HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Երեւանի գլխավոր հատակագիծը՝ հնացած փաստաթուղթ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրում ավելի շատ շեշտադրումն է արված մայրաքաղաքի Փոքր Կենտրոնի վրա։ Ոմանց կարծիքով կենտրոնում պետք է առհասարակ արգելվի շինարարությունը, եւ Երեւանի գլխավոր հատակագիծը պետք է լինի ամենակարեւոր փաստաթուղթը, մեկ այլ քաղաքական ուժի ներկայացուցչի կարծիքով էլ այն հնացած գործիք է։ Որոշ դեպքերում էլ տեսլականները կրկնվում են կամ պարունակում նույնօրինակ լուծումներ։

«Երեւանի հանրություն» դաշինքի ներկայացուցիչ Արմինե Ղազարյանը համարում է, որ Երեւանի կառուցապատման խնդրի լուծման երկու ուղություն կա։ Առաջինն այն է, որ Երեւանի կենտրոնում չպետք է թույլտվություն տրվի շինարարություն իրականացնելու համար։ Մյուս կողմից էլ, քաղաքն ունի գլխավոր հատակագիծ, որը պետք է դասվի առաջին տեղում եւ դրանից ավելի կարեւոր փաստաթուղթ չպետք է լինի։

Գլխավոր հատակագծին հետեւելուն կողմ չեն «Իմ քայլը» դաշինքում։ Դաշինքի ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը կարծում է, որ Երեւանի գլխավոր հատակագիծը որպես փաստաթուղթ բավական հնացած գործիք է եւ չի արտացոլում բոլոր խնդիրները։ Դաշինքն առաջարկում է անցնել զոնինգի գաղափարին, երբ քաղաքի յուրաքանչյուր հատված կունենա իր սահմանափակումները եւ հնարավորությունները, որպեսզի ներդրողները հեշտությամբ հասկանան՝ որ հատվածում ինչ կարելի է անել։

«Չենք կարող կենտրոնում ընդհանրապես արգելել շինարարությունը, բայց պետք է հասկանալ, որ կենտրոնում բազմահարկ շենքեր կառուցելու տեղ ու հնարավորություն չկա։ Պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք հանրային տարածքներին եւ մշակութային օբյեկտներին, դրանք պետք է պահպանվեն։ Եթե ուզում ենք, որ մեր քաղաքը լինի գրագետ կառուցված եւ հարմար քաղաք, պետք է այդ ճանապարգով գնանք։ Որպեսզի հասկանանք, թե ինչ ենք անում այս քաղաքի հետ, ինչպիսի քաղաք ենք ուզում ունենալ, քաղաքի ընդհանուր զարգացման մարտավարության ծրագիր պետք է ունենանք»- ասում է Կարապետյանը։

Զոնինգի գաղափարին կողմնակից են նաեւ «Երկիր Ծիրանիում»։ Կուսակցության ներկայացուցիչ Մարիամ Խաչատրյանի խոսքով՝ Երեւանը քանդվեց, որովհետեւ օրենք չկա, իսկ ամեն քաղաք պետք է ունենա իր օրենքը, նորմատիվ կանոնակարգը։

«Քաղաքները զարգացման երկու սցենար ունեն՝ կամ ամբողջ քաղաքը քանդում են, նորն են կառուցում, կամ՝ պահպանում են, ավելացնելով զարգացնում։ Մենք որդեգրել ենք երկրորդ մոտեցումը՝ գնում ենք պահպանողական սկզբունքով, հիմնվելու ենք մշակութային ժառանգության պահպանման, դրանց հնարավոր վերականգնման վրա»,- ասաց Խաչատրյանը։

«Երկիր Ծիրանին» առաջարկում է բեռնափաթել Երեւանի կենտրոնը, տրանսպորտի ենթակառուցվածքներում փոփոխություններ կատարել, օգտագործել երկրորդական եւ երրորդական փողոցներ, որոնք մինչ այժմ չեն ներառվել տրանսպորտային շրջանառության մեջ։

«Լույս» դաշինը կենտրոնը բեռնաթափելու խնդիր նույնպես տեսնում է։ Երեւանի ավագանու անդամի թեկնածու Անի Սամսոնյանի խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ Երեւանում համայնքային համաչափ զարգացման կառավարումն արդյունավետ չի եղել։

ՀՅԴ անդամ Արգիշտի Գեւորգյանը կարեւոր է համարում Երեւանի կենտրոնում շինարարության խիստ սահմանափակումներ կիրառելը։ ՀՅԴ-ն ավոտկայանատեղիների պակասի լուծման նպատակով առաջարկում է ստորգետնյա եւ վերգետնյա ավտակայանատեղիների կառուցում։ Իսկ բազմաբնակարան շենքերի շինթույլտվությունների տրամադրումը ՀՅԴ-ն կարգելի գոնե որոշ ժամանակով։

«Հայք» կուսակցություն ներկայացուցիչ Հակոբ Սիմոնյանը հիշեցնում է՝ Երեւանի աղճատումը սկսվեց, երբ Ռոբերտ Քոչարյանը Ալբերտ Բազեյանին ասաց՝ նստել ես փողի վրա, փող ես ուզում։ Սիմոնյանի խոսքով, սրանով զարկ տրվեց քաղաքի կենտրոնի շինհրապարակ դառնալուն։ Հենց այդ պահից սկսած, ըստ Սիմոնյանի, մայրաքաղաքը դիտվեց ոչ որպես քաղաքաշինական միջավայր, այլ՝ բիզնես-կենտրոն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter