
Նալբանդյանն ընդունել է Ճապոնիայի փոխարտգործնախարարին
Քննարկվել են հայ-ճապոնական հարաբերությունների ընդլանյման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Երեւան ժամանած Ճապոնիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Հիսասի Տոկունագային: Նալբանդյանը խորին ցավակցություն է հայտնել մարտին Ճապոնիայում պատահած բնական արհավիրքների հետեւանքով հազարավոր զոհերի կապակցությամբ:
Փոխնախարար Տոկունագան երախտագիտություն է հայտնել մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ Հայաստանից ստացված ցավակցությունների եւ հետեւանքների վերացման համար ցուցաբերած օժանդակության համար: Նա հավելել է, որ ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերապրած հայ ժողովուրդը ճապոնական ժողովրդի վիշտն ընկալել է ինչպես իր սեփականը եւ այս կապակցությամբ Երուանում տեղի ունենալիք միջոցառումը՝ նվիրված արհավիրքների զոհերի հիշատակին, հայ ժողովրդի բարեկամության հավաստումն է եւ Ճապոնիան շատ բարձր է գնահատում այն:
Նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ ընդգծելով, որ Ճապոնիայի հետ փոխգործակցության զարգացումը Հայաստանի համար կարեւոր ուղղություն է:
Հայաստանի արտգործնախարարին հանձնելով Ճապոնիայի ԱԳ նախարար Տակեակի Մացումոտոյի ուղերձը՝ հյուրն ասել է, որ Ճապոնիայի իշխանությունները բարձր են գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները եւ ցանկանում են առավել ընդլայնել դրանք: Նա հավելել է, որ իր այցելությունը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ճապոնական բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցելությունն է եւ այն վկայում է վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների աննախադեպ զարգացման մասին:
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք նշվել է, որ բարձրաստիճան փոխայցելությունները, ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունները կարեւոր դեր են խաղում փոխգործակցության ամրապնդման եւ խորացման համար:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ շուրջ երկու տարի առաջ Տոկիո կատարած իր այցի ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ իրականացվում են:
Ճապոնիայի փոխարտգործնախարարը շեշտել է, որ անցյալ տարի Ճապոնիայում ՀՀ դեսպանության հիմնումը նոր լիցք է հաղորդել երկու երկրների միջեւ համակողմանի հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցությանը միջազգային կազմակերպություններում, ՄԱԿ-ի բարեփոխման գործընթացին:
Երկուստեք կարեւորվել է խորհրդարանների միջեւ համագործակցության խթանման, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, առեւտրա-տնտեսական բնագավառի փոխգործակցության ակտիվացման նպատակով ձեռնարկվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Մեկնաբանել