HY RU EN

Արաքս Մամուլյան

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների փաստաբանը ցանկանում է ստանձնել սպանված ոստիկանի հոր շահերի պաշտպանությունը

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի և Վարուժան Ավետիսյանի շահերը ներկայացնող փաստաբան Արայիկ Պապիկյանը ցանկանում է գնդում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր՝ Վահրամ Տեփանոսյանի շահերը ներկայացնել: Այս մասին այսօր պարզ դարձավ գնդի գրավման գործով դատական նիստի ընթացքում:

Նիստին այսօր ներկայացած Վահրամ Տեփանոսյանը ներգրավվեց որպես որդու իրավահաջորդ: Մինչ այդ, որպես Տեփանոսյանի իրավահաջորդ` ներգրավված էր նրա կինը: Վահրամ Տեփանոսյանը հայտնեց, թե ցանկանում է, որ իր շահերը ներկայացնի Արայիկ Պապիկյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը, ի պատասխան նշեց, որ Պապիկյանը ամբաստանյալների շահերն է ներկայացնում, և ըստ էության ամբաստանյալների և տուժողի շահերի միջև հակասություն կա: Նշենք, որ եթե երկու անձանց շահերը հակասում են, միևնույն անձը չի կարող ներկայացնել նրանց երկուսի շահերը:

Նման պայմաններում ամբաստանյալներ Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանը հայտարարեցին, որ տուժողի շահերը կարևորելով՝ հրաժարվում են Պապիկյանի պաշտպանությունից: Փաստաբանի՝ տուժողի իրավահաջորդի շահերը ստանձնելու հանգամանքին դեմ չարտահայտվեցին նաև մյուս ամբաստանյալներն ու վերջիններիս պաշտպանները:

Դատարանը, սակայն, որոշեց Պապիկյանին ազատել ամբաստանյալների շահերի պաշտպանությունից և չներգրավել որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Նախքան որոշումը, դատավոր Մակյանը Պապիկյանին զգուշացրեց, որ կարող է նման որոշում կայացնել՝ առաջարկելով հաշվի առնել այդ հանգամանքը, սակայն Պապիկյանը պնդեց դիրքորոշումը:

Պապիկյանին` որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ չներգրավելու որոշումը Մակյանը պարզաբանեց հետևյալ կերպ. պաշտպանական կողմը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել, և դրանց քննարկումների ժամանակ չի եղել դեպք, երբ Արայիկ Պապիկյանը պաշտպանական կողմի դիրքորոշումներին դեմ արտահայտվի՝ անկախ նրանից, թե այդ միջնորդություններն ում են վերաբերելիս եղել, ավելին, մշտապես լրացրել է այդ միջնորդությունները: 
Դատարանը, այս ամենը հաշվի առնելով, գտնում է, որ թեև Արայիկ Պապիկյանը չի ստանձնում Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվող անձի պաշտպանությունը` տուժողի իրավահաջորդի և ամբաստանյալների շահերի միջև առկա է հակասություն: 

Նշենք, որ այս պահին Արայիկ Պապիկյանը նիստերի դահլիճում չէ. նա, փաստացի, այս պահից գործում ներգրավված փաստաբան չի հանդիսանում: