
Երևանի ավագանու ընտրությունների համար ընտրակաշառք բաժանելու և առաջարկելու դեպքով յոթ ահազանգ է ստացվել
Մինչ այս պահը Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք բաժանելու և առաջարկելու դեպքով յոթ ահազանգ է ստացվել։ Այս մասին «Հետք»-ին հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից։
Յոթ դիմումներից 5-ը եղել է մամուլի հրապարակում, մեկը՝ ֆեյսբուքյան գրառում, մյուսը՝ քաղաքացու հաղորդում, որի հիման վրա երեկ քրեական գործ է հարուցվել։ Մնացած 6 ահազանգերը ստուգվել են, սակայն չեն հաստատվել ընտրակաշառք բաժանելու տեղեկությունները։
Քրեական գործ հարուցվել է դեպքով, որ 2018թ. սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի մի բնակչի կողմից ոստիկանությունում ստացվել է հաղորդում՝ իրեն ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ:
Մասնավորապես հայտնել է, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Շիրազի փողոցում տվյալ քաղաքացուն են մոտեցել երկու կին, տեղեկացել սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում նրա մասնակցության վերաբերյալ և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկելու համար առաջարկել 60 000 դրամ, կամ դրանից բարձր կենսաթոշակ ստանալու դեպքում՝ մեկ ամսվա կենսաթոշակի չափով գումար: Քաղաքացուց մերժում ստանալուց հետո կանայք հիշյալ վայրից անմիջապես հեռացել են:
Քրեական գործը հարուցվել է քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելու, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով քվեարկությունը խախտելու հիմքով։
Մեկնաբանել