HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Դավիթ Պիպոյան․ «Հարցրեք նախարարությանը կամ ԱՎԾ-ին, ոչ ոք չգիտի՝ որքան ԳՄՕ ենք ուտում»

Կառավարությունում ստեղծել է հանձնաժողով, որը մշակում է «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքի նախագիծ:

Ապագա օրենքով պետք է կանոնակարգվի գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածությունը։ Կարգելվի ԳՁՕ պարունակող մշակաբույսերի մշակությունը, արտադրությունը եւ անասնապահության վարումը: Իսկ գիտահետազոտական աշխատանքների համար ԳՁՕ-ների գործածությունը հնարավոր կլինի բացառապես կառավարության թույլտվությամբ։ 

ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը հանձնաժողովի կազմում մասնակցում է օրենքի նախագծի մշակմանը։

 -Պարոն Պիպոյան, օրենքով ի՞նչը կարգելվի եւ ի՞նչ կթույլատրվի։ ԳՁՕ-ների արտադրություն լինելու՞ է։

 -Արտադրություն՝ ոչ։ Կարգելվի։ Բայց օրենքով սահմանափակումներ չեն մտցվի ներկրման մասով։ Իհարկե, ամեն մարդ չի կարող ներկրել առանց պետությանը տեղյակ պահելու, որպեսզի հետագայում պետությունը կարողանա պատշաճ վերահսկողություն իրականացնել։

Շատ զգույշ պետք է լինենք սերմերի հարցում։ Մասնավորապես ներմուծման փուլում եթե օրինակ հատիկեղեն է ներկրվում, հստակ պետք է նշվի՝ վերամշակելու՞, թե որպես սերմացու է ներմուծվել։ Առաջինի իրավունքը տնտեսվարողը կունենա, երկրորդինը՝ ոչ։ Եթե դուք բերել եք իքս կգ հատիկ՝ վերամշակման նպատակով, օրինակ անասնակերի արտադրության, ապա այդ իքս կգ-ին համապատասխան վերամշակված արտադրանք պետք է ստանաք, այլ ոչ թե տանեք, ստանաք սերմ եւ զբաղվեք ԳՄՕ կուլտուրաների մշակությամբ։ Սա կանխելու համար աշխարհը հետագծելիության համակարգ է ներդրել։

-Օրենքի ընդունմամբ ինչի՞ ենք ցանկանում հասնել։ 

-Հայաստանը փոքր երկիր է, եւ այս փոքր հողակտորի վրա պետք է զբաղվենք այնպիսի մթերքների արտադրությամբ, որոնք արժեքավոր են եւ բարձր գին ունեն։ Իտալիայում կա արժեքավորված գյուղատնտեսություն։ Իտալիան 50 ցենտանոց ԳՁՕ ապրանք կարող է ներմուծել, բայց ինքն արտադրում է բարձրարժեք լոլիկ, որը վաճառվում է 2 եվրոյով։ Արտադրող գյուղատնտեսը շահում է, որովհետեւ ավելի թանկ գյուղմթերք է արտադրում, որը կարող է նաեւ արտահանել։ Ստացվում է, որ եւ ավելի բարձր եկամուտ ենք ապահովում, եւ սպառողը շուկայում ունի ազատ ընտրության հնարավորություն։

Եթե մենք խոսում ենք սպառողի շահի պաշտպանության տեսանկյունից, ապա սպառողի տեղեկացված լինելու իրավունքն արտահայտվում է նրա ազատ ընտրության հնարավորությամբ։ Երբ շուկայում երեք տիպի արտադրանք է դրված՝ օրգանիկ արտադրանք, ավանդական գյուղատնտեսություն եւ տրանսգենային, ամեն մեկն ունի իր առավելությունները կամ թերությունները, եւ սպառողն ինքը պետք է նախապատվություն տա։ Պետությունը որեւէ արտադրողի հնարավորություն չպետք է տա, որպեսզի սպառողին կարողանան մոլորեցնեն։ Այսինքն՝ վաճառեն «օրգանիկ» մթերք, որն օրգանիկ չէ կամ խաբելով համապատասխան հնչերանգ տան արտադրանքին, օրինակ՝ «բիո», «օրգանիկ», որոնք մոլորության մեջ են գցում։ Եթե խոսենք արտադրությունից, ապա, քանի որ Հայաստանն ունի փոքր տարածք, հողատեսքերը փոքր են, ապա պետք է օրենքով կարգավորվի ԳՄՕ-ի եւ օրգանիկ մթերքի մշակումը։ Նույն տարածքում չի կարող լինել ԳՄՕ եւ օրգանիկ մշակում։ ԳՄՕ-ի մշակումը կարող է վարակել հարեւան այգիներին։

-Սննդի անվտանգության ոլորտում շատ չլուծված խնդիրներ ունենք, այդ թվում չի վերահսկվում առողջարար սննդի մատակարարումը, արտադրությունը։ Խախտումները շատ են։ ԳՁՕ-ների մասին օրենք ունենալը որքանո՞վ է բնական անցում։ Վաղ չէ՞ նման օրենք ունենալը։

-Մենք գործ ունենք մի օրենքի հետ, որին տանում-բերում ենք 7 տարի։ Բոլոր այն իշխանությունները, որ փոխվել են այս ընթացքում, մատների արանքով են նայել երկրում կարեւորագույն խնդրին՝ կենսաանվտանգությանը: Մենք այսօր ԳՁՕ-ների գործածությունն ենք կարգավորում։ Այսինքն, արդյո՞ք ՀՀ-ում թույլատրվում է տրանսգենային գյուղատնտեսություն։ Օրինակ Իտալիան ինքը չի աճեցնում, չի արտադրում, բայց ներկրում է եւ սննդամթերքում է կիրառում։

-Օրենքի կիրառումը գների վրա ի՞նչ ազդեցություն կունենա։

-Ցավոք սրտի, գյուղատնտեսության նախարարությունը երբեք շուկայի ուսումնասիրմամբ, գների վերահսկմամբ եւ ընդհանրապես ագրարային քաղաքականությամբ չի զբաղվել։ 

Ամբողջ աշխարհն ունի գյուղատնտեսական ապրանքների համար սահմանված իրատեսական գին։ Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն էլ պետք է ասի, թե ի՞նչ հաշվարկներ են իրականացվել տարբեր գյուղատնտեսական մթերքների համար, կամ թե ո՞րն է երկրում կաթի մթերման իրատեսական գինը։ Սա ընդամենը 10 օրվա աշխատանք է պահանջում։ 5 մասնագետ հավաքվում են, գնում են տարբեր մարզեր, հասկանում են արոտային շրջանի տեւողությունը, մսուրային շրջանի տեւողությունը, դեղամիջոցների ծախսը, այնուհետեւ արտադրանքն են նայում, եւ հասկանում 1 լիտրի իրատեսական արժեքը։

Նոր կառավարությունն ավելի քան 100 օր աշխատել է։ Վարչապետն ինքն էր հանձնարարել՝ պարզել կաթի մթերման իրատեսական գինը։ Պարզե՞լ են։ Նախարարությունը չունի անհրաժեշտ մարդկային ռեսուրս, որը կկարողանա այդ հաշվարկներն իրականացնել։ Իմ կողմից միշտ քննադատելի է ջայլամային քաղաքականությունը։ Խնդիրների մասին առաջինը պետք է բարձրաձայնի պետական ապարատը։ Եթե խնդիրը կադրային է, թող հրավիրեն փորձագետների, մրցույթով պատվեր իջեցնեն հասարակական կամ գիտական կազմակերպություններին։ Այնինչ պետական ապարատը տարիներ շարունակ արդարացնում է իր չաշխատածը, բերում է պատճառներ, թե ինչու չեն աշխատել, եւ սայլը տեղից չի շարժվում։

-Եթե գերատեսչությունն այդքան անպատրաստ է, ինչպե՞ս է ապահովելու օրենքի դրույթների կիրառումը։

-Օրենքն առաջին հերթին նրա համար է, որպեսզի ձեռնպահ մնանք ֆորսմաժորային իրավիճակներից։ Այնպես չստացվի, որ արգելանք դնենք, օրինակ, անասնակերի վրա, սակայն պարզվի, որ մենք տեղական կերարտադրություն չենք կարող ապահովել, իսկ ներմուծվածն էլ եթե ԳՄՕ չի, ապա թանկ է, ինչի արդյունքում կբարձրանա ձկան կամ թռչնի գինը, եւ մեր տեղական արտադրանքը ներմուծածի նկատմամբ դառնա ոչ մրցունակ։

Այս հարցերը նախարարության ԳՄՕ-ների հանձնաժողովում ոչ թե պետական ապարատի կողմից է բարձրացվել, այլ հասարակական սեկտորի։ Գիտության դերը կայանում է նրանում, որ ցույց տա ռիսկերը։ Իսկ տնտեսական հաշվարկը պետական ապարատի խնդիր է։ Նա պետք է երաշխավորի ապագայում անվտանգ մատակարարումներ իրականացնելու հարցում։

Առաջիկայում բազմաթիվ խնդիրների ենք հանդիպելու։ Բայց մենք «չարգելանքին» ավելի պատրաստ չենք։ Որովհետեւ եթե դու չես արգելում ԳՄՕ, սերմը ներմուծվում է, կուլտիվացիա է լինում, դաշտում որեւէ մակնշում չկա, ոչ ոք չգիտի՝ դա ԳՄՕ է, թե ոչ։ Հետեւաբար չգիտենք՝ հարեւան հողակտորներն իրար վարակու՞մ են ԳՄՕ-ներով, թե ոչ։

Երկրորդ, պետությունը պետական մոնիթորինգային ծրագրեր չի իրականացնում, շուկան, դաշտը վերահսկված չէ, ներմուծումը վերահսկված չէ։ Շատ ավելի վատ վիճակ է։

Օրենքում մենք թողել ենք ԳՄՕ-ների փորձարկումների համար թույլտվության իրավունք, սողանցք, բայց օրենքն ասում է, որ այդպիսի թույլտվություն պետք է տա կառավարությունը։ Դա արեցինք, որպեսզի գիտական հետազոտություններ անենք։ Պետությունը պետք է այդ հետազոտությունների համար ահռելի ֆինանսական հատկացումներ անի, ինչը, գիտեմ, մերոնք չեն անելու։ Մեզ մոտ գիտությունն ամենաանտեսված, ամենաանտեր ու թշվառ վիճակում է գտնվում։ Ոչ ոք 55 կամ 70 հազար դրամով չի գա աշխատելու։ Եվ որպեսզի չստացվի, թե բոլորը զբաղվում են ԳՄՕ-ի սորտավորման փորձարկումներով, պետությունը թույլտվություն պետք է հատկացնի բացառապես այն ժամանակ, երբ երկրում կլինեն համապատասխան գիտական ենթակառուցվածքներ։

-Հայաստանում որեւէ մեկը գիտի՞, թե որքան ԳՄՕ ենք արտադրում, ներկրում կամ սպառում։

-Ոչ ոք չգիտի։ Հարցրեք Գյուղատնտեսության նախարարությանը, հարցրեք ԱՎԾ-ին, ոչ ոք չգիտի։ Նպատակն այն է, որ օրենքի կիրառումից հետո ստուգումները դառնան պարտադիր։

-Իսկ կա՞ն անհրաժեշտ գործիքներ՝ ԳՄՕ-ները օրգանիկ մթերքից տարբերելու համար։

-Հանրապետությունում ունենք միջազգայնորեն հավատարմագրված լաբորատորիաներ՝ եւ՛ պետական, եւ՛ մասնավոր։ Սա նրանով է կարեւոր, որ այս ոլորտում մոնոպոլիա չկա։ Եթե տնտեսվարողը կասկածում է, որ պետական լաբորատորիան ինչ-որ քաղաքական մղումներով իր նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսեւորում, ապա խնդրեմ, կա մասնավոր լաբորատորիա։ Սա շատ կարեւոր է։

-Հայտնի է, որ ԳՄՕ-ների հարցում գիտությունը երկու մասի է բաժանված։ Մի մասն ասում է ռիսկային է, մյուսը՝ հակառակը։ Վտանգների ապացուցելիությունը որքա՞ն բարձր է։

-Աշխարհն ունի երկու մոտեցում։ Ես եվրոպական դպրոցի ներկայացուցիչ եմ։ Այստեղ առաջին դրույթը սպառողակենտրոն լինելն է։ Միացյալ Նահանգները քննադատում են այս մոտեցումը։ Սպառողի պաշտպանության առավելագույն մակարդակն ամրագրված է Եվրոպայի օրենսդրությամբ` որպես սահմանադրական իրավունք։ Եվրոպական պարենային իրավունքում մի շատ կարեւոր սկզբունք կա՝ նախազգուշավորության սկզբունքը։ Երբ գիտական լիարժեք հետազոտություններ չեն իրականացվել, կամ դեռեւս փաստերը վերջնական չեն, անվտանգության նկատառումներից ելնելով՝ կիրառել սահմանափակող միջոցառումներ։ 

Օրինակ հորմոնները Եվրոպայում արգելված են, ԱՄՆ-ում՝ ոչ։ Նայեք եվրոպական երկրների առողջապահական ցուցանիշները, մարդկանց ճարպակալումների տոկոսները, եւ նայեք ԱՄՆ-ինը։ ԱՄՆ-ում դաշտն ազատական է, ԵՄ-ն ասում է՝ թող լինի մակնշում, եւ թող սպառողն ինքն ընտրի, թե որ տիպի գյուղատնտեսությանը նախապատվություն տալ։

Համարվում է, որ եթե դեմոկրատ աշխարհում մարդն իր քվեով ձեւավորում է իշխանություն, ուրեմն սննդամթերքի բնագավառում դեմոկրատիա կարող է լինել բացառապես պատճաշ իրազեկման դեպքում։ Երբ մարդն իր քվեով, իր նախասիրությամբ ձեւավորում է շուկա։ 

Հայաստանում պաղպաղակ ես գնում, նշված չէ, թե որն է տրանսճարպերով պատրաստված։ Անգամ ԵԱՏՄ օրենքները պահանջում են, որպեսզի յուղաճարպային արտադրանքի մակնշում լինի։ Կա 100 դրամանոց պաղպաղակ, եւ կա 350 դրամանոց։ Եվ շատ լավ գիտեմ, որ կարագով պատրաստված պաղպաղակը չի կարող 100 դրամ լինել։

Հավաստիացնում եմ, որ օրենքի ընդունումից հետո որեւէ մեկին չեմ ուղղորդելու, չեմ պրոպագանդելու, որպեսզի մարդիկ գնեն օրգանիկ արտադրանք կամ հրաժարվեն ԳՁՕ պարունակող սնունդ օգտագործելուց։  Սա ազատ ընտրության հնարավորություն է, մարդկանց անհրաժեշտ է օբյեկտիվ և գիտահեն տեղեկատվություն։

Մեկնաբանություններ (2)

Arsen
Հիմա ԳՁՕ թե՞ ԳՄՕ։
Anush Karapetyan
Գենետիկորեն Մոդիֆիկացված Օրգանիզմ (ԳՄՕ) , Գենետիկորեն Ձևափըխված Օրգանիզմ (ԳՁՕ) նույնն են: Դավիթ Պիպոյանը միշտ հանրամատչելի բացատրություններ է տալիս սննդի անվտանգությանը վերաբերվող հարցերին: Հուսանք, որ նոր կառավարությունը կընդունի նրա առաջարկած նախագիծը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter