, ջրահեռացմամբ, գազամատակարարմամբ ու էլեկտրամատակարարմամբ, ինչպես պարտավորվել են նշված ծառայություններ մատուցող ընկերությունները:
  • Քաղաքի կենտրոնում աղբահանությունը պետք է իրականացվի այնպիսի հաճախականությամբ, որ ոչ մի խնդիր չառաջացնի քաղաքացիների համար:
  • Ձմռանը ձնամաքրման աշխատանքները պետք է կատարվեն անհապաղ, ոչ միայն կենտրոնական, այլեւ ներթաղային փողոցներում:
  • Որքան էլ խրախուսվեն բազմաբնակարան շենքերի բակերը, մայթերը ձյունից մաքրելու կամ ձյունն ավլելու` համայնքի բնակիչների աշխատանքները, այդուհանդերձ, պետք է հաշվի առնել, որ դրանք Երեւանի վարչական շրջանների ղեկավարության պարտականությունների ծիրում են եւ ենթակա են նրանց կողմից անվերապահ կատարման:
  • Հասնել նրան, որ առաջիկա 4 տարվա ընթացքում բոլոր բարձրահարկ բազմաբնակարան շենքերում վերելակները լինեն անվտանգ, վթարայինները` փոխարինված ու նորոգված: Տվյալ ծրագրի շրջանակում կարելի է նաեւ կառավարության հետ համատեղ քայլեր ձեռնարկել վերելակների սեփական արտադրություն ստեղծելու համար:
  • Առաջանցիկ տեմպերով ձեռնամուխ լինել կենտրոնացված ջեռուցման վերականգնման գործին՝ գազային կաթսայատների վերագործարկման/հիմնման միջոցով, ինչը կապահովվի բնակիչների կողմից ջեռուցման վրա ծախսվող գումարի 30%-ի չափով:
  • Առաջնահերթ լուծումներ փնտրել եւ միջոցներ հայթայթել շենքերի` անհապաղ կարգավորման ենթակա տանիքները վերանորոգելու համար:
  • Հետեւել ու պահանջել, որ երեւանցուն հանրային ծառայություն մատուցող ընկերությունները բարեխղճորեն կատարեն համապատասխան ոլորտներում իրենց ներդրումային, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման պարտավորությունները («Երեւան ջուր», «ՀայՌուսգազարդ», աղբահանություն եւ ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններ):
  • Վերականգնել ոռոգման ջրատար խողովակների ցանցը, որի շնորհիվ բնակիչները կդադարեն ոռոգման նպատակներով օգտագործել խմելու ջուրը, ինչը մեծապես կնպաստի շուրջօրյա ջրամատակարարման ապահովմանը:
  • Հավասարապես բարձրացնել քաղաքային իշխանության ու նրա վարչական ներկայացուցչությունների պատասխանատվությունը կենտրոնական կառավարության կողմից երեւանցուն մատուցվող ծառայությունների համար` ապահովելով օրինականությունը եւ բացառելով կոռուպցիան, դրամաշորթությունը, դրամահավաքը, հատկապես քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող առողջապահական, կրթական ու նախակրթական հաստատություններում եւ այլ բաժիններում:
  • Նախադեպեր ստեղծել եւ անձամբ քաղաքացու անունից հանդես գալ ծառայություններ մատուցող ընկերությունների առջեւ կամ նրանց դեմ` դատարանում, այդ թվում` պարտավորությունները խախտած ընկերությանը կամ կազմակերպությանը զրկելով ծառայություն մատուցելու իրավունքից կամ պատկան մարմինների առջեւ հանդես գալ դրանից զրկելու միջնորդությամբ:
  • Պարտադրել հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին՝ ապահովելու շուրջօրյա սպասարկում, հատկապես գիշերային, ոչ աշխատանքային ժամերին ու հանգստյան օրերին՝ արագ արձագանքման, ջրագծի, կոյուղագծի վթարի, խցանման վերացման համար:
  • Հասնել Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի ու թաղամասերի կոմունալ տնտեսության ենթակառուցվածքների (վերելակներ, տանիքների ամրացում, ջրագծերի, կոյուղագծերի փոխարինում) նորացմանը՝ աստիճանական եւ շոշափելի ծավալներով:
  • Ապահովել բոլոր բակային տարածքների լուսավորությունը:
  • Ապահովել հանրային ծառայություններ մատուցելու համար անցկացվող մրցույթների թափանցիկությունն ու արդարությունը, հետեւապես՝ դրանց նկատմամբ թե՛ մրցույթներին մասնակցող շահագրգիռ մասնավոր կազմակերպությունների եւ թե՛ երեւանցու վստահությունը: Ծառայության անհամեմատ բարձր որակը եւ խելամիտ գինը կլինեն նման թափանցիկության ապացույցը:
  • Գործուն քայլեր ձեռնարկել միջազգային կամ տեղական շահագրգիռ ընկերությունների կողմից աղբի վերամշակման գործարան կառուցելու եւ ստացված եկամուտների հաշվին աղբահանության ծառայության որակը բարձրացնելու նպատակով:
  • Նորագույն բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ արբանյակային ալեհավաքների ցանցի միջոցով Երեւան քաղաքն ապահովել մատչելի եւ որակյալ անվճար Wi-Fi համակարգչային կապով:
  • Հանրությանը պարբերաբար հաշվետվություն ներկայացնել հանրային ծառայությունների, կոմունալ տնտեսության ոլորտում կատարված եւ ծրագրված աշխատանքների, իրականացված ծախսերի վերաբերյալ:

Բարեկարգլուսավոր փողոցներբակեր եւ բարձրակարգ ասֆալտապատ ճանապարհներ

Տարիների ընթացքում անշուք վիճակում հայտնված բազմաթիվ փողոցներից, բակերից մի քանիսի ցուցադրական բարեկարգումն ավելի շատ խաբկանք կամ ժողովրդին նետված փշրանք է` թաքցնելու համար ամենամյա անգործությունը, պետական միջոցների վատնումն ու յուրացումը:

Փողոցների ու բակերի ասֆալտապատումը նույնպես Երեւանում եղել եւ մնում է «փողերի լվացման» լավագույն հնարքը: Նույն փողոցի բազմակի ասֆալտապատումը կամ կարճ ժամանակահատվածում նոր ասֆալտապատված փողոցների` շարքից դուրս գալը, պարբերաբար իրականացվող «կարկատանները» դրա բազմախոսուն ապացույցն են:

Ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկության կանոնների խախտումների մի մասը պայմանավորված է անբարեկարգ փողոցների իրողությամբ, այնինչ պետական ու քաղաքային իշխանությունների պաշտոնեական թերացումների համար տուգանքը վճարում է վարորդը:

Այս բնագավառում «Ժառանգություն» կուսակցության հետապնդած նպատակներն են`

  • Ապահովել, որպեսզի 4 տարվա ընթացքում Երեւանի անխտիր բոլոր բակերը, ներթաղային ճանապարհները լինեն բարեկարգ եւ ասֆալտապատ,
  • ասֆալտապատում իրականացնող ընկերությունների ընտրության համար հայտարարվող մրցույթները լինեն բաց, թափանցիկ եւ զերծ կոռուպցիոն դրսեւորումներից:
  • Պահպանել ճանապարհների վերանորոգման որակական նորմերի շեմը եւ կառուցապատման խստիվ վերահսկողությունը (կոռուպցիայի բացառումը), ինչի արդյունքում նույն գումարների ծախսմամբ շահագործված ասֆալտը կծառայի մինչեւ 15 տարի: Ներդնել քաղաքային իշխանությունների ու հանրության կողմից որակի կառավարման եւ վերահսկման լրջագույն մեխանիզմներ:
  • Հիմնանորոգել Մասիս-Բալահովիտ-Երեւանը շրջանցող ավտոճանապարհը, որը թույլ կտա Արարատյան դաշտից` շրջանցելով Երեւանը, դուրս գալ Սեւանի մայրուղի: Այդկերպ հնարավոր կլինի ոչ միայն նվազեցնել երեւանյան խցանումները, այլեւ դեպի երկրի Հյուսիս-Արեւելք ուղեւորափոխադրումները կազմակերպել այլընտրանքային ճանապարհով:
  • Վերագործարկել հայտնի ճոպանուղին, որը հին Երեւանի խորհրդանիշներից էր: Միջազգային ամենավերջին չափորոշիչներին համահունչ հիմնանորոգելուց հետո այն կդառնա «ժպտացող Երեւանի» նոր խորհրդանիշներից մեկը:
  • Ասֆալտի որակը պահպանելու, ինչպես նաեւ փողոցների երթեւեկությունը բեռնաթափելու եւ երթեւեկն ազատ դարձնելու նպատակով արգելել մեծատոննաժ մեքենաների մուտքը քաղաք կամ այն թույլատրել բացառապես գիշերային ժամերին:
  • Կարգավորման եւ լոգիստիկայի օպտիմալացման միջոցով բարձրացնել փողոցների թողունակությունը:
  • Ապահովել հետիոտնի անցման հարմարավետությունն ու անվտանգությունը` մայթերի նախանշված լայնությունը սահմանափակող օբյեկտները ոչ հետիոտնային գոտիներ տեղափոխելու միջոցով,
  • անխափան եւ անընդհատ լուսավորությունը բոլոր փողոցների, այլ ոչ միայն կենտրոնականների համար` ընդ որում ներդնելով լուսավորության պակաս էներգատար համակարգեր, որոնք կհամապատասխանեն անվտանգության չափանիշներին:
  • Չորս տարվա ընթացքում ավարտին հասցնել բոլոր փողոցների եւ խաչմերուկների համար էլեկտրոնային լուսատախտակներով լուսասարքերի տեղադրումը` քաղաքացիների շրջանում խրախուսելով փողոցը սահմանված վայրերով անցնելու մշակույթը:
  • Բարեկարգել առկա գետնանցումները, անընդհատ հոգ տանել դրանց մաքրության, լուսավորության համար:

Հարմարավետմատչելի հասարակական տրանսպորտ 

Քաղաքային ուղեւորափոխադրումները բացահայտ վերածվել են մի քանի անձանց ու պաշտոնյաների բիզնեսի, այն էլ` երեւանցու արժանապատվությունը նսեմացնող եղանակներով: Երեւանցին դիտարկվում է ոչ թե որպես սպասարկման ու ծառայության պահանջատեր, այլ՝ եկամտի աղբյուր սոսկ գծատերերի համար, որոնք ոչ մի պարտավորություն չեն զգում ու պատասխանատվություն չեն կրում ծառայության որակի համար, եւ անպատժելի են:

Միկրոավտոբուսների մայրաքաղաքային երթուղային գծերը գերազանցապես պատկանում են իշխանության ներկայացուցիչներին, նրանց մերձավորներին: Երթուղիների համար անցկացված մրցույթների ելքը միշտ կանխորոշված է եղել` շահել են բացառապես «յուրայինները»:

Տարիների ընթացքում ներկրվել ու երթեւեկի մեջ են մտցվել մի քանի տասնյակ ավտոբուսներ` հանրությանը ցույց տալու համար, թե քաղաքային իշխանություններն իրականացնում են միկրոավտոբուսներից դեպի հարմարավետ ավտոբուսների անցման գործընթաց:

Հետեւողականորեն ոչնչացվել է տրամվայների ցանցը, տրոլեյբուսներինը հազիվ գոյություն է քարշ տալիս: Խորհրդային ժամանակաշրջանից անավարտ կամ կիսակառույց մետրոպոլիտենի եւ ոչ մի կայարան շահագործման չի հանձնվել: Սա, թերեւս, ոչ թե ուղեւորափոխադրումների նկատմամբ քաղաքային իշխանությունների անտարբերություն է նշանակում, այլ գործընթացը կարգավորելու մեջ անձնական շահագրգռվածություն չունենալու ապացույց:

Անարդյունավետ եւ հաճախ օրենքի խախտումներով են գործարկվել կարմիր գծերն ու արագաչափերը:

Տվյալ ոլորտում «Ժառանգություն» կուսակցության քաղաքականությունն ուղղված է լինելու նախեւառաջ.

  • Երեւան քաղաքում հասարակական տրանսպորտի ամբողջական պատկանելությանը բաժնետիրական մեկ օպերատորի, ինչպես նշել ենք ավելի վաղ եւ ինչպես առաջարկել է միջազգային փորձագետը: Ընդ որում` բաժնեմասերի մեծամասնությունը կամ ամբողջը քաղաքապետարանին պատկանելու պայմանով,
  • էլեկտրատրանսպորտի աննախընթաց զարգացմանը` մասնավորապես առաջիկա 4 տարիների ընթացքում մետրոպոլիտենի մինչև 3 (հաստատապես նվազագույնը 1) նոր կայարանների բացմամբ եւ գործող 3 կայարանների համար նոր մուտքերի կառուցմամբ` այդ թվում դիտելով վերգետնյա մետրոյի հնարավորությունը,
  • չորս տարվա ընթացքում վերգետնյա հասարակական տրանսպորտային ուղեւորափոխադրումների կազմակերպմանը` հարմարավետ եւ նոր էլեկտրաավտոբուսների միջոցով,
  • Միկրոավտոբուսների քանակի էական նվազեցմանը` դրանք հիմնականում նախատեսելով կենտրոնում մետրոյի կայարանների միջեւ ուղեւորներին փոխադրելու համար,
  • քաղաքի ծայրամասերի ուղեւորներին ավելի մեծ հաճախությամբ եւ ավելի ցածր սակագնով մետրոյի մոտակա կանգառ հասցնելու հրամայականին,
  • հասարակական տրանսպորտը հաշմանդամների եւ բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու ծրագրի իրականացմանը,
  • տրանսպորտի բոլոր կանգառների վերափոխմանն այն հաշվով, որպեսզի կուտակումներ եւ խցանումներ չլինեն,
  • չորս տարվա ընթացքում մայրաքաղաքում հանրային տրանսպորտի էլեկտրոնային չվացուցակների համակարգի ներդրմանը եւ այդպիսի վահանակների տեղադրմանը բոլոր կանգառներում: Համատարած Wi-Fi ունենալու պարագայում քաղաքացիները կարող են հետեւել յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի չվացուցակին,
  • տրանսպորտի բնագավառում բացառապես մասնագետ-վարորդների՝ աշխատանքի ընդումանը, նրանց համար արժանապատիվ աշխատավարձի նշանակմանն ու կարգին աշխատապայմանների ստեղծմանը,
  • սոցիալապես անապահով խավերի համար անվճար ուղեւորափոխադրման հնարավորության ապահովմանը,
  • կարմիր գծերին եւ արագաչափերին վերաբերող պայմանագրերի վերանայմանը, տուգանքների չափերի նվազեցմանը, դրանցում դեպի Երեւան քաղաքի բյուջե ուղղվող մասնաբաժնի ավելացմանը:

Բարենպաստ գործարար միջավայր ոչ միայն խոշոր, այլ նաեւ փոքր ու միջին բիզնեսի համար

Երեւանում անբավարար ուշադրություն է դարձվում գիտության զարգացմանը եւ դրա հենքով բարձր տեխնոլոգիական, այդ թվում՝ տեղեկատվական արտադրությունների հիմնադրման համար նպաստավոր պայմանների եւ ենթակառուցվածքների ձեւավորմանը:

Վերջին տարիներին մայրաքաղաքում նաեւ նկատելի է խոշոր բիզնեսի ծավալում մանր ու միջին բիզնեսի շուկայի հաշվին, որն ընթանում էր քաղաքային իշխանությունների եւ գործադիր իշխանության հովանավորչությամբ: Դրա հետեւանքով տարիներ ի վեր գործունեություն իրականացրած բազմաթիվ ձեռնարկատերեր հայտնվում էին սնանկացման ու ամեն ինչ կորցնելու վտանգի առջեւ: Տարբեր տարիների քաղաքային իշխանությունները, որքան էլ հարել են նույն կուսակցությանը, պարտադրել են տարբեր պահանջներ, եւ հաջորդող քաղաքապետերը շատ հաճախ չեն ճանաչել նախորդների առաջադրած ու բավարարված պայմանները: Արդյունքում տուժել են առեւտրով, սպասարկմամբ ու բիզնեսով զբաղվող ձեռներեցները:

Այս բնագավառում «Ժառանգություն» կուսակցությունը պարտավորվում է`

  • սահմանել հստակ կանոններ բոլորի համար ու հավատարիմ մնալ դրանց` չդիմելով անկանխատեսելի ու չհայտարարված փոփոխությունների, որոնք անսպասելի կլինեն գործարար միջավայրի համար,
  • նպաստել գիտության զարգացմանը եւ դրա հենքով բարձր տեխնոլոգիական` այդ թվում տեղեկատվական արտադրությունների հիմնադրման համար նպաստավոր պայմանների եւ ենթակառուցվածքների ձեւավորմանը. Երեւանը կարող է եւ պետք է դառնա նոր Սիլիկոնային հովիտ,
  • սահմանել սուպերմարկետների առավելագույն քանակություն, որ կարող է գոյություն ունենալ տվյալ տարածքում` դրանով իսկ կլանումից ու շուկայից դուրս հայտնվելու վտանգից պաշտպանված դարձնելով նաեւ փոքր ու միջին խանութներին,
  • խիստ վերահսկողություն իրականացնել բնակելի հատվածներում սննդի ու գիշերային օբյեկտների բարձրահունչ երաժշտության եւ աղմուկի թույլատրելի մակարդակի նկատմամբ, խախտումների համար խստացնել պատասխանատվությունը՝ սահմանված տուգանքների չափի ավելացմամբ,
  • հիպերմարկետները կառուցել բացառապես քաղաքի ծայրամասային ազատ գոտիներում եւ քաղաքամերձ հատվածներում՝ մեծ կենտրոնը բեռնաթափելով գերխոշոր կառույցներից,
  • նախատեսել սուպերմարկետների աշխատանքի այնպիսի ժամանակացույց, որը տվյալ տարածքի առեւտրային փոքր կետերին հնարավորություն կտա դիմանալ մրցակցությանը,
  • տոնավաճառներ կազմակերպելու համար հանրային տարածքները տրամադրել ոչ թե ենթավարձակալներին, որոնք եկամուտներ կստանան դրանից, իսկ համայնքի եկամուտը կլինի չնչին, այլ ուղղակի քաղաքապետարանին,
  • հստակ, օրենսդրորեն կանոնակարգել բացօթյա առեւտուրը` շարժական ու միատեսակ սեղանիկների միջոցով, ինչպես նաեւ այն իրականացնողների վրա դնել տարածքի հիգիենիկ մաքրության պահպանման պարտավորությունը,
  • որպես յուրահատուկ հարկային համաներում՝ համագործակցելով ՀՀ կառավարության եւ ՀՀ Ազգային ժողովի հետ, հասնել Գույքահարկի մասին ՀՀ օրենքում անհրաժեշտ օրենսդրական փոփոխության, սահմանել Երեւանի համար հատուկ քաղաքային հավելյալ գույքահարկ 400 մլն դրամ կադաստրային արժեքը գերազանցող սեփականության վրա՝ դրա կադաստրային  արժեքի 1%-ի չափով, իսկ 800 միլիոն դրամ կադաստրային արժեքը գերազանցող սեփականության վրա՝ դրա կադաստրային  արժեքի 2%-ի չափով՝ այդ գումարներն ամբողջությամբ ուղղելով քաղաքային բյուջե:

Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 3-րդ հոդված, կետ 1-ին):

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 3-րդ հոդված, կետ 2-րդ):

Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 3-րդ հոդված, կետ 3-րդ):