HY RU EN

Արաքս Մամուլյան

ՊՊԾ-ում եղած ոստիկանը մանրամասներ է պատմում գնդում «Սասնա ծռերի» հայտնվելու և դրան հաջորդած գործողությունների մասին

ՊՊԾ գնդի գրավան գործով դատական նիստին այսօր տուժող ոստիկան Տիգրան Դանիելյանը մանրամասներ պատմեց «Սասնա ծռերի»` գնդի տարածքում հայտնվելու և դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ:

Ոստիկանի խոսքով՝ 2016թ. հուլիսի 16–ի լույս 17-ի գիշերը ինքնաձիգով շրջելիս է եղել գնդի տարածքում, երբ ուժեղ ձայն է լսել: Քիչ հետո հասկացել է, որ գնդի տարածք զինված մարդիկ են մտել։

Երբ Դանիելյանն առաջացել է գնդի հերթապահ մասի կողմ, այնտեղից դուրս է վազել Խաչիկ Մուրադյանը` այսօր դատարանում ավելի վաղ ցուցմունք տված ոստիկանը, ով, ըստ գործի նյութերի, պատանդ է պահվել գնդում:

«Խաչիկն ասաց՝ Տիգրա՛ն, շուտ վազի՛ր, ավտոմատը բե՛ր։ Խաչիկի ձայնի մեջ վախ կար: Չհասցրի հասկանալ՝ ինչ է կատարվում, երբ երկու ինքնաձիգից կրակահերթ սկսվեց իմ ուղղությամբ: Կրակահերթի հետ գոռում էին՝ ավտոմատը գցի՛ր ու սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցնում»,-պատմեց Դանիելյանը:

Ըստ տուժողի` ինքը տեսել է, թե արձակված կրակոցների ընթացքում ինչպես է մի գնդակ գլխի վրայով անցնում:

«Զգացի, որ ուզում են խփեն, ինձ գցեցի ասֆալտի վրա, արդյունքում ուսս վնասեցի»,- պատմեց Դանիելյանն ու նշեց, որ շուտով երկու անձ իր ուղղությամբ  են եկել: Նրանցից մեկն, ըստ Դանիելյանի եղել է ամբաստանյալ Արմեն Բիլյանը, մյուսին չի հիշում:

«Հայհոյանքներով երկու հոգի մոտեցան ինձ, սկսեցին ոտքերով հարվածել մեջքիս, գլխիս, հարցրին՝ ու՞ր ա զենքերը, ես մատնացույց արեցի գետնի վրա ընկած ինքնաձիգը, ինչից հետո, ինձ գետնի վրա թողնելով՝ հեռացան։ Այդ ընթացքում գնդի ողջ տարածքում կրակոցներ էին»,- ասաց տուժող ոստիկանը՝ պնդելով, որ իրեն հարվածողներից մեկը եղել է Արմեն Բիլյանը:

Դանիելյանի խոսքով՝ քիչ անց իրեն է մոտեցել վիրավոր ոստիկան Գագիկ Մկրտչյանը։ Վերջինս, հիշեցնենք, ՊՊԾ գնդում հրազենային վիրավորում է ստացել և օրեր անց հիվանդանոցում մահացել:

«Գլուխս բարձրացրի, տեսա Գագոյին. թևին պատառոտված վերքեր էին, արնահոսում էր...չէր կարողանում խոսել, միայն թեթև հայհոյեց»,- ասաց Դանիելյանն ու նշեց, որ Մկրտչյանի հագուստի վրա արյան հետքեր էին:

Ըստ Դանիելյանի՝ թեև ուսը ցավալիս է եղել, կարողացել է վիրակապել Գագիկ Մկրտչյանի վերքը: Ասում  է՝ վիրակապեցի, որ վերքը չտեսնի ու շոկի չենթարկվի:

Ոստիկանի խոսքով՝ ինքը հագից հանել է շապիկն ու դրանով վիրակապել ընկերոջ վերքը: Դանիելյանը հիշեց, որ երբ սկզբից ցանկացել է վիրակապել Մկրտչյանի թևը, ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած անձինք պահանջել են չշարժվել իրենց տեղից, սակայն քիչ անց նրանց մեջ եղած տարեցներից մեկն ինքն է լարան դրել Մկրտչյանի թևին:

Ըստ ոստիկան Դանիելյանի ցուցմունքի՝ վիրակապելուց հետո Գագիկ Մկրտչյանին տարել է ՊՊԾ գնդի անցագրային գոտի, ապա բանակցել է գնդի տարածք մուտք գործած անձանց հետ, որպեսզի իրեն թույլատրեն Մկրտչյանին դուրս տանել գնդի տարածքից ու ետ վերադառնալ:

«Եթե ետ չգաս, սրանց էստեղ կխփենք»,- ըստ ոստիկանի՝ իրեն զգուշացրել են գնդի տարածք մուտք գործած անձինք, ինչից հետո ինքը Մկրտչյանին հասցրել է այն տարածք, որտեղից 50 մետր հեռավորության վրա ոստիկանական մեքենաներն են եղել, Մկրտչյանից հարցրել է, թե արդյոք վերջինս կարո՞ղ է այդ քիչ տարածությունը միայնակ գնալ, վերջինս պատասխանել է, որ կարող է, որից հետո ինքը վերադարձել է ՊՊԾ գնդի տարածք, որպեսզի գնդում գտնվող ոստիկաններին չվնասեն:

Ոստիկանի խոսքով՝ Մկրտչյանը վիրավոր վիճակում ՊՊԾ գնդում մնացել է 20-ից 30 կամ 40 րոպե:

Ըստ Դանիելյանի պատմածի՝ գնդի տարածք, իր վերադառնալուց քիչ անց, շտապօգնության մեքենա է եկել, և բժիշկը, իրեն զննելով, ասել է, որ իր մոտ ներքին արնահոսություն է:

«Իր մոտ ներքին արյունահոսություն է, եթե ինքը կես ժամ էլ մնա էստեղ՝ ինքն էլ ա մեռնելու»,-ըստ տուժողի ցուցմունքի՝ ասել է շտապօգնության բժիշկը:

Տուժող Դանիելյանի այս արտահայտությունից հետո Պավել Մանուկյանը նկատեց, որ Գագիկ Մկրտչյանը ՊՊԾ գնդից դուրս գալուց և հիվանդանոց տեղափոխվելուց հետո օրեր անց է մահացել, որ ՊՊԾ գնդի տարածքում այս ժամանակ որևէ անձ չէր մահացել, և հարցրեց, թե ինչպե՞ս կարող էր բժիշկն ասել «ինքն էլ ա մեռնելու»: Դանիելյանը, սակայն, այս հարցին հստակ պատասխան չտվեց:

Ըստ ոստիկանի ցուցմունքի` որոշ ժամանակ ՊՊԾ գնդի տարածում մնալուց հետո ինքը ասել է, որ գնում է, և եթե պիտի իրեն «խփեն», ուրեմն թող խփեն, և գնդի տարածք մուտք գործած անձանցից մեկն իրեն պատասխանել է` «լավ, գնա»: ՊՊԾ գնդից դուրս գալուց հետո Դանիելյանը հիվանդանոցում բուժում է ստացել, այլ մանրամասներ, ըստ իր խոսքի, չգիտի:

Հիշեցնենք, որ այսօր դատարանը քննում էր ՊՊԾ գնդի գրավման գործով տասը ամբաստանյալի՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի, Արայիկ Խանդոյանի, Սեդրակ Նազարյանի, Գագիկ Եղիազարյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդվարդ Գրիգորյանի և Մխիթար Ավետիսյանի վերաբերյալ գործը: