HY RU EN

Սեդա Ղուկասյան

Ա. Աշոտյան. «Ձայնագրությունը հաստատեց օդում կախված այն լուրերը, որ դատական համակարգը քաղաքականացված է, ու այն ուղղորդում է անձամբ վարչապետը»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադարձավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցությունը գաղտնալսելու դեպքին:

«Փաստորեն ձայնագրությունը հաստատեց օդում կախված այն լուրերը, որ դատական համակարգը քաղաքականացված է ու կատարում է քաղաքական պատվեր, ու այն ուղղորդում է վարչապետն անձամբ»,- ասաց Աշոտյանը:

ՀՀԿ պատգամավորի համար զարմանալի է ՀՔԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ համատեղ ասուլիսում հայտարարված այն հայտարարությանը, որ իրենց խոսակցությունը մասնավոր զրույց է եղել:

«Էն, որ դատավորներին զանգում են ու ասում են սրան-նրան ձերբակալեք, սրան-նրանը իմ խոսքերը չեն, ու դա ասվում է` մասնավոր զրույց է, էստեղ ՀԱԿ-ի ասած՝ ռեժիմը խուճապի մեջ է»,- ասաց նա:

«Կամ փորձում են սենսացիաներ բարձրաձայնել, անգամ եթե Քենեդու սպանող անունը տրվեր, չի ստացվելու թեմայից շեղել, այլ հարց է նաև որքանով է նախաքննության գաղտնիքը խախտվել»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ վարչապետը դարձել է կոռուպցիայի դրոշակակիրը ու քավորը: ըստ Աշոտյանի՝ գործող իշխանությունները ցանկացած գործողություն հիմնավորում են որպես կոռուպցիայի դեմ պայքար:

«Ասում ենք՝ Մոսկվայի հետ հարաբերությունները լավ չեն, ասում եք՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում ենք՝ ներդրումները նվազել են, ասում են՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում ենք Սևանի հետ կապված խնդիր կա, ասում են՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում»,- թվարկեց Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը կոչ արեց բոլոր խմբակցություններին օգտվել Սահմանադրության ընձեռած հնարավարությունից և հրավիրել հրատապ քննակում այս թեմայով, ձևավորել քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի ամեն ինչ՝ գաղտնալսման բացահայտումից սկսած` մինչ վարչապետի միջամտությունը իրավական գործընթացներին: