
Ամուլսարում Կարմիր գրքում գրանցված նոր բուսատեսակներ և կենդանատեսակներ են հայտնաբերվել
Ամուլսարի հանքավայրի տարածքում հայտնաբերվել են Կարմիր գրքում գրանցված այնպիսի հազվագյուտ տեսակներ, որպիսիք արձանագրված չեն Ամուլսարի հանքարդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագծում: Ամուլսարի հանքվայրի արդյունահանման իրավունք ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն թաքցրել է դրանք: Փոխարենը ՇՄԱԳ-ում միայն Կարմիր գրքում գրանցված մեկ բուսատեսակ է ներկայացրել, այն է՝ Մատնունի ծիրանավորը:
«Հետք»-ը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին գրավոր հարցմամբ խնդրել էր տրամադրել Ամուլսարի հանքավայրում Տեսչական մարմնի ստուգման արդյունքները և ստուգող տեսչական մարմնում ներգրավված մասնագետների կարծիքները: Տեսչական մարմինը, հիշեցնենք, ստուգումն իրականացրել է հուլիսի 6-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում: Տեսչական նեղ մասնագիտական հարցերի պարզաբանման նպատակով ստուգման գործընթացին ներգրավվել են նաև այլ մասնագետներ՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ինժեներ-երկրաբան Դմիտրի Առաքելյանը, «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից, երկրաքիմիկոս Գեղամ Մուրադյանը, կենսաբազմազանության հարցերով մասնագետներ Վասիլ Անանյանը, Անուշ Ներսեսյանը և Ալեքսանդր Մալխասյանը:
Այն, ինչ դուրս է մնացել Ամուլսարի հանքարդյունահանման նախագծից
Վասիլ Անանյանը, Անուշ Ներսեսյանը և Ալեքսանդր Մալխասյանը համատեղ 3,5 ժամ տևած իրենց այցելությամբ արձանագրել են ՀՀ Կարմիր գրքում ներառված 5 տեսակի կենդանիներ, որոնցից մեկը՝ Ապոլոնը (Parnassius apollo) Ամուլսարի տարածքում հայտնաբերվել է առաջին անգամ: Եվս 2 տեսակ բաձրակարգ բույսեր են հայտնաբերվել, որոնցից մեկը՝ ամենայն հավանականությամբ Ոզնաթուփ մեխակին (Acantholimon caryophyllaceum Boiss.) նույնպես Ամուլսարի տարածքում հայտնաբերվել է առաջին անգամ:
Եվ այսպես, Տիգրանես և Արշակ գագաթների միջև ընկած տարածքում կենսաբազմազանության մասնագետները գրանցել են Առագաստաթիթեռների ընտանիքին պատկանող Ապոլոնը: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով այն գնահատվում է որպես «Խոցելի»: Այս տեսակն ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի երկրորդ հավելավածում:
Մասնագետները նաև հայտնաբերել են մեկ այլ բուսատեսակ, որը, ամենայն հավանականությամբ, Ոզնափուփ մեխակին է: Սա նույնպես գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և խոցելի տեսակ է համարվում: Այս տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում՝ կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:
Մասնագետների այցի ընթացքում նկատվել է հրդեհ Սարավան գյուղի մերձակայքում, իսկ ավելի ուշ այն սկսել է տարածվել: Այցելությունն ընդհատվել է հրդեհի հանկարծակի և սրընթաց ընդարձակման պատճառով, որը հասել էր «Լիդիան Արմենիա» ընկերության տարածքի ստորին տեղամասեր: Ընկերությունը ներկայացնող ուղեկցող անձիք խնդրել են ընդհատել այցը, որպեսզի կարողանան մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին: Խումբը ստիպված է եղել վերադառնալ:
Մասնագետներ Վասիլ Անանյանը, Անուշ Ներսեսյանը և Ալեքսանդր Մալխասյանը եզրակացրել են, որ ՀՀ Կարմիր գրքում գրանցված երկու տեսակների հայտնաբերումը ընդամենը 3,5 ժամյա այցելության ընթացքում վկայում է, որ Ամուլսարի տարածքի կենսաբազմազանության գնահատումը պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություններ:
«Ակնադիտորեն (մեքենայից) մենք դիտարկում էինք զգալի տարածքներ, որոնք նախատեսված են կույտային տարրալվացման հարթակների և լցակույտի համար: Սա նախկին բնական լանդշաֆտներ են, ինչպես նաև տեղի բնակիչներից գնված նախկին ծիրանի այգիներ: Այդ բոլոր ընդարձակ տարածքներն այս պահին ամբողջությամբ զուրկ են հողային և բուսական ծածկույթից,- արձանագրել են կենսաբազմազանության մասնագետները: -Այն տարածքներում, որոնք զրկվել են հողային և բուսական ծածկույթից, լրիվ խախտված է կենսացենոզը (կենսացենոզը բույսերի, կենդանիների, միկրոօրգանիզմների պատմականորեն ձևավորված ամբողջությունն է-հեղ.), որը կարող է շղթայաբար բացասական ազդեցություն ունենալ Ամուլսարի բույսերի և կենդանիների տեսակների բազմազանության, նրանց քանակի և կենսունակության վրա»:
Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ինժեներ-երկրաբան Դմիտրի Առաքելյանն էլ, կատարելով դիտարկումներ, իր եզրակացության մեձ նշել է, որ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունները իրականացված են ոչ լիարժեք և չեն ապահովում անհրաժեշտ տեղեկատվություն ներկայիս իրավիճակի գնահատման համար։
« «Լիդիան» ընկերությանն անհրաժեշտ է կատարել գնահատում իրենց պլանավորված դատարկ ապարների լցակույտի տարածքի փոխհարաբերությունը 1955թ.-ին կատարված հետախուզական աշխատանքների արդյունքների հետ՝ հաշվի առնելով կանխատեսվող հիդրոերկրաբանական ռեժիմների փոփոխությունները լցակույտի աշխատանքները իրականացնելուց հետո։ Քանի որ պետք է հաշվի առնել ուրան-թորիումի հանքայնացման և լցակույտի փոխհարաբերությունը։ Վերոնշյալ դրույթներից կարելի է եզրակացնել, որ «Լիդիան» ընկերությունը պետք է իրականացնի Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների նոր ՇՄԱԳ»,- եզրակացրել է Դմիտրի Առաքելյանը։
«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից, երկրաքիմիկոս Գեղամ Մուրադյանի եզրակացությունը ստանալու համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը դիմել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, քանի որ երկու օր տևած ստուգայցի արդյունքում կազմված փաստաթուղթը դեռևս ստորագրված չէ, հետևապես, այդ փաստաթղթում տեղ գտած տվյալները չեն ներառվել ստուգման ակտում:
Իսկ ստուգման ակտում ներառված է 10 խախտում: Մասնավորապես՝ առանց ընդերքօգտագործման իրավունքի՝ բնական ռեսուրսների ապօրինի օգտագործում, չի պահպանվել օգտագործման համար տրամադրված հողերի բնապահպանական նորմերի պահանջները և սահմանափակումները, այսինքն՝ հողամասերն օգտագործվել են ոչ նպատակային նշանակությամբ, որով վնաս է պատճառվել հողին և շրջակա միջավայրին, չեն պահպանվել օգտակար հանածոների արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի ազդեցության պահանջները և պայմանները, և ընկերությունը գործունեությունն իրականացրել է փորձաքննոթյան ենթարկված նախագծային փաստաթղթերի պահանջների շեղումներով:
«Լիդիան Արմենիա» –ն շինարարական փուլում առաջացող փոշու արտանետումների մակարդակները չի հաշվարկել, սահմանված կարգով չի կազմել, չի հաստատել և պետական լիազոր մարմնի համաձայնեցմանը չի ներկայացրել ընկերության գործունեության ընթացքում առաջացող վտնագավոր թափոնների անձնագրերը, չի իրականացրել գործունեոթւան արդյունքում առաջացող, տեղադրվող թափոնների սկզբնական հաշվառում և գույքագրում, չեն վարվում թափոնների սկզբանական և ընդհանուր հաշվառման գրքերը, որոնցով պայմանավորված չի կատարվել ընդեքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված պարտավորությունները: Ստուգման ակտում ևս նշվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված երկու բարձրակարգ բուսատեսակների և 5 տեսակի կենդանիների հայտնաբերումը:
«Նշվածով պայմանավորված՝ ընկերության գործունեությունը կարող է հանգեցնել ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքում գրանցված այդ տեսակների թվի կրճատմանը, ինչպես նաև այդ բույսերի ապելավայրի և կենդանիների ապրելավայրերի վատթարացմանը»,- արձանագրված է ստուգման վերջնական ակտում:
Բացի դրանից, հայտնաբերվել է, որ «Լիդիան»-ն իր գործունեության ընթացքում առաջացած վտանգավոր թափոնների պահումն իրականացնում է առանց համապատասխան լիցենզիայի:
Արձանագրվել է նաև հարկային պարտավորության խախտում, այն է՝ ընկերության շինարարական գործունեության արդյունքում մթնոլորտային օդ է արտանետվել 187,9 տ փոշի, որը չի արտացոլվել բնապահպանական հարկերի և բնօգտագործման վճարների հարկային հաշվարկներում, որով պայմանավորված արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկերի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և վճարների եռամսյակային հարկային հաշվարկները հավաստի չեն:
Հիշեցնենք, որ ստուգման ակտն ուղարկվել էր գլխավոր դատախազություն: Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործման և դրա հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշներով:
Մետաղական հանքավայրերի, այդ թվում նաև Ամուլսարի հանքավայրի գործունեությունն ուսումնասիրող աշխատանքային խումբը ևս արդեն կարծիք-հաշվետվություններ է տրամադրել: Սակայն «Լիդիան Արմենիա» ընկերությունից ստացվել են որոշակի առարկություններ հաշվետվությունների ներկայացման ձևաչափի, անձանց շրջանակի և այլ հարցերի վերաբերյալ: Սպասվում է ամփոփիչ հանդիպում աշխատանքային խմբի մասնակիցների մասնակցությամբ: Սակայն Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը տեղեկացրել է, որ դեռևս պարզ չէ, թե երբ հնարավոր կլինի ամփոփիչ հանդիպում կազմակերպել կամ նյութերն ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին: Եթե միչև աշխատանքային շաբաթվա ավարտը ընկերության հետ հնարավոր չլինի համաձայնություն ձեռք բերել, կհրավիրվի աշխատանքային խմբի հանդիպում և այդ շրջանակներում կորոշվի, թե ինչպես վարվել:
Աշխատանքային խմբի եզրակացություններին և դրանց ամփոփմանը կանդրադառնանք առաջիկայում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել