HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ադրբեջանական զինուժը 10 օր շարունակ գնդակոծում է Բաղանիսը

Սեպտեմբերի 2-ից մինչեւ 11-ը, երեկոյան ժամերին ադրբեջանական կողմը խոշոր հրաձգային զենքերով գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս եւ Վազաշեն գյուղերը։ Թեեւ գնդակոծության դեպքերն արդեն տասն օր է շարունակվում են, հակառակորդի գնդակոծության մասին լուրերը տարածվեցին այսօր Վազաշենում տեղի ունեցած գնդակոծության տեսանյութի հրապարակումից հետո միայն։ Վազաշենում երեկ հնչել են գնդացրային կրակոցներ։

Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը «Հետք»-ին հայտնեց, որ գյուղում այս պահին նորմալ, աշխատանքային վիճակ է։ Վազաշենցիները խուճապի մեջ չեն, եւ ամենակարեւորը՝ մարդկային կամ նյութական որեւէ վնասներ չեն կրել։ 

Բադիրյանի խոսքով՝ կրակոցները շարունակվում են արդեն մի քանի օր, պարզապես երեկվա գնդակոծությունը բավական ուժեղ է եղել, երեխաները վախեցել են։ Թե չէ, մեծահասակները սովոր են։

«Զենքի կալիբրի խոշորացման դեպքում անհանգստանում ենք, մտածում՝ կարող ա մի բան կա։ Բայց դե, սովոր ենք»,- նշեց Վազաշենի գյուղապետը։ Հարցին, թե տներին փամփուշտներ դիպե՞լ են, Բադիրյանը պատասխանեց՝ այո, բայց դրան նույնպես սովոր ենք։

Կրակոցներին սովոր են նաեւ գնդակոծության ենթարկված մյուս համայնքում՝ Բաղանիսում, որտեղ նույնպես կրակոցներից տների պատեր են վնասվել։ Գյուղը սեպտեմբերի 11-ին, ժամը 22։35-ից 5-7 րոպե գնդակոծվել է, գյուղով անցնող միջպետական ճանապարհը՝ նույնպես։ Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 2-ից այս կողմ ադրբեջանական զինուժն ակտիվություն է ցուցաբերում՝ նույն հաճախականությամբ եւ նույն տեւողությամբ։ Գնդակոծությունը հիմնականում տեւում է 10 րոպեից մինչեւ կես ժամ։ Կոնկրետ երեկ ադրբեջանական կողմը խաղաղ բնակչության վրա կրակել է 12,7 մմ տրամաչափով ԴՇԿ տեսակի զենքով։  

«Էական վնասներ չունենք, գիշերը հանգիստ է անցել։ Դասապրոցեսը եւ մանկապարտեզի պարապմունքները չեն դադարեցվել։ Լարվածություն չկա»,- ասաց Նարեկ Սահակյանը։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված երեկոյան ժամերին կրակելը եւ ի՞նչ տրամադրություն ունեն համագյուղացիները, Սահակյանը պատասխանեց, որ փորձում են վախեցնել, վախի մթնոլորտ ստեղծել․ «Ցավոք սրտի, սովորել ենք։ Անհանգստություն, միանշանակ, կա, բայց՝ ոչ խուճապի մթնոլորտ։ Համենայն դեպս, զգոնությունը բարձր մակարդակի վրա ենք պահում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter