
Վարդան Այվազյանի հիմնադրած ընկերությունը կարող է զրկվել Ազատեկի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվությունից
«Վայքգօլդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Ազատեկի ոսկու հանքավայրի գործունեությունը դադարեցնելու համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիմել է էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Այս մասին քիչ առաջ հայտնեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը Ամուլսարի հանքավայրի աշխատանքային խմբի ամփոփ հանդիպմանը:
Ազատեկի հանքավայրում ստուգումներ սկսվել են Արթուր Գրիգորյանի` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար նշանակվելուց առաջ, ընդ որում` ընկերության դիմումով, քանի որ տարբեր ընկերություններ կան, և իրավահաջորդության խնդիր է առաջացել հանքավայրում: Սակայն ընթացքում 90 օր կասեցվել են ստուգումները, այնուհետև` կրկին վերսկսվել:
Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են այնպիսի մեծածավալ խախտումներ, որոնք հանգեցնում են գործունեության դադարեցմանը:
Այդ պատճառով ընդերքօգտագործման թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիմել է էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը:
Իսկ Ազատեկի հանքավայրը շահագործող «Վայքգօլդ» ՍՊԸ-ին հանձնարարություն է տրվել դադարեցնել ընդերքօգտագործումը:
Ազատեկի ոսկու հանքավայրը գտնվում է Վայոց ձորի մարզում` Ազատեկ համայնքի մոտակայքում: «Վայքգօլդ» ՍՊԸ-ն 2012 թվականին հիմնադրել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՆ նախկին նախարար Վարդան Այվազյանը: Սակայն 2013-ին նա դուրս է եկել մասնակիցների ցանկից, փոխարենը ներգրավվել է որդին` Սուրեն Այվազյանը:
Այս պահին Սուրեն Այվազյանը տիրապետում է ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսին: Նույնչափ բաժնեմաս ունի նաև Չարենցավանում գրանցված Նորայր Արարատի Զոհրաբյանը: Իսկ ընկերության բաժնեմասի առյուծի բաժինը` 60 տոկոսը, պատկանում է Սեյշելներում գրանցված «ՔՈՐ ԳՈԼԴ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ին:
«Վայքգօլդ» ՍՊԸ-ն արդյունահանման իրավունք ստացել է 2012 թվականին, և գործողության ժամկետը մինչև 2037 թվականն է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել