HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Հումանիտար ոլորտի գրադարանները ավելի հասանելի են դառնում

Արվեստի, հումանիտար և հարակից ոլորտներում գործող 7 կազմակերպություններ հրապարակել են իրենց գրադարանների կատալոգները: Նրանց ձևավորած անկախ գրադարանների ցանցը հասանելի է դարձնում այդ կազմակերպությունների հազարավոր գրքերն ու տեսողական նյութերը, որոնք կարելի է որոնել և ամրագրել libraries.am կայքում:

«Ցանցի հիմնական նպատակն այն է, որ այն կազմակերպությունները, որոնք գործում են մշակութային կամ հարակից ոլորտներում, որոնց հիմնական նպատակը գուցե գրադարանը չէ, բայց որոնք արժեքավոր գրականություն, նյութեր ունեն ու պատրաստ են դա հանրային տրամադրել, այս համակարգի միջոցով սպասարկեն հետազոտողներին, արվեստագետներին, ովքեր դրա կարիքը ունեն»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության հեղինակ, «Ֆոկուս» արվեստի ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նորա Գալֆայանը:

Ցանցում ընդգրկված գրադարանների ֆոնդերը ներառում են ժամանակակից արվեստին, փիլիսոփայությանը, ճարտարապետությանը, լուսանկարչությանը, պատմագիտությանը, ժամանակակից քննադատական տեսություններին նվիրված բազմալեզու գրքեր, կատալոգներ, աշխատություններ, տեսողական նյութեր:

«Մեր ֆոնդերը հիմնականում կազմված են վերջին տասնամյակների հրատարակություններից եւ ունեն բացառիկ արժեք, քանի որ բացակայում են բուհական եւ այլ գրադարաններում»,- գրված է ցանցի libraries.am կայքում: Նորան պարզաբանում է, որ հասանելի են միայն ֆիզիկական գրքերը, քանի որ դրանք թվանշայնացնելու դեպքում առաջ կգա հեղինակային իրավունքի հարցը:

Գրադարանների մեծ մասն առաջարկում են ռեսուրսներ՝ իրենց ընթերցասրահներում կարդալու համար: Գրքերը դուրս չեն թողնում, որովհետև դրանք արժեքավոր են և մեկ օրինակ:

Օրինակներ գրադարանների ֆոնդերից՝ libraries.am կայքի շնորհանդեսի ժամանակ. Երևան, 14.09.2018

Նորան կարևորում է գրադարանների՝ հանրային լինելու հանգամանքը. «Մասնավորեցման գործընթացների արդյունքում հանրայինը լրիվ կորել է, և կորչում է կիսվելու խնդիրը»:

Բացի այդ, գրադարանները նաև մասնագիտական միջավայր են առաջարկում: «Նրանք գրադարան չեն միայն, այլ ինչ-որ կազմակերպություն, և կարծում եմ՝ պետք է որ ընթերցողին, հետազոտողին կամ արվեստագետին հենց այդ միջավայրների հետ շփումը հետաքրքրի, ոչ միայն գիրք վերցնելը: Կարևոր է այն, որ գրադարաններից շատերը, լինելով հետազոտողների կողմից ստեղծված, նաև խորհրդատվություն են առաջարկում»:

Ինչ գրադարաններ են ներկայացված

Անկախ գրադարանների ցանցն այժմ ներառում է Երևանում գործող 7 կազմակերպությունների գրաֆոնդերը:

Ֆոկուս արվեստի գրադարանը միավորում է արվեստի, փիլիսոփայության, ճարտարապետության, գրականությանը նվիրված բազմաթիվ անգլերեն, ֆրանսերեն, հայերեն եւ այլ լեզուներով գրքեր եւ կատալոգներ, տեսողական նյութեր:


Հովհաննիսյան գրադարանը ներկայացնում է տարբեր մասնագիտությունների վերաբերող 3000 անուն տպագիր և շուրջ 30000 թվային նյութեր (գրքեր, ժողովածուներ, կատալոգներ, պարբերականներ և այլն): Գրադարանի հիմքն են կազմում արվեստի պատմության և տեսության, փիլիսոփայության, պատմագիտության, ժամանակակից քննադատական տեսությունների և հայագիտության բնագավառներին առնչվող նյութերը:


Արվեստ Հայաստան հիմնադրամի մեդիակենտրոնը կատալոգների, գրքերի, ամսագրերի, տեսաձայնային եւ վավերագրական նյութերի հավաքածու է: Այն ընդգրկում է ցուցահանդեսների կատալոգներ, արդի և ժամանակակից արվեստին նվիրված գրքեր եւ ամսագրեր, ժամանակակից արվեստին առնչվող (ճարտարապետություն, թանգարանային ուսումնասիրություններ) գրքեր եւ ամսագրեր, վավերագրական նյութեր, արխիվներ, արվեստագետի գրքեր, պաստառներ, լուսանկարներ, հաշվետվություններ, բրոշյուրներ, հրավերներ, ԱՀՀ-ի աջակցած արվեստի նախագծերին առնչվող նյութեր, ամսագրեր եւ թերթեր:

Արվեստի մասին գրականություն է առաջարկում նաև Ժամանակակից արվեստի ինստիտուտի գրադարանը:

Ֆեմ գրադարանը ներկայացնում է ֆեմինիստական գրականություն և նախատեսում տարածք՝ ֆեմինիստական կրթության համար:

Եւս երկու գրադարաններ ներկայացնում են ֆոտոգրականություն: Միրզոյան և  4Պլյուս գրադարանների հավաքածուները ներառում են գեղարվեստական և վավերագրական լուսանկարչության վերաբերյալ գրքեր, կատալոգներ, ալբոմներ ու տեսողական նյութեր:


Գրադարանների կատալոգները համալրման փուլում են:

Նախաձեռնողները նշում են, որ ցանցը կարող է ընդլայնվել՝ ներառելով Երևանի և մարզերի այլ կազմակերպությունների ու անհատների գրադարաններ: Դրա համար վերջիններս պետք է ունենան տեխնիկական պատասխանատու՝ էլեկտրոնային քարտարանը կազմելու համար և պատրաստակամություն՝ իրենց գրքերն ու նյութերը ուրիշներին տրամադրելու:

Ցանցի կազմակերպությունների ներկայացուցիչները սովորել են աշխատել գրադարանային ծրագրով և ասում են, որ պատրաստ են իրենց գիտելիքը փոխանցել մյուսներին:


«Նպատակն այն է, որ այն կազմակերպությունները, որոնք շահույթ չեն հետապնդում և չունեն իրենց գրադարանները կամ ռեսուրսները կազմակերպելու միջոցները, սա օգնող ինչ-որ միջոց լինի»: 

Նորան նշում է, որ ծրագրի շարունակականության համար անհրաժեշտ կլինեն միջոցներ՝ փոքր տեխնիկական անձնակազմ, ինչպես նաև երևանյան, մարզային ու միջազգային հաստատությունների հետ համագործակցություն հաստատող աշխատակից ունենալու համար:

լուսանկարները՝ հեղինակի և Facebook-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter