HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Հասարակական կազմակերպությունները փոխել են հասարակական մտածողությունը

«Հասարակական կազմակերպությունների այս ամբողջ շարժումն առաջացավ երկրաշարժից հետո եւ Ադրբեջանից մեր հայրենակիցների Հայաստան գալով: Այն ժամանակ չկար հասարակական կազմակերպություն հասկացությունը: Տարբեր մասնագիտությունների տեր եւ տարբեր վայրերում աշխատող մարդիկ միավորվեցին, ստեղծեցին կազմակերպություն՝ ցանկանալով օգտակար լինել տուժաներին: Երբ այդ ալիքը վերջացավ, եւ կարիքն ավելի քիչ էր, քան առաջ, հատկապես բարեգործական կազմակերպությունների թիվը նվազեց: Բայց շատերը ձգտեցին ավելի պրոֆեսիոնալ դառնալ»,-ասում է Հայաստանի հայտնի բարեգործական կազմակերպություններից մեկի՝ «Առաքելություն Հայաստան»-ի նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը:

«Երկրաշարժի հետեւանքների վերացման համար Հայաստան եկած մի շարք բարեգործական հիմնադրամների, միջազգային դոնորների առկայությունը միայն խթանեց հասարակական կազմակերպությունների ծագումն ու զարգացումը: Հայաստանում ՀԿ-ների առաջացման հասարակական պահանջ կար»,-կարծում է Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ ՀԿ-ի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

2005թ. սեպտեմբերի դրությամբ ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցված է 4350 հասարակական կազմակերպություն (ՀԿ): Առաջին գրանցված կազմակերպությունը «Օգոստոսի 23 ազգային դաշինք» իրավապաշտպան միությունն է՝ 1990թ. դեկտեմբերի 17-ին: Նախարարության ՀԿ-ների գրանցման վարչության պետ Էդիկ Մարգարյանի կարծիքով՝ «Անգամ Հայաստանի նման փոքր երկրի համար 4350-ը շատ մեծ թիվ չէ, քանի որ դրանք անհրաժեշտ են քաղաքացիական հասարակության կայացման համար, մասնավորապես կառավարության վրա ազդելու տեսանկյունից»:

«Դաշտում ակնհայտորեն այդ 4350-ը չկան: Իրականում շատ քիչ ՀԿ-ներ կան՝ 100-200 կազմակերպություն, որոնք գործ են անում»,-ասում է Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի նախագահ Վահե Հովհաննիսյանը:

ՀԿ-ների՝ ըստ գործունեության բնույթի հաշվառում նախարարությունը չի կատարում, բայց Հայաստանում աչքի են ընկնում մարդու իրավունքների պաշտպանությամբ, բնապահպանական, սոցիալական, խոցելի խմբերի՝ հաշմանդամների, փախստականների, տարեցների, երեխաների խնդիրներով, լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները: Գրանցված ՀԿ-ների մեծ մասը կենտրոնացած է Երեւանում, ՀԿ-ների թվով երկրորդ տեղում Գյումրին է, ապա՝ Վանաձորը եւ Գորիսը:

«Հասարակական կազմակերպությունների մասին» առաջին օրենքը Հայաստանում ընդունվել է 1996թ. (մինչ այդ ոլորտը կարգավորվում էր Գերագույն խորհրդի որոշմամբ), սակայն 2001թ. Ազգային ժողովն ընդունեց նոր օրենք, որը բավականաչափ պարզեցրեց ՀԿ-ների գրանցման ընթացակարգը: Ցանկացած գաղափարի շուրջ միավորված երկու մարդ կարող են ՀԿ հիմնադրել՝ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով Արդարադատության նախարարություն եւ 21 օր հետո գրանցել այն:
Ով վճարում է, նա՞ է պատվիրում երաժշտությունը

ՀԿ-ների հետ կապված ամենամեծ խնդիրը Հայաստանում դրանց ֆինանսական կենսունակության ապահովումն է: Օրենքի համաձայն՝ կազմակերպությունների սեփականությունը գոյանում է անդամավճարներից, դրամաշնորհներից եւ նվիրատվություններից: Իբրեւ շահույթ չհետապնդող կազմակերպություն՝ ՀԿ-ն իրավունք չունի ուղղակիորեն առեւտրային գործունեությամբ զբաղվել: Ուստի ՀԿ սեկտորը ֆինանսապես գրեթե ամբողջությամբ կախված է օտարերկրյա դոնորներից: «Համաշխարհային ուսուցում» կազմակերպության հետազոտության տվյալներով՝

2003-ին Հայաստանի ՀԿ-ներին ուղղակիորեն հատկացված դրամաշնորհների ընդհանուր գումարը (բոլոր դոնորները միասին) կազմել է ավելի քան 12.5 մլն ԱՄն դոլար: ՀԿ-ների ամենախոշոր դոնորը Հայաստանում ամերիկյան կառավարությունն է՝ իր տարբեր գործակալությունների միջոցով, հատկապես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության: 2001-2004թթ. այն շուրջ 39.2 մլն դոլար է հատկացրել ՀԿ սեկտորին:

Ֆինանսական այս կախվածության հետեւանքով ՀԿ-ների նկատմամբ թերահավատ վերաբերմունք է ձեւավորվել թե՛ պետության, եւ թե՛ հասարակության մոտ: Շատերը կարծում են, թե ՀԿ-ներն ավելի շատ հակված են բավարարելու դոնորներին, քան հայ հասարակությանը, կատարում են նրանց պատվերը, ստեղծվում են զուտ դրամաշնորհ ստանալու համար, ուստի նրանց քողարկված «դրամակերներ» են համարում:

«Համաձայն եմ, որ որոշ ՀԿ-ներ ստեղծվել են միայն դրամաշնորհներ շահելու համար: Այսինքն՝ դրանք հանրայնորեն օգտակար որեւէ գաղափարի շուրջ չեն ստեղծվել, կամ ստեղծվել են որպես այդպիսիք միայն թղթի վրա, կանոնադրություններում այնպիսի համամարդկային թիրախներ են հիշատակված, որ թվում է, թե այդ է արդեն, հենց դրամ ճարեցին, այլեւս չքավորություն ու գործազրկություն չի լինելու Հայաստանում եւ Անդրկովկասում: Բայց, իմ կարծիքով, այդպիսիք Հայաստանում գրանցված ՀԿ-ների միայն 10-15 տոկոսն են կազմում, ոչ ավելի: Իսկ եթե ՀԿ-ն դրամաշնորհներ ու այլ միջոցներ է հետապնդում իր առջեւ դրած բարոյական եւ օրինական գաղափարի իրականացման համար ու այդ անում է բարոյականության եւ օրինականության շրջանակներում, հոյակապ է, եթե գտնվում են օժանդակողներ, ուրեմն նրանք գործընկերներ են դառնում համախոհության հենքի վրա: Եվ հակառակը, եթե ՀԿ-ն դրամաշնորհը հետապնդում է ինքնանպատակ, պազապես փող ունենալու եւ, այս դեպքում, ներողություն, լափելու կամ մսխելու համար, ու գտնվում են առարկայի մեջ շատ չխորացող, ՀԿ-ին իրականում չիմացող կամ չճանաչող դոնորներ, որոնք օժանդակում են նման «ծրագրերը», կամ ՀԿ-ին հարմարեցնում են իրենց հետաքրքրություններին կամ շահերին, սա խայտառակ բան է: Դա հաճախ տեղի է ունենում «փոխշահավետ», հանցավոր համաձայնությամբ կամ հանցավոր միամտությամբ: Այսպես են ծլում, ծաղկում ու զորանում կեղծ հասարակակական կազմակերպությունները»,-ասում է Լեւոն Բարսեղյանը:

« Մենք շատ ենք մեծացնում միջազգային կազմակերպությունների դերը: Հայաստանում արդեն ձեւավորվել են խմբեր, որոնք շատ ավելի առողջ եւ ռեալ են նայում իրերին: Ուղղակի միջազգային կազմակերպությունների եւ մեր շահերի համընկնում կա: Չքաղաքականացնելու համար բերեմ հետեւյալ օրինակը՝ ցույց տալու համար, թե որքան է փոխվել իրավիճակը ՀԿ-ների շնորհիվ: 10-15 տարի առաջ փողոցում հաշմանդամ տեսնելիս մատով էին ցույց տալիս եւ ծիծաղում էին: Այսօր հասել ենք այն մակարդակի, որ ամեն շինարարության առաջ պահանջ ենք դնում՝ հաշմանդամների համար հարթակներ սարքել: Երբ Երեւանի կենտրոնական փողոցները վերանորոգվեցին՝ հարմարեցվելով հաշմանդամների կարիքներին, դա Երեւանի քաղաքապետի ձեռքբերումը չէր, այլ հաշմանդամների խնդիրներով զբաղվող 3-4 խոշոր ՀԿ-ներինը, որոնք այնպիսի մթնոլորտ էին ստեղծել, որ այլեւս չէին կարող շրջանցվել այդ պահանջները: Շահերի պաշտպանության, մարդու իրավունքների առումով նման օրինակները շատ են: Ճիշտ է, Հայաստանում մարդու իրավունքները ոտնահարվում են, բայց կան կազմակերպություններ, որոնք քաղաքացիների շահերը պաշտպանելու համար գնում են դատարան, այլ հարց է, որ դատաիրավական համակարգը վատն է, եւ ՀԿ-ները միշտ չէ, որ հաջողության են հասնում, դա ընդհանուր երկրի խնդիրն է, ոչ թե ՀԿ-ների: 5 տարի առաջ ադրբեջանցու կամ թուրքի որ տեսնեինք, կասեինք թշնամի է, իսկ հիմա միասին նստում ենք սեղանի շուրջ կոնֆերանսի, քննարկումներ ենք անում, հոդվածներ եւ տեղեկություններ փոխանակում: Սա ռեգիոնալ ՀԿ-ի շնորհիվ է: Ուզում եմ ասել, որ առաջին հայացքից ՀԿ-ների գործունեության արդյունավետության առումով գուցե շատ բան չենք նկատում, բայց իրականում հսկայական փոփոխություններ են եղել: Ոչ թե իշխանության կամ ընդդիմության, այլ իսկապես աշխատող ՀԿ-ների շնորհիվ »,-ասում է Վահե Հովհաննիսյանը:

«Մեզ ֆինանսավորում են միայն միջազգային կազմակերպությունները, 1988-ից առ այսօր 8-9 մլն դոլարի օժանդակություն ենք ստացել, սակայն միշտ արել ենք այն, ինչ մենք ենք ցանկացել»,-ասում է բարեգործական կազմակերպության նախագահ Հ. Կիրակոսյանը:

Դոնորների օժանդակությունը, սակայն, Հայաստանին հավերժ չէ, եւ մի օր նրանք կարող են հեռանալ: «ՀԿ-ների մասին» օրենքը ֆինանսավորման այլընտրանքային աղբյուր է նախատեսել՝ ՀԿ-ներին թույլատրվում է շահույթ հետապնդող ՍՊԸ-ներ ստեղծել: Սա մի կողմից դրական է, կարող է ՀԿ-ի համար լրացուցիչ միջոցներ հայթայթելու աղբյուր լինել, բայց մյուս կողմից ՍՊԸ կառավարելը հարկային տեսչության հետ կապված ավելորդ գլխացավանքի առիթ է ներկայիս տնտեսական միջավայրում: «ՀԿ-ների շատ քիչ մասն է օգտագործում այդ հնարավորությունը: Անցյալ տարի մենք ՍՊԸ ենք հիմնադրել, բայց գործը շատ դժվար է առաջ գնում: Երբ հասարակական գործունեություն ես վարում, չես կարողանում երկու մասի բաժանվել, մեզ համար շատ դժվար է երկրորդ ռելսին անցնելը, որովհետեւ հարկային դաշտը, հատկապես գործավարությունը, շատ բարդ է, հարկային բեռը՝ ծանր: Մենք խորհրդատուներ ենք վարձել, ովքեր ուսումնասիրում են դաշտը՝ տեսնելու, թե ինչ եղանակներով կարող ենք ՍՊԸ-ի միջոցով շահույթ ստանալ, սակայն մեծ հնարավորություններ չեն տեսնում: Դրա համար մենք երկրորդ ճանապարհն ենք մտածել՝ տեղական իշխանությունների հետ ծախսակիսման գնալ, որովհետեւ սոցիալական ծառայություններ ենք մատուցում բնակչությանը: Ֆինանսավորման երրորդ տարբերակը մեզ համար մյուս տարի մեկնարկելիք Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի բյուջեում ընդգրկվելն է, որովհետեւ այսօր մենք փաստորեն մեզ վրա ենք վերցրել պետության ֆունկցիան: Այն համայնքներում, որտեղ մենք աշխատում ենք, տեղական իշխանություններն ասում են, որ սոցիալական լարվածությունը մեծ չափով թուլացել է: Իրականում այդպես էլ պետք է լինի՝ պետությունը ռազմավարական ուղղությունները պետք է մշակի, իսկ մեզ պատվիրակի կոնկրետ գործողությունները պետական գումարով, այսինքն՝ մեզանից գնի այդ ծառայությունները»,-ասում է տկն Կիրակոսյանը: ՀԿ-ների ղեկավարները պահանջում են կամ ուղղակիորեն վճարովի ծառայություններ մատուցելու եւ շահույթ ձեռք բերելու իրավունք տալ, կամ՝ հարկային արտոնություններ իրենց հիմնադրած ՍՊԸ-ին:

Հայաստանում գրեթե չի գործում ՀԿ-ների ֆինանսավորման օրենքով նախատեսված երրորդ տարբերակը՝ նվիրատվությունը: Տեղական գործարարները կամ օլիգարխները հազվադեպ են ֆինանսական միջոցներ տրամադրում բարեգործական կազմակերպություններին, առավել եւս՝ մարդու իրավունքներով կամ այլ խնդիրներով զբաղվող ՀԿ-ներին: «Այլ երկրներում ֆինանսական խոշոր կազմակերպությունները ունեն ծրագրային կառույցներ, որոնց միջոցով իրենց հասույթների հաշվին առողջապահական, սոցիալական օժանդակություն են ցուցաբերում հասարակական տարբեր խմբերի: Տարին մեկ անգամ նրանք ֆինանսական եկամուտները հաշվարկում են, հայտարարում են մրցույթ եւ համապատասխան կազմակերպությունն են ընտրում, որն իրենց նախընտրած ծառայությունները լավագույն կերպով կմատուցի ժողովրդին: Բայց մեզանում այդ գիտակցությունը չկա: Ամեն տարի մենք հոկտեմբերի 1-ին նշում ենք տարեցների օրը: Բազմիցս այդ միջոցառումը կազմակերպելու համար աջակցության խնդրանքով դիմել ենք Հայաստանի խոշոր ձեռնարկություններին՝ «Գրանդ Քենդի», «Կոկա-Կոլա» եւ այլն, բայց նրանք մեզ չեն էլ ընդունում, շատ քչերն են օգնել: Երեւի դրա մշակույթն էլ պետք է ձեւավորվի»,-ասում է Հռիփսիմե Կիրակոսյանը:

«Այսօր Հայաստանում 300 խոշոր ֆինանսական ընկերություններ կան, գործատուներ, որոնք հանգիստ կարող են գումարներ տալ: Մենք մի անգամ նման նախաձեռնությամբ հանդես եկանք, եւ ՀԿ-ներով որոշեցինք գործարարների ֆոնդ ստեղծել, որտեղ անանուն ներդրումներ կարվեն, անկախ հանձնաժողով կստեղծվի այդ գումարը արդար բաշխելու համար: Բայց այդ գաղափարը չիրականացավ, որովհետեւ այսօր որեւէ գործարարի անհնար է համոզել 1000 դոլար տալ որեւէ ՀԿ-ի, նա հանգիստ այդ 1000 դոլարը որեւէ ռեստորանում կուտի, բայց ՀԿ-ին չի տա: Սակայն պատճառը նաեւ հասարակական անառողջ մթնոլորտն է: Եթե որեւէ մեկն ասի, որ ուզում է մշտապես գործող նման հիմնադրամ ստեղծել, անմիջապես կասեն՝ օլիգարխները կառույց են ստեղծում ապագա ընտրությունների, կուսակցության կամ այլ նպատակով»,-ասում է Վահե Հովհաննիսյանը:

Իրականում հենց այդպես է. խոշոր օլիգարխները սեփական բարեգործական հիմնադրամներ են ստեղծել...իրենց ընտրատարածքներում: «Ամեն ինչին Հայաստանում քաղաքական աստառ է տրվում: Նրանք իսկապես ընտրական նպատակներով են դա անում»,-համոզված է Հռիփսիմե Կիրակոսյանը:

«Հայաստանում ծաղկող կեղծ կազմակերպությունները ոչ միայն իշխանությունների այս կամ այն թեւի ուղղակի կամ անուղղակի հովանավորչությամբ ստեղծված ՀԿ-ներն են, այլեւ գործարարների, մաֆիոզ-կլանային կառույցների հիմնադրածները: Ընդ որում՝ վերջին տեսակը նոր-նոր է սկսում զարգանալ Հայաստանում. կապիտալը եւ հղփացումն արդեն լճանում են ու, այսպես ասած, հարկավոր է «հոգեւոր ոլորտում» մի բան անել, որ մաֆիոզ-կլանային-օլիգարխիկ հոգին լիանա: Եվ գրոտեսկայինն այն է այս իրադրության մեջ, որ կեղծ ՀԿ-ները հաճախ, եթե ոչ միշտ, գլխի չեն էլ ընկնում, որ իրենք կեղծ են, նրբորեն թելադրվում են վճարողի կամքով: Այդպիսիք շատ են Հայաստանում, եւ կարծիք ունեմ, թե դրանց նպատակային հզորացումն ուղղված է քաղաքացիական հասարակության թերաճին, թուլացմանն ու հինգերորդ շարասյան կառուցմանը, որպեսզի հասարակական-քաղաքական ցնցումների կամ սրացումների ժամանակ ծառայեն իշխանություններին պաշտպանելուն, «երկրի կայունությանը սատարելուն»,-ասում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավարը:
Պետությունը մուտք է գործում ՀԿ ոլորտ

2005թ. ՀՀ Նախագահի հրամանագրով առաջին անգամ պետբյուջեից 50 մլն դրամ է տրամադրվել ՀԿ-ներին դրամաշնորհներ հատկացնելու համար: 2006-ին նախատեսվում է այդ գումարը հասցնել 100 մլն-ի: ՀԿ-ների մի մասը կտրականապես դեմ է պետության միջամտությանը ՀԿ ոլորտում: «Պետության կողմից ՀԿ-ների ֆինանսավորման սցենարը իրական օգուտներ է բերում ժողովրդավարություն դավանող երկրներում: Ի դեպ, պարտադիր չէ, որ երկրում ժողովրդավարությունը կայացած լինի, կարեւոր է, որ դավանանքը առ ժողովրդավարություն լինի անդառնալի: Թե չէ մերի նման կեղծ ժողովրդավարության պայմաններում նման սցենարը վերածվելու է պետական միջոցները ցանկալիների գրպաններն ուղղելու, իշխանության վերարտադրությունը խթանելու, իշխանությունը պահպանելու քողարկված միջոցառումների շարանի: Ասվելու է' տեսեք-տեսեք, բյուջեի ամբողջ 1 (կամ 3, կամ 13) տոկոսը մենք հատկացնում ենք ՀԿ-ներին այս կամ այն հանրային աշխատանքներն իրականացնելու համար, բայց թե ինչ մեխանիզմներով, ինչ մեքենայություններով, ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնելու, այդ պրոցեսում կոռուպցիայի հայտնաբերման փաստերին ոչ մի համապատասխան պետական մարմին լուրջ ուշադրություն չի դարձնելու: Առանց իշխանություների եւ իշխանության համակարգի որակների շեշտակի բարելավման, պետական միջոցների հատկացումները ՀԿ-ներին մսխումներ է առաջացնելու, լինելու է խիստ անարդյունավետ»,-համոզված է Լեւոն Բարսեղյանը:

«Ճիշտ է, մենք աշխատում ենք միջազգային դոնորների աջակցությամբ, բայց մեր ռազմավարությունն այն է, որ սոցիալական ոլորտում մենք պետք է պետության հետ աշխատենք, որովհետեւ դոնորները մի օր կարող են գնալ: Առայժմ չունենք պետության ֆինանսական աջակցությունը, թեեւ բարոյականը ունենք, մասնավորապես տեղական իշխանություններինը մարզերում եւ Երեւանի համայնքներում: Ամբողջ աշխարհում սոցիալական ոլորտում հատկապես տեղական իշխանությունները աշխատում են ՀԿ-ների հետ, սակայն մեզանում «սոցիալական գործընկերության» հասկացությունը դեռ չի ընկալվում: Պետական աջակցություն իրոք պետք է: Այլ երկրներում պետությունը ՀԿ-ներին տարածքներ, գրասենյակներ է տալիս: Պետությունը պետք է մրցույթ հայտարարի եւ մարդկային եւ այլ ռեսուրսներ ունեցող ՀԿ-ներին պատվիրակի որոշ լիազորություններ: Մեր իշխանությունները ամբողջ աշխարհում հայտարարում են, թե երկրում տնտեսական մեծ աճ, զարգացում կա: Անցյալ տարի ՄԱԿ-ի փախստականների Գերագույն հանձնակատարը մեզ հրավիրեց եւ ասաց՝ քանի որ պետությունը հայտարարում է տնտեսական աճի մասին, մեր կենտրոնական գրասենյակը որոշել է մարդասիրական օգնության ծավալները կրճատել, եւ մեր կազմակերպության բյուջեն 30 տոկոսով կրճատվեց այն դեպքում, երբ այդ «տնտեսական աճը» մեր 18.000 շահառուների՝ փախստականների, միայնակ ծերերի վիճակը բոլորովին էլ չէր թեթեւացրել: Նույնը այս տարի: Կարող է երկրում տնտեսական աճ կա, բայց այդ աճը հավասարաչափ չի բաշխվում եւ չի հասնում աղքատներին: Եթե խոցելի խմբերին այդ աճը չի դիպչում, իսկ մեր բյուջեն էլ կրճատում են, ուրեմն պետությունն ինքը պետք է փոխհատուցի»,-ասում է Հռիփսիմե Կիրակոսյանը:

Բյուջեից տրամադրվող գումարի շրջանակում մրցույթ հայտարարելու համար ՀՀ Նախագահի աշխատակազմը յուրաքանչյուր տարի ընտրելու է «գործընկեր կազմակերպություն», որն էլ համապատասխան հանձնաժողովի միջոցով բաշխելու է գումարը: 2005թ. գործընկեր կազմակերպությունը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի ղեկավարած «Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոն»-ը:

«Իհարկե պետությունը պետք է փող տա: 2005-ին առաջին անգամ 50 մլն դրամ (մոտ 110.000 դոլար) է պետբյուջեով հատկացվել ՀԿ-ներին դրամաշնորհային ծրագրերի համար: Ճիշտ է՝ շատ փոքր, ծիծաղելի գումար է, բայց առաջին անգամ է այդ ինստիտուտը ներդրվում, եւ դա շատ կարեւոր է: Գործընկեր կազմակերպությունը ամեն տարի փոխվելու է, իշխանությունը ամեն տարի դիմում է որեւէ կազմակերպության՝ կողմնակալությունը բացառելու համար: Սակայն սա չի նշանակում, թե այդ դրամաշնորհը ստացած ՀԿ-ն կախվածություն է ձեռք բերելու իշխանություններից կամ երկրի նախագահից: Ի՞նչ է՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները դադարելու՞ են քննադատել իշխանություններին իրենց թերացումների, սխալների համար: Դա անլուրջ է: Իշխանությունը չի էլ կարող նման պահանջ դնել, միեւնույն է ՀԿ-ները եթե ոչ պետական, ապա այլ աղբյուրներից գումարներ կստանան եւ նույն գործը կանեն:
Այս տարի 20 կազմակերպություն ստացել է դրամաշնորհ, որոնցից 7-8-ը՝ սոցիալական ուղղվածության: Ընդդիմախոսներ կան, որ ասում են՝ պետությունը իրավունք չունի դրամաշնորհ տալ: Ի՞նչն է վատ՝ ես չեմ հասկանում: Եթե ծրագրեր են կատարվում մանկատներում, ծերանոցներում, ի՞նչ վատ բան կա այդտեղ: Պարզապես Հայաստանում ամեն ինչ քաղաքականացվում է, ցանկացած, թեկուզ հրաշալի գաղափար: Դա մթնոլորտի այլասերվածության արդյունք է: 50 մլն դրամ մի խոշոր կազմակերպություն ստանում է միայն մեկ աղբյուրից: Սա ծիծաղելի գումար է, դրանով հարց չես լուծի, որովհետեւ եթե 50 մլն-ը բաժանում ես 20 կազմակերպության, ստացվում է 2-2.5 մլն: Բայց շատ կարեւոր է այդ ինստիտուտի ներդնումը»,-ասում է Վահե Հովհաննիսյանը:

Հասարակությունն անտարբե՞ր է ՀԿ-ների նկատմամբ

Չնայած ՀԿ-ների պատկառելի քանակին՝ դրանց մասին հասարակական ընդհանուր իրազեկությունը շատ ցածր է: Թեեւ, ՀԿ սեկտորի մասնագետների գնահատմամբ, Հայաստանի ցուցանիշը բարձր է ԱՄՆ-ի, անգամ եվրոպական երկրների համեմատ: 2003թ. Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) համազգային հարցում էր անցկացրել՝ պարզելու Հայաստանում հասարակության իրազեկության աստիճանը ՀԿ-ի մասին: Չափահասների 45.1 տոկոսը գոնե մեկ ՀԿ-ի անուն տալ չի կարողացել: Ավելին՝ 43.3 տոկոսը չի իմացել, թե ինչ է հասարակական կազմակերպությունն առհասարակ:

«Մեր հասարակությունն ամեն ինչի հանդեպ անտարբեր է, այդ թվում՝ ՀԿ-ների: Եթե հասարակության մտածողության մեջ ՀԿ-ների շնորհիվ ինչ-որ բան փոխվել է, արդեն էական էլ չէ՝ հասարակությունը իրազե՞կ է, ՀԿ-ներին վստահու՞մ է, թե՞ ոչ: Շահառուների կոնկրետ խմբեր ունեցող ՀԿ-ների նկատմամբ վստահությունն ավելի մեծ է, ինչպես հաշմանդամների կազմակերպությունների դեպքում, որոնք 1000 եւ ավելի անդամներ ունեն»,-ասում է Վահե Հովհաննիսյանը:

«Մեր շահառուների կողմից մենք շատ մեծ վստահություն ունենք, բայց ընդհանուր առմամբ վստահությունը եւ տեղեկացվածությունը բավարար չէ, որովհետեւ ՀԿ-ների կոնսոլիդացիա չկա: Դրա պատճառներից մեկը ՀԿ-ների հատվածական, ժամանակ առ ժամանակ ինչ-որ ակցիաներ կամ միջոցառումներ անելն է»,-կարծում է «Առաքելություն Հայաստան»-ի նախագահը:

«Ես համոզված եմ, որ ՀԿ-ները վայելում են հասարակական աջակցությունը, այլապես այս տարի նրանք չէին կարողանա տապալել կառավարության՝ Շիկահողի արգելոցը միջպետական ճանապարհի կառուցման համար օգտագործելու նախաձեռնությունը»,-ասում է Արդարադատության նախարարության ՀԿ-ների գրանցման վարչության պետ Էդիկ Մարգարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter