HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում նախընտրական կրքերը թեժանում են

Հոկտեմբերի 16-ին տեղի կունենան Վանաձորի քաղաքապետի ու ավագանու ընտրությունները: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, հանրապետական Սամվել Դարբինյանը, գործարար, անկուսակցական Գագիկ Հովսեփյանն ու Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) Վանաձորի քաղխորհրդի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը:

Ընտրատարածքային հանձնաժողով ներկայացված եկամուտների հայտարարագրերի համաձայն՝ վերջին վեց տարիներին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը համասեփականության իրավունքով բնակվում է 120 քմ մակերես ունեցող բնակարանում, որն ունի նաեւ 0.15 հա տնամերձ հողամաս: Ս. Դարբինյանին է պատկանում նաեւ 2005թ. արտադրության մարդատար «Լեքսուզ» մակնիշի ավտոմեքենան: Ըստ հայտարարագրի' 2004-ի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի դրամական միջոցները կազմել են 21 միլիոն դրամ: Վանաձորի քաղաքապետարանից ստացված մեկ տարվա աշխատավարձը 1 միլիոն 524 հազար դրամ է: 64 միլիոն ութ հարյուր հազար դրամի եկամտի աղբյուրը «Արգիշտի 1» ՍՊԸ-ից է (հյուրանոց)՝ ընդհանուր շահույթի 45 տոկոսը: «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ից Սամվել Դարբինյանի եկամուտը կազմել է 500 հազար դրամ:

Սակայն հայտարարագրում նշված չեն քաղաքապետի այլ բիզնեսների մասին: Գրեթե յուրաքանչյուր վանաձորցու հայտնի է, թե փաստացի ում է պատկանում «Արգիշտի» հյուրանոցը, «Բելիսիմո» սրճարանը, քաղաքի կենտրոնում գտնվող «Հմայքի սրահ»-ն ու այլ կառույցներ:

Գագիկ Հովսեփյանի հայտարարագրից պարզվում է, որ նրան է պատկանում միայն «Ավտոմատիկա գործարան» ԲԲԸ-ն: Նա ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է: Գագիկ Հովսեփյանի եկամտի միակ աղբյուրը աշխատավարձն է, որը մեկ տարվա ընթացքում կազմել է 420.000 դրամ: Քաղաքապետի այս թեկնածուն հայտարարագրել է Վանաձորում սեփականության իրավունքով իրեն պատկանող 75 քառ. մետր մակերեսով բնակարանը եւ 60 քմ մակերեսով ավտոտնակը: Փաստորեն, այն ահռելի տունը, որը ցուցադրվում է Գագիկ Հովսեփյանի գովազդային հոլովակներում, իրենը չէ:

Այլ անշարժ գույք, ըստ հայտարարագրի, Վանաձորի գործարարը չունի: Նրան չեն պատկանում նաեւ քաղաքի կենտրոնի «Օազիս» սրճարանն ու տարբեր թաղամասերում գտնվող բենզալցակայանները, որոնք իրականում հայտնի են որպես Հովսեփյանի կառույցներ:

Քաղաքապետի մյուս թեկնածուն՝ կումունիստ Անդրանիկ Ղուկասյանը, սեփականության իրավունքով բնակվում է 76.2 քառ.մետր բնակարանում: Նա որեւէ տեղ չի աշխատում եւ եկամտի որեւէ աղբյուր չունի, չնայած շրջում է արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայով, որը, ըստ շրջանառվող լուրերի, ձեռք է բերել միայն վերջերս: ՀԿԿ Վանաձորի քաղխորհրդի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը ակտիվ քարոզչություն չի ծավալում:

Գագիկ Հովսեփյանը քննադատում է քաղաքային իշխանություններին չաշխատելու համար, քաղաքացիներին խորհուրդ է տալիս ուղղել իրենց սխալն ու օգնել իրեն' վերականգնելու Վանաձորի նախկին տեսքն ու բարի ավանդույթները:

Իր արած գործերով հպարտանում է հանրապետական Սամվել Դարբինյանը: Քաղաքը ղեկավարելով վեց տարի' նա «դեռ կիսատ գործեր ունի ու եւս երեք տարի է ուզում Վանաձորը շենացնելու համար»:

Սամվել Դարբինյանը նախընտրական քարոզչությունը սկսեց արձակուրդ գնալով: Նրա հետ արձակուրդ գնացին քաղաքապետարանի 12 աշխատակիցներ, որոնց մի մասը համալրել է Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբները, մի մասն էլ ընդգրկվել ընտրական հանձնաժողովներում:

Գագիկ Հովսեփյանի կենտրոնական շտաբից բողոքում են, թե Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները աշխատանքի ժամին քարոզչություն են անում, ստիպում են աշխատակիցներին ընտրել Սամվել Դարբինյանին, ահաբեկում իրենց շտաբում աշխատողներին: Քաղաքապետի կողմնակիցները սպառնում են ազատել աշխատանքից մարզպետարանի ու քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների՝ սպորտդպրոցների, մանկապարտեզների, դպրոցների աշխատողներին, ովքեր կհամարձակվեն չընտրել իրենց թեկնածուին:

Գագիկ Հովսեփյանի նախընտրական շտաբի ղեկավարը մատնանշում է Դարբինյանի կողմից կատարվող բազմաթիվ խախտումներ, որոնց մեջ տեղ են գրավում նաեւ երիտասարդների համար կազմակերպված հյուրասիրություններն ու ճաշկերույթները: Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբը տեղակայված է քաղաքապետարանի ենթակայության հիմնարկում՝ մանկական գրադարանում: Գագիկ Հովսեփյանի կենտրոնական շտաբը թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին է ներկայացրել մրցակցի կողմից թույլ տրված խախտումները, որոնց առնչությամբ հանձնաժողովը որեւէ պատասխան չի տվել: Սամվել Դարբինյանի կենտրոնական շտաբում հերքում են իրենց ուղղված մեղադրանքները, բացառում իրենց կողմից թույլ տրվող անօրինական գործողություններ:

Ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի՝ Սամվել Դարբինյանի համախոհների կողմից Գագիկ Հովսեփյանի վերաբերյալ տեսանյութերը մանրազնին ուսումնասիրվում են, եւ կադրում երեւացող անձանց հետ «համոզման» աշխատանքներ են տարվում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի անցկացրած ուսումնասիրությունները վկայում են, որ քաղաքապետի երկու թեկնածուների շտաբերն էլ զբաղված են ընտրակաշառքների առաջարկմամբ, քաղաքացիների անձնագրային տվյալների ցուցակագրմամբ, օգնության դիմումների հավաքագրմամբ: Թե՛ Սամվել Դարբինյանի, թե՛ Գագիկ Հովսեփյանի շտաբերն ընդունում են քաղաքացիների դիմումներն ու ընթացք տալիս դրանց: Համաձայն ուսումնասիրությունների' Սամվել Դարբինյանին պատկանող «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ աշխատողները դեռ չեն ստացել սեպտեմբեր ամսվա աշխատավարձերն այն պատճառով, որ դրանք օգտագործվելու են ընտրությունների համար: Իսկ Վանաձորի թիվ 17 դպրոցում աշխատանքից ազատել են Գագիկ Հովսեփյանի համախոհ մի ուսուցչի:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վանաձորցիների համար հարմար առիթ են «փող աշխատելու» ու ընտրելու նախընտրած թեկնածուին, ինչի մասին երբեմն հրապարակավ հայտարարում են նույնիսկ հեռուստաէկրանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter