HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակամա կալանավորներ

Ստելլա Մարտիրոսյան

73-ամյա Նինա Բալայանը 1989 թվականից բնակվում է Քասախ գյուղի նախկին ուղղիչ-աշխատանքային հիմնարկությունում: 16 տարվա ընթացքում նրա փաստաթղթերի փոքր կապոցը դարձ ել է մեծ արկղ ու շարունակում է մեծանալ: Նա այդպես էլ չի կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ Բաքվի երկհարկանի սեփական տան փոխարեն կյանքն ավարտելու է բանտախցում:

Երբ 1989 թվականին Նինա Բալայանը հարկադրված տեղահանվեց Բաքվից եւ փախստականի կարգավիճակով տեղափոխվեց Հայաստան, չէր էլ պատկերացնում, թե ինչ պայմաններում է ապրելու հայրենիքում: Սկզբում նա որդու ընտանիքի հետ ապրում էր Երեւանի Ավան թաղամասի մանկապարտեզներից մեկում, հետո իմացան, որ Քասախի նախկին գաղութում, որը 1987 թվականին լուծարվել էր, հնարավոր է ժամանակավոր բնակություն հաստատել: Նինա Բալայանի ընտանիքի հետ գրեթե միաժամանակ նախկին գաղութում տեղավորվեց նաեւ Ռոզա Ադամյանն իր ընտանիքով' մոր եւ 2 դստեր հետ: Աստիճանաբար այդ ամայի, լքված տարածքը բնակատեղի դարձավ:

«Միայն 1990 թվականին այստեղ բնակվում էր փախստականների 300 ընտանիք,- ասում է Ռոզա Ադամյանը,- մարդիկ ուրախ էին, որ, ի վերջո, իրենց սեփական անկյունն ու տանիքը կունենան, թեկուզեւ ժամանակավոր, մինչեւ նոր տուն ունենան»:

Տարիների ընթացքում նոր տուն ունենալու բոլոր հույսերը մարեցին, մարդիկ հասկացան, որ ոչ ոք չի պատրաստվում իրենց ապահովել նոր բնակարաններով: Փախստականների մի մասն առանց այս ու այն կողմ ընկնելու թողեց գաղութը, տեղափոխվեց Երեւան կամ մեկնեց Հայաստանից. ընտրությունն իրենցն էր, ո՞վ կարող էր ետ պահել: Սակայն եղան մարդիկ, ովքեր շարունակեցին ապրել նախկին գաղութի շենքում' հավատով ու համբերությամբ սպասելով վաղվա պայծառ օրվան:

Ներկայումս այստեղ ապրում է փախստականների մոտ 50 ընտանիք, այդ թվում նաեւ Նինա Բալյանի ընտանիքը: Նրանց հետ չէ միայն Նինայի դուստրը' Մարինա Հովհաննիսյանը, ով, այդպես էլ չհամակերպվելով «բանտային» պայմաններին, իր ընտանիքի հետ բնակվում է նույն գյուղի թիվ 20 շենքի նկուղային հարկում:

Տեղափոխվելով նկուղ' Մարինան ուզում էր պետական մարմինների ուշադրությունը հրավիրել իր ընտանիքի համար ամենակարեւոր խնդրի վրա: Բայց տարիների ընթացքում ոչինչ չփոխվեց: Նա այդպես էլ չկարողացավ ոչ բնակարան գնել, ոչ էլ տեղափոխվել ավելի լավ տեղ:

Հիմա Մարինա Հովհաննիսյանի միակ հույսը ՀՀ կառավարության 2004թ. թիվ 747 որոշումն է, ըստ որի' ՙ1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձինք բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրում են, որի իրականացման դեպքում կլուծվի շահառուների բնակարանային հիմնախնդիրը՚: Այս պատասխանը Մարինա Հովհաննիսյանը ստացել է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության աշխատակազմից, իսկ թե ե՞րբ է իրականացվելու այդ ծրագիրը' «Աստված գիտե»,-ասում է Մարինան:

Նրա 7 հոգանոց ընտանիքը շարունակում է գոյատեւել նկուղում, որտեղ պայմաններն ավելի վատ են, քան գաղութում: Սակայն հիմա գաղութ վերադառնալու հնարավորություն այլեւս չկա:

«Գաղութում ապրելը հիմա թանկ հաճույք է,-ասում է Մարինան,-այնտեղի բնակարանների արժեք ը սկսվում է ամենաքիչը 1500 դոլարից, եթե նաեւ բարեկարգված է ու փոքրիկ հողակտոր ունի, «կլորիկ» գումար է կազմում»:

Սա Մարինա Հովհաննիսյանին անհասանելի երազանք է թվում: Այսօր երբեմնի ուղղիչ-աշխատանքային հիմնարկության դպրոցի, ուսումնարանի եւ մյուս օժանդակ շինություններից ամենամեծ պահանջարկն ունեն նախկին «բարաքները»: Լայն եւ ընդարձակ բարաքներն աստիճանաբար սեփականաշնորհվել են:

Մարինա Հովհաննիսյանն ու նրա ընտանիքն այդպես էլ չեն կողմնորոշվում' սեփականաշնորհել նկուղը, գնել նոր «խուց» գաղութում, թե սպասել:

Իսկ 73-ամյա Նինա Բալայանը շարունակում է իր որդու ընտանիքի հետ ապրել «գաղութում»: Նրանք արդեն սեփականաշնորհել են իրենց պատկանող սենյակները, սակայն Նինա Բալյանը չի դադարում նամակներ գրել համապատասխան ատյաններին եւ սպասել պատասխանի' պարզելու համար, թե իր ընտանիքը ե՞րբ է «ազատվելու այս ակամա կալանքից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter