HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրին` ձգողության կենտրոն

Մեղրին Հայաստանի Հանրապետության ամենահարավային շրջանն է: Այն արեւելքից սահմանակից է Զանգելանին, արեւմուտքից՝ Նախիջեւանին։ Հարավում նրա հարեւանը Իրանն է, որի հետ սահմանն անցնում է Արաքս գետի երկայնքով։ Թեեւ Մեղրիի շրջանի տարածքը մեծ չէ՝ ընդամենը 644 քառակուսի կիլոմետր, այստեղ կան կլիմայական գրեթե բոլոր գոտիները՝ չոր մերձարեւադարձայինից մինչեւ ալպյան մարգագետիններ։ Բնակավայրերը տեղաբախշված են 600-2000 մ ընկած բարձրություններում:

Շրջանն ունի 12200 բնակիչ, որոնց մի մասը՝ հիմնականում Ագարակ քաղաքի բնակչությունը, աշխատում է տեղի մոլիբդենի ու պղնձի հանքերը վերամշակող արտադրությունում, մյուսները' գյուղատնտեսության ոլորտում, հատկապես այգեգործության։ Մեղրին հայտնի է իր քաղցրահամ ու արեւաբույր մրգերով: Նուռը, թուզն ու արքայախնձորը հաճախ նույնանում են Մեղրի տեղանվան հետ։

Նախորդ դարի վերջին Մեղրու շրջանում գրանցված էր 65 հուշարձան, որոնք ինքնատիպ ու անկրկնելի են ոչ միայն ճարտարապետությամբ, այլեւ որմնանկարներով, ինչպիսիք հազվադեպ են հանդիպում հայկական եկեղեցիներում ու վանքերում։ Մեղրի քաղաքի հին ու նոր թաղերի եկեղեցիների պատերը կրում են Հովնաթանյան տոհմի նկարիչների զարդանախշ հետքերը։

Մեղրու ինքանտիպ ճարտարապետությունը, կենցաղի եւ մշակույթի ավանդույթները պահպանելու մտահոգությամբ 2000 թվականին ՅուՆԵՍԿՕ-ի ուշադրությանն է ներկայացվել «Հայաստանի ամենահարավային շրջանի տնտեսության վերանորոգում» ծավալուն ծրագիրը, որը հավանության է արժանացել ու ներգրավվել նվիրատուների 2001 թվականի «Մշակույթը զարգացման համար» համաժողովում։

Ճարտարապետ, նախագծի հեղինակ Արմինե Պետրոսյանը 2001 թվականին հիմնել է «Մեղրի-1» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որն էլ հետագա տարիներին եւ այսօր շրջանում իրականացնում է մի շարք կարեւոր ծրագրեր՝ նպատակ ունենալով Մեղրիի մշակութային ժառանգությունը ոչ թե արգելոց դարձնել, այլ վերականգնել եւ օգտագործել։ Արմինե Պետրոսյանն ասում է, թե ամենակարեւորն էթնիկ միջավայրի պահպանությունն է։

Քաղաքի Հին թաղում «Մեղրի-1» բարեգործական կազմակերպությունը վերականգնում է մեղրեցիների ավանդական տները՝ հետագայում ուրբանիզացիոն էթնիկ զբոսաշրջությանը ծառայեցնելու նպատակով։ Այդ գործում մեծ մասնակցություն ունի նաեւ Մեղրիի քաղաքապետարանը: Քաղաքապետ Միշա Հովհաննիսյանն ինքն էլ, լինելով «Մեղրի-1» կազմակերպության անդամ, ամեն կերպ աջակցում է իրականացվող ծրագրերին: Մեղրիի Հին թաղի առաջին տան վերականգնման ծրագիրը ֆինանսավորում է շվեյցարահայ «Իզմիրլյան» հիմնադրամը։

«Ամբողջ նախագիծը 2 տարի առաջ ներկայացրեցինք «Իզմիրլյան» հիմնադրամին։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Ժակ Սարգսյանն ընթացք տվեց»,-ասում է Արմինե Պետրոսյանը: Նա առանձնահատուկ գոհունակությամբ է արձանագրում այս փաստը, որովհետեւ Մեղրին, «աչքից հեռու» լինելով, ժամանակի ընթացքում հեռացել էր նաեւ մարդկանց սրտերից։

Մեղրիում ծրագիր իրականացնելու հարցում որեւէ մեկին համոզելու համար նախ երկար-բարակ պետք է բացատրես, թե ի՞նչ է Մեղրին, որտե՞ղ է այն գտնվում, ինչո՞ւ հատկապես Մեղրիում եւ ոչ թե այլ տեղ։ Հեռավորության ու ծայրամաս լինելու պատճառով Մեղրին բառի բուն իմաստով հայտնվել է տեսադաշտից դուրս։ Իմ ծանոթների շրջանում կատարած հպանցիկ հարցման ընթացքում պարզեցի, որ հարցված տասը հոգուց ոչ մեկը երբեւէ չի եղել Մեղրիում։ Մեղրիի այսօրինակ մեկուսացվածությունը ժամանակին պայմանավորված էր նրա սահմանային գոտի լինելով։ Խորհրդային տարիներին Մեղրի կարելի էր այցելել միայն ներքին գործերի մարմիններից հատուկ «վիզա» ստանալուց հետո։ Մեղրի գնացող գնացքի (անցնում էր Նախիջեւանի տարածքով) կամ ավտոբուսի (ամենակարճ երթուղին դարձյալ Նախիջեւանով էր) ուղեւորները ենթարկվում էին բազմակի եւ մանրամասն ստուգումների, եւ եթե չլիներ բնապատկերի վառ ու անջնջելի տպավորությունը, ոստիկանների ու սահմանապահների հետ ոչ այնքան հաճելի շփումները կրկնելու ցանկություն դժվար թե առաջանար։

Հայաստանն ընդհանրապես անկրկնելի բնապատկերների համախումբ է՝ Եղեգնաձորը ոչ մի բանով նման չէ Լոռուն, Արագածոտնը՝ Սեւանի ավազանի բնակավայրերին, իսկ սահմանակից Սիսիանն ու Գորիսը բացարձակապես չեն կրկնում իրար։ Մեղրին այս ամենի խտացումն է։ Այստեղ կա ամեն ինչ, եւ Հայաստանը խտացված տեսնել-ընկալելու ցանկությունը մեկ անգամ Մեղրի այցելած մարդուն ստիպում է գնալ էլի ու էլի՝ չնայելով ոչ մի խոչընդոտի։

Այսուհանդերձ, Մեղրին դուրս է մնում զբոսաշրջային բոլոր ընկերությունների երթուղիներից։ Պատճառն, անշուշտ, հեռավորությունն է, բայց պակաս կարեւոր չէ հյուրանոցների ու հանգրվանների բացակայությունը։

«Մեղրի-1» ԲՀԿ-ի ծրագիրը նպատակ ունի այս շրջանում զարգացնելու զբոսաշրջային ենթակառուցվածքները։ Եւ դրա համար ոչ թե քար ու ցեմենտ է հարկավոր, ինչպես շատ ու շատ տեղերում, այլ առաջնահերթ խնդիր է դրված' վերականգնել ավանդական տան ու օջախի մթնոլորտը։

Մեկ շենքում կամ նույնիսկ մեկ ամբողջ թաղամասում նորոգում անելը չի լուծի այդ խնդիրը, եթե չփոխվի մարդու վերաբերմունքը։ «Հիմնականում պիտի տունը, մարդը, միջավայրը, ամեն ինչ, նաեւ բուսականությունը՝ ծառերը, ծաղիկները , ամեն ինչ նույն շնչով պիտի բարձրացվի, որպեսզի ոչ մի բան շինծու չլինի»,-ասում է Արմինե Պետրոսյանը։

Ճարտարապետը գտնում է, որ մարդիկ նախկինում ավելի մեծ խնդիրներ չեն դրել։ Կառուցել են իրենց տունը, կողքը մի ծառ են տնկել, եւ առանց մեծ դիզայներական ջանքի ամեն ինչ ներդաշնակորեն փոխկապակցվել է, եւ իրենք էլ դարձել են այդ միջավայրի մասնիկը։ Մեղրի այցելող զբոսաշրջիկն ինքն էլ վաղը հնարավորություն կունենա մտնելու այդ միջավայրի մեջ։

Պատկերացնո՞ւմ եք' դուք երկու օր եք անցկացնում Մեղրիում եւ ապրում եք ոչ թե ինչ-որ հյուրանոցում, այլ որոշակիորեն այսինչ մարդու տանը, ով ձեզ հյուրասիրում է իր այգու պտուղները, իր մառանի բարիքները, պատմում իր նախնիների մասին, ովքեր ապրել են «հյուրանոցային» ձեր համարում։

Արմինե Պետրոսյանը գտնում է, որ այս ամենին հասնելու համար նախեւառաջ մեղրեցիները պետք է հին թաղն ընդունեն ոչ թե սոսկ որպես բնակավայր, այլ մի միջավայր, որտեղ մարդը, կենցաղն ու մշակույթն անբաժանելի են։

«Ես ուզում եմ, որ այս տունը վերականգնելուց հետո մարդիկ զգան տարբերությունը, փոխվի նրանց վերաբերմունքը նույն այս տան նկատմամբ, որ իրենք էլ մասնակից լինեն միջավայրին»,-ասում է Արմինե Պետրոսյանը։

Նրա մտահոգությունը գավառի մշակույթը վերականգնելն է, այն, ինչը վաղուց կա եվրոպական շատ երկրներում եւ զբոսաշրջիկներին հրապուրում է անմիջականությամբ ու մարդկային ջերմությամբ։ Հայաստան այցելող զբոսաշրջիկները հիմնականում տեսնում են մեր դարավոր մշակույթի քարացած արժեքները՝ ճարտարապետական կոթողներ, թանգարաններ, պատկերասրահներ եւ այլն։ Նրանք հիմնականում գիշերում են այսպես կոչված «եվրո» հյուրանոցներում, որոնց եվրոպական դիզայնն ու պարսկա-արաբական շինանյութն, ըստ էության, ոչ մի հետք չեն թողնում զբոսաշրջիկի հոգում։

Ինքս չորս տարի առաջ Ֆրանսիայի հարավում առիթ եմ ունեցել ապրելու 1828 թվականին կառուցված մի տան մեջ, որի ներքին կոմունիկացիաները ոչնչով չէին զիջում լավագույն հյուրանոցներին։ Հիմա Ֆրանսիա ասելիս, չգիտեմ ինչու, ես առաջին հերթին հիշում եմ այդ հինավուրց տան մեջ իմ անցկացրած երկու շաբաթը, հիշում եմ բարի ու մարդամոտ տանտերերին, հիշում եմ տանձի տնական օղին, որ խմում էինք ամեն երեկո եւ զրուցում միանգամայն տարբեր լեզուներով։

«Ինձ համար, օրինակ, գինի պատրաստելը մշակույթ է, մրգեր չորացնելը նույնպես մշակույթ է։ Ինձ թվում է' մենք այդ արժեքների վրա պիտի աշխատենք»,-ասում է նախագծի հեղինակ, ճարտարապետ Արմինե Պետրոսյանը՝ հավատալով, որ հեռավոր Մեղրին այս մտածողության շնորհիվ կարող է դառնալ հայկական զբոսաշրջության ձգողության կենտրոնը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter