HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հանուն Հայրենիքի» խումբը, ամսագիրը եւ այդ գործով կայացված դատավճիռը

սկիզբը

«Հանուն Հայրենիքի» ամսագիրը հրատարակած խմբի անդամների նկատմամբ դատավճիռը հրապարակվել է 1969 թ. փետրվարի 28-ին: Բոլորն էլ դատապարտվել են ՀԽՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա) եւ 67 հոդվածով  (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների  կատարմանն  ուղղված  կազմակերպական  գործունեությունը,  ինչպես  նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը): Խմբի անդամներից կալանավորվել է ութ մարդ, բայց նրանցից միայն յոթը դատապարտվեցին: Ժամանակի լավագույն   մտավորականներից  մեկը`  Հայկ  Իսկանդարյանը  նախաքննության  փուլում`անհայտ հանգամանքներում մահացավ բանտախցում: Ըստ ընկերների եւ հարազատների հուշերի` նա որեւէ առողջական խնդիր չի ունեցել:

     Խումբն ստեղծվել է 1968 թ. սկզբին: ԱՄԿ անդամ Շահեն Հարությունյանի միջոցով նրանք կապ են հաստատել Ազգային միացյալ կուսակցության հետ: Հետագա միավորման կապակցությամբ քննարկումներ են ընթացել, բայց միավորումը, ծրագրային տարաձայնությունների պատճառով, չի կայացել: Գեւորգ Հեքիմյանի միջոցով առնչվել են 1963-67 թթ. ընթացքում ձեւավորված եւ գործող այլ խմբակների ու անձանց հետ: Խմբի հիմնական նպատակները Հայ դատի, Ղարաբաղի ու Նախիջեւանի, հայոց լեզվի մաքրության, ներքին սփյուռքում բնակվող հայերի ինքնության պաշտպանության հարցերն էին: Սակայն, հարկ է ընդգծել, որ նրանք 60-ականներին յուրահատուկ  ազգային-հայրենասիրական գործունեություն ծավալած շատերից էապես տարբերվում էին: «Հանուն Հայրենիքի» խմբի անդամներն անկաշկանդ խոսում, քննարկում ու գրում էին նաեւ խորհրդային կարգերի դեմ: Բարձրաձայնում էին 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի, Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի դեմ ուղղված սովետա-թուրքական դիվանագիտության մասին: Իրենց գրավոր խոսքում արդարացնում էին դաշնակցությանը եւ մեղադրում էին կոմունիստներին: Ճիշտ է, հստակ երեւացող անկախական միտումներ դեռ չկային, բայց արդեն նշմարվում էին դեպի անկախություն տանող զարգացումները: Խումբն այդ ժամանակահատվածի համար դժվարին խնդիր էր դրել իր առջեւ` ստեղծել ընդհատակյա տպարան, տպագրել ամսագիր եւ տարածել: Ըստ էության, իրենց առջեւ դրած խնդրի կարեւոր մասը նրանք կարողացան իրականացնել: Ստեղծեցին տպարան ու տպագրեցին իրենց պատկերացրած ամսագիրը, բայց չհասցրին տարածել: Մատնության հետեւանքով, տարածման համար արդեն ամսագրի պատրաստ օրինակներով հանդերձ, խմբի անդամները ձերբակալվեցին:

     «Հանուն Հայրենիքի» ամսագիրը բաղկացած էր 38 էջից: Շապիկին հաջորդող երեսին Վիգեն Բաբայանի «Կտակ հայ որդուն» պոեմից մեծատառերով գրված քառատող հատված է.

                         Քանզի սնվել ես մորդ արգանդում որպես հայ որդի,

                         Երդվիր, սիրելիս, որ պիտի պաշտես սուրբ հողը նրա,

                         Դու պիտի լինես դյուցազուն զինվոր քո ժողովրդի,

                         Մաշտոցյան լեզուն անաղարտ պահես շրթներիդ վրա:

Վերջին էջում` ամսագրի բովանդակությունից ներքեւ խմբագրական կոլեգիայի անդամների կեղծանուններն են` Զարզանդ Մաշտոց (Ասատուր Բաբայան), Արտավազդ Կոչենց (Աղասի Անտոնյան), Հարություն Բագրատունյանց (Հովիկ Վասիլյան), Շավարշ Սիրունյան (Շիրակ Գյունաշյան), Գարսեւան Հովհաննիսյան (Գեւորգ Հեքիմյան), Սմբատ Պողոսյան (Սարգիս Թորոսյան):

    Ամսագրում զետեղված հետեւյալ երեք հոդվածների հեղինակը Հովիկ Վասիլյանն էր. «Որպես նախաբան», որը, փաստորեն,  կազմակերպության ծրագիրն էր, «Բաց նամակ Քոչինյաններին», որտեղ նա քննադատում է կոմերիտմիության համագումարում Խորհրդային Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Քոչինյանի ունեցած ելույթը` պաշտպանելով դաշնակցությանը վերջինիս հարձակումներից ու Հայաստանի կորուստների համար մեղադրելով բոլշեւիկներին, եւ վերջապես` «Դատական կատակերգություն» հոդվածը, որն անդրադառնում է 1967 թ. նոյեմբերի 25-29-ին տեղի ունեցած «Հայաստանի վերամիավորման շարժում» կազմակերպության անդամների դատավարությանը:

Գեւորգ Հեքիմյանը գրել է «Երկու խոսք Ղարաբաղի  եւ  Նախիջեւանի  մասին»  հոդվածը:  Տպագրվել  են  նաեւ  Ավետիս  Ահարոնյանի նամակը «Ռուսաստանի արտաքին գործերի կոմիսար պարոն Չիչերինին» եւ դաշնակցության «Հեղափոխության ալբոմ» ամսագրից վերցված «Հեղափոխության աղբյուրները» հոդվածը, որոնք խմբագրությանն էր տրամադրել Հայկ Իսկանդարյանը:

     Խմբի բոլոր անդամները դատապարտվեցին այդ տարիների համար խիստ համարվող պատժաչափերի: Հովիկ Վասիլյանը, Գեւորգ Հեքիմյանը, Ասատուր Բաբայանը եւ Սարգիս Թորոսյանը ազատազրկվեցին վեց տարի ժամկետով: Բազմաթիվ  մեղմացնող  հանգամանքներ  հաշվի  առնելով  ու  դրանց  մասին  դատավճռում հատուկ ընդգծելով` Աղասի Անտոնյանին հինգ տարի ազատազրկեցին, Շիրակ Գյունաշյանին` չորս տարի, իսկ Լեւոն Առուշանյանին` մեկ տարի վեց ամիս:

     Չնայած խումբը կազմավորվել էր 1968-ի սկզբին, խմբի անդամների հիմնական մասն արդեն ընդհատակյա գործունեության բավական մեծ փորձ ուներ: Այսպես. Գեւորգ Հեքիմյանը եւ Ասատուր Բաբայանը 60-ականների սկզբից էին սկսել իրենց ընդհատակյա գործունեությունը: Գեւորգ Հեքիմյանն առնչություններ է ունեցել 60-ականների շարժումներին, Անդամակցել է 1963թ․ ստեղծված Հայ երիտասարդների միությանը: Մասնակցել է 1965 թ. ապրիլի 24-ի ցույցին: Եղել է նաեւ կազմակերպիչներից մեկը 1966 թ. ապրիլի 24-ին Կոմիտասի անվան այգում կայացած հայտնի ցույցի,  որի  մասնակիցները  կալանավորվեցին:  Հայտնվել  է  Պետանվտանգության կոմիտեի  տեսադաշտում:  1964-65թթ.  ծավալած  գործունեության  կապակցությամբ ՊԱԿ-ի կողմից երկու անգամ պաշտոնական նախազգուշացում է ստացել: Չնայած նախազգուշացումներին եւ հետապնդումներին` շարունակել է իր գործունեությունը:

     Ասատուր Բաբայանը «Յոթի գործ»-ով դատապարտված բանաստեղծ Վիգեն Բաբայանի հայրն էր: Դեռեւս 1964-1965 թվականներին զգուշացվել է Պետական անվտանգության կոմիտեի կողմից, բայց չի դադարեցրել իր գործունեությունը:

     Հովիկ Վասիլյանը եւ Շիրակ Գյունաշյանը դեռեւս 1965 թվականին են` իրենց համախոհների հետ միասին, հայրենասիրական բնույթի` հայոց լեզվի մաքրության եւ ռուսաֆիկացման դեմ ուղղված թռուցիկներ տարածել Երեւանում: 1967 թվականին նույնպես` նշված բովանդակությամբ թռուցիկներ են տարածել Երեւանում ու Աբովյանում, որին այս անգամ մասնակցել է նաեւ Լեւոն Առուշանյանը:

Պատմում է խմբի գործով դատապարտված Աղասի Անտոնյանի կինը` Մարին

1964 թվականին Ասատուր Բաբայանի որդուն` Վիգեն Բաբայանին, եւս վեց հոգու հետ դատեցին: Բաբայան Ասատուրը զինվորական էր, պատերազմի մասնակից, 7 անգամ վիրավորված, շքանշաններով ու մեդալներով պարգեւատրված: Երեւանի գնդում Աղասին` ամուսինս, նրա հետ է ծառայել: Ամուսնանալուց հետո գնեցինք Ավանի այս հողամասը, տուն կառուցեցինք, որտեղ այսօր էլ ապրում է մեր ընտանիքը: Ասատուրենք ապրում էին մեզանից քիչ վերեւ: Փաստորեն, նախկին ծանոթներն ու ծառայակիցները  դարձան  նաեւ  հարեւաններ:  Վիգենենց  դատից  հետո  նրանք  ընկերներով հաճախ էին հավաքվում մեր տանը: Սկզբնական շրջանում ես չգիտեի իրենց հավաքների իրական նպատակը: Կարծում էի` ընդամենը ընկերներ են ու հավաքվում են: Վասիլյան  Հովիկն  էր,  Շիրակ  Գյունաշյանն  էր,  Գեւորգ  Հեքիմյանն  էր,  Ասատուրն  էր Բաբայան, Սարգիսը Թորոսյան եւ ամուսինս` Աղասի Անտոնյանը: Թե երբ եւ որտեղ էին իրար հետ ծանոթացել` չեմ կարող ասել, չգիտեմ: Միայն կարող եմ ասել, որ մինչեւ վերջ էլ մնացին լավ ու իրար հավատարիմ ընկերներ:

Մի օր էլ Աղասին ասաց ինձ իրենց հավաքների իրական պատճառների մասին եւ տեղեկացրեց, որ որոշել են մեր տանն ամսագիր տպագրել: Սկզբում չէի համաձայնվում,  վախենում  էի,  հետո  համաձայնվեցի:  Համաձայնությունս  ստանալուց  հետո` արդեն իմ ներկայությամբ սկսեցին քննարկել ապագա ամսագրի տպագրման մանրամասները: Սարգիսն ու Աղասին Սեւանից բերեցին տպատառերը: Աշխատանքը դանդաղ էր ընթանում: Երեւի մեկ տարի անց` Հարությունյան Շահենի միջոցով մեզ հետ ծանոթացավ Ամիրջանյան Խաչիկը: Նա Ասատուրի որդու` Վիգենի հետ 1964 թ. դատապարտվել ու ժամկետից շուտ ազատ էր արձակվել: Ծանոթանալուց որոշ ժամանակ անց նա մեր տուն եկավ Ասատուրի հետ եւ ասաց, որ կնոջից բաժանվում է ու ապրելու տեղ չունի, խնդրեց ապաստան տրամադրել: Ես մի փոքրիկ սենյակ առանձնացրի, անկողին դրեցի, ու միառժամանակ նա մեր տանն էր ապրում: Որոշ ժամանակ անց տղաներից ոմանք սկսեցին կասկածանքով վերաբերվել Խաչիկին: Ասատուրը չէր հավատում, պնդում էր, որ Խաչիկը ազնիվ է, բայց մյուսները կասկածում էին: Ամսագրի տպագրման աշխատանքներում Խաչիկը ներգրավված չէր: Ամեն ինչ արվում էր նրանից գաղտնի: Նա գիտեր միայն, որ խումբ է գործում: Թե ինչ է անում այդ խումբը եւ ինչով  է  զբաղված`  չգիտեր:  Անընդհատ  հարցուփորձ  էր  անում,  առաջարկում  իր ծառայությունները:

Բաբայան Ասատուրը գրաշարություն սովորեցրեց ինձ: Հեքիմյան Գեւորգը լամպերի գործարանում հատուկ հարմարանքսեղանիկ էր սարքել: Ես տառերը շարում էի այդ հարմարանքի մեջ, բառերի միջակայքը ապահովելու համար յուրաքանչյուր բառի ավարտին լուցկու հատիկի ջարդած կտոր էի տեղավորում, ներկը քսում էի ու գրտնակով գրտնակում: Ամսագրի ողջ խմբաքանակը այդպես տպագրեցի: Մնում էր կազմելը: Այդ ընթացքում արդեն կասկածանքները, որ ՊԱԿ-ը կարող է տեղեկանալ գործի մասին` էլ ավելի էին ամրապնդվել տղաների մեջ: Որոշեցին մեր տնից տեղափոխել: Ողջ խմբաքանակը դասավորեցի արկղերի մեջ ու տարան Աբովյան: Կազմման աշխատանքներն ավարտեցին Աբովյանում` Հովիկի քրոջ տանը: Ավարտելուց հետո ողջ խմբաքանակն արդեն տրանսպորտով փորձում են տեղափոխել Երեւան` տարածելու համար: Սակայն, Աբովյանից գալուց` Մհուբում ավտոբուսը կանգնեցնում են: Տղաներից ավտոբուսում են լինում Հովիկ Վասիլյանը, Շիրակ Գյունաշյանը, Գեւորգ Հեքիմյանը եւ Հովիկի քրոջ ամուսինը: Հայտարարում են, որ մեծ գումար է կորել, եւ ավտոբուսի ուղեւորներից յուրաքանչյուրն իր ուղեբեռով պետք է դուրս գա: Տղաները, բնականաբար, թողնում են իրենց պայուսակներն` ասելով, որ իրենցը չեն: Մի խոսքով, ձերբակալում են տղաներին եւ ամեն մեկին առանձին մեքենա նստեցնելով` տեղափոխում ՊԱԿ-ի մեկուսարան: Դա հուլիսի 2-ին էր: Աղասին տան դռներն էր ներկում, բայց երիկամների հետ կապված խնդիրներ ուներ, վատ զգաց ու պառկեց: Երեկոյան 9-ի կողմերն` առանց դուռը ծեծելու մի մեծ խումբ մտավ մեր տուն: Պահանջեցին, որ Աղասին հագնվի: Ասացին, որ ձերբակալելու եւ տունը խուզարկելու սանկցիա ունեն: Մեզ` տնեցիներիս փակեցին մի սենյակում ու սկսեցին խուզարկությունը: Մինչեւ գիշերվա երեքը մեր տանն էին: Այդ ընթացքում տղաների բռնվելու մասին իմանում է Սարգիսը եւ շտապում մեր տուն` Աղասուն  զգուշացնելու  նպատակով:  Չիմանալով,  իհարկե,  որ  այդ  պահին  մեր  տանը խուզարկություն է ընթանում: Մեր տանը մոտենալիս` տեսնում է բակում կանգնած մեքենաները, հասկանում է, որ արդեն ուշ է, փորձում է հեռանալ, բայց բռնում են: Սաքոյին նույնպես բերեցին մեր տուն: Նա մնաց մեզ հետ այնքան ժամանակ` մինչեւ որ ավարտվեց մեր տան խուզարկությունը, ինչից հետո Սաքոյին տարան իրենց տուն ու սկսեցին այնտեղ խուզարկել: Ես գործում ներգրավված էի որպես վկա: Բնական է, որ տղաները բոլորն էլ ասում էին, որ ես ոչնչից տեղյակ չեմ: Նույնը ասում էի նաեւ ես: Նախաքննության փուլում Ամիրջանյան Խաչիկի նկատմամբ մեր կասկածները վերջնականապես հիմնավորվեցին: Նախաքննությունն ութ ամիս տեւեց: Դատը տեղի ունեցավ փետրվարի 12-ին` Աղասու ծննդյան օրը: Ինձ ու Հեքիմյան Գեւորգի կնոջը դատական նիստերի դահլիճ չթողեցին, քանի որ մենք գործում որպես վկաներ էինք ներգրավված: Միայն ցուցմունքներ տալուց հետո թույլ տվեցին նստել դահլիճում:

Բոլորին էլ բարձր պատժաչափեր նշանակեցին: Հովիկ Վասիլյանին, Ասատուր Բաբայանին, Գեւորգ Հեքիմյանին, Սարգիս Թորոսյանին տվեցին վեցական տարի, Աղասուն` հինգ, Շիրակ Գյունաշյանին` չորս: Միայն Հովիկի քրոջ ամուսնուն` Առուշանյան Լեւոնին, որը կազմակերպության գործունեության հետ որեւէ առնչություն չուներ, մեկ տարի վեց ամիս տվեցին: Դատից հետո տղաներին  տեղափոխեցին Մորդովիա: Տարեկան մեկ անգամ տեսակցություն էր թույլատրվում: Ամբողջ տարին գումար էինք կուտակում, հավաքվում էինք կանանցով ու միասին տեսակցության գնում: Գնում էինք Մոսկվա, Մոսկվայից գնացքով` Սարանսկ, իսկ այնտեղից արդեն բեռնատար մեքենաների թափքերին` դեպի կալանավայրեր: Տղաները գտնվում էին տարբեր կալանավայրերում: Հեռավորությունը նրանց միջեւ բավականին մեծ էր: Մի տարի էլ այդ նույն չարչարանքներով հասանք գաղութ, բայց տեսակցություն չտվեցին: Երրորդ գաղութն էր: Սարգիսը եւ Աղասին միասին էին նստած, ու ես գնացել էի նրա կնոջ հետ: Ինչքան խնդրեցինք` չթույլատրեցին: Այդպես էլ` առանց հանդիպելու վերադարձանք Երեւան: Հայաստան վերադառնալուց հետո տղաները շարունակում էին իրենց ընկերությունը: Մեր ընտանիքներն էլ էին արդեն հարազատացել: Բոլորն արդեն մահացել են, բայց մեր ընտանիքների միջեւ կապն այսօր էլ չի կտրվել: Հաճախ մեր տանն էին հավաքվում:

Քանի դեռ Աղասին նստած էր, ես որեւէ հետապնդում կամ ճնշում իմ նկատմամբ չեմ զգացել: Լվացքատանն էի աշխատում: Աղասու վերադառնալուց հետո տեղափոխվեցի «Ալմաստ» գործարան: Այդտեղ արդեն գալիս էին, ինձ կանչում էին տնօրենի մոտ եւ հետաքրքրվում, թե ինչ է անում Աղասին: Անընդհատ առանձնակի ուշադրություն էի զգում: Մի անգամ բանվորներով ինչ-որ աշխատանքային խնդրի հետ կապված հրաժարվել էինք աշխատել: Տնօրեն Միդոյանը ներս մտավ ու հարցրեց` ինչու՞ չեք աշխատում: Ես փորձեցի բացատրել մեր չաշխատելու պատճառը: Նա էլ, թե` տիկին, սա քեզ համար ցույց չի, որ կազմակերպես ու հայկական հողեր ուզես, լուսամուտից հիմա քեզ դուրս կշպրտեմ:   Իսկ ինքը` Աղասին, ընդհանրապես աշխատելու հնարավորություն չուներ: Եվ ոչ միայն նա: Վերադառնալուց հետո երկու տարի հսկողության տակ էր: Երեկոյան 8-ից տնից դուրս գալու իրավունք չուներ, հասարակական վայրերում լինելու իրավունք չուներ: Թանգարան էր մտել` դուրս էին արել: Մի  Ջանազյան ազգանունով միլիցիոներ կար, հանգիստ չէր տալիս: Անընդհատ գալիս էր: Որտեղ էլ որ աշխատանքի տեղավորվեր` կարճ ժամանակից հեռացնում էին: Վասիլյան Հովիկի հետ միասին քանի տեղ աշխատելու փորձ արեցին, ոչինչ չստացվեց: Մի անգամ էլ տեղավորվեցին աշխատանքի որպես մայթեզրերի քարեր շարող բանվորներ: Անգամ այդտեղ խնդիրներ առաջացան:

Մեկ անգամ էլ մեր տունը խուզարկեցին 1977-ին, Զատիկյան Ստեփանի հետ կապված: Զատիկյանի ձերբակալության օրը տղաներն ասացին ինձ, որ գնամ նրանց տուն եւ տեսնեմ, թե ինչ է կատարվում այնտեղ: Մեծ աղջկաս հետ գնացի: Հասանք նրանց տուն, բայց մեզ ներս չթողեցին: Մի քանի օրից եկան իմ աշխատանքի վայր, ինձ տուն բերեցին ու խուզարկություն կազմակերպեցին մեր տանը: Բայց ոչինչ չգտան:

                 «Հանուն Հայրենիքի» խմբի անդամներ գործով կայացված դատավճիռը

Այս դատավճիռը, նույնպես գործին առնչություններ ունեցող մարդկանց հիշողությունների եւ մեր ձեռքի տակ եղած մեղադրական եզրակացության ու այլ փաստաթղթերի օգնությամբ, կարողացել ենք քիչ թե շատ ավարտուն տեսքի բերել` լրացնելով ԱԱԾ կողմից վկաների ջնջված անունները: Չլրացված են մնացել միայն մի քանի անուններ, մեզ տրամադրված անմխիթար վիճակում գտնվող դատավճռի  անընթեռնելի մի քանի հատված եւ գործով դատապարտված Լեւոն Առուշանյանի անձնական տվյալները:

                                                              ԴԱՏԱՎՃԻՌ

                                                                                                                     1969թ.

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ

1969 թվի փետրվարի 28-ին

Նախագահությամբ`               Ս.Ս. Եղիազարյանի

Ատենակալներ`                      1. Ս. Գ. Պետրոսյանի 2. Հ. Գ. Աղլամազյանի

Քարտուղարությամբ`           Կ. Մելքոնյանի

Մասնակցությամբ պետական մեղադրող

Դատախազ`                            Գ. Ղամբարյանի

Դատապաշտպաններ`          Գ. Հարոյանի եւ Ս. Մոսոյանի

Քննության առնելով դատական դռնփակ նիստում քրեական գործը ըստ մեղադրանքի`

ՀՈՎԻԿ ՄԱՐՏԻՆԻ ՎԱՍԻԼՅԱՆԻ, ծնվել է 1936թվ. Իջեւանի շրջանի Վերին Արդան

գյուղում, ՍՍՀՄ քաղաքացի, ազգությամբ հայ, անկուսակցական, միջնակարգ կրթությամբ, ամուրի, խնամքին ոչ ոք, նախկինում չդատված, մշտապես բնակվել է Երեւան քաղաքի Կոմիտաս փողոցի 22 շենքում, սույն գործով կալանքի տակ է 1968թվ. հուլիսի 4-ց:

ԱՍԱՏՈՒՐ ՀՈՒՆԱՆԻ ԲԱԲԱՅԱՆԻ, ծնվել է 1915թվ. Ադրբեջանի ՍՍՀ Մարտակերտի շրջանի  Մոխրաթաղ  գյուղում,  ՍՍՀՄ  քաղաքացի,  ազգությամբ  հայ,  բարձրագույն կրթությամբ, նախկինում չդատված, մինչեւ կալանավորվելը աշխատել է որպես ուսուցիչ, խնամքին 3 անձ, ամուսնացած, Հայրենական պատերազմի մասնակից, 7 անգամ վիրավորված, պարգեւատրված է շքանշաններով եւ մեդալներով, Մշտապես բնակվել է Երեւանում, սույն գործով կալանքի տակ է 1968թվ. հուլիսի 4-ից:

ԳԵՎՈՐԳ ՌՈՒԲԵՆԻ ՀԵՔԻՄՅԱՆ,  ծնվել  է 1936թ.վ  Սիրիայի  Հալեբ  քաղաքում,

ՍՍՀՄ քաղաքացի, ազգությամբ հայ, անկուսակցական, միջնակարգ կրթությամբ, ամուսնացած, խնամքին ոչ ոք, նախկինում չդատված, աշխատել է Էլեկտրոլամպերի

գործարանում որպես բանվոր, մշտապես բնակվել է Երեւան, Ն. Զեյթուն 5-րդ փողոց տուն նո. 28: Սույն գործով կալանքի տակ է 1968թվ. հուլիսի 4-ից:

ԱՂԱՍԻ ԱՆԴՐՈՒՇԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ, ծնվել 1931թվ. Սպիտակի շրջանի Կաթնաջուր

գյուղում,  ՍՍՀՄ  քաղաքացի,  ազգությամբ  հայ,  անկուսակցական,  6-րդ  դասարանի կրթությամբ, խնամքին կինը եւ 4 երեխաներ, սովետական բանակում ծառայել է, աշխատել է 6-րդ տրեստի 3-րդ  շինվարչությունում որպես բանվոր, մշտապես բնակվել է Երեւանի Ավան 4-րդ փողոցի 15 տանը: Սույն գործով կալանքի տակ է 1968թ հուլիսի 4-ից: Նախկինում չդատված:

ՍԱՐԳԻՍ ԽԱՉԻԿԻ ԹՈՐՈՍՅԱՆԻ, ծնվել է 1930թվ. Աշտարակի շրջանի Եղվարդ գյուղում, ՍՍՀՄ քաղաքացի, ազգությամբ հայ, անկուսակցական, նախկինում չդատված, 8-րդ դասարանի կրթությամբ, ամուսնացած, խնամքին կինը եւ 3 երեխաներ, աշխատել  է  տաքսամոտորային  պարկում  որպես  ավտովարորդ,  մշտապես  բնակվել  է Երեւան----: Սույն գործով կալանքի տակ է 1968թվ. հուլիսի 4-ից:

ՇԻՐԱԿ ՊԱՎԵԼԻ ԳՅՈՒՆԱՇՅԱՆԻ, ծնվել է 1939թվ. ՀՍՍՀ Ախուրյանի շրջանի Հայկավան գյուղում, ՍՍՀՄ քաղաքացի, ազգությամբ հայ, անկուսակցական, թերի բարձրագույն կրթությամբ, ամուրի, խնամքին ոչ ոք, աշխատել է Երեւանի էլեկտրոլամպերի գործարանում որպես ինժեներ, կոնստրուկտոր, մշտապես բնակվել է Երեւանում, Մարգարյան փող. նո. 23 տանը: Սույն գործով կալանքի տակ 1968թվ. օգոստոսի 11-ից: Նախկինում չդատված:

ԼԵՎՈՆ ՌՈՒԲԵՆԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ, ծնվել է 1939թվ. ՀՍՍՀ Շամշադինի շրջանի Այգեձոր գյուղում, ՍՍՀՄ քաղաքացի, ազգությամբ հայ, անկուսակցական, 9-րդ դասարանի   կրթությամբ,   նախկինում   չդատված,   ամուսնացած,   խնամքին   կինը   եւ 4 երեխաներ, մինչեւ կալանավորվելը աշխատել է շին վարչությունում որպես բեռնակիր բանվոր, մշտապես բնակվել է Աբովյան քաղաքի ------------- : Սույն գործով կալանքի տակ է 1968թվ. հուլիսի 4-ից:

     Դատաքննությամբ, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացություններով, քննչական փորձերով, առգրավված իրեղեն ապացույցներով եւ գործով բոլոր ամբաստանյալների    ինքնախոստովանությամբ,    Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան ապացուցված է համարում հետեւյալը`

Ամբաստանյալներ Հովիկ Վասիլյանը եւ Շիրակ Գյունաշյանը աշխատելով Երեւանի Էլեկտրոլամպերի գործարանում, մշտապես հանդիպումներ են ունեցել միմիանց հետ ու խոսել են հայ ժողովրդի պատմական անցյալի, նրա տերիտորիաների, ինչպես նաեւ լեզվի անաղարտության մասին:

     Չուենալով համապատասխան կրթություն եւ պատրաստականություն, գտնվելով քաղաքականապես ցածր մակարդակի վրա նրանք սխալ եզրակացության են հանգել այն մասին, որ Հայաստանի խորհրդայնացումից հետո, իբր հայկական լեզուն ռուսացվել է եւ որ հայ ժողովրդի շահերը ոտնահարվում են ռուսների կողմից:

     Իրենց դատողություններով ամբաստանյալներ Վասիլյանը եւ Գյունաշյանը, իսկ հետագայում նաեւ Գեւորգ Հեքիմյանը, Աղասի Անտոնյանը, Ասատուր Բաբայանը եւ Սարգիս Թորոսյանը աղավաղելով մեր իրականությունը, խորհրդային միությունում գտնվող բոլոր ազգերի իրավահավասարությունը գտել են, որ իբր հայ ժողովրդի այն մասը, որը մշտապես բնակվում է միության մյուս հանրապետություններում հալածված են եւ գտնվում են «ողբերգական» վիճակում:

     Առանց հաշվի առնելու պատմական իրադարձությունները, 1917թվ. հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մեր երկրի իրավիճակը, նրա փոխհարաբերությունները կապիտալիստական մի շարք երկրների հետ եւ միջազգային իրադրությունը ընդհանրապես ամբաստանյալներ Վասիլյանը, Գ. Հեքիմյանը, Ա. Բաբայանը, Ա. Անտոնյանը, Շ. Գյունաշյանը եւ Ս. Թորոսյանը բանավոր եւ գրավոր զրպարտչական հերյուրանքներ են տարածել խորհրդային միության կառավարության կողմից տարվող ներքին եւ արտաքին քաղաքականության նկատմամբ, հատկապես թուրքիայի հետ կնքված պայմանագրերի   շուրջ:   Խորհրդային   միության   հանրապետությունների   միասնությունը խախտելու նպատակով պահել եւ ամսագրի ձեւով փորձել են տարածել դաշնակցության կուսակցության պարագլուխների հակասովետական բովանդակություն կրող հոդվածները, որոնցում կոչ է արվում «անկախ» հայաստան ստեղծելու մասին, ինչպես նաեւ այս բովանդակության հոդվածներ են գրել իրենք: Եւ վերջապես այդ նպատակին հասնելու համար ստեղծել են անլեգալ կազմակերպություն, որի ղեկավար է ընտրվել ամբաստանյալ Հովիկ Վասիլյանը: Այսպես օրինակ`

     1965թվ. գարնանը Վասիլյանը եւ Շիրակ Գյունաշյանը գործով վկաներ  Գագիկ Գեւորգյանի եւ Միշա Մնոյանի հետ Երեւան քաղաքի Լենինյան շրջանում եւ «Մոսկվա» կինոթատրոնի  մոտ  «այլեւս  չի  կարելի  լսել»  վերնագրով  լուսազգայուն  թղթի  վրա տպագրված 50 օրինակ թռուցիկ են տարածել, որի հեղինակը հանդիսացել է Հովիկ Վասիլյանը:

     Այդ թռուցիկում միանգամայն սխալ տեսանկյունով է մեկնաբանվում հայ եւ ՍՍՀ Միության  մյուս  ժողովուրդների  վիճակը  մեկնաբանելով,  որ  իբր  «խարիսխվում  է» նրանց արտոնությունները եւ այդ ազգերը ռուսականացվում են:

     1967թվ. փետրվար ամսին ամբաստանյալ Գեւորգ Հեքիմյանը, որը դեռ 3 տարի առաջ պետական անվտանգության կոմիտեի կողմից նախազգուշացված է եղել, մեկ այլ հակասովետական կազմակերպության հետ առնչվելու համար, քր. օրի 2061 հոդվածով դատապարտված Մարտին Նալբանդյանից վերցրել է «կրկին ռուս-թուրքական դիվանագիտության   զոհասեղանին»   վերնագիրը  կրող թռուցիկ  եւ տվել   է   Հովիկ Վասիլյանին Երեւան քաղաքի բնակիչների մեջ տարածելու նպատակով:

     Վասիլյանը իր հերթին, այդ թռուցիկները տարածելու գործին ներգրավել է Շիրակ Գյունաշյանին, ------- գործով ամբաստանյալ Լեւոն Առուշանյանին եւ վկա Միշա Մնոյանին: Նշված թռուցիկները մի քանի հայրուր օրինակից տարածվել է 1967թվ. մարտ ամսին  Երեւանի  Լենինի  անվան  պողոտայում  գտնվող  փակ  շուկայում  եւ  Աբովյան քաղաքում: Բացի այդ նույն ամբաստանյալները տարածել են նաեւ առանց վերնագրի մեկ այլ թռուցիկ, որոնցում զրպարտչական հերյուրանքներ են շարադրված այն մասին, որ իբր սովետական կառավարությունը շարունակում է ցարական ռուսաստանի քաղաքականությունը, ոտնահարում է հայ ժողովրդի իրավունքները եւ իբր թույլ է տալիս նրա նկատմամբ բարոյական գենոցիտ:

     Ընդ որում «կրկին ռուս-թուրքական դիվանագիտության զոհասեղանին» վերնագիրը կրող թռուցիկների մի մասը տարածվել է Երեւանի Աերոֆլոտի քաղաքային գործակալության    բարձրահարկ    շենքի    տանիքից,    պիրոտեխնիկական    հարմարանքի գործադրմամբ, որը պատրաստել են ամբաստանյալ Վասիլյանը եւ վկա Մնոյանը:

     Գեւորգ Հեքիմյանը, Հովիկ Վասիլյանը եւ Շիրակ Գյունաշյանը իրենց անլեգալ գործունեությունը ավելի ընդլայնելու նպատակով 1968թվ. փետրվար ամսին կապ են հաստատել գործով վկա Կիրով Խաչատրյանի հետ, որը իր հերթին նույնանման խումբ է ունեցել եւ նույնպես զբաղվել է զրպարտչական բովանդակությամբ թռուցիկներ տարածելով:

     Նրանք մի քանի անգամ հավաքվել են ամբաստանյալ Գեւորգ Հեքիմյանի բնակարանը եւ քննարկել են համատեղ գործելու միջոցների մասին, սակայն Կիրով Խաչատրյանի Օդեսա գնալու կապակցությամբ այդ միացումը տեղի չի ունեցել: Իսկ մինչ այդ Հեքիմյանը եւ Վասիլյանը Կ. Խաչատրյանին են տվել ամբաստանյալ Սարգիս Թորոսյանի կողմից ձեռք բերված տպագրական հարմարանքներ թռուցիկներ տպագրելու եւ տարածելու նպատակով, սակայն Խաչատրյանը դրանք չի օգտագործել եւ Հեքիմյանի, Վասիլյանի, Թորոսյանի եւ մյուսների կալանավորվելուց հետո ներկայացրել է պետական անվտանգության կոմիտե:

     Գեւորգ Հեքիմյանը, Հովիկ Վասիլյանը եւ Շիրակ Գյունաշյանը տարբեր պատրվակներով ծանոթանալով գործով մյուս ամբաստանյալներ Ասատուր Բաբայանի, Աղասի Անտոնյանի եւ Սարգիս Թորոսյանի հետ 1968 թվականին սկզբներին որոշել են ստեղծել  գաղտնի  կազմակերպություն,  որը  պետք  է   զբաղվի  հակասովետական  բնույթի բազմատիրաժ թերթեր կամ ամսագրեր տպագրելու եւ ժողովրդի մեջ տարածելու հարցերով:

     Այդ նպատակով բոլոր ամբաստանյալները բացառությամբ Առուշանյանի բազմաթիվ անգամ գաղտնի հավաքույթներ են կազմակերպել Աղասի Անտոնյանի բնակարանում, քննարկել են «Հանուն հայրենիքի» վերնագիրը կրող ամսագիր հրատարակելու հարցերը, նրանում տպագրվելիք հոդվածների բովանդակությունը, տպագրական միջոցներ հայթայթելու մասին, ինչպես նաեւ գրամեքենա ձեռք բերելու հարցը եւ այլ կազմակերպչական    խնդիրներ:    Գաղտնի    ամսագրի    հրատարակման    նպատակով, կազմակերպության պահանջով ամբաստանյալ Թորոսյանը գնել է «Կոնսուլ» մակնիշի գրամեքենա  եւ  հանձնել  Աղասի  Անտոնյանին:  Բացի  այդ  Թորոսյանը  ձեռք  է  բերել տպագրական հարմարանքներ, որոնց սակայն չեն օգտագործել եւ Վասիլյանի ու Հեքիմյանի կողմից հանձնվել են Կիրով Խաչատրյանին:

     Ջանալով լինատիպ տպագրական հարմարանքներ ձեռք բերել, ամբաստանյալներ Աղասի Անտոնյանը եւ Շիրակ Գյունաշյանը հանդիպումներ են ունեցել գործով վկա Ի- ի հետ եւ խնդրել են նրան բացատրել լինատիպ տպագրության ձեւը: Գյունաշյանը նույնիսկ իր ծոցատետրում այդ մեքենայի մոտավոր սխեման է գծել, սակայն հետագայում հրաժարվել են նաեւ այդ մտքից: Ի վերջո Սարգիս Թորոսյանը եւ Աղասի Անտոնյանը մի անգամ գնացել են Սեւան քաղաքի տպարան եւ գրաշար Հովեյանի միջոցով ձեռք են բերել շուրջ 30 կգ տպագրական տառեր, տողեր, ներկ եւ բերել Երեւան պահել են Անտոնյանի բնակարանում:

     Երբ կազմակերպության բոլոր անդամները տեղյակ են պահվել, որ տպագրության համար անհրաժեշտ պարագաները արդեն ձեռք են բերվել ամբաստանյալները, բացի Առուշանյանից, ձեռնմուխ են եղել հոդվածների պատրաստմանը:

     Ամբաստանյալ Հովիկ Վասիլյանը ամսագրում տպագրելու համար անձամբ գրել է 3 հոդված այն է` «որպես նախաբան» որը փաստորեն հանդիսացել է կազմակերպության ծրագիրը, «բաց նամակ Քոչինյաններին» եւ «դատական կատակերգություն»:

     Այդ հոդվածներում Հովիկ Վասիլյանը գովեստով է նշում դաշնակցություն կուսակցության գործունեությունը, թույլ է տվել զրպարտանք բոլշեւիկների հասցեին նրանց անվանելով «Գաղութարարներ» որ իբր ռուսաստանը աջակցել է թուրքերին հայկական ջարդերի ժամանակ, կոչ է արել «միավորվել մեկ ընդհանուր համաժողովրդական հզոր շարժման մեջ» եւ լուսաբանել է այլ հակասովետական գրվածքներ, որոնք ամբողջությամբ հագեցած են դաշնակցության կուսակցության վտանգավոր, զուտ նեղ ազգայնական բովանդակությամբ: Վասիլյանը անձամբ գիպսից պատրաստել է «Հանուն Հայրենիքի» ամսագրի շապիկի կլիշեն եւ տվել է Աղասի Անտոնյանին տպագրության համար:

     Ամբաստանյալ Գեւորգ Հեքիմյանը այդ ամսագրի համար գրել է տպագրության է հանձնել «երկու խոսք Ղարաբաղի եւ Նախիջեւանի մասին» հոդվածը, որտեղ ռուս ժողովրդի մասին հերյուրանք է տարածել անվանելով նրանց «ազգակուլներ»:

     Սարգիս Թորոսյանը ամսագրում տպագրելու համար ձեռք է բերել «ռուսաստանի արտաքին գործերի կոմիսար պարոն Չիչերինին» եւ «Հեղափոխության աղբյուրները» հոդվածները, որոնք վերցված են դաշնակցության «հեղափոխական ալբոմ» ամսագրից: Այդ հոդվածները դաշնակցության կուսակցության լիդեր Ահարոնյանի հեղինակությամբ   նշվում   է,   որ   իբր   սովետական   հայաստանը   զոհ   է   եղել   սովետական դիվանագիտությանը եւ հայաստանի խորհրդայնացումը դժբախտություն է համարում հայ ժողովրդի համար: Գովերգվում է դաշնակների գործունեությունը հայաստանում եւ զրպարտելով բոլշեւիկներին կոչ է արվում պայքարել հայաստանի «անկախության համար քանի որ իբր գտնվում է «ստրկական» վիճակում եւ այլն:

     Այս բոլոր հոդվածները քննարկվել են Աղասի Անտոնյանի տանը Ասատուր Բաբայանի, Գեւորգ Հեքիմյանի, Հովիկ Վասիլյանի, Սարգիս Թորոսյանի, Շիրակ Գյունաշյանի  մասնակցությամբ  եւ  բոլորի  կողմից  հավանության  է  արժանացել  ամսագրում տպագրելու համար:

     Ամբաստանյալ Ասատուր Բաբայանը, որը դեռ 1964-1965 թվականներին քաղաքական վնասակար գործունեության համար զգուշացված է եղել պետական անվտանգության կոմիտեի կողմից համապատասխան հետեւություններ չի արել եւ ընդգրկվելով նշված հակասովետական կազմակերպության մեջ ակտիվ մասնակցություն է ունեցել նրա գործունեությանը:

     «Հանուն Հայրենիքի» ամսագիրը տպագրելու համար Հայկ Իսկանդարյանը, որի նկատմամբ գործը կարճվել է մահվան կապակցությամբ, ստանդարտ չափի մեծ քանակությամբ թուղթ է վերցրել եւ հանձնել է Անտոնյանին, սովորեցնելով նրան տառերը շարելու ձեւը:

     Ասատուր Բաբայանը ունենալով բարձրագույն կրթություն, լինելով տարիքով ավելի մեծ փոխանակ հետ պահի մնացած ամբաստանյալներին այդ հանցավոր քայլից, քաջալերել է նրանց: Հայկ Իսկանդարյանը վերցրել է դաշնակցություն կուսակցության գործիչ Նժդեհի «բաց նամակը հայ մտավորականությանը» գիրքը, որը խիստ սահմանափակված է ընթերցողների համար եւ կազմակերպության մյուս անդամներին ծանոթացրել  է  նրա  բովանդակությանը:     

Բաբայանը  իր  տանը  պահել  է  մեկ  այլ  գործով անհայտ  կազմակերպության  «ծրագիր  եւ  երդումը»  որը  ըստ  իր  բովանդակության միանգամայն հակասովետական է:

     Բաբայանը անձամբ կազմել եւ պահել է «անմեղ մեղավորներ» վերնագրով հոդվածը, որտեղ սովետական քաղաքացուն, սովետական իրականության մեջ նկարագրում է որպես ճնշված իրավազուրկ: Նա մասնակցել է կազմակերպության բոլոր հավաքույթներին, բոլոր հարցերի քննարկմանը եւ միջոցներ է տրամադրել «կոնսուլ» մակնիշի գրամեքենա  ձեռք բերելու համար: 1968թվ. մարտ ամսին Հովիկ Վասիլյանի Մուրմանսկ գնալուց հետո Աղասի Անտոնյանը եւ Շիրակ Գյունաշյանը ձեռնմուխ են եղել «Հանուն Հայրենիքի» գաղտնի ամսագրի տպագրմանը եւ տպագրել են 343 օրինակ:

     Երբ ամբաստանյալ Հովիկ Վասիլյանը 1968թվ. հունիսի 25-ին վերադարձել է Մուրմանսկից, անմիջապես հանդիպել է կազմակերպության անդամներ Հեքիմյանի, Գյունաշյանի,  եւ մյուսների  հետ,  Անտոնյանի  տնից  Առուշանյանի  տուն  են  տեղափոխել բոլոր տպագրական միջոցները, այլ հարմարանքներ եւ տպագրված ամսագրի բոլոր օրինակները, իսկ մեկ օր անց ամսագրի մի մասը Գյունաշյանի հետ տարել է նրա քրոջ տանը, որտեղ սկսել են կազմել ամսագիրը:

     Վասիլյանը այդ աշխատանքին է ներգրավել Առուշանյանին, որը դեռ 1968թվ. մարտ ամսից  գիտենալով  կազմակերպության  գոյության  եւ  ամսագրի  տպագրման  մասին մասնակցել է հակասովետական կազմակերպության աշխատանքին կազմելով շուրջ 30-40 ամսագիր:

     Կազմված 160 օրինակ «Հանուն Հայրենիքի» ամսագիրը Վասիլյանը, Գյունաշյանը եւ մյուսները դարձյալ տեղափոխել են Առուշանյանի բնակարան եւ պահել հատուկ պատրաստված թաքստոցում, իսկ 1968թվ. հունիսի 28-ին հավաքվելով Գեւորգ Հեքիմյանի բնակարանում ամբաստանյալները բացառությամբ Առուշանյանի քննարկել են կազմակերպչական հարցեր եւ տպագրված «Հանուն Հայրենիքի» ամսագրի տարածման հետ կապված հարցեր:

     Այդ հավաքույթներում Հովիկ Վասիլյանը ընտրվել է կազմակերպության ղեկավար «Հարություն Բագրատունյանց» ծածկանունով, Գեւորգ Հեքիմյանը Վասիլյանի տեղակալ «Գարսեւան Հովհաննիսյան» ծածկանունով, Ասատուր Բաբայանը ընտրվել է կազմակերպության գործունեության վրա հսկող անձ «Զարզանդ Մաշտոց» ծածկանունով, Սարգիս Թորոսյանը ընտրվել է կազմակերպության մատակարարման գծով ղեկավար «Շավարշ Սիրունյան» ծածկանունով:

     Թվարկված բոլոր ամբաստանյալները ընտրվել են «Հանուն Հայրենիքի» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, իսկ գործով վկա Մնոյանի վրա նրա բացակայությամբ դրվել է կազմակերպության անդամների վրա գաղտնի հսկողություն սահմանելու պարտականությունը:

     Համաձայն նախապես պայմանավորվածության ամբաստանյալներ Հովիկ Վասիլյանը, Գեւորգ Հեքիմյանը վկա Միշա Մնոյանը 1968թվ. հուլիսի 2-ի վաղ առավոտյան հավաքվել են Առուշանյանի բնակարանը եւ նրա բացակայությամբ ձեռնամուխ են եղել ամսագրի մնացած օրինակների հավաքմանը եւ կազմելուն: Բոլոր օրինակները կազմելուց հետո նրանք 101 օրինակ ամսագիրը դուրս են բերել Առուշանյանի բնակարանից Երեւան տեղափոխելու համար, սակայն ճանապարհին, ավտոբուսի մեջ բռնվել են եւ բերման ենթարկվել կոմիտե:

     Դեռեւս 1968թվ. մարտ-մայիս ամիսներին ամբաստանյալներ Գեւորգ Հեքիմյանը, Աղասի Անտոնյանը, Ասատուր Բաբայանը, եւ Սարգիս Թորոսյանը, իսկ սկզբում նաեւ Հովիկ Վասիլյանը, Անտոնյանի բնակարանում եւ բուսաբանական այգում մի քանի անգամ գաղտնի հանդիպումներ են ունեցել մեկ այլ «Ազգային միացյալ կուսակցություն» անունը կրող հակասովետական կազմակերպության ներկայցուցիչներ, այժմ դատապարտվածներ  Հայկազ  Խաչատրյանի  եւ  Շահեն  Հարությունյանի  հետ, կազմակերպությունները  միացնելու  ու  համատեղ  գործելու  նպատակով,  քննարկել  են  նրանց ծրագրերը եւ կանոնադրությունները, գաղտնի հրապարակված եւ ազգաբնակչության մեջ տարածված «Փարոս» թերթը սակայն այդ կազմակերպությունների միացումը տեղի չի ունեցել ծրագրային որոշ տարաձայնությունների, հակակարծիքների, ինչպես նաեւ փարոսականների կալանավորման պատճառով:

     Գաղտնի հրապարակված «Փարոս» թերթը ձեռք է բերել ամբաստանյալ Թորոսյանը եւ ծանոթացրել է կազմակերպության մյուս անդամներին: Նույն Թորոսյանը վերցնելով Իսանդարյանից դաշնակցական Նժդեհի «բաց նամակներ հայ մտավորականությանը» հակասովետական բովանդակություն ունեցող գրքույկը, իր կնոջը արտագրել է տվել եւ պահել իր տանը, որը առգրավվել է խուզարկության ժամանակ:

     Խուզարկությամբ  ամբաստանյալ  Առուշանյանի  բնակարանից  հայտնաբերվել  է «Հանուն Հայրենիքի» ամսագրի կազմված 242 օրինակները, տպագրական ներկը, մեծաքանակ տպատառեր, այլ հարմարանքներ, ինչպես նաեւ տպագրական թուղթ, որոնք վերցվել են Իսկանդարյանից ամբաստանյալներ Բաբայանի եւ Թորոսյանի կողմից:

     Այսպիսով` ամբաստանյալներ Հովիկ Վասիլյանին, Գեւորգ Հեքիմյանին, Ասատուր Բաբայանին, Աղասի Անտոնյանին, Լեւոն Առուշանյանին առաջարկված մեղադրանքը քր. օրի 65 հոդ 1-ին մասով եւ 67 հոդվածով կոլեգիան համարում է հիմնավորված:

     Բոլոր ամբաստանյալները առաջադրված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր ճանաչեցին եւ հանդես եկան մեղայականով:

     Բացի  ինքնախոստովանությունից,  ամբաստանյալներին  առաջադրված  մեղադրանքները հիմնավորված են հարցաքննված վկաներ Միշա Մնոյանի, Կիրով Խաչատրյանի, Լ-ի, Խ-ի, Ծ-ի, Վ. Հովեյանի, Կ-ի եւ մյուսների ցուցմունքներով, առգրավված իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով եւ գործի մնացած բոլորր փաստական տվյալներով:

     Աղասի Անտոնյանին եւ Լեւոն Առուշանյանին մեղմ պատիժ սահմանելիս կոլեգան հաշվի է առնում Անտոնյանի մինչեւ այդ անբասիր լինելը: Աշխատելով եւ ունենալով ընդամենը 3-րդ դասարանի կրթություն նա ընկել է Բաբայանի, Վասիլյանի եւ մյուսների ազդեցության տակ: Օգտվելով այդ առիթից նրանք Անտոնյանի բնակարանը վեր են ածել հավաքատեղիի եւ օգտագործել են նրա ամսագրի տպագրության հետ կապված բոլոր աշխատանքներում: Անտոնյանի խնամքին են գտնվում 4 անչափահաս երեխաներ, կոլեգիան հաշվի է առնում նաեւ նրա առողջական վիճակը:

     Լեւոն Առուշանյանը հանցագործության մեջ է ներգրավվել գործով ամբաստանյալ Հովիկ Վասիլյանի կողմից: Նա գիտենալով հանդերձ կազմակերպության գոյության մասին չի մասնակցել նրանց աշատանքներին, տեղյակ է ղել «Հանուն Հայրենիքի» ամսագրի բովանդակությանը եւ իր բնակարանը տրամադրել է Վասիլյանին վերջինիս պահանջով եւ կազմակերպության հանձնարարությունները կատարել է ընդամենը մի քանի օր: 1967թվ. Առուշանյանը մասնակցել է թռուցիկների տարածմանը դարձյալ Վասիլյանի դրդմամբ:

Առուշանյանի խնամքին են գտնվում 4 երեխաներ, որոնցից 2-ի համար ալիմենտ է վճարում աշխատավարձի 33 տոկոսի չափով: Բացի այդ նրա կինը հղի է:

     Առուշանյանին երկար ժամանակով հասարակությունից մեկուսացնելը խիստ կանդրադառնա նրա երեխաների նյութական ապահովման վրա: Բացի այդ մեղայականով հանդես գալով Առուշանյանը ցուցմունք տվեց, որ այսուհետեւ ոչ միայն չի կատարի մնան արարքներ, այլ ինքը կկանխի ուրիշներին, որոնք կփորձեն թռուցիկներ տարածել:

Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով ՀՍՍՀ քր. դատ. օրի 293-294 հոդվածներով Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան

                                                                 Վ Ճ Ռ Ե Ց

     Ամբաստանյալներ Հովիկ Մարտինի Վասիլյանին, Ասատուր Հունանի Բաբայանին, Գեւորգ Ռուբենի Հեքիմյանին, Աղասի Անդրուշի Անտոնյանին, Սարգիս Խաչիկի Թորոսյանին, Շիրակ Պավելի Գյունաշյանին, Լեւոն Ռուբենի Առուշանյանին հանցավոր ճանաչել ՀՍՍՀ քր. օրի 65 հոդ. առաջին մասով եւ 67 հոդվածով ու 65 հոդվածի առաջին մասի սանկցիայով դատապարտել Հ. Մ. Վասիլյանին, Գ. Ռ. Հեքիմյանին, Ա. Հ. Բաբայանին եւ Ս. Խ. Թորոսյանին յուրաքանչյուրին 6 (վեց) տարի ժամանակով առանց հետագա աքսորի:

     Ա. Ա. Անտոնյանին ազատազրկել 5 (հինգ) տարի ժամանակով, իսկ Շ. Պ. Գյունաշյանին ազատազրկել 4 (չորս) տարի ժամանակով, երկուսին էլ առանց հետագա աքսորի: Լ. Ռ. Առուշանյանին նույն 65 հոդվածի առաջին մասով   ազատազրկել մեկ տարի վեց ամիս ժամանակով, առանց հետագա աքսորի: Բոլոր դատապարտյալները պատիժը պետք է կրեն խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում:

     Դատապարտյալներ Հովիկ Մարտինի Վասիլյանի, Ասատուր Հունանի Բաբայանի, Գեւորգ Ռուբենի Հեքիմյանի, Աղասի Անդրուշի Անտոնյանի, Սարգիս Խաչիկի Թորոսյանի եւ Լեւոն Ռուբենի Առուշանյանի կալանքի սկիզբը հաշվել 1968թվականի հուլիսի 4- ից, իսկ Շիրակ Պավելի Գյունաշյանի կալանքի սկիզբը հաշվել 1968թ. օգոստոսի 14-ից:

     Իրեղեն ապացույց ճանաչված «Կոնսուլ» մակնիշի գրամեքենան պետականացնել:

     «Հանուն Հայրենիքի» ամսագրի բոլոր օրինակները բացի քրեական գործին կցվածից ոչնչացնել, բացառությամբ 2 օրինակի որոնք թողնել պետական անվտանգության կոմիտեի տրամադրության տակ:

     1968թ.  օգոստոսի  13-ի  նախաքննական  օրդերի  կողմից  կայացած  որոշման  մեջ նշված իրեղեն ապացույցները (հատոր 4 գթ 47-53) այն է տպագրական----եր, մամլիչ, տառափսե եւ այլ հարմարանքներ, ինչպես նաեւ տպագրական ներկը թողնել պետական անվտանգության կոմիտեի տնօրինությանը, չեկիստական լաբարոտորիային, համաձայն իրենց միջնորդությանը:   Տպագրական   մաքուր   չոգտագործված   թուղթը պետականացնել:

     Մնացած հակասովետական  բնույթի  հոդվածները,  նամակները,  բացառությամբ քրեական գործին կցված օրինակներից ոչնչացնել:

     Դատավճիռը վերջնական է եւ վճռաբեկության կարգով գանգատարկման ենթակա չէ:

Նախագահող`  Ս. Եղիազարյան

Ատենակալներ՝ 1/3-69թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter