HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարևից հետո առաջին հարցը համաներման մասին է

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

«Նուբարաշեն» բանտում, համոզված եմ՝ նաև բոլոր ազատազրկման վայրերում, ամեն քայլափոխին բարևից հետո նույն հարցն ես լսում՝ «սեպտեմբերի 21-ին համաներում կլինի՞»: Նույնիսկ բանտի աշխատակիցներն են մարդկայնորեն հարցնում այդ մասին ու կողմ արտահայտվում համաներմանը:

Հիշո՞ւմ եք՝ վերջին համաներումն արվել է 2013-ին: 5 տարի է՝ բանտերում, լրատվամիջոցներով անընդմեջ՝ ամեն տոնից առաջ խոսում են համաներումից, գրում դրա մասին:

Ակնհայտ է, որ նախկին ռեժիմի անօրինական հրահանգների, կախյալ դատական համակարգի պատճառով ազատազրկման վայրերում շատերն են հայտնվել: Անշուշտ, դատապարտյալների ամենախոցելի ու ամենաիրավազուրկ խմբի՝ ցմահ բանտարկյալներիս շարքերում նույնպես կան մոտ 30 տարվա կոռումպացված, հովանավորչությամբ անմեղին բանտած, իսկ մեղավորիներին խնայած դատավորների, քննիչների, դատախազների զոհեր: Բայցևայնպես, 1995 թ-ից կիրառվող 8 համաներումներից և ոչ մեկում դատապարտյալների մեր խումբը չի ներառվել: Իսկ ամենախոցելին ու ամենաիրավազուկն ենք, քանի որ անցել ենք 1990-ականների հայաստանյան անարդար, նոր ձևավորվող դատական համակարգի թրի տակով, գոյատևել ենք մահապատժի դատապարտվածների խցերում տարիներ շարունակ՝ ենթարկվելով անմարդկային խոշտանգումների՝ սովի, ծեծ ու ջարդի, զրկված լույսից ու օդից: 1990-ականներին անգամ 1 ցուցմունքով մահապատժի դատապարտվածներս արդեն 3-րդ տասնամյակն է, որ կրում ենք անարդար, ընտրովի «արդարադատության» հետևանքները:  

Առհասարակ, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից տաբու էր դրված «ցմահների հարցի» վրա: Մինչև հեղափոխությունը նախագահականից հենց այս անօրեն հրահանգի պատճառով, անտեսելով օրենքի պահանջը, նույնիսկ ներման խնդրագրերին ընթացք չէր տրվում, դրանք առհասարակ չէին քննարկվում, չէր տրվում որևէ պատասխան: Վճռաբեկ դատարանը նույնպես այդ կերպ էր վարվում՝ հիմնականում վարույթ չէր ընդունում մեր բողոքները, իսկ եզակի դեպքերում ընդունելիս՝ մերժման որոշումներ կայացնում: Գլխավոր դատախազությունը նույն կերպ 2011-ին դարձյալ անօրեն հրահանգով քրեական օրենսգրքի մայիսի 25-ի փոփոխությունները ցմահների պարագայում մեղմացում չհամարեց, իսկ շուրջ 97 գործով ցմահ դատապարտյալներս դատարաններում պարտվեցինք: Որևէ մեկիս պատժաչափը չփոխվեց 15-20 տարվա ազատազրկման միջակայքում, չնայած նրան, որ ցմահ ազատազրկման պատժատեսակի պարագայում անպայման մեղմացում էր տեղի ունեցել քրեական օրենսգրքով:

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք տաբու էր դրվել նաև համաներման հարցի վրա. ցմահները չէին ընդգրկվում համաներումների օրենքներում: Նաև տաբու էր դրվում դատավճիռների համակցության պարագայում համաներման կիրառման վրա:

Իսկ հիմա, երբ տեղի է ունեցել թավշյա, սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն, և համաժողովրդական շարժումը հաղթանակել է, մենք համբերատար սպասում ենք «ցմահների հարցի» լուծմանը՝ տալով նաև լուծման մեր առաջարկները: Քանի դեռ դատական համակարգում փոփոխություն չի եղել, լայն, մեծ, ընդգրկուն համաներումը կարող է մեղմել մեր խնդիրը: Մեծ համաներման պարագայում առաջարկում ենք այս անգամ սահմանափակումների մեջ չներառել ցմահ ազատազրկման դատապարտվածներին, չներառել դատավճիռների համակցությունը, փոխարենը հաշվի առնել դատապարտման ժամանակ անձանց տարիքը, փաստացի կրած պատժի ժամկետը և այլ հանգամանքներ:  

2 տասնամյակից ավելի տևած տառապանքներից հետո մենք ու մեր ընտանիքները հուսով ենք, որ Սիրո հեղափոխությունը վերջապես կմիավորի մեզ ազատության մեջ: 

Մեկնաբանություններ (1)

Լեյլի
Բարև Մհեր ջան խորապես ցավում ու ափսոսում եմ քեզ որ դու լինելռվ անմեղ տառապել ու տանջվել էս ցմահ դատապաարտվելով:Սիրո և համերաշխության հեղափոխության օրվանից որ միշտ եղել եմ անկոտրում պայքարող հույսով ու հավատով եմ սր դու ազատության մեջ կհայտնվես: Վստահ եմ սիրում ու հավատում ենք կտեսնվենք ՀԱՍՏԱՏ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter