HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Կողբի դպրոցի ուսուցչուհին նամակ է գրել ԿԳ նախարարին, որը հաղորդում է հանցագործության մասին

Տավուշի մարզի Կողբ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Ազատյանը օրեր առաջ նամակ է գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին: Նամակում ուսուցչուհին խնդրել է, որ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները գնան և ստուգումներ իրականացնեն դպրոցում, քանի որ տնօրենը պաշտոնեական դիրքը չարաշահում է: Նամակն ուղարկվել է կրթության և գիտության նախարարության էլեկտրոնային հասցեին ([email protected]):

Օրեր անց դպրոց են այցելել Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները, ինչի արդյունքում դպրոցում իմացել են, թե ով է նամակի հեղինակը: Առաջին հերթին նամակի մասին իմացել է դպրոցի տնօրենը, ում նամակը հիմնականում վերաբերել է: Տեսչական մարմնի ներկայացուցիչները, ըստ Ա. Ազատյանի, աշխատակազմի առջև կարդացել են իր նամակը, ու համալիր ստուգումներ իրականացնելու փոխարեն դպրոցի ներսում ավելի են լարել հարաբերությունները:

Անուշ Ազատյանի դուստրը ֆեյսբուք սոցիալական ցանցում, առանց բուն նամակը հրապարակելու, բարձրաձայնել էր այն մասին, որ դպրոց այցելած և ԿԳՆ-ից ներկայացած աշխատակիցները փոխարենը, նամակը հիմք ընդունելով, ստուգում իրականացնելու, եկել, դպրոցում կարդացել են բողոքը՝ խախտելով էթիկայի կանոնները:

Ֆեյսբուքյան գրառմանն արձագանքել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այն, ինչ նկարագրվել է գրառման մեջ, «խայտառակություն է»:

«Թեպետ Կրթության տեսչական մարմինը, որը ստուգումներ է անցկացնում, մեր նախարարությունից անկախ է, բայց ես արդեն դիմել եմ տեսչության ղեկավարին այս հարցով: Շնորհակալություն խնդրի մասին ահազանգելու համար: Ես անձամբ կհրահանգեմ, որ նախարարության ներկայացուցիչը այցելի Ձեր դպրոց ու անձամբ տեղեկանա իրավիճակի մասին: Ձեր մայրիկին փոխանցե՛ք իմ բարևներն ու ասե՛ք, որ դուխով լինի: Չորս ամսում իրավիճակն ամբողջությամբ չի շտկվել, բայց այսպիսի ահազանգերով համակարգն ավելի արագ կուղղվի: Շնորհակալություն», - գրել է Արայիկ Հարությունյանը:

Կրթության տեսչական մարմինը, մինչև իշխանափոխությունը եղել է կրթության և գիտության նախարարության ենթակա կառույց: 2018թ. հունիսի 11-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ստորագրել է նոր կանոնադրությունը, ըստ որի՝ տեսչական մարմինը  կառավարությանը ենթակա մարմին է, որի կառավարումն իրականացնում են վարչապետը և տեսչական մարմնի կառավարման խորհուրդը: Այս խորհրդի կազմը հաստատում է վարչապետը: Խորհրդի նախագահը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է:

Անուշ Ազատյանի նամակը

Նամակը նախատեսված է եղել ոչ թե հրապարկման, այլ ԿԳՆ-ի միջոցով դպրոցում ստուգումներ իրականացնելու համար, սակայն քանի որ Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները պատշաճ չեն արձագանքել նամակին, Անուշ Ազատյանը ցանկանում է այն հրապարակայնացնել:

Նամակը, որն ուղարկվել է ԿԳ նախարարին, իրականում հաղորդում է հանցագործության մասին: Դրա բովանդակությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Դպրոցի տնօրենը, ինչպես մանրամասն նամակում պատմել է Անուշ Ազատյանը, վերջին երկու տարիներին չարաշահում է պաշտոնեական դիրքը դասաբաշխում իրականացնելիս: Նամակը գրելու շարժառիթն այս ուսումնական տարվա դասաբաշխումն է եղել: «Արդեն ամսի 27-ն է, սակայն մենք գաղափար չունենք դասաբաշխման մասին: Ամեն ինչ մեզ մոտ արվում է գաղտնի, ծածուկ և ասվում է վերջին պահին, որպեսզի բողոքարկելու ժամանակ չունենանք», - գրել է Անուշ Ազատյանը: Խոսքը օգոստոսի 27-ի մասին է, նամակը նախարարին ուղարկվել է հաջորդ օրը՝ օգոստոսի 28-ին:

Անուշ Ազատյանը նշել է, որ Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցը կոռումպացված է, տնօրեն Մարինե Ղարագյոզյանը ՀՀԿ-ի դրածոն է և Նոյեմբերյանի տարածաշրջանի ընտրական հանձնաժողովի նախագահը, դպրոցի տնտեսվարը Տավուշի նախկին մարզպետի քույրն է, ուսումնական գծով փոխտնօրեն (ուսմասվար) Վեներա Դուրինյանի քրոջ ամուսինը՝ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի համակուրսեցին:

Ուսուցիչները, ըստ նամակի, թերբեռնված են, ունեն քիչ դասաժամեր: Իսկ տնօրենն ու փոխտնօրենը ստանում են թե վարչական աշխատավարձ, թե ունեն դասաժամեր այն առարկաներից, որի ուսուցիչը աշխատում է մոտ 30 հազար դրամ աշխատավարձով (յոթ դասաժամ):

«Ամենախայտառակը անցած տարվա դասաբաշխումն էր: Երբ ես բողոքելիս ասացի, որ տնօրենը ցանկանում է ունենալ և վարչական աշխատավարձ, և ժամեր, և ստվերային եկամուտ, նա ինձ լկտիաբար պատասխանեց, որ յուրաքանչյուր դպրոցի տնօրեն ունի իր ստվերային եկամուտը»,- գրել է Անուշ Ազատյանը:

Նամակի մյուս հատվածում ուսուցչուհին պատմում է անցած տարի դպրոցում անցկացված ստուգումների մասին, որին այնտեղ պատրաստ չեն եղել, սակայն ստուգողներին գնալուց հետո տնօրենը հայտարարել է, որ աշխատանքները գնահատվել են գերազանց:

Նամակի վերջին հատվածում ուսուցչուհին իր բերած օրինակով ենթադրում է, որ տնօրենը կատարել է փողերի լվացում:

«Նախանցած աշնան մի օր տնօրենն ինձ կանչեց ու ասաց, որ ցանկանում է ֆինանսական օգնություն ցույց տալ (ամուսինս բազմիցս վիրահատվել է, աղջիկս վթարի էր ենթարկվել): Ես դիմում գրեցի օգնության խնդրանքով: Մի երկու օր հետո նորից ինձ տնօրենը կանչում է ու ասում, որ օգնության գումարից ինձ տալու են միայն 15 հազար դրամ: Ես զայրացա, բայց ում կարող էի բողոքել. թիկունքին ՀՀԿ-ն էր: Հետո պարզվեց, որ միայն ես չեմ, երեք ուսուցչուհու օգնություն էր տրամադրվելու: Օգնության գումարը ստանալիս տնօրենն էլ մեզ հետ բանկ եկավ: Երբ գումարը ստացանք, նա հենց բանկում բոլորի աչքի առաջ, տեսախցիկների առկայությամբ մեր ձեռքից վերցրեց այդ գումարը: Չմոռանամ ասել, որ խոստացած 15000-ից 5000-ն էլ գրպանեց հենց այդ պահին: Ենթադրեցինք, որ կատարվածը պետբյուջեի փողերի լվացում է: Եթե ստուգումներ անցկացվեն, բազմաթիվ նման ֆինանսական կեղծիքներ կբացահայտվեն»,- գրել է ուսուցչուհին:

Մեկնաբանություններ (1)

Անուշ
Շատ ապրեք Ձեր հմարձակության համար։ Դուք արժանի եք հարգանքի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter