HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Դևը

«Դև. կյանքը, ստեղծագործությունը, պայքարը» գրքի հեղինակ Էվելինա Մելքումյանին ընթերցողները զանգահարում և շնորհակալություն են հայտնում, որ գրքի միջոցով ճանաչել են Դավիթ Սարապյանին՝ Արցախյան պատերազմի ազատամարտիկ Դևին: Դավիթը հայտնի ճարտարապետ, 60-ականներին Երևանի գլխավոր ճարտարապետ Էդուարդ Սարապյանի և Հայաստանի առաջին կին կիբեռնետիկոս-գիտնական Էմմա Սարապյանի միակ երեխան էր: Այսօր՝ փետրվարի 4-ին, Դավիթի ծննդյան օրն է՝ 44-ամյակը:

Գրքում ամփոփված են Դավիթի պատմվածքները, բանաստեղծությունները, իսկ գրքի առաջին մասում Էվելինա Մելքումյանն ինքն է պատմում Դավիթի մասին: Նա գրքի առաջին մասն անվանել է «Նուրբ հոգու տեր հերոսը», քանի որ Դևի մեջ համատեղվում էին տարբեր, թվում է թե իրար հակասող բաներ:

«Զարմանալի ձևով մի մարդու մեջ կարող էին պարունակվել և շատ նուրբը, և բարին, և ռոմանտիզմը: Իդեալիստ էր ինքը: Եթե իդեալիստ չլիներ, -9 կարճատեսությամբ կգնա՞ր բանակ: Երբեք չի եղել, որ նա տուն գա՝ առանց մոր համար թեկուզ դաշտային ծաղիկներ հավաքած: Նա պաշտում էր ծաղիկը: Եվ դրա հետ մեկտեղ թշնամու նկատմամբ կարողանալ այդպես ահեղ լինել, այդպիսի կարծր զինվոր լինել, այդպես դիմադրել, այդպիսի կամքի ուժ»,- ասաց էվելինա Մելքումյանը:

Նա ընդգծեց, որ երբեք չպետք է մոռանալ, որ Դավիթը շատ երիտասարդ էր՝ ընդամենը 26 տարեկան: Բայց նրա ընկերներին միշտ թվում էր, որ նա իրենցից անհամեմատ մեծ է: Էվելինա Մելքումյանը երկար տարիներ աշխատել է Դավիթի մոր հետ և Դավիթին ճանաչում է փոքր հասակից: Տիկին Մելքումյանն ասում է, որ Դավիթը դեռ փոքրուց առանձնացել է. երբ դպրոց ընդունվելիս ուսուցիչը հարցրել է, թե ինչ հեքիաթ գիտի, Դավիթն առաջարկել է պատմել Բեռլինի գրավման մասին:

«Ամբողջ դպրոցը ուղղակի պաշտում էր իրեն: Ընկերները շատ էին սիրում իրեն: Նա պաշտպան էր իր էությամբ, բնությամբ, իր աշխարհայացքով. պաշտպանում էր ընկերներին, թույլերին»,- ասաց տիկին Մելքումյանը:

Դավիթի ննջասենյակում կախված էր Պատմական Հայաստանի մեծ քարտեզը: Քարտեզին նայելիս նա միշտ ցավում էր, թե ինչու այդ Հայաստանից մնաց այսքան փոքր ու չնչին հողամաս: «Բայց չէ՞ որ կարելի էր ինչ-որ բան անել, պետք էր, չէ՞, ինչ-որ բան անել, չթողնել, որ այդպես լինի»,- ասում էր Դավիթը:

Դպրոցն ավարտելուց հետո Դավիթն ընդունվեց Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի բաժին: Նա ուսումը կիսատ թողեց և գնաց բանակ: Իսկ վերադառնալուց հետո չշարունակեց ուսումը: Զբաղվում էր արևելյան մարտարվեստով. այս սպորտաձևն էր ընտրել գրեթե բոլոր մարզաձևերը, անգամ ալպինիզմ ու սուսերամարտ փորձելուց հետո, և ինքն էր մարզում երեխաներին:

Դավիթը ստեղծագործել սկսել է դեռ դպրոցից: Նա գրում էր ռուսերեն և շատ ափսոսում, որ հայկական կրթություն չի ստացել: «Վարազդատ Արքա» համակարգչային խաղի սցենարը, որը Դավիթը գրել էր մեկ գիշերվա ընթացքում, միջազգային մրցանակ ստացավ:

Դավիթի զոհվելուց 15 տարի անց հրատարկված գրքում Էվելինա Մելքումյանը ամփոփել է այն բոլոր ստեղծագործությունները, որոնք կարողացել է գտնել Դավիթենց տանը: Դևի պատմվածքները գրված են չափազանց անկեղծ և հումորով, ինքնահեգնանքով: 18 տարեկանում նա խորիմաստ բանաստեղծություններ է գրել:

«Նա գրում էր ոչ երկար, շատ լակոնիկ, պարզ ոճ ուներ, բայց շատ գրավիչ, շատ տպավորիչ է, երբեք քեզ չի ձանձրացնում իր ոճը: Մինչև 24 տարեկանը նա ինչ գրեց, գրեց, բայց այդպես գրել, այդպիսի հասուն, գրական բարձր մակարդակով արձակ ստեղծել, ինչպես ինքը ստեղծեց. կարդացողը երբեք չի մտածի, որ այդ ամենը գրել է այդքան երիտասարդ մի տղա, կմտածի, որ կյանքի փորձ ունեցող մի մարդ է գրել»,- ասաց Էվելինա Մելքումյանը:

Դավիթը կինոսցենարի վերածեց իր «300 վայրկյան» վեպը: Սցենարն այնքան հաջող էր, որ Օդեսայի կինոստուդիան հաստատեց այն նկարահանման համար: Բացի իր կինոսցենարից՝ Դավիթը Օդեսայում մասնակցում էր մեկ այլ ֆիլմի նկարահանումներին՝ որպես երկրորդ ռեժիսոր:

«Նա ոչ միայն գրականության, այլև կինոյի ասպարեզում կկարողանար շատ մեծ բարձունքների հասնել և որպես ռեժիսոր, և որպես սցենարիստ: Իր մոտ ամեն ինչ լավ էր պատերազմից առաջ: Նա շրջագայում էր, գրում էր, հետաքրքիր մարդկանց՝ դերասանների, ռեժիսորների հետ էր շփվում, հոյակապ կյանքով էր ապրում և կարող էր շարունակել, եթե չլիներ Դավիթ»,- ասաց տիկին Էվելինան:

Ազատագրական պատերազմի սկսվելուն պես Դավիթը թողեց կինոսցենարը, իր վեպի հիման վրա ֆիլմ նկարահանելու երազանքը, տնից տարբեր իրեր վաճառեց, զենք գնեց: Սկզբում նա կռվում էր Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում, իսկ հետո՝ «Տիգրան Մեծում»:

Էվելինա Մելքումյանն ասում է, որ Դավիթի որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել Լեոնիդ Ազգալդյանը, ով աշխատում էր Դավիթի մոր հետ և ընտանիքի մտերիմ ընկերն էր: Գիտնական ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանը ստեղծեց «Անկախության բանակը», որը ոչ մի պարտություն չի կրել:

«Լեոնիդը 25 տարով Դավիթից մեծ էր, և ծնված օրվանից Դավիթին ճանաչում և շատ սիրում էր: Մանկուց ինքը Դավիթին սովորեցնում էր ամեն ինչ՝ և կրակել, և կռվել: Նույնիսկ մի պատմվածքում Դավիթը գրում է, որ Լեոնիդը իր ծնոտն էր ինձ առաջարկում՝ աջով հարվածը փորձելու համար: Եվ երբ մեծացավ Դավիթը, նրանք արդեն ընկերացան: Նրանք շատ նման էին իրար. երկու ահավոր բարձր թռիչքի մարդիկ էին: Նրանք նաև արտաքնապես էին նման իրար. երկուսն էլ շատ բարձրահասակ էին, օժտված էին առնական գեղեցկությամբ»,- ասաց Էվելինա Մելքումյանը:

«Տիգրան Մեծը» մասնակցում էր Շահումյանի, Գետաշենի, Հադրութի պաշտպանությանը: «Շահումյան գնալուց հետո Դավիթը ինչքան գալիս էր Երևան, ասում էինք. «Դավիթ, էլ մի գնա, խնդրում ենք քեզ»: Ինքը մեզ ասում էր. «Դուք չեք պատկերացնում՝ Շահումյանում ինչ վիճակ է: Եթե դուք մի անգամ տեսնեք այդ մարդկանց աչքերը, ինձ կհասկանաք»: Մենք խնդրում էինք, ասում էինք. «Դավիթ ջան, դու արդեն պայքարեցիր: Մայրդ մենակ է մնալու. դու իր միակ տղան ես»: Չնայած նա մորը պաշտում էր, բայց ասում էր. «Չէ, հնարավոր բան չէ դա, ես մինչև վերջ պետք է պայքարեմ»»,- ասաց Էվելինա Մելքումյանը:

Դավիթը հատուկ նշանակության հետախուզական փոքր խումբ էր ղեկավարում: Նրան էին վստահում ամենաբարդ ու վտանգավոր առաջադրանքները: Նա 4-5 զինակիցների հետ կարողանում էր թշնամու վրա այնպիսի տպավորություն թողնել, թե մեծ ջոկատ է հարձակվել: Իսկ մարտերից մեկի ժամանակ Դևը 4 ժամ շարունակ միայնակ է կռվել մեծաթիվ օմոնականների դեմ և կարողացել մարտի դաշտից դուրս բերել վիրավոր ընկերոջը: Ադրբեջանցիները Դավիթին Ահեղ Դև էին ասում:

Դավիթի ամենակարևոր և հայտնի օպերացիան Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրումն է: Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, բազմիցս նշել է. «Եթե ինձ պատմեին, որ դա հնարավոր է, ես չէի հավատա, բայց Դավիթը դա արեց: Դա ֆանտաստիկ տարբերակ էր, և հենց ինքը՝ օպերացիան, դարձավ ֆանտաստիկ իրականություն: Նա իմ լավագույն հրամանատարներից էր»:

Տողը Դավիթի մոր գյուղն էր. այնտեղ դարեր շարունակ ապրել էին նրա նախնիները՝ Պողոս-Բեկ և Դանիելբեկ Փիրումյանները: Դավիթի պապական տունը ադրբեջանցիները շտաբի էին վերածել: Դավիթը մեն-մենակ գիշերով մոտեցավ տանը, բարձր կանչեց օմոնի պետի անունը: Երբ վերջինը մոտեցավ լուսամուտին, Դավիթը նրա վրա նետեց նռնակները, և տունը պայթեց: Հետո նա մեկ այլ տուն էլ պայթեցրեց: Գյուղում իրարանցում սկսվեց, ինչից հետո ազատամարտիկները գրոհեցին և ազատագրեցին Տողը:

Էվելինա Մելքումյանն ասում է, որ Դավիթը երջանկությամբ էր պատմում Տողի ազատագրման մասին: Սա միակ անգամն է եղել, որ նա պատմել է պատերազմի դաշտում իր ունեցած հաջողության մասին. նա միշտ խուսափում էր այդ թեմայից:

«Վերջին անգամն էր, որ Տողից եկավ: Երջանիկ էր շատ: Եվ ասում էր. «Մայրիկ, քո գյուղն ազատագրված է, հիմա պետք է մտածեմ հայրիկի հարազատ հողը՝ Էրզրումը, ազատագրելու մասին»,- ասաց Էվելինա Մելքումյանը: Հայրական կողմից Դավիթի նախնիներն էին Պետրոս Ադամյանը, Կարո Հալաբյանը: Տողը ազատագրվել է 1991 թ. հոկտեմբերին, իսկ դեկտեմբերին Դավիթը զոհվել է Թոդանում:

Տիկին Էվելինային զարմացնում է այն, որ մինչև հիմա որևէ հուշարձան չկա Տողում՝ Դավիթին նվիրված: Դավիթի հարազատ՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Դավիթ Սարապյանին նվիրված անկյուն, նրա անվան ռազմագիտության կաբինետ և դասարան կան: Առաջ դպրոցը Դևի երկրորդ տունն էր, իսկ այժմ առաջինն է:

Նրա մայրը՝ Էմմա Սարապյանը, Դավիթի 6 մարտական ընկերներին էր կտակել իրենց տունը, որպեսզի այնտեղ լինի Դավիթ Սարապյանի և նրա հոր՝ Էդուարդ Սարապյանի տուն-թանգարան: Սակայն դեկտեմբերի 10-ին՝ Դավիթի զոհվելու օրը, «Արարատ» հեռուստաալիքով հեռարձակված «Ճառագայթ» հաղորդումից պարզ դարձավ, որ տիկին Էմմայի մահից հետո Դևի 6 «ընկերները» վաճառել են տունը:

Դպրոցի ռազմագիտության կաբինետում պահվում են Դևի որոշ անձնական իրեր, նրա ստեղծագործությունները՝ պատմվածքներն ու նկարները, հին Հայաստանի այն քարտեզը, որը միշտ կախված էր նրա ննջասենյակում:

2010թ. փետրվարի 4, www.old.hetq.am

Մեկնաբանություններ (5)

Արաբկիրցի
Շնորհակալություն հոդվածի համար:Եռաբլուր-ում 15 տարի առաջ իմ կողմից արված տեսագրությունների մեջ կա նաեւ ԴԵվի հուշաքարը բազմաթիվ հերոս տղաների կողքին:Էվելինա Մելքումյանին խնդրենք հնարավորինս անդրադառնալ նաեւ մեր ՏՂԱՆԵՐԻՑ այլոց որոնք իրենց կյանքը, այն էլ այդքան երիտասարդ,զոհել են Հայրենիքին: Կարող եմ շատ-շատերի անունները հուշել:
liana
mer azgn ashotyanneric u sharmazanovneric baci tvel e nman HEROSNER, voronc arjev miayn petq e xonarhvel...
PAP TAGAVOR
Amachum em xostovanel, bayts ays HOYAKAP herosi masin kardum em arajin angam... Bayts mexqe miayn umn e??? Txmar u apush nyuterov e ltsvats mer azgayin ekrane, minchder nman herosneri masin kardum enq paterazmi avartits mot 20 tari heto... Xonarhvum em nra hishataki arjev!!!!
Hay_Axchik
Ynkernery Dev-i TUN-y vacharecin ajnpes, inchpes vacharecin HAYASTANY!!! :(
Karen
լավագույնները զոհվեցին.. Թումանյանի տունն են ուզում օտար ափերում գնել, թող այդ տունը գնեն և թանգարան դառնա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter