
Սեւանը որպես Հայաստանի բնապահպանական խնդիրների արտացոլում
Վերջերս Հայաստանի մասնագետները «ստիպված եղան» հանրապետության բնապահպանական խնդիրները դասակարգելիս փոփոխություններ մտցնել տասնամյակներով հաստատված ցանկում: Մինչեւ 2004-05թթ. այդ ցանկը հետեւյալն էր` Սեւանի լիճ, Երեւանի օդային ավազանի աղտոտվածություն, անտառների կառավարում, դեգրադացված հողեր, թափոնների կառավարում, էնդեմիկ տեսակների պահպանություն եւ այլն:
ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն ասաց, որ Սեւանի խնդիրը մտնում է երկրորդ փուլ: Այսինքն` եթե մինչեւ այսօր Սեւանի խնդիրը այն փրկելն էր լճի մակարդակի անկումը կասեցնելու միջոցով, այսօր դրված է մակարդակի բարձրացումը կառավարելու եւ վերահսկելու հարցը, նաեւ` թույլ չտալու, որ լիճը բարձրանա ի հաշիվ կեղտոտ ջրերի:
Սեւանը` տարածաշրջանում
Սեւանը բացառիկ նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար: Սեւանա լճի փորձագիտական հանձնաժողովի փոխնախագահ, ջրի ազգային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանը, խոսելով աշխարհի խմելու ջրի պաշարների սահմանափակ քանակի մասին, վկայակոչում է անգլիական մի հետազոտության եզրակացությունը, ըստ որի ոչ հեռավոր ապագայում 1 լ քաղցրահամ ջուրն ավելի թանկ է արժենալու, քան 1 լ նավթը: Իսկ մեր տարածաշրջանում քաղցրահամ ջրի ամենամեծ ջրամբարը Սեւանն է, ընդ որում` տարածաշրջան ասելով Վլադիմիր Մովսիսյանը նկատի ունի ոչ միայն Անդրկովկասը, այլեւ Մերձավոր Արեւելքը:
Լճի բարձրադիր լինելը (ծովի մակերեւույթից բարձր է 1916 մ) թույլ կտա նաեւ խմելու ջուրն ինքնահոս մատակարարել տարածաշրջանի բոլոր կենտրոններ` Երեւան, Բաքու, Թբիլիսի, Թավրիզ, Բաղդադ:
Սակայն...
Մինչեւ 2000թ. Սեւանը «ծաղկում էր»
1933թ.-ից սկսած Անդրկովկասի ամենամեծ լիճը օգտագործվել էր անխնա եւ առանց վերականգնման միջոցառումների անցկացման: 58 խորանարդ կիլոմետր նախնական ծավալ ունեցող լճից էներգետիկ եւ ոռոգման նպատակներով բաց էր թողնվել մոտավորապես 26 խկմ` այդպիսով լճի մակարդակն իջեցնելով 19 մետրով: Բնականաբար փոխվել էին բազմաթիվ պարամետրեր` ջրի ջերմային եւ թթվածնային ռեժիմները, ջրի կազմում ավելացել էր ազոտը, պակասել ֆոսֆորը: Հենց սրանով պայմանավորված` Սեւանը սկսել էր ծաղկել: «Ծաղկել» լճի համար նշանակում է ճահճացում: Մասնագետներն ավելի դաժան ձեւակերպում են դրան տալիս. «Լիճը զարգացողից դարձել էր մեռնող»: Վերջապես 1960-ականներին սա հասկացան խորհրդային գիտնականները: Կատարվեցին հաշվարկներ, կազմվեցին ծրագրեր, որոնք ենթադրում էին լճի մակարդակի բարձրացում առնվազն 6 մետրով, ինչը կդադարեցներ ճահճացման պրոցեսները, ջրի որակը կմոտեցներ վերստին խմելու մակարդակին: Սրանից հետո թերեւս կարելի կլիներ մտածել ջրի մակարդակի հետագա բարձրացման մասին: Սակայն անգամ այս 6 մետրը այդ տարիներին անիրական հեքիաթ էր թվում:
Այդուհանդերձ Խորհրդային պետությունն անցկացրեց մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին ոչ միայն լճից ջրի բաց թողնման նվազեցմանը, այլեւ հակառակը` դեպի Սեւան ջրի հոսք ուղղելուն: Այդ նպատակով կառուցվեցին Արփա-Սեւան—Որոտան թունելները, Ապարանի, Ազատի, Հեր-հերի ջրամբարները, Ռանչպարի—Մխչյանի պոմպակայանները, ոռոգման համակարգեր: Վլադիմիր Մովսիսյանի տվյալներով` այս շինարարություններ ը ավելի քան 500 մլն դոլար են արժեցել: Սակայն այդ ընթացքում շարունակվել են էներգետիկ եւ ոռոգման նպատակներով բացթողումները:
Մինչեւ ե՞րբ
ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը մեզ տված հարցազրույցում ասում է, որ Սեւանա լճի փրկության համար վճռական է եղել 1999թ.-ին ՀՀ նախագահի հանձնարարականը, որով արգելվում էր էներգետիկ նպատակներով ջրի բացթողումը լճից: Բացի այդ, 2001թ.-ին Ազգային ժողովն ընդունեց «Սեւանի մասին» օրենքը, որը կարգավորում է նաեւ լճից բացթողումների ծավալի հարցը: Այսինքն` եթե մինչեւ 1999թ. լճից տարեկան ընդհուպ 1-1,5 մլրդ խմ ջուր էր բաց թողնվում (նվազագույնը` 256 միլիոն խորանարդ ջուր) , դրանից հետո այդ թիվը հասցվել է տարեկան առավելագույնը 150-170 մլն խմ-ի: Ոլորտի պատասխանատուներն ասում են, որ ոռոգման նպատակով բացթողումները խստորեն օրենքի սահմաններում են:
Օրենքով ընդունվեց նաեւ «Սեւանի էկոհամակարգի վերականգնման համալիր ծրագիր», որով նախատեսված է 30 տարվա ընթացքում լճի մակարդակը բարձրացնել բաղձալի 6-6,5 մետրով:
Բնությունը «խառնում է» պլանները
Մինչ գիտնականները եւ պաշտոնյաները որոշեցին Սեւանի մակարդակը տարեկան առնվազն 22 սմ բարձրացնել, որ 30 տարի հետո կատարած լինեն ծրագրի պահանջները, Սեւանն առաջ ընկավ բոլորից: Վերջին երեք տարում ջուրը բարձրացել է տարեկան մոտավորապես 40 սմ -ով: Թվում էր` ողջ հանրապետությունը պետք է ցնծա այս փաստից, սակայն այս տարվա հուլիսին բնապահպանական շրջանակներում պտտվող լուրերը կարծես թե ուրիշ բան էին ասում:
Հայաստանյան մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է կասեցնել Սեւանի բարձրացման արագ տեմպերը, ինչ է թե ժամանակին լճի հնարավոր բարձրացումը անհավանական հեքիաթ համարած շատ մեծահարուստներ ափին տներ են կառուցել, եւ այս տեմպերով ջրի «առաջխաղացումը» սպառնում է տակովն անել այդ շինությունները:
Երբ ս/թ հուլիսին ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնեց քննարկումներ Սեւանի մակարդակի բարձրացման թեմայով, Հայաստանի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենց մտավախությունները հաստատվում են. ՀՀ կառավարությունը մտածում է ոչ թե Սեւանի, այլ դրա ափին օրինական եւ անօրինական կառույցների տերերի շահերի մասին:
ԱԺ բնապահպանակաան հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ «Անապատացման դեմ պայքարի մասին» Կոնվենցիայի Եվրասիական հանձնաժողովի մշտական անդամ Գագիկ Թադեւոսյանը ասաց. «Այդ քննարկումը նպատակ ուներ, այսպես ասած, շոշափելու ՀԿ-ների տրամադրությունները, հող նախապատրաստելու` ջրի բարձրացման տեմպերը նվազեցնելու համար: Ոչ թե քննարկում պետք է անեին, այլ արագացնեին Սեւանի համալիր ծրագրից բխող ամենամյա ծրագրի կատարման տեմպերը»:
Բնապահպանության նախարարությունը հայտարարեց, որ կառավարությունը չի պատրաստվում դանդաղեցնել լճի բարձրացումը, այլ ցանկանում է բարձրացման պրոցեսը կառավարելի դարձնել: «Մենք խնդիր ունենք ոչ թե պարզապես բարձրացնել Սեւանը, այլ բարձրացնել մաքուր ջրով»,-հայտարարեցին ոլորտի պատասխանատուները: «Մաքուր ջրով բարձրացնել» նշանակում է մինչեւ ջրասույզ լինելը, անգամ դրանից հետո առափնյա տարածքները մաքրել բուսականությունից, անտառներից եւ շինություններից, կառուցել ափամերձ բնակավայրերի կոյուղատարներ եւ ճանապարհ, որը պետք է փոխարինի ջրի տակ հայտնվելու ենթակա մոտավորապես 30 կմ հանրապետական նշանակության մայրուղուն: ՀՀ կառավարությունը դա պատրաստվում էր անել 30 տարում, եւ դրա համար անհրաժեշտ 300 մլն դոլարն էլ պետք է հայթայթեր` ելնելով այդ ժամանակացույցից: Իսկ այս տեմպերով, ինչպես հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարը, Սեւանը 6,5 մետրով կբարձրանա 10-12 տարում: «4 տարվա միջանկյալ ծրագիրը տվեց 2,5 անգամ ավելի արդյունք»,- հպարտանում են ոլորտի պատասխանատուները` ընդունելով, որ տեղումներով առատ եղանակն էլ իր ներդրումն է ունեցել Սեւանի վերականգնման ծրագրում:
Առաջ` դեպի ...հե՞տ
Երբ ս/թ սեպտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց 30 մլն խմ-ով ավելացնել այս տարի ոռոգման նպատակով ջրի բացթողումը Սեւանից` այն հասցնելով 150 մլն-ի, Գագիկ Թադեւոսյանն ասաց. «Արդեն իջեցնում են: Ավելի ճիշտ` չեն թողնում, որ բարձրանա»: Թեեւ պրն Թադեւոսյանը հայտնեց, որ դեռ մասնագետները պետք է ասեն` իրո՞ք ոռոգման համար այդ լրացուցիչ 30 մլն-ի բացթողման կարիքը կար: Սակայն ասաց նաեւ, որ վերը նշված խոսակցությունների ֆոնին կառավարության ընդունած որոշումն ինքնին ավելի խոսուն է, քան ոռոգման նպատակներով այն ներկայացնելը:
Սեւանա լճի փորձագիտական հանձնաժողովի փոխնախագահ, ջրի ազգային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանը հիմնավորված է համարում այդ ավելացումը` ելնելով այս տարվա ամառային ամիսների չորային լինելու, տեղումների պակաս լինելու հանգամանքներից: Բնապահպանության նախարարը սրանց ավելացնում է նաեւ որոշման` «Սեւանի մասին» օրենքի շրջանակներում լինելը:
Իսկ Սեւանը բարձրանում է եւ ավելի գեղեցկանում
«Այսպես գնա` Սեւանա թերակղզին նորից կղզի կդառնա»,-ոչ առանց հաճույքի ասաց լճի ափին կանգնած մի տարեց մարդ: Ալիքներն ակնհայտորեն բարձրացել էին, եւ նախորդ տարիների ճահճացած հատվածներից այս ամառ հետք անգամ չէր մնացել: Ափին հանգստացողներն ասում էին, որ շատ են ուրախացել լճի բարձրանալով` ջուրն ավելի մաքուր է դարձել, իսկ լողալ ավելի հաճելի է մաքուր ջրում: Նույնիսկ լճափերի վարձակալներն էին ասում, որ ուրախ են, թեեւ իրենց գործը կարող է տուժել դրանից. բարձրանալով` ջուրը մի քանի տեղ արդեն ծածկել է լողափերը եւ սպառնում է ավելի շատ տակովն անել, ընդ որում` ոչ միայն պարզապես ափերը, այլեւ կառույցներ: Այդ դեպքում տնտեսվարողները ստիպված կլինեն այլ տեղեր վարձակալել` պարտավորված լինելով նաեւ ժամանակավոր շինություններից մաքրել ջրի տակ հայտնվելիք հատվածները:
Այդ մարդկանց անկեղծությանը դժվար է չհավատալ` անկախ նրանց ֆինանսական շահերից: Ի վերջո, իրենք էլ են ընդունում, որ լճի ճահճացման դեպքում իսպառ կզրկվեն իրենց գործից:
Պետք չէ իրար խառնվել
Այսօրվա դրությամբ, երբ արդեն ջրասույզ է եղել 410 հա տարածք, դրանից մոտավորապես 100 հա-ն` արհեստական անտառներ, մասնագետները լճի աղտոտման մեծ վտանգ չեն տեսնում: Սակայն, եթե Սեւանը 6,5 մետրով բարձրացնելու ծրագիրն ամբողջությամբ իրագործվի, լճի մեջ կհայտնվի այսօրվա ցամաքի 4427 հա-ն, որից 3130հա-ն` անտառածածկ:
«Միանշանակ գտնում եմ, որ անհրաժեշտ է 6 մետրով բարձրացնել եւ չեմ հասկանում տագնապները. ի՞նչ ենք խառնվել իրար` թե բարձրացել է: Միջոցառումներ ենք արել` բարձրացել է»,-ասում է Վ. Մովսիսյանը: Առափնյա տարածքները ջրի բարձրացմանը նախապատրաստելու համար անհրաժեշտ գումարի այս պահին բացակայությունն էլ չի վախեցնում պրն Մովսիսյանին: Նա ասում է, որ Սեւանի առափնյա բնակավայրերում կա վառելիքի խնդիր: Եւ պետք չէ խնդիրը բարդացնել տենդեր-մրցույթներով: Եթե պետությունը դիմի բնակչությանը, նրանք մեծ ուրախությամբ ծառերն արմատներով կհանեն-կտանեն: Իսկ ափամաքրման մյուս աշխատանքների համար, ըստ նրա, մեծ գումարներ պետք չեն:
«Կովկասը` մեկ տուն»
Սեւանի խնդրին լուծումներ գտնելը չի լուծում Հայաստանի բնապահպանական բոլոր խնդիրները: Եւ ընդհանրապես, ի տարբերություն կոմունիզմի, դժվար, գրեթե անհնար է էկոլոգիապես մաքուր տարածք ստեղծել առանձին վերցրած երկրում:
«Կովկասը մեկ տուն է,-ասում է ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը:-Բնությունը սահմաններ չի դնում, բնությունն անընդհատ է: Իսկ քաղաքակիրթ հասարակությունները պետք է իրենց վրա պարտավորվածություն վերցնեն պահպանելու այդ բնությունը»:
Վարդան Այվազյանն ասում է, որ ըստ կոպիտ հաշվարկների` Անդրկովկասում ապրում է մոտավորապես 15 մլն մարդ: Այդ 15 մլն-ի համար բնապահպանական առաջին ամենակարեւոր երեք խնդիրները, ըստ նրա, հետեւյալներն են` ջրերի համատեղ, միասնական կառավարում, էկոհամակարգերի, այդ թվում հատկապես էնդեմիկ տեսակների պահպանություն եւ տնտեսական գործունեության արդյունքում առաջացող թափոնների կառավարում:
Նախարարի հավաստմամբ` Վրաստանի հետ արդեն իսկ կա համագործակցություն ապօրինի փայտանյութի վերահսկողության ոլորտում: Նա նշում է մի յուրօրինակ «փոխանակման» ծրագիր` հայկական կողմից մուֆլոն կենդանատեսակի, վրացական կողմից` արքայական եղջերուի:
ՀՀ բնապահպանության նախարարը վստահություն է հայտնում, որ վաղ թե ուշ համագործակցության ծրագրեր կսկսեն իրականացնել նաեւ ադրբեջանական կառավարության հետ:
Առայժմ ադրբեջանական կողմի հետ Հայաստանի հարաբերությունները սահմանափակվում են հասարակական շփումներով` համատեղ քննարկումներ, կլոր սեղաններ, սեմինարներ: Սակայն, ինչպես ՀՀ կառավարության անդամն է գտնում, անհրաժեշտ են հանդիպումներ նախարարների մակարդակով, ինչը հայկական կողմն առաջարկում է, իսկ ադրբեջանականը դեռ չի արձագանքել:
Ինչու՞ Հայաստանը պաշտոնապես չպատասխանեց վերջերս ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկություններին, թե Հայասատանը Արաքս գետն է լցնում խոլերայի բացիլներ, որոնք հետո Ադրբեջան են հասնում: «Ժամանակ առ ժամանակ Հայաստանի կառավարությունը փորձում է պատասխանել նման անհիմն, աբսուրդային մեղադրանքներին` առաջարկելով ցանկացած միջազգային կազմակերպության հետ, ցանկացած ֆորմատով կազմակերպել փոխադարձ այցելություններ եւ մոնիտորինգ` ցանկացած ոլորտում, որն անհանգստացնում է մեր հարեւաններին: Լինի դա, այսպես կոչված, անտառների հատում, ռադիոակտիվ թափոններ, թունաքիմիկատներով աղտոտում: Սակայն ադրբեջանական կողմը երբեք չի արձագանքել նման առաջարկի` չնայած բազմաթիվ միասնական ծրագրերի առկայությանը: Ընդհակառակը` Ադրբեջանը միշտ այդ հարցերը քաղաքականացնում է»,-ասում է ՀՀ բնապահպանության նախարարը: Իսկ կոնկրետ Արաքսի համար տալիս է հետեւյալ պարզաբանումը. «Արաքսը, մինչեւ Ադրբեջան մտնելը, Իրանով է անցնում: Այսինքն` եթե մենք աղտոտեինք գետը, առաջինը Իրանը կբողոքեր: Իրանը չի բողոքում»:
ՀՀ բնապահպանության նախարարը հարմար է գտնում եւս մեկ անգամ Անդրկովկասի լսարանին փոխանցել Հայաստանի իշխանությունների քաղաքական որոշումը տարածաշրջանում բնապահպանական (եւ ոչ միայն բնապահպանական) լայնածավալ համագործակցության պատրաստակամության մասին` անկախ առկա կոնֆլիկտներից եւ տարաձայնություններից:
Այդպիսի համագործակցության ձեւ կարող է դառնալ Գերմանիայի կառավարության «Կովկասյան նախաձեռնություն» ծրագիրը, որի շրջանակներում բնապահպանական լայնածավալ միջոցառումների համար երեք հանրապետություններին տրամադրվելու է 10 մլն եվրո: Հայաստանն արդեն ստորագրել է փաստաթուղթը, ստացել գումարը եւ պատրաստ է սկսելու Ջավախքի պլատոյում «Արփի» ազգային պարկի հիմնումը: Քիչ ետ է մնացել Վրաստանը, իսկ Ադրբեջանը բանակցային փուլում է:
Մեկնաբանել