HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ ենք փնտրում Ինտերնետ ակումբում

Ալվարդ Գասպարյան

Խոսել Ինտերնետի մասին մեզանում հաճախ նույնն է, ինչ բողոքել ԱրմենՏելից: Իսկ թե որքանով լիարժեք ու ճիշտ ենք օգտագործում մեզ մատչելի Ինտերնետը, կարծես առանձնապես մեզ չի հետաքրքրում` անհրաժեշտ հմտությունների եւ գիտելիքների, դրա լավ ու վատ կողմերի, մշակութային, կրթական եւ այլ նշանակությունների մասին հպանցիկ արտահայտություններից այն կողմ:

Օրինակ` ի՞նչ կրթական խնդիր են լուծում այսօր դպրոցում տեղադրված համակարգիչն ու Ինտերնետը, իսկ համալսարանու՞մ: Կամ` ի՞ նչ է նշանակում երեւանյան իրականության մեջ արդեն ամրապնդված այնպիսի մի հանրային տիրույթ, ինչպիսին Ինտերնետ ակումբն է. Ո՞վ է դրա այցելուն եւ ի՞նչ է փնտրում ու ի՞նչ ստանում, ինչպե՞ս են փոխվում մարդկանց պատկերացումները աշխարհի ու սեփական անձի, արժեքների ու նախապատվությունների մասին եւ, ի վերջո, ի՞նչ նոր առանձնահատկություններ են ի հայտ գալիս քաղաքի մշակութային-հասարակական դիմագծում:

Սովորաբար հասարակության մեջ Ինտերնետի տարածվածությունը որոշող գործոնների թվում կարեւորում են (հաղորդակցության կապուղիների քանակից ու որակից բացի)` եկամուտը, կրթությունը, համակարգչային գրագիտությունը, մատչելի բովանդակության (հատկապես տեղական) առկայությունը, մշակութային առանձնահատկությունները, պետական կարգավորման համակարգը (օրենքներ եւ դրանք իրագործող մեխանիզմներ), Ինտերնետ ապահովող բիզնեսի մոդելները եւ այլն:

Անդրադառնալով հայաստանյան իրականությանը` թերեւս սխալված չենք լինի, եթե պնդենք, որ Ինտերնետ ակումբների շնորհիվ է, որ Ինտերնետն ու այլ տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) լայն ճանաչում ու կիրառություն ձեռք բերեցին: Ճիշտ է, որ առաջին հերթին միջազգային տարբեր կազմակերպությունների հիմնադրած ինտերնետային կենտրոններն էին, որ հանրության տարբեր (թերեւս համեմատաբար էլիտար) խմբերի ընձեռեցին Ինտերնետի մատչելիություն: Այսուհանդերձ, մասնավոր հատվածի միջամտությամբ է, որ Ինտերնետը «մտավ փողոց» եւ հասանելի դարձավ (հիմնականում Երեւանի) բնակչության ավելի լայն հատվածների:  

Չնայած հանգամանալից ուսումնասիրության բացակայությանը` նախնական դիտարկումը թույլ է տալիս ենթադրել, որ միջին կամ ավելի ցածր եկամուտ ունեցող, միջնակարգ կրթությամբ երեւանցուն այսօր մատչելի են համակարգչի եւ Ինտերնետի պարզագույն կիրառությունները (ցանցում զրուցել, խաղալ եւ այլն):  

 

Վերջերս ՏՀՏ-ի նախագծեր իրականացնող տարբեր միջազգային կազմակերպությունների աշխատակիցների հետ ունեցած մեր զրույցներում արտահայտվեց այն վերաբերմունքը, թե համակարգչի կամ Ինտերնետի զուտ առկայությունն արդեն մեծ նվաճում պետք է համարել, իսկ մարզերի դեպքում սա գրեթե հերոսությանը համարժեք մի բան է:

Թե որքանով է հիմնավոր այս ոգեւորությունը, հարցի մի կողմն է: Մեզ ավելի մտահոգեց այն տպավորությունը, որ նման կարծիքները շահարկվում են` ապակողմնորոշելու կամ զսպելու հասարակության սպասելիքները ՏՀՏ-ից եւ, հետեւապես, իրենց զբաղեցրած պաշտոններից:

Սա կարծես միջոց է` քողարկելու ավելին չանելու, տեխնոլոգիան իր մշակութային ու հասարակական շերտերից մաքրելու` պարզունակեցնելու իրենց ձգտումը: Արդյոք տարօրինակ չէ՞ տեսնել պաշտոնյաներ, ովքեր ավարտված առաքելության հանգստությամբ նայում են Ինտերնետ կենտրոնին ու ասում` «Մ՞իթե լավ չէ, որ մարդիկ գալիս են, օգտվում Ինտերնետից»:  Այն դեպքում, երբ նպատակը, ոչ ավել, ոչ պակաս, Հայաստանում տեղեկատվական հասարակության կառուցումը կամ է-կառավարումը խթանելն է:

Վերադառնանք Ինտերնետ ակումբին: Այս ասպարեզում մրցակցության շնորհիվ է, որ վերջին տարիներին ականատես ենք Ինտերնետի եւ այլ թվանշային տեխնոլոգիաների մատչելիությանը եւ որակի բարելավմանը, նաեւ` գների անկմանը (իհարկե` մնալով ԱրմենՏելի պարտադրած որոշակի որակական սահմանների մեջ): Այս շուկայում նկատելի է նախընտրելի միտումը մեկ բիզնեսի մեջ միատեղելու ՏՀՏ ծառայությունների շղթայի տարբեր օղակներ. ա) համակարգիչ, հաղորդակցության/Ինտերնետի կապուղիներ եւ այլն, բ) Ինտերնետի/հեռախոսի/բովանդակության մատչելիության ապահովում եւ գ) տարատեսակ ծառայություններ (Ինտերնետում որոնումի իրականացում, կայքի պատրաստում-տեղադրում, ծրագրային ապահովում եւ այլն):

Օրինակ` «Սփյուռ» տեղեկատուն ընձեռում է Ինտերնետ ապահովող ընկերությունների մի լայն ցանկ, որոնց առաջարկը կարող է ընդգրկել. ա) կաբելային ցանցի եւ արբանյակային համակարգի տեղադրում, ներքին ցանցերի ստեղծում, բ) Ինտերնետ ակումբ/Ինտերնետի հանրային մատչելիության ապահովում, գ) Ինտերնետ կապի տրամադրում բնակարանին ու ձեռնարկությանը, դ) ցանցային, ինտերնետային, բանկային եւ այլ բնույթի ծրագրավորման խնդիրների լուծում, ե) ոստ (վեբ) էջերի ձեւավորում եւ տեղադրում, էլ. փոստի տրամադրում, զ) Ինտերնետում գովազդի ու գործարարությանն առնչվող այլ ծառայությունների ապահովում, է) համակարգչային ու ցանցային սարքավորումների նորոգում եւ վաճառք եւ այլն:

 

Իհարկե, ՏՀՏ ծառայությունների, մասնավորապես Ինտերնետ ակումբի բարգավաճումը նաեւ արտացոլում է դրանց նկատմամբ պահանջարկի աճը£ Գործնական ու տարատեսակ այլ հարաբերություններ այսօր ավելի քան երբեւէ կախված են թվանշային տեխնոլոգիայից. օրինակ` գրեթե ամենուր աշխատանքի դիմելիս պահանջում են MS Word ծրագրով ստեղծված ու տպված ինքնակենսագրական, կամ ծանոթանալու տարածված եղանակ է դարձել համակարգչային որոշակի ծրագրով ձեւավորված «բիզնես քարտերի» փոխանակումը:

Ինչպես մի ակումբի աշխատակից նշեց, այսօր իրենց հաճախորդները գրեթե ամեն հարցի պատասխան փորձում են ստանալ Ինտերնետից...

Ճիշտ է, որ համակարգիչն ու Ինտերնետը աստիճանաբար տարածվում, մտնում են տուն, հիմնարկ ու դպրոց : Սակայն դժվար թե այս միտումը այսօր վնասում է Ինտերնետ ակումբին: Թվանշային տեխնոլոգիաները թույլ են տալիս առաջարկել բազմազան ծառայություններ, որոնք գործ ունեն մեդիայի տարբեր տեսակների հետ` պատկեր, ձայն, վիդեո, տեքստ եւ այլն: Սա, անշուշտ, շուկայում գոյատեւելու մեծ պատեհություն է ստեղծում: Տանը դրված համակարգիչը կարող է ունենալ ակումբի համար նպաստավոր հարակից հետեւանքներ:

Օրինակ` այն կարող է ստեղծել փաստաթուղթ տպելու, նոր խաղեր փորձելու, ավելի արագ կապուղիներից օգտվելու եւ այլ կարիքներ, որոնք կարող են բավարարվել ակումբում: Բացի այդ, վաղուց հայտնի է, որ հաղորդակցական ցանցի յուրաքանչյուր նոր մասնակից (որը, օրինակ, կարող է տանը ինտերնետ կապ ունենալ) այն դարձնում է ավելի արժեքավոր եւ գրավիչ մյուսների համար (ովքեր այցելում են Ինտերնետ ակումբ). ասենք, զրուցելու (չաթի) որեւէ ծառայություն ժողովրդականություն չէր վայելի, եթե նրա բաժանորդների թիվը շատ փոքր լիներ:

Եթե Երեւանում Ինտերնետ ծառայությունների շուկայում կարելի է տեսնել որոշակի մրցակցություն, այլ է իրավիճակը մյուս քաղաքներում (չենք խոսում գյուղերի մասին): Շատ քաղաքներ Ինտերնետ կապ (գրեթե) չունեն, իսկ մյուսներում այն ապահովողների թիվը բավարար չէ լիարժեք մրցակցություն ունենալու համար:

Այսինքն` այստեղ կապի որակը (Երեւանի համեմատությամբ) ավելի ցածր է, իսկ գինը` բարձր: Օրինակ` Աբովյան քաղաքում կա 2-3 Ինտերնետ ապահովող, եւ հեռախոսային ցանցի միջոցով (dial-up) տանը Ինտերնետ կապ ունենալու նվազագույն ամսեվարձը սկսվում է 7500 դրամից, մինչդեռ Երեւանում կարելի է ունենալ մալուխային Ինտերնետ կապ (որն անհամեմատ ավելի որակյալ է)` վճարելով 5000 դրամ:

Շատ ակումբներ այսօր առաջարկում են Ինտերնետ-հեռախոսակապ: Եթե Ինտերնետի (կամ համակարգչի) մատչելիության գինը վերջին տարիների ընթացքում գրեթե չի փոխվել (միջինը` 300 դրամ), հեռախոսակապի գները որոշակիորեն նվազել են:

Սա թույլ է տալիս ենթադրել, թե Հայաստանից արտերկրի հետ հաղորդակցվելու դեպքերը ավելի հաճախակի ու տեւական են դարձել: Հետաքրքիր է, որ ակումբից մոտակա թաղամասին միանալու րոպեավարձը հաճախ հավասար, երբեմն էլ ավելի բարձր է, քան ԱՄՆ կամ Ռուսաստան զանգահարելու վարձը (40-50 դրամ):

Ինչպես նշեց մի ակումբի աշխատակից, իրենց այցելուներն այսօր հաճախ են արտահայտում իրենց անհանգստությունը, թե չլինի մի օր փակվեն նման օբյեկտները, քանի որ ԱրմենՏելի նույն ծառայությունը մի քանի անգամ ավելի թանկ է: Նշենք, որ ակումբի համար հեռախոսակապը թերեւս ամենաշահութաբեր ծառայությունն է:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter