
«Կռվախնձոր» դարձած մի հողակտորի պատմություն
Արփի լճի մերձակա հատվածում անտառային շերտ համարվող մոտ 8,6 հա հողատարածքը 2017թ. Արփի խոշորացված համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանը սեփական հայեցողությամբ բաժանել էր Գառնառիճ գյուղի 6 բնակիչների միջեւ՝ յուրաքանչյուրին 1 հա-ից մի փոքր ավելի հողաբաժնով: Համայնքապետի նման որոշումը, որ պատճառաբանվել էր տվյալ անձանց սոցիալական վիճակը բարելավելու մտադրությամբ, Գառնառիճի բնակիչների մեծ մասի մոտ առնվազն տարակուսանք էր առաջացրել:
Արփի համայնքի ավագանու անդամ, Գառնառիճի բնակիչ Նաիրա Աբրահամյանի փոխանցմամբ` հողաբաժին ստացած 6 անձանցից 5-ը ընտրությունների ժամանակ քվեարկել են Մերգել Ղարիբյանի օգտին, եւ նման քայլն ընդամենը շնորհակալություն հայտնելու յուրօրինակ ձեւ է՝ քողարկված «սոցիալականի» անվան տակ: Ավագանու անդամը պնդում է, որ Գառնառիճում եւ Եղնաջուրում բնակվում են սոցիալապես անապահով անձինք (Արմեն Պապոյան, Արթուր Հարությունյան, Մխիթար Հակոբյան, Արտակ Հախոյան, Եղիշե Մկրտչյան, Էդգար Ամիյան, Անդրանիկ Գալստյան, Իգիթ Պապոյան, Արտակ Աբգարյան, Մելանյա Շախբազյան, Նարինե Սիմոնյան), որոնք հողակտորի կարիք ունեն եւ դուրս են մնացել համայնքի ղեկավարի «ուշադրությունից»: Նաիրա Աբրահամյանի խոսքով` հողակտոր է բաժանվել մարդկանց, որոնք սոցիալապես անապահով չեն:
«Մերգել Ղարիբյանի խտրական վերաբերմունքը Գառնառիճը բաժանել է «մերոնցականի» ու «ձերոնցականի», խառնել է սաղ գյուղն իրար: Ես այս դեպքով հետաքրքրվել եմ ու փորձել եմ պատասխան ստանալ միայն այն պատճառով, որ մարդկանց մեջ խժդժություն են գցել: Եթե պատճառաբանում են, թե Նորայրը էդ տարիներին գումար չի մուծել, հիմա ինչ տարբերություն, էդ 6 հոգին չեն մուծում, որովհետեւ էդ մարդիկ էլ պայմանագիր չունեն եւ էս պահի դրությամբ անհայտ էլ է, թե ում հետ պիտի պայմանագիր կնքեն,- նկատում է Նաիրա Աբրհամյանը,- էն ժամանակ գոնե հստակ էր, որ դա անտառտնտեսությանն էր, հիմա ոչ իրենք են տեր կանգնում տարածքին, ո´չ, Ազգային պարկը, ասում են` մեր բալանսին չէ, անտառտնտեսությունն ասում է` ինչ կա-չկա, հանձնել եմ պարկին, պարկն ասում է՝ բալանսիս չկա: Ստացվում է` օդի մեջ հայտնված հողակտոր, որ անցած տարվանից ապօրինի տեր է գտել` ի դեմս համայնքի ղեկավարի, որ ում ուզի` լավություն անի»:
«Կռվախնձոր» դարձած հողակտորի հետ կապված երկու խնդիր կա: Նշված տարածքը նախկինում պատկանել է ՀՀ անտառային տնտեսությանը: Քարտեզագրելիս այն նշված է եղել որպես անտառաշերտ, թեպետ ծառի ոչ մի նմուշ տարածք այցելելիս չես հայտնաբերի: Որպես խոտհարք` 17 տարի շարունակ նշված տարածքը օգտագործել է Գառնառիճի բնակիչ Նորայր Հովհաննիսյանը՝ չունենալով պայմանագիր, ընդամենը Անտառտնտեսության տեսուչների հետ ունեցած բանավոր պայմանավորվածության հիմքով՝ տարածքը մաքրել քարերից ու մաքուր պահել:
Նորայր Հովհաննիսյանն ասում է, որ պայմանագիր չեն կնքել, քանի որ ցանկացած պահի կարող էին հետ պահանջել տարածքն ու ծառատունկ իրականացնել: «Քարտեզի վրա էս տարածքը նշված է որպես անտառ: Դե ժամանակին տնկել են ծառ, չի բռնել: Անցած տարի հողը Մերգել Ղարիբյանը վերցրեց` չնայած համայնքին չի պատկանում, ու իր հայեցողությամբ բաժանեց մարդկանց միջեւ: Ինձ որոշել էր դուրս թողնել, բայց Ազգային պարկի աշխատակիցը միջամտեց, թե չի կարելի, ի վերջո էս մարդն էդքան տարի տեր է եղել տարածքին: Ես ուզեցի հասկանալ, թե Ազգային պարկի ստեղծումից հետո ինչ կարգավիճակ ունի էդ 8 հա-ը, ում բալանսին է, որ, ասենք, գնամ վարձակալական պայմանագիր կնքեմ, օրինական օգտագործեմ: Հարցում եմ արել Անտառտնտեսությանը, պատասխանել են, թե տվել ենք «Արփի լիճ» ազգային պարկին, էնտեղից պատասխանեցին, թե իրենց բալանսի մեջ չկա, խոշորացված համայնքի բալանսում էլ չկա: Փաստորեն, օրինական տեր չունի էս հողը, բայց Մերգել Ղարիբյանը որոշեց, որ ինքը կարող է տնօրինել»,- նեղսրտում է զրուցակիցս՝ շեշտելով, որ եթե պիտի իր ձեռքից վերցնեին հողը, գոնե չունեւորներին տային:
Խնդրով մտահոգ, ավագանու անդամ Նաիրա Աբրահամյանը օգոստոսին գրավոր դիմել էր Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանին: Վերջինիս ներկայացվել էր լրացուցիչ մեկական հեկտար հողատարածք ստացած անձանց ունեցած սեփական եւ վարձակալած հողային ռեսուրսը: Ցուցակում ընդգրկված մարդկանց թվում հանդիպում է նաեւ Սամվել Ղարիբյան անուն-ազգանունը, որը համայնքի ղեկավարի ազգականն է:
Նշված տարածքից հողաբաժին է ստացել նաեւ Ղարիբյանների ընտանիքին պատկանող «Ոսկե սեր» պանրի գործարանում վարորդ աշխատող Գարիկ Արաբյանը: «Հետք»-ին տրամադրած տվյալների համաձայն` վերջինիս ընտանիքը մշակում է 6,86 հա սեփականաշնորհած եւ 25 տարով վարձակալած 6 հա հողատարածք, ինչպես նաեւ համագյուղացի Գեւորգ Գեւորգյանին պատկանող 10,47 հա սեփականաշնորհած հողը, Սերյոժա Ղազարյանի 9,55 հա սեփականաշնորհած եւ Եղիշե Պետրոսյանի 6,69 հա սեփականաշնորհած հողատարածքները: Ցուցակում ընդգրկված անձանցից ամենաքիչ հողաբաժինը Մերգել Կյուրեղյանինն է՝ 5,14 հա:
Փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը սեպտեմբերի 11-ին Նորայր Հովհաննիսյանին պատասխանում է, որ հարցը քննարկվել է Արփի համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանի հետ եւ տրվել են համապատասխան ցուցումներ: Թե ինչ տեսակի ցուցումներ են դրանք՝ նամակում մանրամասնած չէ: Պատասխան նամակում նշված է, թե որքան հա հողատարածք է սեփական ու վարձակալական հիմունքներով տիրապետում Նորայր Հովհաննիսյանը, մատնացույց է արված ՀՀ հողային օրենսգրքի 53-րդ հոդվածը եւ անտառային հողերի տրամադրման կարգը: Փոխմարզպետի պատասխանն ավարտվում է համայնքապետի տրամադրած տեղեկատվությամբ, որ 13.08.2018թ. դրությամբ Գառնառիճի բնակիչ Նորայր Հովհաննիսյանն ունի 143.637 դրամ հողի հարկի չվճարած պարտավորություն:
Նորայր Հովհաննիսյանի փոխանցմամբ` պարտքը կուտակվել է 2016-18թթ. ընթացքում: «Օգոստոսի 27-ին մուծել եմ 133 հազար դրամը, մնացել է վճարելու 24 հազար դրամ տոկոսը: Իմ սեփական 8 հա հողի պարտքն է դա, որ համայնքների խոշորացումից հետո կողի ընկած չէի մուծում, բայց, փաստորեն, ես ինքս ինձ վնասեցի»,- անկեղծանում է Նորայր Հովհաննիսյանը:
«Իմ խնդիրն է, որպես ավագանու անդամ, որ հստակեցվի այդ 8 հա-ի պատկանելությունը, կնքվեն վարձակալական պայմանագրեր, եւ գումարը մուտքագրվի համայնքի բյուջե, եթե այդ հողակտորը ճանաչվի, իհարկե, համայնքի սեփականություն,- ասում է Նաիրա Աբրահամյանը,- իսկ եթե Ազգային պարկինն է, թող իրենք ուրեմն կարգավորեն այդ հարցը, ոչ թե Մերգել Ղարիբյանին հնարավորություն տան, որ լավության կարգով պոտենցիալ ընտրողներ ապահովի հաջորդ ընտրության համար»:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել